- 12/04/2022
Ընդդիմությունը լքեց Ազգային ժողովը. պատգամավորները մեկնում են Արցախ
Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու քառօրյա նիստերին և մեկնելու է Հայաստանի սահմանամերձ մարզեր և Արցախի Հանրապետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 12-ին Ազգային ժողովի նիստին այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավարը ասաց, որ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել. իրենց հրավիրած վերջին հանրահավաքում նշվել են երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել:
«Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները՝ մեր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»,-հայտարարեց Օհանյանը:
Օհանյանի խոսքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունը անկարող է լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ. վերջին զարգացումները, ըստ նրա, հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգով: «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին, մենք մեկնում ենք Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր»,-հայտարարեց Օհանյանը:
Սեյրան Օհանյանն ու ընդդիմադիր մյուս պատգամավորները Արցախի դրոշներ տեղադրեցին սեղաններին:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ իրենք նույնպես չեն մասնակցելու նիստերին, մեկնում են Արցախ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի գնահատմամբ՝ ընդդիմությունը, Արցախ մեկնելով, վտանգում է Արցախի և Հայաստանի քաղաքացիներին։
«Այստեղ միտք հնչեց, որ իրենք մեկնում են Արցախ ամենակարևոր օրակարգին հետևելու և Արցախի քաղաքացիներին պաշտպանելու։ Ես ուզում եմ պնդել հակառակը, նրանք հենց հիմա մեկնում են Արցախ՝ վտանգելով Արցախի Հանրապետության քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Սա ի նկատի ունեցեք»,- ասաց Հակոբյանը։
Նա առաջարկում է քաղաքական օրակարգը զերծ պահել բախտախնդիրներից և հայրենակիցներին բախտախնդրության տանելու կոչերից և մղումներից։