- 13/04/2022
Հայ ժողովրդի լինելիության և անվտանգ ապրելու բանալին Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է. ԱՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ արգելելու, առհասարակ ընդդիմության գործողությունների արդյունավետության, Արցախի անվտանգության իրական երաշխավորների, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունների մասին եւ ոչ միայն զրուցել ենք Արցախի հանրապետության Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉՔԱՆ ԵՐԿԱՐ ԼԻՆԻ, ԱՅՆՔԱՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԱՊԱՔԻՆՎԵՆՔ ԾԱՆՐ ՎԵՐՔԵՐԻՑ
-Պարոն Հովհաննիսյան, Ձեզ համար՝ որպես Արցախի Հանրապետության բնակչի, որպես ԱԺ պատգամավորի , նկատելի՞ են իշխանության կողմից Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված քայլեր: Առկա անվտանգային այս պայմաններում ինչպե՞ս է ապրում և իր անվտանգության երաշխիքներն ո՞ւմ հետ է կապում արցախցին այսօր:
-Այ՛ո, որպես պատգամավոր, ԱԺ անվտանգության հանձնաժողովի անդամ, ինձ նկատելի են պետության կողմից իրականացվող այն աշխատանքը, որը ուղղված է անվտանգային համակարգի վերականգմանը, այլ խնդիր է, թե դրանք բավարա՞ր են իրենց ընդգրկունությամբ կամ ժամկետների առումով։ Այստեղ դեռ կաղում ենք։
Իսկ եթե դիտարկենք որպես քաղաքացի, որին հասանելի չեն որոշակի տեղեկություններ ապա կարելի է ասել, որ «բան չի արվում» և դա բնական է։ Արցախցին ապրում և աշխատում է երևի թե իր պատմության բարդ ժամանակաշրջաններից մեկում եթե ոչ ամենաբարդ։ Անորոշությունը կոտրում է յուրաքանչյուր նախաձեռնություն և այստեղ է որ անհրաժեշտ է համընդհանուր համախմբում ինչը, ըստ իս, հնարավորություններ կստեղծի դուրս գալու այս վիճակից։ Իսկ անվտանգության երաշխիքը դա մենք ենք եւ մեր համախմբված գործողությունները։ Ճիշտ է, ռուս խաղաղապահները իրենց առաքելությամբ հնարավորություն են տալիս պետությանը կենսագործելու ու դա այն մեծ օգնությունն ու օժանդակությունն է, որը պիտի կարողանանք լիուլի օգտագործել, եթե չհաջողեցինք` ուրեմն ամենաապիկար և հիմար հասարակությունն ենք։ Ռուս խաղաղապահների ներկայությունը ինչքան երկար լինի այնքան ավելի լավ կապաքինվենք ծանր վերքերից, որ ստացանք 44 օրյա պատերազմի ընթացքում։
-Պարոն Հովհաննիսյան, արդեն հայտնի է, որ սարերի հետոււմ չեն սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, որտե՞ղ է մնալու Արցախը այդ գործընթացից հետո:
-Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները առաջին հայացքից սարերի հետեւում չէ, բայց ըստ ինձ դեռեւս նախասաղմային վիճակում է ու, թե ինչ կծնվի դեռեւս անորոշ է, եկեք էմոցիոնալ դաշտից դուրս գանք և ռեալ մոտենանք ստեղծված վիճակին։ Այնպես չէ, թե մեր հնարավորությունները մանևրելու ներկա փուլում շատ են։ Եթե վաղը իսկ սահմանները գծվեն, միեւնույն է Արցախը չի կարող լինելի եւ անթույլատրելի է թողնել Ադրբեջանի կազմում, դա ամենալավագույն դեպքում հայաթափում է ու Նախիջևանի ճակատագիր, ռեալ նոր ցեղասպանության վտանգ` ինչը իր հայատյաց քարոզով ամենօրյա աշխատանքային ռեժիմով իրականացվում Ադրբեջանի պետական համակարգում։ Ուստի, հայ ժողովուրդը պիտի ուղղակի հասկանա, որ կենսական շահից է բխում Արցախի անկախությունը ու ճիգեր դնի որպեսզի կյանքի կոչվի Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ԻՆՉԻ՞ ՀԱՇՎԻՆ ԵՆՔ ԼՈՒԾԵԼՈՒ
-Ստեղծված իրավիճակում, երբ թշնամին դիրքավորվել է Փառուխում, երբ ՀՀ սուվերեն տարածքներում է, ներկա իշխանությունները խոսում են խաղաղության օրակարգի հաստատման մասին, Դուք ո՞նց եք պատկերացնում այդ խաղաղությունը առհասարակ:
-Գիտեք խաղաղությունը շատ լավ բան է, մարդիկ դարեր շարունակ փախել են պատերազմներից, եւ հայ ժողովուրդը, որի հայրենիքը անընդհատ դարձել է թեժ պատերազմների թատերաբեմ և ասպատակվել, ավերվել, ամենաշատն է երազում խաղաղության մասին, հանգիստ ապրելու, արարելու, տուն կառուցելու, զավակների երջանկությունը վայելելու։ Բայց այդ օրակարգը այն ձեւով, որով ներկայացնում են ՀՀ ներկա իշխանությունները, եթե հուզականությունը մի կողմ դնեմ, ապա անհասկանալի է։ Խաղաղություն պարտադրում է փոքր Իսրայելը իր հարեւաններին ի հաշիվ իր ռազմական պոտենցիալի։ Զսպում է գրեթե բոլորին, իսկ ինչի՞ հաշվին. իր ռազմական պոտենցիալի, որի կայացման ու հզորացմանն է ուղղված իր թե՛ տնտեսական ներուժը, թե՛ դիվանագիտական աշխատանքը։ Հիմա մեր դեպքում էդ խաղաղության օրակարգը ինչի՞ հաշվին ենք լուծելու։ Այն երկրների «ազնիվ» խոսքի՞, ովքեր իրենց գեոպելիտիկ շահերի համար հայությանը միշտ քաշել են յաթաղանի տակ։ Հայեր ջան, շատ հեռու պետք չի գնալ ընդամենը մեկ դար հետհայցք, որ գցենք հիշողություններդ կթարմանա, Աբդուլ Համիդ մինչեւ Սումգայիթ, որ հիշեք բավարար կլինի։ Մի քանի օրից ապրիլի 24 -ն է, որ բարձրանանք Ծիծեռնակաբերդ, էնտեղից նայեք դեպի Մեծ Մասիսին «խաղաղության օրակարգը շատ լավ կերևա»։
ԱՆՎՏԱՆԳ ԱՊՐԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ Է
-Պարոն Հովհաննիսյան, ՌԴ ԱԳՆ նախարար Ս. Լավրովը հայտարարեց, որ ըստ էության Մինսկի խմբի գործունեությունը, այլևս կասկածի տակ է դրվել, ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի կարգավորումը առանց տվյալ կառույցի:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը այն տեսքով ինչ եղել է մինչեւ 2020 թ նոյեմբերի 9 ը, այլեւս հնարավոր չէ, գումարած ՌԴ֊Ուկրայինա պատերազմը, որը խառնել է աշխարհը ու երևի թե Աստծուն է հայտնի, թե դեռ ինչ ընթացք կարող է ստանալ այս կոնֆլիկտը մոտակա ժամանակաշրջանում ինչի արդյունքում ԵԱՀԿ ֆորմատում Արցախի հարցի քննարկումը կարող է առհասարակ մահանալ։ Սակայն իրողությունը ներկա պահին այն է , որ որոշակի ազդակներ կան ԵՄ-ից Արցախի հարցի քննարկումը շարունակելու ուղղությամբ,թե դա ինչքանով արդյունավետ կլինի չեմ կարող ասել, բայց որ ինչպես նշեցի նախորդ խեսքումս, հայ ժողովրդի լինելիության և անվտանգ ապրելու բանալին Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մեջ է դրանում ես երկրորդ կարծիք չունեմ, թե ինչ ձեւաչափով, ում միջոցով էդքան էլ էական չէ։ Խնդիրը մերն է մենք էլ պիտի լուծենք։
ԱՅՍ ՀԱՐՑԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ Է ԹԵ ՀՀ, ԹԵ ԱՐՑԱԽԻ
-Պարոն Հովհաննիսյան, ընդդիմությունը ցույցեր է իրականացնում ի պաշտպանություն Արցախի, որքանո՞վ են արդյունավետ այդ ցույցերը ըստ Ձեզ:
-ՀՀ ընդումությանը օրակարգին գնահատական չեմ ցանկանում տալ, առհասարակ որեւէ մեկին գնահատական տալը, եթե իր «կոշիկները» չես հագել, անազնիվ է։ Ընդդիմությաան ներկայացուցիչները իրապես անհանգիստ են մեր ներկա ողբերգական վիճակից և փորձում են ելքեր գտնել, թե ինչ մարտավարությամբ, դա արդեն իրենք են որոշում, փորձառության պակաս չունեն քաղաքականության մեջ հաստատ ու ինչպես կօգտագործեն իրենց ստացած վստահության քվեն դա ժամանակը ցույց կտա։ Բայց, որ բարդագույն ժամանակաշրջանում ենք ապրում ու այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են տրամագծորեն այլ քայլեր քան մինչ այժմ դա ըստ ինձ այլընտրանք չունի։
-Ի դեպ, երեկ արգելվեց ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ, սրան ի՞նչ գնահատական կտաք:
-ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ չթույլատրելը դա նախ քար է շպրտված խաղաղապահների այգի, իրենք պիտի հիմնավորեն թե ինչո՞ւ, ո՞ւմ պահանջով, ի՞նչ հանգամանքների համադրության արդյունքում են նման որոշում կայացրել, ինչը մտածելու տեղիք է տալիս հատկապես հաշվի առնելով նոյեմբերի 9 համաձայնագրի կետերը, որտեղ ոչ մի տողով չի նշվում թե իրենք նման լիազորություններ ունեն իրենց վերապահված։
Իսկ երկրորդ սա աբսուրդ է, ՀՀ անձնագրով քաղաքացիներից մեկը կարողանա անցնել Լաչինի միջանցքով, մյուսը չկարողանա։ ՀՀ իշխանությունները պիտի բացատրություն տան ՀՀ քաղաքացուն, թե ինչպես է պատահում, որ ասենք ՀՀ քաղաքացի ավտոբուսի վարորդ Արմենը կարող է անցնել այդ ճանապարհով, իսկ ՀՀ քաղաքացի պատգամավոր Սեյրանը` ոչ։ Այս հարցը իշխանությունների դաշտում է թե՛ ՀՀ թե՛ Արցախի։
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ