• 02/04/2022

ԼՈՆԴՈՆՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ ՆԻԿՈԼԱԱԼԻԵՎՅԱՆ ԽԱՂ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

ԼՈՆԴՈՆՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ ՆԻԿՈԼԱԱԼԻԵՎՅԱՆ ԽԱՂ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

Եվ այսպես, մինչ բոլորը «գլուխ են կոտրում», թե ինչ է լինելու Արցախում՝ կապված ներկայիս սրացումների հետ, պարզվեց, որ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը «ձեռքերը քշտել» ու գործի է անցել: Ավելին, նա արդեն հասցրել է հանդիպել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ, ընդ որում՝ Բրյուսելում: Թե ինչ են քննարկել, քիչ բան է հայտնի. այս մասին ԵՄ կայքում միայն ասվում է, թե նպատակը եղել է «երկու երկրների միջեւ մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու համատեղ ջանքերն առաջ տանել»:

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՅԱԹԱՓԵԼ ԱՐՑԱԽԸ

Բնականաբար, այդ հանդիպումը միանգամից մի շարք հարցեր է առաջ քաշում: Ամենակարեւորը. իսկ ո՞վ է Արմեն Գրիգորյանը: Հա, գիտենք, ՀՀ ԱԽՔ-ն է: Բայց փաստն այն է, որ մեր երկրի օրենսդրությամբ Անվտանգության խորհուրդը, առավել եւս՝ ԱԽՔ-ն, ունի խիստ սահմանափակ լիազորություններ, եւ «երկու երկրների միջեւ խնդիրների լուծում» գտնելն ամենեւին էլ դրանց թվում չէ: Փոխարենը, նման ֆունկցիաներով լիազոր պաշտոնյան է ԱԳ նախարարը, գումարած, Նիկոլն ունի նաեւ ադրբեջանական բանագնացի՝ Հաջիեւի դիրքին համապատասխանող այլ աշխատողներ: Ու պարզ հարց. ինչո՞ւ դրանց բոլորին թողած, նման կարեւորագույն հարցով բանակցությունների է ուղարկում մեկին, ով, մեղմ ասած, ունի ոչ թե պետության նվիրյալի, այլ՝ տարաբնույթ արտաքին տիկնիկավարների հետ սերտ կապեր ունեցողի համարում:
Երկրորդ հարցը, որը բխում է հիշատակված հանդիպումից, այն է, թե այդ ինչո՞ւ այդ մասին մեր հանրությունը տեղեկացավ ԵՄ-ի կայքից: Ընդ որում, ԱԽ կայքից ընդամենը տեղեկանում ենք, որ՝ «Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել, իսկ հաջորդ երկու օրերին գտնվելու է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում…», ունենալու է հանդիպումներ: Եվ գոնե երեկվա դրությամբ չկար որեւէ տվյալ, որ հանդիպելու է Հիքմեթ Հաջիեւի հետ, ապա, որ արդեն հանդիպել է, եւ նման բաներ են քննարկել: Ու ի՞նչ, եթե չլիներ ԵՄ կայքի այդ «արտահոսքը», միգուցե այդպես էլ չիմանայի՞նք, որ Արմենը զբաղված է Ադրբեջանի հետ «համատեղ ջանքերն առաջ տանելու» գործով: Ու երբ այս գաղտնիությունն է, մեկ բան ես մտածում, որ բոլորիս թիկունքում ինչ-որ խաղերի մեջ է: Ու ոչ միայն Արմենը, այլ նաեւ նրան ուղարկող Նիկոլը:
Իսկ որ ուղարկողը Նիկոլն է, հուշում է, ոչ միայն այն, որ նա վարչապետի աթոռին է նստած, այլ նաեւ, որ թեեւ Արմենի հանդիպումը գաղտնի պահեցին, բայց նաեւ հայտարարվեց, որ լինելու է հանդիպում Նիկոլի եւ Ալիեւի միջեւ: Իսկ դա տանում է այն մտքին, որ ԱԽՔ-ն ու Հաջիեւն ինչ-որ բաներ պայմանավորվել են եւ այն կարգի, որ հնարավոր է արդեն դա դնել Նիկոլ-Ալիեւ հանդիպման հիմքում: Ու դա էլ ավելի է սրում մտավախությունները, որ ժողովրդի թիկունքում ինչ-որ խաղ է ընթանում, եւ դժվար չէ կռահել, որ այն ուղղակիորեն առնչվում է Արցախի հետ:
Բայց ահա կառավարության նիստում Նիկոլի երեկվա ելույթը մի փոքր այլ տպավորություն է ստեղծում: Նախ՝ ընդգծենք այն հիմնական թեզերը, որոնք դրված էին ելույթի հիմքում:
1. Ինչպես 44-օրյա պատերազմի փուլում, այնպես էլ հիմա Ադրբեջանը Հայաստանին արհեստականորեն ինչ-որ մեղքեր է վերագրում՝ դրանով հող նախապատրաստելով պատերազմի համար:
2. Ադրբեջանը որդեգրել եւ իրականացնում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, այսինքն, հենց դա է նրա համար վերջնական լուծում: Եվ հենց դրան էլ միտված են վերջին սրացումները:
3. Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, գործել եւ գործում է եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում: Ընդ որում, դրանցում «հստակ արձանագրված են Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթները»:
4. Չնայած զգուշացումներին, ազերիների «ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է», եւ խաղաղապահները պետք է ռեալ արդյունքների հասնեն ¥չնայած կան նաեւ խոսակցություններ, որ խաղաղապահների նկատմամբ կծու տոնը պայմանավորված էր նրանով, որ խաղաղապահների հրամանատար, գեներալ Վոլկովը հրապարակայնորեն դժգոհություն է հայտնել ՀՀ իշխանություններից, եւ Նիկոլն էլ այսպիսով վրեժ է լուծել¤:
5. Ու այսքանից հետո, թեեւ տարօրինակ տեսք ունի, սակայն Նիկոլը հավելում է. «Կրկին Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումը: Եվ ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել եւ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»:
Սկսենք վերջից: Եթե Ալիեւի միակ նպատակը Արցախի վերջնական հայաթափումն է, ո՞րն է նրա հետ հանդիպելու իմաստը: Այդ հանդիպումից ի՞նչ է ակնկալում Նիկոլը, երբ հենց ինքն է փաստում, որ Ալիեւն ամեն մի պայմանավորվածություն հենց հաջորդ օրը կարող է չեղարկել: Ըստ այդմ, ԱԽՔ-ի բանակցություններն Ալիեւի ներկայացուցչի հետ հիմքեր տալիս՞ են գոնե հուսալ, որ սպասվող հանդիպումը գոնե նվազագույն արդյունավետություն կունենա:
Արդյունքում, հաշվի առնելով նաեւ այն, թե ինչպես է Նիկոլը փորձում այս ելույթի «տակից սղացնել» միտքը, թե պատերազմն անխուսափելի է, կարելի է ենթադրել, որ այդ ողջ ճառը միտված է հող նախապատրաստելուն, որ եթե գնա Բրյուսել եւ ստորագրի, ասենք, Ալիեւի հրամցրած հայտնի 5 կետանոց փաստաթուղթը կամ դրա նման մի բան, կարճ ասած, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականություն կոչվածը, շատ չզարմանաք: Համենայնդեպս, դրա մասին է ակնարկում նաեւ այն, որ գործընթացը կազմակերպվում է հենց ԱԽՔ Գրիգորյանի միջոցով:
Իսկ այն, որ ամեն ինչ կենտրոնացրել են ուլտրալիբերալիզմի որջում՝ Բրյուսելում, իր հերթին է խոսում այս վարկածի օգտին:

ՀՎ.ՕՍԵԹԻԱՆ ՆԱԵՎ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ Է ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Չնայած, կա նաեւ փոքր հավանական այլ տարբերակ: Ալիեւին մեղադրելով Արցախը հայաթափելու, այն է՝ արցախահայությանը Ցեղասպանության ենթարկելու ծրագրերի մեջ, չբացառենք, որ Նիկոլը Մոսկվայի համար հող է նախապատրաստում՝ կոշտ գործողությունների գնալու համար:
Մեկ բան չմոռանանք. Նիկոլի մոտ ակնհայտորեն շատ լավ է զարգացած ինքնապահպանման բնազդը, եւ դա հաշվի առնելով, նա թերեւս լավ է գիտակցում, որ այս իրավիճակում Մոսկվայի թիկունքում խաղեր խաղալը կարող է միանգամայն ծանր հետեւանքների տանել:
Կոնկրետ դեպքում, թեեւ Ալիեւը փորձում է հույժ վճռական մարդու տպավորություն գործել՝ ակնարկելով, թե ասածս չարեցիք, պատերազմելու եմ, բայց երեւի նաեւ քաջ գիտակցում է, թե որը կարող է դրա հետեւանքը դառնալ: Ճիշտ է, Բաքու էր վազել Բրիտանիայի պաշտպանության նախարարը, եւ, ինչպես հեղինակավոր փորձագետներն են հուշում, նա այնտեղ կաշվից դուրս է եկել՝ Ալիեւին պատերազմի մղելու համար: Երեւի խոստացել է նաեւ տարաբնույթ օժանդակություն, այդ թվում, որ Թուրքիային այլ ելք չի մնա, քան միջամտելը:
Բայց մյուս կողմից էլ չմոռանանք, որ ՌԴ-ից մինչեւ իսկ լսվեց Ադրբեջանին տակտիկական միջուկային հարված հասցնելու մասին հայտարարություն, այն էլ՝ Պետդումայի՝ Կրեմլին մոտ կանգնած պատգամավորի մակարդակով: Իհարկե, դա շտապեցին չափազանցություն համարել: Բայց եթե տակտիկական միջուկային հարվածը չափազանցություն է, դա նշանակում է, որ ավելի թույլ հարվածները, որոնք, օրինակ, հիմքից կոչնչացնեն Ադրբեջանի նավթագազային համակարգը, միանգամայն իրատեսական է: Ու դեռ հարց է, թե այդ դեպքում Էրդողանը կխառնվի՞, նաեւ հաշվի առնելով, որ ակնհայտորեն բրիտանացիներն են Ալիեւին մղում կռվի:
Ընդ որում, Ալիեւն աչքի առաջ պետք է ունենա նաեւ մեկ այլ հանգամանք: Այսպես, նախօրեին Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարեց, թե Հվ.Օսիան շուտով իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի կազմ մտնելու համար: Եվ այդ «շուտովը» արդեն ժամեր անց գործի մեջ էր, քանի որ արդեն իսկ խոսվում է այդ նպատակով հանրաքվե անցկացնելու օրվա մասին:
Հիշեցնենք, որ այս օրերին ՌԴ կազմ մտնելու մասին հայտարարեց նախ՝ Լուգանսկի Հանրապետությունը, ապա՝ Դոնեցկի: Այսինքն, եթե այդ հայտարարությունները կարող էին նշանակել, որ Մոսկվան նման լուծում է տալիս ուկրաինական խնդրին, ապա Հարավային Օսեթիայի նախագահի հայտարարությունը այլ պատկեր է ուրվագծում: Դա հիմք է տալիս մտածել, որ Մոսկվան նման լուծում նախատեսել է հետխորհրդային այդ տիպի հակամարտությունների համար, այդ եւ առաջին հերթին՝ Հարավային Կովկասում: Այսինքն, սպասենք, որ մոտ ապագայում ՌԴ կազմ մտնելու մասին հայտարարություն հնչի նաեւ Աբխազիայից:
Իսկ մեզ համար դա էական է այնքանով, որ արցախյան խնդիրը եւս այդ բնույթի է, եւ ռեալ է դառնում, որ նույն լուծումն այստեղ եւս կիրառվի: Առավել եւս, վերջին սրացումներից հետո: Գումարած դրան, չմոռանանք, որ ՌԴ-ն անմիջապես ճանաչեց Հվ.Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունն այն բանից հետո, երբ Վրաստանը հարձակում գործեց այդ տարածքները պաշտպանող ռուս խաղաղապահների վրա: Ու այդ փաստերն աչքի առաջ ունենալով, Ալիեւը պետք է որ մտածի, որ նման բան կարող է նաեւ Արցախի հետ կապված լինել:

ՆԻԿՈԼՆ ԷԼ Է ՄՈՏ «ԿԱՐՄԻՐ ԳԾԻՆ»
Վերադառնալով Նիկոլին՝ նկատենք, որ նա եւս նման հեռանկար պետք է որ աչքի առաջ ունենա: Այդ թվում, որ եթե անգամ Արցախն Ադրբեջանի կազմում ընդունելու փաստաթուղթ ստորագրի, դա բան չի փոխում. արցախցիները կմնան իրենց տեղում, ռուս խաղաղապահները՝ իրենց, ու եթե Ալիեւը որոշի հարձակվել, ապա դրանով Մոսկվայի սահմանած «կարմիր գծերն» են հատելու՝ բխող հետեւանքերով հանդերձ: Միայն թե, ստորագրելով նման փաստաթուղթ, Նիկոլն իր հերթին Մոսկվայի կողմից կարող է ճանաչվել «կարմիր գիծ» հատող: Արդյունքում, իր այդ երկիմաստ ելույթով կարծես հող է նախապատրաստում, որ պետք եղած պահին որ կողմ ուզենա, կարողանա թեքվել: Չնայած, Բրյուսել մեկնելը, այն էլ՝ ապրիլին սպասվող Պուտինի հետ հանդիպման շեմին, արդեն իսկ նրա համար խնդիր է դառնալու: