- 11/04/2022
Ինչ կատարվում է Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո՝ արտասահմանյան սցենար է. Ռուբեն Էլբակյան
Ֆրանսաբնակ հանրաճանաչ տենոր, «Նապոլեոնյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» ՌՈՒԲԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ դեռեւս երկու տարի առաջ՝ արցախյան պատերազմի օրերին, ասում էր. «Մի ամբողջ 18-20 տարեկանների սերունդ կորցնելուց հետո՝ նահանջելու տեղ այլեւս չունենք, եւ պետք է Արցախի անկախությունը միջազգային մակարդակով ճանաչվի ու շուտափույթ ընդգրկվի Հայաստանի կազմի մեջ»: «Իրավունքը» բացառիկ հարցազրույց է ունեցել եւ պարզել, թե երկու տարի անց՝ այսօր, նա ինչ է մտածում:
«ՈՄԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԱՃԱՌԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ՀԵՐՈՍԻ ԵՐԱՆԵԼԻ ՀԻՇԱՏԱԿԸ»
– Պարոն Էլբակյան, 44 օրյա պատերազմից հետո՝ հայտնվեցինք մի իրավիճակում, որ անգամ հայաստանյան իշխանությունները չեն թաքցնում, որ «Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը պետք է քննարկվի»: Ի՞նչ կասեք այսօր ստեղծված իրադրության մասին:
– Այո, ցավոք, մենք կորցրինք մի ամբողջ սերունդ եւ նույնիսկ չգիտենք նահատակների ստույգ թիվը։ Տարբեր հաշվարկներով այն տատանվում է 5000-ից 11000-ի սահմաններում, ինչո՞ւ կառավարությունը չի ցանկանում հրապարակել անվանական կերպով մահացած զինվորների ցուցակը մեկուկես տարի անց։ Կարծում եմ՝ բոլորը հիշում են Աննա Հակոբյանի արտահայտությունը՝ «մեր զինվորները մահացել են հանուն ոչնչի», այս ամենից հետո մեր շարքերում հայտնվում են զոհված զինվորների մայրեր ու կանայք, որոնք վերջերս ընդունել էին նրա ճաշկերույթի հրավերը։ Բայց չէ՞ որ սա «խնջույք էր՝ նահատակների ոսկորների վրա»: Ստացվում է, որ ոմանք կարող են վաճառել ամեն ինչ եւ նույնիսկ հանգուցյալ հերոսի երանելի հիշատակը. քանի գինը հարմար է, մյուսները հաճույքով պատրաստ են գնել: Բացարձակապես դեմ չեմ, որ զոհված զինվորների այրիներն ու մայրերը նորմալ կյանքով ապրեն, հոգ տանեն իրենց մասին եւ նույնիսկ երգեն ու պարեն, բայց ոչ Աննա Հակոբյանի, նրա ամուսնու կամ մեկ այլ ՔՊ-ականի հետ, ովքեր համարում են, որ «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր»: Էլ ինչ կարելի է ասել, երբ սահմանամերձ հայկական տարածքները, որոնք ադրբեջանցիներն անպատիժ զավթում են, Հայաստանի ներկայիս «իշխանությունը» կոչում է ադրբեջանական տարբերակներով։ «Արցախ» տերմինը իսպառ վերացել է շրջանառությունից, իսկ փոխարենը հայտնվում է թուրքական «Ղարաբաղ» կամ, ավելի վատ՝ «ԼՂԻՄ» տերմինը։ Խայտառակ կապիտուլյացիայի ստորագրելուց հետո՝ Հայաստանի իշխանությունները, ինչպես ասում են՝ «ձեռքները լվացել» են Արցախից։ Այսօր միայն կարելի է երազել Արցախի անկախության մասին: Այնուամենայնիվ, ամեն ինչ կորած չէ, բայց ներկա թրքամետ իշխանությունից ու պասիվ եւ տկար ընդդիմությունից՝ բացառությամբ մի քանիսի, ինչպիսին Աննա Մկրտչյանն է… ոչ մի լավ բան պետք չէ սպասել: Արցախը միշտ համարել եմ Հայաստանի մաս: Այսօր պետք չէ շատ խելացի լինել՝ հասկանալու համար այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո՝ սկսած Տեր-Պետրոսյանից, սա արտասահմանյան սցենար է։ Իրոք, չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, որոնք դեռ ասում են՝ թողեք թող մարդը աշխատի, կտեսնեք՝ ամեն ինչ լավ կլինի: Լավ կլինի… երբ Երեւանը քարտեզի վրա կդառնա Էրիվա՞ն, որտեղ Մեհրիբան Ալիեւան մուղամ կլսի, իսկ Աննա Հակոբյանը թե՞յ կմատուցի: Իսկ Էջմիածնի Մայր տաճարը դառնալու է… Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչի կարող են վերածել մեր թշնամիներն այն: Մեր երկիրը եւ մեր ժողովուրդը գտնվում են իր ավելի քան 5000 տարվա գոյության ողջ պատմության կրիտիկական կետում…
– Պատերազմի օրերին Դուք բավական կոշտ ու հրապարակային պատասխանել էիք ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի գրառմանը, որտեղ նա Հայաստանին ագրեսոր էր անվանել: Հիմա քննարկվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջան» բացելու օրակարգը: Պատրա՞ստ եք ներել… այդ թվում նաեւ՝ Յուսուֆին:
– Ես չեմ կարող մոռանալ տգետ Յուսուֆի ստորությունը, եւ այն հիմար շնագայլերին, որոնք շնորհավորում էին նրան, օրինակ, Ցիսկարիձեն… Ադրբեջանի եւ նրա դաշնակիցների՝ լինի Թուրքիան, Պակիստանը, Ուկրաինան… հանցավոր պատերազմը մեր դեմ անհնար է ներել: Իսկ ովքեր պատրաստ են նրանց ներել ու ընկերանալ, թող գնան ապրելու Ադրբեջան կամ Թուրքիա։
– Ու այս օրհասական պահին էլի չի լսվում մշակութային գործիչների, մտավորականների ձայնը՝ լինի Հայաստանում, թե՝ Սփյուռքում: Դուք թերեւս բացառությունների շարքում եք: Ինչո՞վ կբացատրեք այս անտարբերությունը:
– Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է էլիտան՝ բացառությամբ մի քանիսի, բերանները ջուր առել ու ո՛չ գվում է, ո՛չ՝ բվում: Սա մի ողորմելի տեսարան է: Իսկ մշակույթի գործիչների վերջին հանդիպումը Ալեն Սիմոնյանի հետ՝ ուղղակի սոսկալի ինքնախայտառակություն էր: Ինչպիսի այլասերված օրինակ մատուցեցին երիտասարդ սերնդին։ Հետաքրքիր է, եթե Սիլվա Կապուտիկյանը, Վիկտոր Համբարձումյանը, Լուսինե Զաքարյանը… դեռ ողջ լինեին, կհամարձակվեի՞ն նրանք այդպես վարվել։
«ԿԵՂՏՈՏ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱՅԻ ՄԵՋ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ»
– Այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է ռուս-ուկրաինական պատերազմը: Կան մարդիկ, որոնք Ռուսաստանին են պաշտպանում, ոմանք՝ Ուկրաինային, մյուսները՝ զգուշավոր չեզոքություն են դրսեւորում: Ո՞րն է Ձեր տեսակետն այս ամենում:
– Ես ոչ մեկին չեմ պաշտպանում։ Ուկրաինան ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միամիտ ու անհիմն ընտրություն կատարեց՝ մոռանալով, որ գործ ունի կայսրության հետ: Եթե ուժերը անհավասար են, ավելի լավ կլիներ չեզոք մնալ, քանի որ «անվճար պանիրը միայն մկան թակարդում է հանդիպում»։ Միջնադարից ի վեր Ռուսաստանին բազմիցս փորձել են կործանել, բայց ոչ մեկին չի հաջողվել։ Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը… Արեւմուտքի համար ընդամենը գործիքներ են, եւ այս կեղտոտ աշխարհաքաղաքական տրագիկոմեդիայի մեջ տուժում են սովորական մարդիկ, որոնք նույնիսկ չեն հասկանում, թե ինչու է այս ամենը տեղի ունենում: Թուրքիան, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, Ադրբեջանի ձեռքով ակտիվորեն սրում է իրավիճակը Հայաստանի սահմաններում, եւ դա կարող է վերածվել համաշխարհային պատերազմի։ Չեմ կարծում, որ Ռուսաստանը կհանդուրժի իր խաղաղապահների եւ իր հեղինակության ահաբեկումը։ Խնդիրն այն է, որ այսօր Ադրբեջանը Նախիջեւանի կողմից պատրաստ է մտնել Սյունիք եւ երկու կողմից մի քանի ժամում գրավել այն, ինչի մասին Թուրքիան երազել է դարեր շարունակ։ Հայաստանի թրքամետ կառավարությունը դրան դեմ չի լինի, բայց Ռուսաստանը դժվար թե զիջի իր դիրքերն Անդրկովկասում։ Նոր պատերազմի սպառնալիքը միանգամայն իրական է, եւ արդյունքը կարող է ճակատագրական լինել:
– Ի դեպ, հիմա Հայաստանում ձեւավորվել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժում: Ըստ էության, նպատակն է ձեւավորել Ռուսաստան-Բելառուս-Հայաստան Միութենական դաշինք, որը կլինի այլընտրանք Եվրամիությանը: Դուք ապրում եք Եվրամիության անդամ երկրում եւ ապրել եք նաեւ խորհրդային շրջանում: Ո՞րն է այսօր լավագույն ելքը հայ ժողովրդի համար: – Կարծում եմ՝ առաջին հերթին Ռուսաստանն ու Իրանն են Հայաստանի լավագույն դաշնակիցները, ինչպես նաեւ Բելառուսը, Հունաստանը, Հնդկաստանը, Չինաստանը… ԱՄՆ-ի վարչակազմը երբեք չի փոխարինի Թուրքիային՝ որպես ռազմական գործընկերոջ, որեւիցե այլ երկրի հետ:
– Շուտով նախագահական ընտրություններ են Ֆրանսիայում: Դուք, որպես Ֆրանսիայի քաղաքացի, ո՞ւմ եք պատրաստվում ընտրել: Ի՞նչ կարելի է ակնկալել բարեկամ Ֆրանսիայում տեղի ունենալիք ընտրությունների արդյունքում: – Իմ ընտրությունը գաղտնիք է: Իհարկե, Ֆրանսիան դրական է տրամադրված Հայաստանի նկատմամբ, բայց դեռ մնում է ՆԱՏՕ-ի անդամ։ Ֆրանսիայում ռուս-ուկրաինական պատերազմի հենց սկզբից տեղի է ունենում պրոուկրաինական գերհզոր քարոզչություն եւ Պուտինի քաղաքականության ամենախիստ քննադատություն. ֆրանսիական հասարակությունը սուզվել է ռուսաֆոբիայի մեջ։ Պարզապես «չեմ կարողանում հասկանալ», թե ինչու ֆրանսիական մամուլն այդքան պասիվ էր արցախյան պատերազմի ժամանակ։ Ալիեւը 100 տոկոսով հանցագործ է միջազգային իրավունքի բոլոր առումներով, եւ Էրդողանը բնավ նրան չի զիջում: Արցախը ռմբակոծվել է բոլոր տեսակի արգելված զինատեսակներով, ապացուցված է վարձկանների առկայությունը, գերիները մինչ օրս չեն վերադարձվել, իսկ Եվրոպան ու Ամերիկան գրեթե ոչինչ չեն տեսել, չեն լսել եւ չեն խոսել։ Այս ամենն ինձ հիշեցնում է 1974 թվականին Կիպրոսի թուրքական օկուպացիան, երբ բոլոր եվրոպական երկրները կրկին ընդունեցին ջայլամի քաղաքականություն եւ շարունակում են մնալ դրանում մինչ օրս։ Կիպրոսը եւ հայկական հարցը տաբու են, բայց չէ՞ որ Կիպրոսն ու Արցախը Ուկրաինա չեն: Բայց ո՞ւր են ազատասեր հումանիստները, դեմոկրատները, մարդու իրավունքների պաշտպանները։ Եզրակացություն՝ հույս մի՛ դրեք օտարների վրա:
«ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱՄ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՍԵՎԵՐԸ ԵՎ ՍՊԻՏԱԿՆԵՐԸ ԿԱՆՀԵՏԱՆԱՆ»
– Մեր այս հարցազրույցը տարբերվեց նախորդներից, քանի որ այն թերեւս ամենաանմշակութայինն էր, ինչը գուցե համահունչ է մեր օրերի համար: Բայց մարդիկ այսօր կարոտ են նաեւ մշակույթի: Ի՞նչ համերգային ծրագրեր ունեք առաջիկայում, կլինե՞ն նոր տեսահոլովակներ:
– Համաճարակից հետո մենք վերականգնում ենք իմ համերգային շրջագայությունը՝ Ave Maria ծրագրով։ Իհարկե, կլինեն նաեւ նոր տեսահոլովակներ։
– Վերջերս Ֆրանսիայի Սենատի պալատում արժանացաք «Grand Prix Humanitaire De France» հայտնի հիմնադրամի «Ոսկե մեդալին»՝ երաժշտարվեստում ունեցած ձեր ներդրման եւ բազմաթիվ բարեգործական համերգների համար։ Սա ձեր երկրորդ մեդալն է՝ Նապոլեոնյան ռազմական ասպետի մեդալից հետո, չե՞ք կարծում, որ ուշանում է հայրենիքի կողմից մրցանակը:
– Մրցանակների ուշացած փաստը հուզում է այն արտիստներին, որոնց համար պարգեւները իրենց արվեստի միակ բարոմետրն են։ Իհարկե, ճանաչում
ն ու մրցանակները միշտ էլ հաճելի են, հատկապես նման հեղինակավոր հաստատություններից, ինչպես “Ordre Militaire de Napoleon ” կամ «Grand Prix Humanitaire De France»-ն է՝ 1892 -ին հիմնադրված։ Բայց ես բնավ չեմ երգում մրցանակների ու մեդալների համար։ Ցավոք սրտի, Հայաստանում վաղուց չեմ երգել։ Հաճախ մարդիկ փողոցներում ինձ ճանաչում ու հարցնում են. «Ռուբեն ջան, երբ նորից պետք է լսենք աստվածատուր ձայնդ», «Քո Կոմիտասը անզուգական է»։ Տարիներ շարունակ իմ «Կռունկը» հնչել է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում։ Ամենահուզիչը, երբ շուկաներում նույնիսկ դրամ չեն ուզում վերցնել։ Սա ինձ համար ամենամեծ պարգեւն է։ Եվ որպեսզի չնեղացնեմ, միայն մեկ դեղձ եմ նվեր վերցնում, իսկ մնացածի համար, անշուշտ, վճարում եմ։ Այնպես որ, ինձ ժողովրդի սերն ու ճանաչումը լիովին բավական է։
– Ձեր վերջին հայաստանյան համերգը եղել է ուղիղ 15 տարի առաջ: Դեռ երկա՞ր է հայ ունկնդիրը կարոտ մնալու հայկական «Կարուզոյի» ոսկե ձայնին:
– Ես չեմ թաքցնի, որ խորին հիասթափության մեջ եմ: Հայաստան կգամ համերգներով այն ժամանակ, երբ սեւերը եւ սպիտակները կանհետանան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ