• 25/02/2022

Ուկրաինական պատերազմը տվեց նոր դարաշրջանի մեկնարկը

Ուկրաինական պատերազմը տվեց նոր դարաշրջանի մեկնարկը

Իհարկե, թե ինչ վերջնական հունով կզարգանան իրադարձությունները Հարավային Կովկասում (Տես նաեւ https://iravunk.com/?p=226081&l=am), մեծապես կախված է նաեւ այն իրավիճակից, որը նախօրեից  սկսած սրընթաց հունով զարգանում է Ուկրաինայում: Այսպես, ավելի վաղ առիթ ունեցել էինք ենթադրել, որ Ուկրաինայում ստեղծվել են այն կարգի եւ խորության հակասություններ (Ուկրաինա-ՌԴ, Ուկրաինա-Դոնբաս, վերջապես ամենակարեւորը՝ Ուկրաինա-ԱՄՆ), որ ՌԴ-ի կողմից Դոնբասի ճանաչումից հետո անգամ պատերազմն անխուսափելի է: Մեր այդ հրապարակումից երկու օր անց այդ անխուսափելին դարձավ իրականություն:
Չնայած ասել, թե երեկ Ուկրաինայում սկսվեց պատերազմ, թերեւս սխալ կլինի: Ավելի ճիշտ կլինի ասել, որ երեկվա ռազմական գործողություններով ավարտվեց պատերազմը, որը իրականում սկսվել էր դեռ ԽՍՀՄ-ն չփլուզված, երբ հենց Ուկրաինայի գործողություններվ Միության փլուզումը դարձավ անխուսափելի: Հաջորդ, այս անգամ արդեն տեսանելի սրացումը եղավ 2014թ.-ին, որը հանգեցրեց Ղրիմի դե-յուրե եւ Դոնբասի՝ դե-ֆակտո միացմանը ՌԴ-ին:  Այս փուլը տարբեր զարգացումներով հասավ մինչեւ 22.02.2022թ.-ն, երբ ՌԴ-ն պաշտոնապես ճանաչեց Դոնբասը, որին հաջորդած ռուսական օպերացիան, ըստ ամենայնի, կեզրափակի 30 տարի առաջ սկսված պատերազմը:
Ընդ որում, անակնկալներ կարծես չեն լինի: Ամեն դեպքում, երեկվա գործողություններով ՌԴ-ն պարզ ցույց տվեց, որ խնդիրը ոչ միայն Դոնբասը պաշտպանելը չէ՝ մինչ պատերազմը եղած սահմաններով եւ նույնիսկ՝ երբեմնի Դոնեցկի եւ Լուգանսկի սահմանների վերականգնումը: Խնդիրն ավելի ամբողջական է՝ ողջ Ուկրաինան: Այդ թվում՝ Արեւմուտքից հաստատված ռեժիմի եւ արեւմտյան վերահսկողությամբ ստեղծված բանակի կազմալուծումը: Իսկ աշխարհաքաղաքական իմաստով, ինչպես քանիցս հաստատել է Մոսկվան, հիմնական նպատակը ԱՄՆ-ի՝ դեպի արեւելք հետագա շարժը կանգնեցնելն է:
Թե ինչպես կարող է պատերազմն ավարտվել, թերեւս դեռ հազիվ այն սկսված, արդեն կասկածներ չկային: Ժամկետների հարցում եւս: Հանգուցալուծումը եւս, կարծես թե հասկանալի է. Ուկրաինայում ի հայտ կգա նոր իշխանություն, որը ներկաներից 180 աստիճանով տարբերվող պատկերացումներ կունենա ինչպես ՌԴ-ի, այնպես էլ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցում: Դժվար չէ ենթադրել նաեւ, որ դրան կհաջորդի ուկրաինական նոր իշխանությունների դիմումը Մոսկվային՝ ստեղծվող նոր Միությանը միանալու առաջարկով: Սրանք, կրկնենք, տեսանելի էին դեռ հարձակման մասին ՌԴ նախագահի հայտարարությունը հնչեցնելու պահին, եւ այստեղից բխող հնարավոր հետեւանքներին դեռ կվերադառնանք:
Սակայն մինչ այդ, նախ հիշեցնենք Պուտինի հիշատակված ելույթի դրվագներից մեկը. «Հիմա մի քանի շատ կարեւոր խոսքեր նրանց համար, որոնց մոտ կարող է գայթակղություն առաջանալ՝ կողքից միջամտել տեղի ունեցող իրադարձություններին: Ով էլ փորձի խանգարել մեզ, առավել եւս՝ ստեղծել սպառնալիք մեր երկրի, ժողովրդի համար, պետք է իմանա, որ Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ եւ կբերի ձեզ այնպիսի հետեւանքների, որին դուք ձեր ողջ պատմության  ընթացքում չեք բախվել: Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, բոլոր անհրաժեշտ որոշումներն ընդունված են»:
Թե ում է այս միտքն ուղղված, հասկանալի է: Սակայն սա պարզապես հայտարարություն չէ: Սա, ըստ էության, մարտահրավեր է ողջ արեւմտյան բլոկին: Ընդ որում, այս մարտահրավերը միայն Ուկրաինայով չի սահմանափակվում: Այսպիսով Մոսկվան պարզ ցույց տվեց՝ կփորձեք սրանից հետո մեզ վնասել, կոչնչացնենք: Նկատենք, սա մի այնպիսի տոնայնություն է, որը չուներ անգամ ԽՍՀՄ-ն՝ 1980-ականների կեսերից սկսած: Ու երբ իր հեռատեսությամբ հայտնի Պուտինը հասնում է նման տոնայնության, դա եւս մեկ պարզ ազդակ է, որ իրեն առավել քան վստահ է զգում: Ընդ որում՝ նկատենք. արեւմտյան բլոկը գերադասեց շատ չկենտրոնանալ այս հայտարարության վրա, թեեւ այն, որ գոնե երեկվա դրությամբ Մոսկվային խանգարելու էական քայլեր չկային, խոսում է այն մասին, որ ընդունում են այս նոր իրավիճակը:
Այսպիսով, վերադառնալով Ուկրաինայի հնարավոր ապագային, այսինքն՝ դեպի նոր Միություն հավանական շարժին, ապա կարելի է եզրակացնել, որ Պուտինի այդ պարզ ակնարկը վերաբերում էր ոչ միայն Կիեւին: Ընդ որում, Ուկրաինայից հետո արեւմտյան բլոկը նաեւ լուրջ մտածելու հարց ունի, թե այլ «պոտենցիալ ՆԱՏՕ-ացուների», ասենք՝ Վրաստանի պարագայում իմաստ ունի՞ նույնկերպ «քյալլա տալ» ռուսների հետ, աչքի առաջ ունենալով, որ Պուտինի այդ սպառնալիքը ժամկետային եւ տեղային սահմանափակումներ չունի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ