• 16/03/2022

Ինչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը. ռուսական եւ հայկական հաղորդագրությունները նկատելիորեն տարբերվում են

Ինչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը. ռուսական եւ հայկական հաղորդագրությունները նկատելիորեն տարբերվում են

Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի, այսպր կայացած հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր պուտինն ու Փաշինյանը խոսել են հետեւյալի մասին.

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի պահպանման և Հարավային Կովկասում տրանսպորտային և լոգիստական կապերի վերականգնմանն առնչվող հարցեր։

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին։

Հաստատվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա ամրապնդման փոխադարձ մտադրությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել Հայաստանի վարչապետի այցը Ռուսաստան»։

Իսկ ահա ՀՀ կառավարությունի այս տեղեկությունն են տարածել.

«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը:

ՀՀ և ՌԴ առաջնորդները մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ:

Քննարկվել են նաև ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող հարցեր»:

Դժվար չէ նկատել, որ երկու հաղորդագրությունները իրարից նկատելիորեն տարբերվում են: Օրինակ, ռուսական հաղորդագրության մեջ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական թեմայով խոսվում է միայն, թե՝ «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է»: Նման է նրան, որ Նիկոլից հաշվետվություն է պահանջվել, եւ նա ինչ-որ բան է պատմել: Մինչդեռ ՀՀ կառավարությունն այդ դրվագը ներկայացնում է, թե՝ կողմերը «անդրադարձել են»: Այդ թվում, նաեւ ՄԽ-ին հղված դիմումից՝  «խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպման» մասին, սակայն ռուսական կողմի մոտ այդ մասին ոչինչ չկա: Այսինքն, որ այն ընդգծված կերպով անտեսում են, թեեւ կարելի է կռահել, որ այդ մասին եւս «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է», այն է՝ որոշ հարցերի է ստիպված եղել պատասխանել:

Ամեն դեպքում, երկու կողմն էլ խոսում է Նիկոլի Մոսկվա կատարելիք այցից, այսինքն, այս վերջին իրադարձությունների ֆոնին այդ այցը Մոսկվան ուշադրության կենտրոնում է պահում: Եվ դա հասկանալի է: