- 11/04/2022
Պահանջում ենք քրպատասխանատվության ենթարկել 2022 թ. ապրիլի 9-ին ռուս ժողովրդի դեմ բռնությունների եւ սպանությունների հրապարակային կոչեր հնչեցրած անձանց
Ցանկացած անձի, կազմակերպության կամ պետական ինստիտուտի կողմից որևէ ազգի դեմ թշնամանքի, բռնության և սպանության կոչերն ու դրանց կիրարկումը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային տարբեր կոնվենցիաներով որակավել են որպես նացիզմի՝ ազգայնամոլության դրսևորումներ։
Համաշխարհային հանրության լուռ անտարբերության պարագայում նման կոչերը, սովորաբար, կյանքի են կոչվում՝ վերաճելով ազգի կամ ազգերի կոտորածի, ցեղասպանության։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական նացիզմի գաղափարախոսներն ազգերին դասակարգել էին արիական ազգերի և վաճառական ազգերի՝ ըստ նրանց ծագումաբանության և ազգերի գոյապայքարում ունեցած դերակատարման։ Գերմանիայի քաղաքական ու գաղափարական վերնախավը իրենց և մի քանի այլ ազգերի որակել էին որպես արիական ծագում ունեցողներ, իսկ մյուսներին, այդ թվում նաև սլավոնական ծագում ունեցողներին՝ որպես առևտրական ազգեր, որոնք ենթակա էին նացիստների կողմից կառավարման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ֆիզիկական ոչնչացման ու բնաջնջնման։
Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո համաշխարհային հեգեմոնի, այսինքն, այլ ազգերի ճակատագիրը տնօրինելու միակ և բացառիկ իրավունքը փորձեց ստանձնել ԱՄՆ-ը, որն իր ազգային-պետական շահերը սպասարկելու նպատակով, տարբեր պատրվակներով փորձում ու կիրառում էր բիրտ ուժ ու բռնություններ՝ զոհ հանդիսացող տարբեր երկրներում հաստատելով իր ընկալումներին և չափորոշիչներին համապատասխան «ժողովրդավարական կառավարման» մոդելը։
Փաստացիորեն, նախորդ դարի 30-ականներին ծնունդ առած գերմանական նացիզմը 1945 թվականի կեսերից սկսեց աստիճանաբար փոխարինվել ամերիկյան նեոնացիզմով՝ ամերիկյան դոմինանտության գաղափարախոսությամբ: Իսկ 1991 թվականին Խորհրդային միության դեմ մղած սառը պատերազմում տարած հաղթանակից հետո ԱՄՆ-ը դարձավ աշխարհի միակ գերտերությունն ու միաբևեռ կառավարիչը։
Միացյալ Նահանգները համաշխարհային կառավարումը սկսեց իրականացնել իր դաշնակիցների՝ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի իր վասալ պետությունների, տրանսնացիոնալ կորպորացիաների և միջազգային վերպետական կառույցների հետ համատեղ։
Ամերիկյան նեոնացիզմի դրսևորման հետևանք է նաև այսօր Ուկրաինայում ռազմական իրավիճակը. հավաքական Արևմուտքն այստեղ, փաստացիորեն, պատերազմում է Ռուսաստանի Դաշնության դեմ՝ մինչև ուկրաինացի վերջին զինվորը։ Ավելի վաղ, Ռուսաստան-Արևմուտք հակամարտության դրսևորումներից էր նաև 44-օրյա պատերազմն Արցախում։
Հավաքական Արևմուտքի առաջնային նպատակներից է բախումների, ռազմական գործողությունների և պատերազմական օջախների ստեղծումը Ռուսաստանի տարածքի ամբողջ պարագծով։ Միաժամանակ, Արևմուտքի համար կենսական է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական դաշնակից հանդիսացող պետությունների տարածքներից Ռուսաստանի Զինված ուժերի դուրսբերումը։
Այդպիսի նպատակ է հետապնդում նաև Ադրբեջանն իր ռազմավարական դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ երկիր հանդիսացող Թուրքիայի հետ միասին, երբ պարբերաբար փորձում է վարկաբեկել Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին։ Այդ խնդրի լուծմանն օժանդակում են նաև Հայաստանի Հանրապետությունում արևմտյան տարբեր երկրների ազգային-պետական շահերը սպասարկող ազդեցության գործակալները, ինչու չէ, նաև գործակալական ցանցի ներկայացուցիչները։
Այսպես, սույն թվականի ապրիլի 9-ին Երևանում «Ազգային-Ժողովրդավարական բևեռ» /ԱԺԲ/ կոչվող կազմակերպության կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ կազմակերպվեց հանրային ակցիա։ ԱԺԲ-ի ակտիվիստները Ազատության հրապարակում հանրահավաքի և դեպի ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն երթի ժամանակ հնչեցրել են վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր և սպառնալիքներ ռուս ժողովրդի, Ռուսաստանի զինված ուժերի, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների հասցեին: Ավելին, Ռուսաստանի Դաշնության դեսպանության մոտ երթի ակտիվ մասնակիցներից մեկի կողմից բարձրախոսով հնչեցվել է «մահ ռուսներին» արտահայտությունը՝ երթի անվտանգությունն ապահովող իրավապահ համակարգի աշխատակիցների ներկայությամբ։
Ակնհայտ է, որ ապրիլի 9-ի վերոնշյալ հանրահավաքի ու երթի կազմակերպիչ ԱԺԲ-ի ակտիվիստների կողմից ռուս ժողովրդի դեմ ուղղված ատելության խոսքը, բռնության ու սպանության կոչերը կարող են լուրջ լարումներ առաջացնել Ռուսաստանի Դաշնության ներսում, որից կարող են օգտվել նաև մեր ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայությունները՝ Ռուսաստանում բնակվող հայերի նկատմամբ բռնություններ սադրելու նպատակով։
Ակնհայտ է, որ Հայաստանում ռուսատյացության քարոզչությունն ուղղակիորեն հարվածում է ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ու երկրի տարածքային ամբողջականությանը, քանի որ ՀՀ անվտանգության ապահովման երաշխավոր են հանդիսանում նաև ՀՀ-ում ՌԴ զինված ուժերը՝ ի դեմս թիվ 102 ռազմաբազայի և Հայ-ռուսական համատեղ զորախմբի զինծառայողների։
Խիստ մտահոգիչ է, որ ռուսների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի՝ սպանությունների կոչերը կարող են առաջացնել բումերանգի բացասական էֆեկտ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր մոտ երեք միլիոն հայրենակիցների նկատմամբ, որոնց մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են, իսկ մի մասը՝ նաև ՌԴ զինված ուժերում զինծառայողներ։ Անթույլատրելի է նաև անտեսումն այն կարևոր իրողությունների, որ Արցախում ռուս խաղաղապահներն են ապահովում Արցախում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը, և որ Հայաստանում բնակվում են ՀՀ քաղաքացի հանդիսացող բազմաթիվ ռուսներ, որոնք տարիներ շարունակ իրենց ներդրումն են ունեցել ՀՀ անվտանգության ապահովման, բարօրության ու զարգացման գործում։
2022 թվականի ապրիլի 9-ին կայացած երթի ժամանակ հնչեցված «մահ ռուսներին» արտահայտությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով պատժելի արարք է, քանի որ ազգային թշնամանք հարուցող գործողություն է: Ավելին, այդ արարքը կատարվել է հրապարակայնորեն և կազմակերպված խմբի կողմից։
Նման բացահայտ հակառուսականության քարոզը, բռնության ու սպանության կոչերը ժամ առաջ պետք է ստանան քրեաիրավական գնահատական ՀՀ իրավապահ համակարգի կողմից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Նման արձագանքի և գործնական քայլերի բացակայությունը կամ ոչ ողջամիտ ժամկետներում հետաձգվելը կվկայի այն մասին, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ևս համակարծիք են վերոնշյալ ռուսատյաց կոչերին, ինչի հետևանքով իրենք ևս պատասխանատվություն կկրեն ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող ազգությամբ ռուս այլ երկրների քաղաքացիների, ՀՀ-ում ծառայություն իրականացնող ազգությամբ ռուս ՌԴ զինծառայողների և ՀՀ-ում բնակվող ու ՀՀ քաղաքացի հանդիսացող ազգությամբ ռուսների նկատմամբ բռնության և սպանության կոչեր հնչեցրած անձանց հետ միասին։
Հաշվի առնելով վերոնշյալ սպառնալիքներն ու մարտահրավերները՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից, ներառյալ Արտաքին գործերի նախարարությունից, համարժեք արձագանքել Երևանում ռուս ժողովրդի նկատմամբ հնչեցված բռնությունների, ատելության և սպանության կոչերին, ինչպես նաև ՀՀ իրավապահ համակարգից՝ համարժեք քայլեր ձեռնարկել այդ գործողություններն իրականացրած բոլոր անձանց նկատմամբ:
Վերոշարադրյալին համակարծիք ՀՀ քաղաքացիները, նախաձեռնությունները, հասարակական և քաղաքական կազմակերպությունները կարող են միանալ այս պահանջներին։ Հայտարարությունը բաց է ստորագրման համար։ Հայտարարությանը միանալու համար կարող եք գրել antinazismarmenia@mail.ru էլ. փոստի հասցեին՝ նշելով անունը, ազգանունը, կազմակերպությունը (եթե կա), պաշտոնը և մասնագիտությունը։
Հայաստանի հականացիստական ճակատ, համակարգող՝ Հայկ Այվազյան
Ռեֆորմիստների կուսակցություն, նախագահ՝ Վահան Բաբայան
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն, նախագահ՝ Հայկ Բաբուխանյան
«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցություն, նախագահ՝ Խաչիկ Ասրյան
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն
«Սահակյանց» անիմացիայի դպրոց-ստուդիա, ղեկավար՝ Դավիթ Սահակյանց
Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ, նախագահ՝ Արման Ղուկասյան
«Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժում
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնություն, համակարգող՝ Հայկ Նահապետյան
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնություն, համակարգող՝ Կարինե Եսայան
Արամ Սաֆարյան – քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող
Մարիամ Հովսեփյան – քաղաքագետ
Երևան, 11.04.2022