• 02/04/2022

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԵԾ ԿՌՎԻ ԵԼՔԸ ՍԿՍՈՒՄ Է ԵՐԵՎԱԼ

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԵԾ ԿՌՎԻ ԵԼՔԸ ՍԿՍՈՒՄ Է ԵՐԵՎԱԼ

Այս օրերին, տպավորությունն այն է, որ ինչպես Ալիեւը, այնպես էլ Նիկոլը, բանակցություն խաղալով, դեռ փորձում են մի փոքր էլ ժամանակ շահել՝ վերջնական կողմնորոշվելու համար, թե դեպի ուր է գնում ոչ միայն ուկրաինական պատերազմը, այլ ռուս-ամերիկյան ամենա մեծ կռիվը: Եվ, հասկանալի է, եթե ռուսների գործերը վատ ընթանան, Ալիեւը կգրպանի Արցախը, իսկ Նիկոլը հազիվ թե մատը մատին տա:
Բայց ահա ռուսների գործերն ամենեւին էլ վատ չեն, ինչպես որ փորձում են քարոզել ուլտրալիբերալիզմի ծառաները: Բուն ռազմական առումով նախօրեին սկսվեց Դոնբասի հատվածում այն հարձակումը, որը ուկրաինական պատերազմի համար վճռորոշ է դառնալու: Ու թեեւ տեղեկատվական հոսքերը միանգամից հայտնվեցին սահմանափակման տակ, սակայն կան կցկտուր տվյալներ, որ ամենամոտ օրերին մեծ «կատյոլների» եւ դրանցում հայտնված տասնյակ հազարավոր ուկրաինական զինվորականների մասին հստակ տվյալներ կլինեն:
Սակայն կա նաեւ տպավորություն, որ ուկրաինական պատերազմն ամենեւին էլ հիմնական թատերաբեմը չէ ռուս-ամերիկյան այս պայքարում: Այսինքն, որ հիմնական լուծումները կլինեն տնտեսական բախումների արդյունքում, եւ այս առումով որոշ ուշագրավ փաստեր արդեն իսկ կան:
Սկսենք նրանից, որ ռուսական ռուբլին ընդհուպ մոտեցել է դոլարի նկատմամբ այն փոխարժեքին, որը կար մինչ այս սրացումը: Իսկ դա նշանակում է, որ չնայած ամերիկյան ողջ պատժամիջոցային մեքենային, որի մեջ ներքաշեցին մինչեւ իսկ այնպիսի անթույլատրելի գործիք, ինչպիսին է գլոբալ արժույթ հանդիսացող դոլարը, Մոսկվան ոչ միայն գոնե երեկվա դրությամբ հաջողությամբ դիմանում է, այլ նույնիսկ անցել է հակագրոհի, որը մահացու վտանգի առաջ կանգնեցրեց «նավթադոլար» հասկացությունը, ու հիմա պատժամիջոց սահմանողներն են սկսել նվնվալ: ԱՄՆ-ն մինչեւ իսկ հետքայլ կատարեց՝ պատժամիջոցներից հանելով ռուսական պարարտանյութերը՝ թերեւս վախենալով սպասվող հետեւանքներից: Սակայն դա լուծում չէ. սա կդառնա հերթական ապրանքատեսակը, որի դիմաց Արեւմուտքն այսուհետ կվճարի ռուբլիով:
Ի դեպ, հրապարակումը, որով նախօրեին հանդես եկան ամերիկյան խոշորագույն «The Washington Post» թերթը եւ «Human Rights Watch»-ի իրավապաշտպանները, բավականին հետաքրքիր ազդակ է առկա իրավիճակի նկատմամբ ԱՄՆ-ում առաջացող տրամադրությունների մասին: Այսպես, այս աղբյուրները սկսեցին պաշտոնական Կիեւին մեղադրել մահացու մեղքերի մեջ, թե՝ զինտեխնիկան տեղակայում են բնակավայրերում, այնտեղից կրակում, եւ պատասխան հարվածը բաժին է հասնում նաեւ խաղաղ բնակչությանը: Մի բան, որի մասին պատերազմի առաջին իսկ օրից խոսում են ռուսները, իսկ ԱՄՆ-ն իր վարչակազմով, Կոնգրես-Սենատով, քարոզչամեքենայով եւ մյուս բոլոր ատրիբուտներով հակառակն էր պնդում: Էսպես որ գնա, երեւի հաջորդ անգամ կգրեն, թե չէ, սխալվել ենք, Պուտինը չէ «մարդասպան-հանցագործը», դա Բայդենն է: Չնայած, հաշվի առնելով, որ Բայդենի որդու կենսաբանական խաղերով արդեն ԱՄՆ դատախազության մակարդակով են զբաղվում, կարծես այդ օրն էլ հեռու չէ:
Կարճ ասած, որ վաշինգտոնյան ամենավերնախավում ինչ-որ բան է սկսել փոխվել, արդեն որերորդ ազդակն է գալիս: Եվ դրանում տրամաբանություն կա. պատժամիջոցները ՌԴ-ի փոխարեն հարվածում են Եվրոպային: ԱՄՆ-ի համար դա փայլուն արդյունք կլիներ՝ եվրոպական տնտեսությունը խժռելու իմաստով: Սակայն, երբ հարվածի տակ է հայտնվել «սրբության սրբոց» դոլարը, պատկերը միանգամից փոխվում է: Դա ոչ միայն դոլարի, դա առաջին հերթին ԱՄՆ-ի հեղինակությանը ծանր հարված է, առավել եւս, երբ այդպես էլ չկարողացավ ռուսների դեմ ուղղորդել ողջ աշխարհը: Իսկ Եվրոպայում, հատկապես՝ տնտեսական դաշտում սկսել են խոսել, թե ինչո՞ւ հանուն ԱՄՆ-ի պետք է կործանվենք: Ու եթե դրա արդյունքում միանան գազը, ապագայում՝ նավթը ռուբլիով գնելու գործընթացին, դոլարի ապագան դառնում է որոշված: ԱՄՆ-ի համար միգուցե դա 30.4 տրիլիոն դոլարանոց արտաքին պետպարտքը ջրելու միջոց է: Բայց չէ՞ որ դոլարի անկման դեպքում բոլոր դոլարային միլիարդատեր-միլիոնատերերը, խնայողություններ ունեցող շարքային քաղաքացիները «մի գիշերում» կսնանկանան: Կսնանկանան նաեւ պետությունները, որոնց պահուստները եւ եկամուտները դոլարային են…
Ու հարց. ամերիկյան ոչ ուլտրալիբերալ էլիտան այս դեպքում ինչպե՞ս կվարվի Բայդենի եւ լիբերալիստների հետ: Մի խոսքով, պետք է ռուսների հետ լեզու գտնել, դրա պահը կարծես մոտենում է, եւ պատահական չէ, որ ՌԴ-ից ԱԳՆ-ի մակարդակով լսվում են ակնարկներ, թե պատրաստ են լուրջ բանակցությունների…
Այնպես որ, ինչպես Ալիեւը, այնպես էլ Նիկոլը Մոսկվայի թիկունքում ինչ-որ խաղեր անելով, ստիպված են շատ լուրջ մտածել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ