- 12/04/2022
«ԵՐԵՎԱՆ» ԵՐԳՉԱԽՄԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ
Հունիսի 2-ին լրանում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Բեդրոս Կիրկորովի 90-ամյակը: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց նրա հետ:
– Բեդրոս Ֆիլիպովիչ, այս տարի Ձեզ համար հոբելյանական է: Եկեք վերադառնանք անցյալ: Ինչի՞ց սկսվեց Ձեր երգարվեստի ուղին:
– Մենք ապրում էինք դպրոցի մոտ, որտեղ մեզ հետ ապրում էին ռուսներ, թուրքեր, հայեր, հրեաներ գնչուներ: Եվ բոլորս միասին մի դպրոց էինք հաճախում: Արդեն երկու պատերազմ էինք տեսել, եւ երբ եկան գերմանացիները, դպրոցը վերածեցին հոսպիտալի: Մայրական կողմի պապս հարգված մարդ էր շրջապատում: Միշտ մեզ պատմություններ էր պատմում, սովորեցնում: Նա ինձ շատ էր սիրում, որովհետեւ մայրս նրա ամենափոքր աղջիկն էր: Նա ուներ չորս տղա, հինգ աղջիկ, տասներկու, թե տասներեք թոռ: Բոլորս մի բակում էինք ապրում: Եվ այդպես մենք մեծացանք: Եվ հետո երբ եկան սովետական զինվորները, արդեն ստեղծվեցին կոշիկի, կարի կորպորացիաներ: Մայրս դերձակուհի էր “Դրուժբա” գործարանում:Նրանք կարում էին զինվորական համազգեստներ: Եվ հետո այնպես ստացվեց, որ յուրաքանչյուր կոշիկի կորպորացիայում գործում էին գեղարվեստական ինքնագործ խմբեր: Եվ ես գրանցվեցի պարային խմբում: Ուզում էի պարել: Երբ գնացի, տեղերը համալրված էին: Երգչախմբում տեղ կար: 12-13 տարեկանում սկսեցի երգել քաղաքային երգչախմբում, որը կոչվում էր “Երեւան”: Որտեղ նաեւ մենակատար էի եւ երգում էի Աշոտ Սաթյանի “Աշխատանքի երգը”: Երգչախմբի դիրիժորն ինձ ասաց` դու լավ ձայն ունես, արի ես քեզ ուսուցչի համար տամ: Դասերը կվճարի ձեռնարկությունը: Դու, ի վերջո, երգում ես երգչախմբում : Իսկ մենք այդտեղ աշխատավարձ չէինք ստանում, ուղղակի սիրողական էինք հաճախում: Ես համաձայնեցի, երբ մի ամիս սովորեցի, գնացի կոմիտեի նախագահի մոտ, պարզվեց, որ միայն պրակտիկա անցնող կոշկակարների վճարը կարող են փոխանցել: Քանի որ ես երգում եմ, կապ չունեմ կոշիկի հետ, չվճարեցին: Անտրամադիր գնացի տուն, պատմեցի մորս: Մայրս կարի մեքենայի արանքից հանեց հավաքած փողերից, եւ իրար հետ գնացինք վճարելու վարձը: Նա ասաց, որ էլ չեմ շարունակելու, որովհետեւ ուսման վարձը վճարելու հնարավորություն չունենք: Նա վերադարձրեց փողը մորս եւ ասաց` տիկին, Ձեր որդին լավ ձայն ունի: Ես իրենից փող չեմ վերցնի: Շուտով Օպերային թատրոնը պետք է փոխի իր կազմը: Այնտեղ արդեն բոլորը ծեր են, եւ երիտասարդների պետք է հավաքի: Ես իրեն կսովորեցնեմ մի երգ, նա կերգի, եւ կընդունեն: Եվ այդպես, առանց երաժշտական կրթության, ինձ ընդունեցին Օպերային թատրոն: Երեք տարի հետո արդեն 17 տարեկան էի եւ պետք է մեկնեի ծառայության: Մեկնեցի եւ այնտեղ` որտեղ ծառայում էի, ստեղծեցի զինվորական երգչախումբ: Պետք է ծառայեի երեսունվեց ամիս, բայց ծառայեցի երեսուն ամիս: Մնացած վեց ամիսը շինարարական զորքերի անսամբլում էի հանդես գալիս, որտեղ ծառայում էին հրեաներ, թուրքեր, որոնք զբաղվում էին շինարարությամբ: Անսամբլի ղեկավարը Կիրկոր Կիրկորվն էր:
– Ինչպե՞ս եղավ Ձեր առաջին հանդիպումն Արամ Խաչատրյանի հետ:
– 1955 թվականին Վարշավայում կայացավ միջազգային ուսանողական հինգերորդ փառատոնը: Եվ մենք գնացինք Վարշավա: Սովորել էինք Արամ Խաչատրյանի “Հայաստանի կարմիր գինին” երգը եւ այդ փառատոնին երգեցինք: Իսկ Արամ Իլիչը, պարզվեց, որ գտնվում է ժյուրիի կազմում: Նա ներկայացնում էր սովետական պատվիրակությունը: Այդ ժամանակ արդեն ճանաչված կոմպոզիտոր էր: Եվ երբ հայտնեցինª երաժշտությունը Արամ Իլիչ Խաչատրյանի, խոսքերը` Աշոտ Սաթյանի, նա նկատեց, որ երգչախմբի հարյուր հոգին էլ երգում էին մաքուր հայերենով: Արամ Խաչատրյանը ցանկացավ ծանոթանալ երգչախմբի դիրիժորի հետ: Բայց վերջինս չցանկացավ գնալ, որովհետեւ հայերեն չգիտեր: Նա Ռումինիայի հայ էր: Իսկ Ռումինիայում թույլ չէին տալիս կառուցել հայկական դպրոցներ, եկեղեցիներ: Դրա համար նա հայերեն չգիտեր: Եվ ինձ ուղարկեց Արամ Խաչատրյանի հետ հանդիպելու: Գնացի ես: Ինձ ասաց` դու մենակատարն ես, իսկ ո՞ւր է դիրիժորը: Ես ասացի` Արամ Իլիչ, նա հայերեն չգիտի: “Ի՞նչ հայ է, որ հայերեն չգիտի”,- ասաց Արամ Խաչատրյանը: Բացատրեցի, որ նա Ռումինիայի հայ է եւ այնտեղ, որտեղ նա ծնվել է, հայկական դպրոց չկա: Այնուհետեւ հարցրեց, թե ես որտեղից եմ: Ասացի` Սոֆիա քաղաքից եմ: Իսկ դու` այդ հարյուր հայերով ինչ լավ եք երգում հայերեն: Նրան ասացի, որ այդտեղ հայը ես եմ եւ դիրիժորը: Մնացածը բուլղարացի են: Մենք ենք նրանց սովորեցրել: Ահա այդպես ես ծանոթացա Արամ Խաչատրյանի հետ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ