• 06/04/2022

Ի՞նչ է փսփսացել ԼՏՊ-ն՝ Արայիկ Արցախի նախագահի ականջին

Ի՞նչ է փսփսացել ԼՏՊ-ն՝ Արայիկ Արցախի նախագահի ականջին

«Իրավունքին» տված հարցազրույցում նախօրեին ուշագրավ հայտարարություն արեց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս հասկանանք, որ՝ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այս վճռորոշ պահին հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի հետ»: ԼՏՊ-ն, ինչպես հայտնի է, դեռ էն գլխից Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ջատագովն էր, եւ հենց այդ քաղաքականության արդյունքում էր, որ անգամ նրա կողմնակից հանդիսացող Վազգեն Սարգսյանը նրան դեմ դուրս եկավ, որից հետո ԼՏՊ-ին մնում էր հրաժարական տալ:

ԱՐՑԱԽԸ՝ ԼԵՎՈՆԱԿԱՆ ՈՒՂԻՈ՞Վ

Եվ հիմա, երբ Ա.Հարությունյանն անգամ 44-օրյա պատերազմի արդյունքից ելնելով է հայտարարում, որ Արցախը որեւէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ապա նաեւ ԱԽ խորհրդարանի բոլոր ուժերը, այդ թվում՝ Արայիկի գլխավորած մեծամասնությունը վերջերս հանդես եկան Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին օրենքի ընդունմամբ, առնվազն տարօրինակ է, որ նա հանդիպում է ԼՏՊ-ի հետ: Այն դեպքում, երբ գործնականում ակնհայտ է, որ առաջին նախագահի հիշատակված մոտեցումներում որեւէ բան չի փոխվել: Ավելին, որ նրա «քաղաքական կնքազավակ» Նիկոլը եւս հենց այդ ուղղությամբ է շարժվում՝ ջերմեռանդորեն գովերգելով Ադրբեջանի առաջարկած 5 կետանոց հայտնի փաստաթուղթը: Այսինքն, այս իրավիճակում Արայիկը հանդիպում է ԼՏՊ-ին, որ ի՞նչ խոսի նրա հետ:
Եվ ահա, Մ.Հակոբյանը, մեր այդ մտավախությունների հետ կապված, այս կարծիքը ներկայացրեց. «Այս գործընթացները, սակայն, վաղուց են սկսվել: Արայիկ Հարությունյանը, իշխանական թեւի ներկայացուցիչները եւ «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները սկսել են նոր քարոզարշավ՝ ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա գաղափարների: Նշում են, որ ե°ւ Ռոբերտ Քոչարյանը ե°ւ Սերժ Սարգսյանը ժամանակին սխալ են եղել, որ միակ իրատեսական թեզը, դա, ըստ էության, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզն էր: Այսինքն, իրատեսականը հենց այն իրավիճակն է, որի մեջ մենք գտնվում ենք այսօր: Նրանք այդ քարոզարշավը դեռ վաղուց էին իրականացնում, բայց հիմա արդեն դա հանրայնացնում են, որովհետեւ, ըստ իրենց, հիմք են ստեղծել՝ այդ թեզը հանրայնացնելու համար»:
Ի դեպ, չմոռանանք, որ տիկին Հակոբյանի ներկայացրած «Արդարությունը» Արցախի Անվտանգության խորհրդի ներկա ղեկավար Վիտալի Բալասանյանի փաստացի քաղաքական ղեկավարության տակ գտնվող ուժի խորհրդարանական թեւն է: Այսինքն՝ ենթադրելի է, որ տիկին Հակոբյանը հայտնեց ոչ միայն անձնական, այլ նաեւ նշված քաղաքական թիմի եւ Բալասանյանի տեսակետը: Ու եթե այդպես է, ապա ներկա մռայլ մթնոլորտը էապես ավելի թանձր տեսք է ստանում: Այսինքն՝ ստացվում է, որ բացի արտաքին անվտանգային ծանր վիճակից, Արցախում նաեւ ներքին սուր անկայունության եւ բախումների վտանգ կա, հենց որն էլ պատերազմական պարտության հիմնական պատճառներից մեկն էր:
Արդյունքում, ստանում ենք այս պատկերը: Այն, որ ռուսական խաղաղապահները ծանրակշիռ երաշխիք են, որ Բաքուն կխուսափի նոր մեծ պատերազմից, հասկանալի է: Այն պարզ պատճառով, որ ազերիների հարձակման դեպքում խաղաղապահները, եթե նույնիսկ մի պահ մտածենք, թե այլ ծրագրեր ունեն, մեկ է, ստիպված են լինելու իրենց ստանձնած պարտականությունները կատարել երկու հիմնական պատճառով: Առաջինը, նահանջելը կամ չմիջամտելը Մոսկվայի համար կլինի հեղինակության այնպիսի կորուստ, որը վերականգնել հետո դժվար թե կարողանան. էլ ի՞նչ հեղինակություն, եթե Բաքուն կարողանա Մոսկվայի պաշտպանության տակ գտնվող ինչ-որ բան խլել: Եվ երկրորդը, այդ դեպքում ողջ տարածաշրջանը պարզապես կզիջեն Թուրքիային: Եվ այս ամենի հանրագումարում, ՌԴ-ի համար մեկը մյուսի հետեւից նույն կարգի խնդիրներ կառաջանան գործնականում բոլոր այն ուղղություններում, որտեղ կա նման պոտենցիալ, սակայն պայթյուններ տեղի չեն ունենում՝ ռուսական բանակի հանդեպ եղած վախից: Օրինակ, եթե ազերիները շրջանցեն ռուսներին եւ գրավեն Արցախը, ապա մի՞թե նույնը կրկնելու ցանկություն չի առաջանա, ասենք, Վրաստանում կամ Մոլդովայում, որոնք ունեն նույն խնդիրը, ինչ Ադրբեջանը:

ՈՒՄԻՑ Է ԱՐԱՅԻԿՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ՎԱԽԵՆՈՒՄ

Ամեն դեպքում, Մոսկվայից շարունակում են տարբեր մակարդակներով գալ ազդակներ, որ Արցախում նահանջը բացառվում է: Թարմ օրինակը. արցախյան իրավիճակի մասին նախօրեին խոսեց նաեւ ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր, միջազգային հարցերով կոմիտեի անդամ, Կրեմլին մոտ կանգնած գործչի համարում ունեցող Վիտալի Միլոնովը՝ Ադրբեջանին մեղադրելով ոչ միայն Արցախում հրադադարի մասին իր իսկ կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ, այլ նաեւ, որ Բաքուն, մինչ Մոսկվայի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում հատուկ գործողության վրա, «մեջքից դանակով հարվածում» է Ռուսաստանին: Ավելին, որ՝ «Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի երկիր, հրահրում է Ադրբեջանին»: Միլոնովը նաեւ անթաքույց սպառնալիք է հղում թուրք-ազերիական տանդեմին. «Մենք թույլ չենք տա ոչնչացնել Արցախում ապրող ժողովրդին…»:
Կարճ ասած, առաջ գնալու համար Ալիեւը պետք է աչքի առաջ ունենա Մոսկվայի հետ բախվելու միանգամայն իրատեսական հեռանկարը: Սակայն պատկերը միանգամայն այլ կլինի, եթե Արցախի մի մասը սկսի խոսել Ադրբեջանի կազմում լինելու հնարավորության մասին, հանուն որի, Ալիեւը ինչ երաշխիք ասես, որ նման քարոզիչներին կտա: Առավել եւս, եթե այդ քարոզիչները լինեն Արցախի ներկա իշխանությունները: Ու նաեւ չմոռանանք, որ Արայիկը ապագայի մասին պետք է որ իր «հատուկ մոտեցումները» ունենա: Պատերազմական պարտությունը եւ պատերազմի օրերին նրա արարքները հազիվ թե մոռացության մատնվեն: Ավելի ճիշտ, դրանք միանգամից կգան օրակարգ, հենց հնարավոր լինի Արցախում նոր իշխանություն ձեւավորել: Իսկ դրա ժամանակը մոտեցել է. բավական է Մոսկվան ինչ-որ տարբերակով ավարտի ուկրաինական խնդիրը, որ նրա ուշադրության հիմնական կենտրոնի, ըստ ամենայնի, կվերածվի Հարավային Կովկասը՝ աբխազական, հարավօսեթական եւ արցախյան խնդիրներով ներառյալ, ինչի մասին պարզ ակնարկ է ՌԴ-ի կազմ մտնելու ուղղությամբ Հվ.Օսեթիայի վերջին քայլերը: Ու եթե Մոսկվան տարածաշրջանում հասնի կայունության, դա նաեւ Արցախում նոր իշխանությունների առաջ բերելու ռեալ իրավիճակ է ստեղծում: Իսկ դա նշանակում է, որ մասնավորապես Արայիկն ապագայի հետ կապված մտածելու բան ունի: Այսինքն, եթե ԼՏՊ-ն Արայիկին Բաքվի երաշխիքները փոխանցելու խնդիր ուներ, ապա սա ամենահարմար պահն է, որ Արայիկն առավելագույնս «ըմբռնումով մոտենա» դրանց:
Սակայն նա պետք է որ այլ մտավախություններ էլ ունենա՝ ի դեմս Արցախում ՌԴ ուժերի հրամանատարության: Այսիքն, եթե հանկարծ այս պահին արցախյան որեւէ ուժ ընդունելի համարի Ադրբեջանի կազմում գտնվելը, ապա դա եւս Մոսկվայի համար «մեջքից դանակով հարվածի» էֆեկտ է ունենալու: Ամեն դեպքում՝ այն, որ նա մինչ այս գնում էր ներարցախյան կոնսոլիդացիայի ուղղությամբ, այդ թվում, ի հեճուկս պաշտոնական Երեւանի, ամբողջականության վերականգնման հիշատակված օրենքի ընդունման տեսքով, դա, անշուշտ, ռուսական համապատասխան երաշխիքների արդյունքում էր: Բայց ահա գազազրկումը, դրան գումարած՝ վերջին սրացումները, վերջապես պատերազմի անխուսափելիության մասին, մեծ հավանականությամբ, արհեստական խաղը կարող էր Արայիկի մոտ ռուսների նկատմամբ անվստահություն առաջ բերել ¥ու չբացառենք, որ իրականում նպատակը հենց դա էր¤, ու այդ անվստահությունը, կարծես թե, փորձել են լրացնել համապատասխան հունով տանել նիկոլյան քարոզիչներն ու անձամբ ԼՏՊ-ն: Եվ եթե արդյունքում, ինչպես տիկին Մետաքսեն է պնդում, արցախյան իշխանական թեւը փորձում է հանրային դաշտում քարոզել ԼՏՊ-ական դավաճանական գաղափարները, հուշում է, որ Երեւանում կարողացել են ռուսների նկատմամբ Արայիկի վախերը կոտրել: Բայց, ըստ ամենայնի, ոչ ամբողջովին. հակառակ դեպքում պետք է որ Նիկոլի եւ Ալիեւի հանդիպման շեմին Ստեփանակերտից պաշտոնական հայտարարություն լսվեր, որում գոնե փոքրիկ ակնարկ կլիներ՝ Ադրբեջանի կազմում լինելու հնարավորության մասին: Մինչդեռ Արցախի ԱԺ-ից եկավ հակառակ ազդակը, թե՝ Արցախը եղել եւ մնալու է անկախ: Գումարած, կան խոսակցությունենր, որ արցախցիները պատրաստվում են սկսել ստորագրահավաք՝ ՌԴ կազմ մտնելու եւ նման խնդրանքով Պուտինին դիմելու մասին: Նաեւ, որ այդ հարցով ունեն ռուսական «դաբրո»: Եթե այդպես է, դա կնշանակի, որ Արայիկի համար ոչ թե նիլոլալեւոնաալիեւական թեւի, այլ՝ Մոսկվայի ասածն է օրենք:

ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐԸ

Ամեն դեպքում, եթե անգամ այս փուլում պաշտոնական Ստեփանակերտը համառի եւ չնգա էն գլխից ԼՏՊ-ի մատնանշած դավաճանական ուղղությամբ, մեկ է, այս իրավիճակը շարունակելու է մտավախությունների տեղիք տալ: Այսինքն, այս ամենը գալիս է հուշելու, որ Արցախում կա մի որոշակի շերը, որը պոտենցյալ դավաճանական հակումներ ունի, եւ համապատասխան իրավիճակում կգործի:
Մինչդեռ, չմոռանանք, որ Արցախը փոքր երկիր է, այնտեղ առանց տարաբնույթ ֆեյսբուքերի ու մնաբ բաների էլ է լուրն արագորեն տարածվում: Գումարած շարունակվող անվտանգային ճնշումները, ու շարքային քաղաքացիները կսկսեն կամաց-կամաց նորից մտածել թողնել-գնալու մասին: Ավելին, արդեն դա սկսել է նկատվել:
Հենց սա է ամենավտանգավորը, Արցախի հայաթափումը, լինի դա Բաքվի պարտադրանքով, թե՝ ինքնակամ: Ընդ որում, սա այն դեպքն է, երբ մարդկանց չես մեղադրի. եթե Հայաստանը վարչապետի մակարդակով ցուցադրաբար ակնարկում է նոր պատերազմի հավանականության մասին, մարդիկ, իրենց երեխա-ծերերով հանդերձ ի՞նչ անեն: Իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին Հայաստանում է պետք իրավիճակը փոխել: Եթե ոչ, միայն ռուսական զորքով Արցախը հայկական պահելը շատ դժվար խնդիր է:

Քերոբ Սարգսյան