- 15/04/2022
Խայտառակ իրավիճակ` ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունում
«Վերջերս գրել էի ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության խայտառակ գործունեության վերաբերյալ: Մասնավորապես՝ սրանց հետ անհնար է կապնվել ժամանակակից կապի որեւէ միջոցով, անհնար է այցելության համար հերթ ամրագրել, իսկ հերթը վաճառվում է տուրիստական գործակալություններում 20-30 հազար ՀՀ դրամով:
Ի վերջո, որոշեցի օգտվել հին եւ բարի տարբերակից՝ անձամբ դեսպանություն այցելել:
Ազգությամբ հայ, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության անվտանգության աշխատակիցն (այսուհետ՝ ախրաննիկ) նախընտրեց չներկայանալ: Վերջինիս ասելով, դեսպանության աշխատակիցներն անվանաքարտ (բեյջ) չեն կրում: Դեսպանության ախրաննիկն ասում է, որ ՀՀ քաղաքացիները պետք է գոհ ու շնորհակալ լինեն, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն կա, իսկ նրանց, ում բախտ է վիճակվել դեսպանությունում այցելության համար հերթագրվել, պետք է երջանիկ լինեն:
Ախրաննիկի կարծիքով, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հետ առնչվող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է գերմաներեն լեզվին տիրապետել: Դրանից բացի՝ ախրաննիկը համոզված է, որ ՀՀ օրենքները որեւէ կերպ չեն կարող ազդել դեսպանության աշխատանքի վրա: Վերջինս վստահ է, որ իր այսօրինակ գաղափարները կիսում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության բոլոր աշխատակիցները:
Մեծ հաշվով, ախրաննիկը ճիշտ է: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն նախկինում մի քանի անգամ այցելել եմ և պարզել, որ դեսպանության աշխատակիցների վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ ուղիղ համեմատական է ՀՀ-ի՝ միջազգային ասպարեզում հեղինակազրկմանը: Վստահեցնում եմ, որ 2010, 2015 եւ, նույնիսկ 2019 թ. այդ նույն դեսպանության՝ նույն ախրաննիկի մտածելակերպն այլ էր:
Հ.Գ. – Գերմանիայի ԱԳՆ-ին եւ ոստիկանությանը տեղեկացնեմ, որ մեծ ջանքերի շնորհիվ, ես, այնուամենայնիվ, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն այցելության համար հերթագրվել եմ: Մնում են այն հազարավոր ՀՀ քաղաքացիները, որոնք այցելության հերթ ունենալու «երջանկության» համար ստիպված պետք է վճարեն 20-30 հազար ՀՀ դրամ եւ գերմաներեն սովորեն», – գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆԸ: