• 15/04/2022

«Սբ. Զատկի ձուն միայն կարմիր պետք է ներկել».Տեր Շահե քահանա Հայրապետյան

«Սբ. Զատկի ձուն միայն կարմիր պետք է ներկել».Տեր Շահե քահանա Հայրապետյան

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Տեր հայր, Պահոց շրջանի վերջին օրերի եւ Զատկի խորհրդի մասին կմանրամասնե՞ք:

– Ավագ հինգշաբթի օրը` առավոտյան շուտ ժամերգություն է լինում, եւ ժամերգությունից հետո Հովհան մարգարեի գրքեր են ընթերցվում: Եվ հատկապես իր աղոթքը, որտեղ ասում է. “Ես գտնվում եմ խորշերում, ծովի հատակում: Ջրեր են գալիս իմ վրա, Տեր փրկիր ինձ”: Իրոք, գետը կուլ էր տվել իրեն, եւ ինքը գտնվում էր ծովի հատակում: Այսինքն` մենք անցկացրինք Պահոց հսկայական շրջանը, եւ այդ օրը ապաշխարության կարգն է: Թողություն է տրվում, ե՛ւ Հովհան Ոսկեբերանի, ե՛ւ Բարսեղ Կեսարացու հզոր աղոթքներն են այնտեղ ամփոփված: Կան նաեւ շարականներ, որ երգվում է այդ օրը: Դրանից անմիջապես հետո սկսվում է խորհրդավոր ընթրիքի պատարագը: Այսինքն` Քրիստոս պատարագ է անում: Նա արդեն տալիս է իր մարմինը, իր արյունը: Եվ ասում է. “Սա նոր ուխտ է, որ դնում եմ ձեզ համար”: Սրանով Քրիստոս դնում է նոր ուխտի, նոր կտակարանի, նոր մարդու սկիզբը: Դրանից հետո Քրիստոսը գոգնոց է կապում  եւ սկսում է լվանալ իր աշակերտների ոտքերը: Նույնիսկ Հուդայի ոտքերն է լվանում, բայց Հուդային այդ խորհրդավոր ընթրիքի ժամանակ կարծես ակնարկ է անում` ասելով. “Ձեզանից մեկն ինձ պետք է մատնի”: Բայց այնքան կուրացած էր Հուդան այդ երեսուն արծաթով, որ չհասկացավ, թե հենց իր մասին է խոսքը: Սատանան արդեն Հուդայի մեջ էր, եւ նա իր ձեռքը Քրիստոսի հետ մտցրեց պնակի մեջ: Քանի որ Քրիստոսն ասել էր` ով իր ձեռքը ինձ հետ մտցնի պնակի մեջ, նա՛ է մատնիչը: Հուդան, որ դա արեց, Քրիստոսը նրան ասաց. “Դե գնա արա, ինչ-որ անելու ես”: Այսինքն` դու արդեն լիովին սատանայինն ես: Եվ ոտնլվայից հետո արդեն խավարման գիշերն է: Եկեղեցում մոմերը հանգում են, հնչում են աղոթքներ, քարոզներ, ժամերգություններ են կատարվում: Եվ սկսվում է Քրիստոսի չարչարանքների ընթացքը: Ու թե քանի բանտում եղավ Քրիստոս, մենք պետք է գնանք Երուսաղեմ, որտեղ կտեսնենք չարչարանաց բոլոր տեղերը` ծառը, որի վրա նրան կապել են, այդ երեքհազարամյա ձիթենին հիմա Սրբոց Հակոբյանց վանքում է: Ըստ ժողովրդական սովորության` այդ ձիթենու պտուղները ժողովուրդը բերում է, եւ անպտուղ կանայք զավակ են ծնում: Առաջին բանտը` հերշտակապետաց բանտն է: Կա նաեւ Փրկչի եկեղեցին, որը  նույնպես բանտ է համարվում: Հետո, երբ գնում են Հարության տաճար` այդտեղ նույնպես կան այդ բանտի խցերը: Այսինքն` Քրիստոսին մի գիշերվա մեջ բազում բանտեր են նստեցնում: Եվ մենք գիտենք, թե ինչպես է Պիղատոսը ծաղրում, ծեծել տալիս: Եվ թե ինչպես առաջարկեց Հեսու Բարաբային: Հեսու, տեսեք, երկուսն էլ զարմանալի բառեր ենª Հեսու եւ Հիսուս: Նույն բառն է, որը կոչվում է փրկիչ: Եվ նրանք, իհարկե, Բարաբային ընտրեցին, որը մարդասպան էր: Որովհետեւ այդպիսի սովորություն ունեին, մեծ տոների նախասկզբին արձակում էին բանտից, այսինքն` ներում էր կատարվում: Իսկ Հիսուսին տարան դեպի խաչելության:

Զատկի կարմիր ձուն` Տիրոջ թափած արյունն է խորհրդանշում, իսկ այդ կապույտ, կանաչ, դեղին գույնի ձվերը որ ներկում են, դա ի՞նչ է:

– Խորհրդային շրջանում շատ բան փոխվեց, որովհետեւ խորհրդային շրջանը մարտնչող աթեիզմի պետություն էր: Եվ ժողովրդական այդ բազմադարյա, հրաշալի ավանդությունը նրանք փորձեցին վերածել տոնածառի խաղալիքի: Իհարկե, այդ օրը ձուն միայն կարմիր գույն պետք է ներկել: Գրիգոր Տաթեւացին անգամ նշում է օրը, որ շաբաթ օրն է ներկվում, մինչեւ Ճրագալույցի պատարագը, որովհետեւ ուրբաթ օրն արդեն Քրիստոս խաչվեց, եւ իր արյունը թափվեց երկրի վրա: Եվ դրվեց նաեւ գերեզման: Եվ զարմանալի է նաեւ ավագ ուրբաթի խորհուրդը, որ գերեզման իջնելով` ինչ կատարվեց գերեզմանում: Նա իջավ դժոխք, ավերեց դժոխքը եւ բոլոր սրբերին ազատագրեց:

Սուրբ Զատկի սեղանը ավելորդ ճոխության, գինարբուքի վերածելը ճի՞շտ եք համարում:

– Ինչպիսի՞ն է զատկական սեղանը` ձուկն է, չամչով փլավն է, ձուն է, կանաչին է, խաշիլն է: Դա կարո՞ղ է արդյոք գինարբուքի վերածվել: Իսկ այն մարդիկ, որ ուզում են այդ տոնը խրախճանքի վերածել, իրենք իրենց են ծաղրի ենթարկում: Այսինքն` իրենք ոչ մի կապ չունեն քրիստոնեության հետ, եւ Պողոս առաքյալը մի արտահայտություն ունի, ասում է. “Նրանց որովայնը դարձավ իրենց Աստվածը”:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ