- 11/03/2022
Անթաքույց նացիզմը դարձյալ գլուխ է բարձրացնում. Ալլա Հակոբյան
Ցանկացած կին երջանիկ է իր ընտանիքի անդամների երջանկությամբ, նրանց առողջությամբ, հաջողություններով: Այդ ամենը կարող է իրականություն դառնալ միայն խաղաղ պայմաններում: Իսկ այսօր աշխարհում խաղաղություն չկա եւ դրա հիմնական պատճառն այն է, որ նացիզմը դարձյալ գլուխ է բարձրացրել: Այս մասին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կազմակերպած «Աշխարհն առանց նացիզմի եւ հանուն ավանդական արժեքների» խորագրով կանանց համաժողովի ժամանակ իր ելույթում ընդգծեց շարժման կանանց խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Ըստ նրա, նացիզմը գլուխ է բարձրացրել, որովհետեւ մինչ օրս չի դատապարտված Թուրքիայում պետական մակարդակով իրականացված Ցեղասպանությունը, որը նացիզմի ամենածայրահեղ արտահայտումն է:
«Ընթերցեմ մի փաստաթուղթ. «Մեր միակ նպատակը՝ մինչեւ պատերազմի վերջը Թուրքիային պահել մեր կողքին, անկախ այն բանից՝ հայերը կմտնեն հող, թե՝ ոչ»: Սա այն ժամանակվա կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման-Հոլվեգի արձագանքն է Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպանատան 1915 թվականի դեկտեմբերի զեկույցին օսմանյան կառավարության կողմից հայերի դեմ գործած հանցագործությունների մասին»: Սա է իրականությունը եւ, իհարկե, հենց թուրքերի անպատժելիությունով թեւավորված 1939 թ. օգոստոսի 22-ին Օբերզալցբուրգում՝ ռայխի բարձրագույն հրամանատարության նիստի ժամանակ Հիտլերը հայտարարեց. «Մեր ուժը մեր հարձակման ու գազանային դաժանության մեջ է… Ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանությունը…»: Այս հայտարարության փաստաթղթի բնօրինակը ԱՄՆ-ի Ազգային արխիվի ռազմական մասնաճյուղում հայտնաբերել է պատմաբան եւ քաղաքական վերլուծաբան դոկտոր Ռոբերտ Ջոնը: Անպատիժ մնացած թուրքական նացիզմը հայերի, հույների, ասորիների եւ եզդիների հանդեպ ծնեց գերմանակա՛ն նացիզմը եւ մի ամբողջ ազգ՝ ամենօրյա քարոզի շնորհիվ, հավատաց, որ իր ազգը վեր է մնացած բոլոր ազգերից: Եվ մի ամբողջ ազգ՝ մնացած մյուս ազգերին, անվանեց untermensch, այսինքն՝ թերի, ենթամարդ… Զուր չէր Պարույր Սեւակը «Եռաձայն Պատարագ» պոեմում գրել.
— Հին Չանգըրը-ից իր սկիզբն առավ Բուխենվալդ-ը նոր,
Օսվենցիմ-ների սկիզբը դրվեց Դեր–Զոր-ում միայն,
Մայդանեկ-ները Զիարեթ-ներում հիմնադրվեցին,
Դախաու-ները` Էնկյուրի-ներում, Ռաքքա-յում, Բաբ-ում…
Անպատժելիությունը նոր վայրագություններ է ծնում… եւ թուրքական նացիզմի անպատժելիությունը թանկ նստեց արդեն ողջ աշխարհի ազգերի ճակատագրի վրա», – շեշտեց Ալլա Հակոբյանը:
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահը հիշեցրեց, որ արյունահեղ Երկրորդ Համաշխարհային պատերազմը տարավ միլիոնավոր մարդկանց կյանքեր, եւ այն ժամանակ գոյություն ունեցող 74 անկախ պետություններից միայն 12-ը չեն մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին. «Այդ չեզոք դիրք գրաված պետություններից էր նաեւ խորամանկ Թուրքիան, ով, ինչպես միշտ, ծանր ու թեթեւ էր անում, թե ո՞վ է ավելի հզոր: Եթե Ստալինգրադում հաղթեր Հիտլերը, թուրքական զորքը պիտի ներխուժեր Հայաստան՝ իրենց կիսատ գործն ավարտին հասցնելու համար: Բայց քանի որ հաղթեց Ստալինը, ապա դիվանագիտության աղվեսը պահպանեց չեզոքությունը մինչեւ 1945 թվականի փետրվարի 23 եւ հենց փետրվարի 23-ին՝ զբաղեցնելով ակնհայտ հաղթողի կողմը, պատերազմ հայտարարեց Գերմանիային: Ծիծաղելի է, բայց փաստ՝ Թուրքիան նույնպես Երկրորդ Համաշխարհային պատերազմում ֆաշիզմը հաղթանակած երկրների ցանկում է»:
Ալլա Հակոբյանն անդրադառնալով այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին՝ շեշտեց, որ կրկին ֆաշիզմը գլուխ է բարձրացրել. «44-օրյա պատերազմում Ադրբեջանին «Bayraktar»-ներ մատակարարած Թուրքիան այսօր դրանք մատակարարում է Ուկրաինայում ձեւավորված նացիստական ռեժիմին: Իսկ Ուկրաինայում նացիզմը պետական մակարդակով եւ անթաքույց ձեւավորվեց այն պահից, երբ 2010 թականին Ուկրաինայի Նախագահ Յուշչենկոն հայտարարեց, որ հետմահու պարգեւատրում է Ստեփան Բանդերային Ուկրաինայի Հերոսի կոչումով: Հենց այդ պահից հզոր արդյունաբերությունով եւ գեղեցիկ մշակույթով մի ամբողջ երկիր՝ Ուկրաինան, որը Եվրոպայում ամենամեծ տարածքն ուներ, իսկ մարդկային ռեսուրսով հավաքական Եվրոպայի գրեթե 10% էր կազմում, կամաց-կամաց, սկզբից փոքր քայլերով, իսկ հետո թռչկոտելով ու հայտնի գռեհիկ կոչականները բղավելով, հայտնվեց նաիվ աբորիգենների համար լարած թակարդում եւ կամովի՝ առանց ՆԱՏՕ-ի անդամ լինելու, դարձավ ՆԱՏՕ-ի հերթական չգրանցված բազա եւ Արեւմուտքի հլու-հնազանդ կամակատար: Թեպետ, պետք է նշել, որ փլուզված ԽՍՀՄ-ի նորաթուխ Հանրապետությունների գրեթե բոլո՛ր իշխանությունները ձգտում էին հաճոյանալ այդ ցինիկ պարուսույցին եւ սիրով տանգո էին պարում նրա հետ եւ, ցավով պետք է նշել՝ պարելիս կատարում էին զուգընկերոջ բոլոր ցանկությունները: Հենց այդ սիրո պարի հետեւանքն է, որ այսօր Ռուսաստանի ողջ երկայնքով ծավալվել են ՆԱՏՕ-ի զորքերը, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից բանակի քանակով եւ հզորությամբ երկրորդը՝ Թուրքիան, ամենուր աշխատանքներ է ծավալում, որպեսզի ՄԱԿ-ում վետոյի իրավունք ունեցող երկրների ցանկը վերանայվի: Տեղին է հիշեցնել, որ այդ նույն Թուրքիային Առաջին Համաշխարհային պատերազմից հետո վերակենդանացրեց Լենինը՝ Աթաթուրքին ուղարկելով ոսկի, զենք ու սննդամթերք, որն այն ժամանակ հենց ռո՛ւս ժողովրդին էր անհրաժեշտ: Ինչպես միշտ, անշնորհակալ Թուրքիան վերջերս յուրովի իր շնորհակալությունը հայտնեց Ռուսաստանին, լկտիաբար տարածելով Մեծ Թուրանի քարտեզը, որի տարածքները սփռվում են մինչեւ Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամաս: Թե՛ անգլոսաքսերի, թե՛ Թուրքիայի նպատակներն անփոփոխ են ու մշտական, այն է՝ գողանալ ուրիշի ժառանգությունը, իսկ բուն ժառանգներին սեփական հպատակը դարձնել: Թշնամիների համար էական չէ, թե ինչպես հասնել բաղձալի երազանքին, կարեւորը, վերջիվերջո, բավարարել սեփական անհագուրդ ախորժակը, մասնատելով Ռուսաստանը՝ ընդ որում, ցանկալի է ոչ թե Ստալինի շռայլ ձեռամբ ստեղծած Ուկրաինայի ծավալներով, այլ փոքր ու կոկիկ, օրինակ, Լյուքսեմբուրգի, կամ Московское княжество-յի չափ: Դեպի Արեւմուտք երկարատեւ հավատի ու միակողմանի սիրո արդյունքում բոլոր նախկին ԽՍՀՄ հանրապետությունները միամտաբար եւ կամովի ընկան այդ դաժան ու անսիրտ զուգընկերոջ գիրկը: Սակայն այսօր՝ գրեթե բոլորի համար, պարզ է դարձել նրա սուտ խոստումների սին լինելը»:
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահի գնահատմամբ՝ այսօր նույնիսկ ոչ քաղաքագետները գիտակցում են, որ աշխարհում գործում են երկակի ստանդարտներ. «Միավորված ազգերի կազմակերպության Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագիրը, որն ընդունվել է Գլխավոր ասամբլեայի 2007 թվականի սեպտեմբերի 13-ի 61/295 որոշմամբ, մինչ օրս թե՛ մեզ՝ հայերիս համար, թե՛ Դոնեցկի, կամ Լուգանսկի համար, մնում է միայն հռչակագիր: Բայց Կոսովոյի անկախությունը Սերբիայից ճանաչել են ՄԱԿ-ի անդամների 51%, Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների 81%, ՆԱՏՕ-ի անդամ երկրների 87% եւ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների 60%: Փաստորեն, հմուտ տիրակալների ձեռքում այս հռչակագիրը դարձավ գործիք, որի միջոցով ցանկացած պահին, ցանկացած երկրում, փոխվում է ոչ թե մթնոլորտային ճնշումը, այլ քաղաքական: Օտարաշունչ հողմերի արդյունքում՝ մեկը մյուսի ետեւից, տարբեր երկրներում իրականացվում են գունավոր հեղափոխություններ ու փոխվում անցանկալի իշխանություններ: Արեւմուտքը մինչ օրս չի հանգստանում եւ չի կարողանում ներել այն, որ սովետական ժողովուրդն՝ իր միասնական, հուժկու բազկի ուժով 1945 թվականին պարտադրեց ֆաշիստական Գերմանիային ստորագրել սեփական կապիտուլյացիան: Այսօրվա Արեւմուտքը ռեւանշ է տենչում, քանզի իրենց գործակալների եւ ԽՍՀՄ անհեռատես ղեկավարների ձեռքով փլուզվեց մի հզոր կայսրություն եւ այդ պահից աշխարհը դարձավ միաբեւեռ: Այդ միաբեւեռ աշխարհում Երկիր մոլորակի վրա նրանք՝ հավանաբար ինչպես եւ Հիտլերը, մտադիր էին իրենց հազարամյա կայսրությունը հաստատել: Սակայն, Աստծո կամոք Ռուսաստանը հառնեց եւ հենց դա՛ է Արեւմուտքի կատաղության պատճառը: Իրեն գիշատիչ գազանի պես պահող Արեւմուտքն այսօր ո՛չ միայն Ռուսաստանի տարածքների ու հարուստ ընդերքի վրա է երախը բացել, այլ էկզիստենցիալ, կարեւորագույն ռեսուրսներից մեկի՝ ջրի: Արդեն վաղուց՝ թեպետ քողարկված, աշխարհում սկսվել եւ ընթանում է Համաշխարհային Ջրային պատերազմը: Այդ պատերազմում հաղթանակող դառնալու համար Արեւմուտքը չի խորշում պատերազմի ոչ մի ձեւերից՝ ռմբակոծել, այրել կամ պարզապես վարակել կենսաբանական զենքով: Մարդկությունը չի մոռացել, թե ինչպես ոչնչացվեցին, իսկ ավելի ճիշտ է ասել, ցեղասպանվեցին մի ամբողջ մայրցամաքի բնիկ ազգեր՝ «հոգատար» անգլոսաքսերը տեղացի բնիկներին «նվիրում» էին նախապես ու միտումնավոր վարակված պլեդեր: Այսօր անգլոսաքսերի կողմից սիրված այդ վանդակավոր պլեդերին փոխարինել են վանդակավորված կենսաբանական լաբորատորիաները, որոնք տեղադրված են նախկին Սովետական Հանրապետությունների տարածքներում եւ բառի բուն իմաստով շրջապատել են Ռուսաստանի սահմանները դրանց ողջ երկայնքով: Հայաստանում այդպիսիք յոթն են՝ երկուսը Երեւանում եւ մեկական Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Իջեւանում եւ Մարտունիում: Արդեն գրեթե բոլորը գիտեն՝ հատուկ օպերացիան Ռուսաստանը սկսեց ոչ միայն Ուկրաինայի Նախագահի հնչեցրած սպառնալիքի հետեւանքով՝ կիրառել ատոմային ռումբ, այլ հենց այդ կենսաբանական լաբորատորիաների պատճառով, որից մեկում ձեւավորվում էր մարդկության համար մահացու վիրուս: Եվ հենց այդ պահից՝ փետրվարի 24-ից, Երկիր մոլորակը դարձյալ դարձավ՝ ինչպես եւ ստեղծել է Աստված, երկբեւեռ: Անմիջապես պատռվեցին դիմակները եւ ի հայտ եկան «ժողովրդավարություն» ու «մարդու իրավունքներ» քարոզողների իրակա՛ն դեմքերը»:
Ալլա Հակոբյանը, որպես հայուհի, հպարտությամբ նշեց, որ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Սովետական Միության մյուս ազգերի հետ ուս ուսի կռվում էին նաեւ վեց հայկական ազգային դիվիզիա եւ Սովետական Միության բոլոր ժողովուրդների հետ միասին իրենց կյանքը դրեցին մարդկության ազատագրման զոհասեղանին ու սեփական արյամբ սրբելով ապաքինեցին եվրոպական երկրները ֆաշիստական ժանտախտից 300 000 հայ զավակներ, 300 000 քաջ հայորդիներ. «Սակայն այսօր՝ Իսպանիայից մինչեւ արեւելյան Եվրոպայի երկրներ, մոռանալով իրենց փրկության ու ֆաշիզմի ճիրաններից ողջ Եվրոպայի ազատագրման մասին, այնտեղ վերածնվող ֆաշիզմի ծիլեր են բուսնում ու անթաքույց նացիզմը դարձյալ գլուխ է բարձրացնում: Նորաթուխ նացիստները արգելում են «ռուսների» մուտքը խանութներ ու ռեստորաններ, հրաժարվում են բուժել օնկոլոգիայով տառապող երեխաներին միայն այն պատճառով, որ նրանք «ռուս» են, բարձրագույն ուսումնական հաստատություններից հեռացվում են ուսանողներ՝ դարձյալ միայն այն բանի համար, որ նրանք «ռուս» են: Հարց՝ ինչո՞վ են սրանք տարբերվում նրանցից՝ այն ֆաշիստական Գերմանիայի Sturmabteilung՝ SA-ի հարձակողական ջոկատներից, որոնք ավելի հայտնի են ֆաշիստական շտուրմովիկներ անվանումով: Սա նույն 1930-ականների Գերմանիայի «բուրգերների» ինքնահաստատման ճղճիմ եւ խղճուկ ձեւերից է եւ այն, ինչ այսօր տեսնում ենք Արեւմուտքում սահմռկեցուցիչ է, քանզի հիշեցնում է հանրահայտ «Обыкновенный фашизм» ֆիլմը: Նացիզմը Գերմանիայում մեկ օրում չձեւավորվեց, ո՛չ: Մարդկանց մասսայական սպանությունները գազախցերում ու տասնյակ հազարավոր դիակների զանգվածային հրկիզումը փոսերում untermensch-ի գաղափարախոսության ամենօրյա քարոզի հետեւանքն էր: Այսօր ե՛ւ Ամերիկայում, ե՛ւ Եվրոպայում մոռացել են, թե ինչպես 20-րդ դարի երեսունականներին սովից զկռտում էին, մոռացել են, որ միշտ էլ ապրել են գաղութների հաշվին, մոռացել են, որ դիակների վրայի հագուստն ու կոշիկներն էին հագնում թե՛ իրենք, թե՛ հագցնում էին իրենց երեխաներին… Մոռացել են, որ իրենց «ժողովրդավար» ու «մարդու իրավունքների պաշտպան» հորջորջողները միայն 20-րդ դարում՝ այն էլ ստիպված, հրաժարվեցին իրենց գաղութներից: Թեպետ, աշխարհը վաղուց անտարբեր դիտորդի դերում է՝ դեռ այն ժամանակներից, երբ այդ նույն 20-րդ դարի սկզբին Արեւմտյան Հայաստանում՝ Թուրքիայում, պետական մակարդակով կազմակերպված ցեղասպանվում էր մի ողջ ժողովուրդ, իսկ դարի վերջում Մեծ Եղեռնից մազապուրծ եղածների ձագուկներին Սումգայիթի ծննդատան պատուհաններից էին դուրս շպրտում Սովետական Ադրբեջանի նորաթուխ նացիստները: Սակայն սատանային ծառայող ուժերին դա էլ քիչ թվաց եւ հավաքական Արեւմուտքը դարի ավարտը «նշեց» Հարավսլավիայի երկնքում մեծածախս եւ իր չափով աներեւակայելի ֆեյերվերկով: 1999-ի մարտի 24-ից մինչեւ հունիսի 10-ը անդադար ռմբակոծվում էին Հարավսլավիայի գյուղերն ու քաղաքները: Գործողությանը մասնակցել է 14 երկիր, որոնք իրենց տրամադրության տակ ունեին 1200 ինքնաթիռ։ Ռազմածովային խումբը բաղկացած էր 3 ավիակիրից, 6 գրոհային սուզանավից, 2 հածանավից (կրեյսեր), 7 կործանիչից (эсминец), 13 ֆրեգատից, 4 խոշոր դեսանտային նավից։ Գործողության մեջ ներգրավված ՆԱՏՕ-ի ուժերի ընդհանուր մարդկային կազմը գերազանցում էր 60 հազարը։ Եվ այդ ամենը երկիրը մասնատելու եւ նրան տիրելու նպատակով: Բազմաչարչար Հարավսլավիայի հողին 78 օրում թափվել է 420 000 զինամթերք 22 000 տոննա ընդհանուր քաշով, նրա ուղղությամբ արձակվել է 1 300 թեւավոր հրթիռ, օգտագործվել է 37 000 կասետային ռումբ: Ռմբակոծվեց նաեւ Բելգրադի ծննդատունը: Եվ այսպես՝ Բելգրադի ծննդատան ռմբակոծումով, «քաղաքակիրթ» մարդկությունը վերջապես ազատվեց իր քարանձավային պատմուճանից եւ երկրորդ հազարամյակի էջը փակեց մի յուղալի՝ «քաղաքակիրթ» վերջակետ-ռմբակոծումով: Այնպես որ, 20-րդ դարում անտարբերության վակցինայի լրիվ դոզան՝ փուլ առ փուլ, ստացած Արեւմուտքը՝ պատվաստված զոմբիի պես, անհոգ պասիվությամբ հիմա էլ հետեւում է հերթական երկրի հերթական մասնատմանը: 2014-ից ռմբակոծվում է Դոնբասի հողը: Ռմբակոծվում է ռումբերով, որոնց վրա նացիստների ձեռքով լկտիաբար գրված է. «Всё лучшее детям»: 8 տարվա ընթացքում Դոնբասի հողում ծիլ տվեց եւ օրեցօր աճեց «Հրեշտակների ծառուղին»՝ «Аллея ангелов», բայց միթե դա կարող է հուզել մարդատյաց նացիստ հրեշներին…»: