- 15/04/2022
Հայաստանը սկսել է ռուբլով իրականացնել ռուսական գազի վճարումները. Վահան Քերոբյան
Հայաստանն սկսել է ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց։ Այս մասին ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Պետք է շարժվել ազգային արժույթների ուղղությամբ։ Ռուսական կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա»,- ավելացրել է նա։
«Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումները հենց ռուբլով են կատարվել, բայց ըստ համապատասխան փոխարժեքի»,- ասել է Քերոբյանը։ Նրա խոսքով՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, բայց վճարումն իրականացվում է ռուբլով։
«Գազպրոմը» Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի միակ մատակարարն է։ Հայաստանի գազատրանսպորտային ցանցի օպերատորը՝ «Գազպրոմ Արմենիան», «Գազպրոմի» 100 տոկոսանոց «դուստր» ձեռնարկությունն է։ Ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմում է հազար խորանարդ մետրը 165 դոլար։ 2021թ. Հայաստանը Ռուսաստանից գնել է 414 մլն դոլարի գազ եւ մոտավորապես 270 մլն դոլարի նավթամթերքներ։
Քերոբյանը ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է, որ «կա ըմբռնում», որ «պետք է շարժվել ազգային արժույթների ուղղությամբ՝ ԵՏՄ-ի անդամների միջեւ հաշվարկներում, «եւ ռուսական կողմից կա առաջընթաց այդ ուղղությամբ»։ «Չպետք է բացառել հայկական դրամը կամ ղազախական թենգեն որպես վճարման հնարավոր միջոց։ Մենք կարծում ենք, որ երկրների կենտրոնական բանկերը պետք է ստեղծեն համապատասխան միջավայր, որպեսզի վճարումներն ազգային արժույթներով կատարվեն՝ փոխարժեքի տեսանելիությամբ կամ կանխատեսելիությամբ»,- ավելացրել է նա։