- 12/04/2022
«Մարտունու հայտնի յառմռկայում ադրբեջանցի օրթաղներ ունեցե ՞լ է թե ոչ․․․». Լևոն Նազարյանը` Գագիկ Մելքոնյանին
Ոսկեղենիկ հայերենի ՛՛լավագույն՛՛ բառապաշարի դրսևորմամբ կրկին աչքի է ընկել իշխանական երեսփոխան, 2000-2008 թվականներին ՊՆ թիկունքի պետ աշխատած Գագիկ Մելքոնյանը։
Հարցին՝ թե ինչպես է Մելքոնյանին հաջողվել արժանանալ գեներալ – լեյտենանտի ուսադիրներին, թերևս կկարողանան պատասխանել իմ ավագ ընկերները։
Անձամբ, այլ հարց եմ ուզում ուղղել երեսփոխան Մելքոնյանին․
Մարտունու շրջանի իր ծննդավայր Մոլլալու գյուղում թուրք քիրվաներ ունեցե ՞լ է թե ոչ,
Մարտունու հայտնի յառմռկայում ադրբեջանցի օրթաղներ ունեցե ՞լ է թե ոչ․․․
Իր վերջին հարցազրույցում հեգգելյան դիալեկտիկայի ու տրամաբանության ՛՛հերն անիցած՛՛ անձնավորությունը կարծես թե որդեգրել էր գեբելսյան ՛՛սուտն որքան ահավոր է, այդքան էլ արժանահավատ՛՛ մոտեցումը՝ մոռանալով որ Գեբելսը դոկտորի երկու գիտական աստիճան ուներ և ոչ թե ինժեներ – տնտեսագետի մասնագիտացում։
Քանզի որոշել ենք, որ որևէ հերյուրանք չպետք է անպատասխան մնա, ուստի կառաջնորդվենք կաղ սատանայի՝ Թալեյրանի իմաստությամբ, ըստ որի․ ՛՛գոյություն ունի զրպարտությունից ավելի ահեղ զենք՝ ճշմարտությունը՛՛։
1․ Արցախի դրոշի տեղադրման կոչը, հունգարական ՛՛Պալա փողոցի տղաները՛՛ վիպակի սյուժեյի հետ շփոթաց անձնավորությանը կրկին հիշեցնենք, որ այն հայ ժողովրդի զգետնված արժանապատվությունը կրկին վերականգնելու կամային ձգտման սիմվոլիկ ցուցադրություն է։ Պատահական չէ, որ հայ ժողովրդի պայքարը առևտրի հանածները սարսափում են Արցախի դրոշից այնպես, ինչպես դևը՝ արծաթից։
2․ Ներկուսակցական քննարկումներում սեփական կապիտուլյանտ առաջնորդին հարց հղելու հնարավորությունից զրկված Մելքոնյանը, որոշել է հրապարակավ հարց հղել Արցախի հերոս Սերժ Սարգսյանին։ ՀՀ երրորդ նախագահին հռետորական հարց հղելուց առաջ, վերջինս լավ կաներ համարժեք պատրաստվել, հրապարակային խայտառակ չլինելու համար, քանզի Կազանի պայմանագիր գոյություն չունի, գոյություն ուներ Կազանի փաստաթուղթ կամ Կազանի առաջարկություններ․․․նորից ամրագրենք՝ Սերժ Սարգսյանը բանակցում էր ստանալու, այլ ոչ թե տալու շուրջ, ապացույցը՝ Ալիևի խոստովանությունը Արցախի անկախությունը ճանաչելու ճնշումների մասին։
3․ Պայմանագիրը, առաջարկային փաստաթղթից տարբերել չկարողացող անձի դեպքում, գուցեև նորմալ է հետախուզությունը՝ պատերազմից չտարբերելը, եթե դա չլիներ գեներալ – լեյտենանտի ուսադիրներով բանակի թիկունքի նախկին պետը։ Ապրիլյան պատերազմում խոցված ուղղաթիռից վերցված ռազմական հատուկ քարտեզները խոսուն փաստեր են ոչ միայն քառօրյա պատերազմի բնույթի, այլ նաև դրա ժամկետների և ուղղությունների մասին։ Ընդ որում հենց այդ քարտեզներում ներկայացված ուղղություններով էլ, 4 տարի անց հակառակորդը մտավ Հադրութ ու Շուշիի։ Իսկ դուք չկարողացաք դիմակայել, որովհետև Սերժ Սարգսյանի գնած ՀՕՊ միջոցները փոխարինեցիք անհրթիռ ինքնաթիռներով, իսկ Սերժ Սարգսյանի ձեռք բերած Իսկանդերը պայթեցրիք 10%-ով։
4․ Հակառակորդի քարոզչական թեզերը կրկնօրինակող երեսփոխանը խոսում է Սերժ Սարգսյանի այսպես կոչված ՛՛Մոսկվա վազելու՛՛ մասին։ Այն դեպքում, երբ ՀՀ երրորդ նախագահը երկու տեղ միայն աճապարեց՝ եռաբլուր և առաջնագծի դիրքեր։ Միջազգային հանրությունը լավ գիտի, որ զինադադարի աղերսը եղել է Ալիևի կողմից, իսկ Սերժ Սարգսյանը, որպես հմուտ ռազմաքաղաքական ղեկավար, շտապ կարգով հրավիրեց ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և վերջնագրային տեսքով ներկայացրեց մեր հնարավոր անելիքները։
5․ Սույն անձնավորությունը գտնում է, որ Քարագլխի դիրքերի զավթումը հակառակորդի կողմից էական չէ, քանի որ նրանք ունեն արբանյակային հսկողության միջոցներ․․․գուցեև այս ամենը շատ զվարճալի լիներ, եթե չլիներ այսչափ ողբերգալի․․․
Արցախի դրոշը անշուշտ շարունակելու է խրոխտ ծածանվել թե´ Երևանում և թե´ ինքորոշման իր իրավունքը իրացրած Ստեփանակերտում։
Սակայն մինչ այդ, կարծում եմ, որ ՀՀ ՊՆ թիկունքի նախկին պետ Գագիկ Մելքոնյանը կկանգի ռազմական տրիբունալի առջև, համապարփակ բացատրություններ տալու ռազմական բնույթի թշնամահաճո հայտարարություններ անելու համար։