• 02/03/2022

Ուկրաինայի ճակատագիրը որոշված է

Ուկրաինայի ճակատագիրը որոշված է

Ուկրաինայում ընթացող ՌԴ-ԱՄՆ պայքարի ֆոնին (տես նաեւ https://iravunk.com/?p=226514&l=am), բացի Եվրոպայից, իհարկե, շատ կարեւոր են նաեւ Թուրքիայի գործողությունները: Չմոռանանք, որ Թուրքիան, վերջին հաշվով, համարվում է ՆԱՏՕ-ի երկրորդ պետությունը, եւ եթե բանը հասնի մեծ տուրուդմփոցի, այդ գործոնն առավել էական կդառնա:

Անկարան, ինչ խոսք, իր «դիվանագիտական տարերքի» մեջ է: Ի վերջո, մի այնպիսի իրավիճակ է, որտեղ մեծ ուժեր են իրար դեմ դուրս եկել, եւ Թուրքիան, ռազմական առումով լինելով որոշակի գործոն, հնարավորություն ունի այդ իրավիճակում «տորթի մի մեծ կտոր» պոկել, եթե իհարկե ճիշտ խաղադրույքներ կատարի: Եվ չմոռանանք, որ նման կրկնակի խաղերի մեջ Էրդողանն իսկական վարպետ է: Ներկա իրավիճակում դա հատկապես տեսանելի դարձավ Թուրքիայի սեւծովյան նեղուցների փակել-չփակելու թեմայի հետ կապված: Մի քանի անգամ խոսվեց, թե՝ փակել են, մի քանի անգամ էլ, թե դեռ վերջնական որոշում չկա: Ընդ որում, որքան էլ այդ մասին հայտարարություններ եղան արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մակարդակով, սակայն գոնե երեկվա՝ օրվա առաջին կեսի դրությամբ այդպես էլ վերջնական հստակեցում չեղավ:
Ընդ որում, այս հակասությունների ֆոնին նաեւ հակասական է մնում, թե եթե Անկարան գնա նեղուցների փակման, դա ռուսների համար վնա՞ս է, թե՝ օգուտ: Հաշվի առնելով, որ Անկարայից եղան նաեւ ուղիղ հայտարարություններ, թե նեղուցները կփակվեն բոլոր ռազմանավերի համար, որպեսզի դրանք հավելյալ կերպով չսրեն ուկրաինական պատերազմը: Մինչդեռ իրողութունն այն է, որ Ռուսաստանը Սեւ ծովում ունի իրեն անհրաժեշտ քանակությամբ նավատորմ, ամուր փակել է դեպի Ուկրաինա բոլոր ուղիները եւ հավելյալ ուժեր Սեւ ծով բերելու կարիք պարզապես չունի: Իր հերթին, գործնականում արդեն նավատորմ չունի Ուկրաինան, եւ նեղուց փակել-չփակելը նրան այս առումով ոչինչ չի տալիս: Բայց ահա Սեւ ծովում կան որոշակի քանակությամբ այլ երկրների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ականների ռազմանավեր, եւ եթե նրանք կարողանան դրսից ՆԱՏՕ-ի այլ նավերի օգնությունը ստանալ, որոշիչ գործոն կարող են դառնալ: Այդ առումով կստացվի, եթե Թուրքիան նեղուցները փակի բոլորի առաջ, ապա ստրատեգիական հնարավորություններից կզրկի իր իսկ դաշինքին՝ ՆԱՏՕ-ին եւ դրանով կօգնի ռուսներին:
Կարճ ասած, այս իրավիճակից դեռ գլուխ հանել է պետք: Իսկ մինչ այդ ֆիքսենք, որ Թուրքիան այդպես էլ չի միացել հակառուսական պատժամիջոցներին ու կարծես չի էլ պատրաստվում: Բացի այդ, ակտիվ կապերի մեջ է ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Մինսկի հետ: Արդյունքում, այն տպավորությունն է, որ վերջին պահին Անկարան շատ ավելի տեսանելի եւ շոշափելի ձեւով կկանգնի հաղթողի կողքին:
Իսկ ռուսների հաղթանակը կարծես թե օր օրի ավելի քիչ տարակուսանքների տեղիք է տալիս: Հաշվի առնելով, որ արդեն սկսում է նաեւ փակագծեր բացել, թե ինչ ապագա է տեսնում Ուկրաինայի համար: Այսպես, դեռ նախօրեից այն մարզերում եւ քաղաքներում, որոնք այս կամ այն չափով ռուսական վերահսկողության տակ են, սկսեց մարզային եւ քաղաքային խորհուրդներում շրջանառվել մի փաստաթուղթ՝ նոր պետության ստեղծման մասին մանիֆեստ: Դետալները մի կողմ թողնելով՝ նշենք միայն, որ այն նախատեսում է ներկայիս Ուկրաինայի փոխարեն կամ գոնե դրա մի զգալի մասի բազայի վրա ստեղծել նոր պետություն՝ Ուկրաինայի Ֆեդերատիվ Հանրապետություն: Չնայած, ավելի հավանական է, որ դա ներկայիս ողջ Ուկրաինան նոր պետության վերածելու տեսլական է, հաշվի առնելով, որ եթե լիներ ներկա Ուկրաինան մասնատելու նպատակ, նոր պետության համար ավելի հավանական կլիներ Նովոռոսիա անվանումը:
Հասկանալի է, սա ապագայի խնդիր է: Սակայն երբ այս պահին է ներկայացվում ապագայի տեսլականը, ապա դա նաեւ ուկրաինական բնակչության եւ տեղային կառավարման համակարգի համար է ազդակ, թե իրավիճակը դեպի ուր է գնում: Հենց այդ հստակեցումն է, որ սկզբնական փուլում չկար, միլիոնավոր մարդիկ անորոշության մեջ էին մնացել, ու հենց այդ հստակեցումն է, որ էապես կմոտեցնի պատերազմի ավարտը: Նաեւ, գրեթե կասկած չի հարուցում, որ այդ նոր Ուկրաինան չի հապաղի ՌԴ-Բելառուսի հետ ընդհանուր պետության մեջ մտնելու հարցում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ