- 15/04/2022
Պապս ֆաշիստների դեմ է կռվել, հիմա իմ հերթն է. հայ կամավորականը՝ Դոնբասում
«Սիսական» կամավորական լեգենդար ջոկատի անդամ, արցախյան վերջին երկու պատերազմների մասնակից ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ կամավորագրվել եւ մեկնել է Դոնբաս: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ համաձայն չէ այն կարծիքների հետ, թե ուրիշի հողի համար են հայերն այս պատերազմում կռվում:
«ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ Է, ԱՅԼ ՆԱՑԻՍՏԱԿԱՆ»
– Պարոն Ներսիսյան, այդուհանդերձ, ինչո՞ւ որոշեցիք կամավորագրվել եւ հայտնվել թեժ կետում:
– Սա նախեւառաջ ոչ թե որոշում, այլ գաղափարախոսություն է: Այնտեղ ֆաշիստներ են, ժամանակին պապս ֆաշիստների դեմ է կռվել, հիմա իմ հերթն է: Ինձ ասում են, թե ուրիշի հողն ես գնում պաշտպանելու, բայց մեզ համար ուրիշ չէ, այդ հայերս ենք վանել Ռուսաստանին մեզնից: Ավելին ասեմ` հաճախ շահարկում են, թե իբր Հայաստանը 600 հազար մարդ է տվել Ռուսաստանին` Հայրենական պատերազմի ժամանակ, բայց այդպիսի բան գոյություն չունի: Հայաստանը եղել է ընդհանուր մեծ պետության մեջ եւ իր չափաբաժնով հակահարված է տվել ընդհանուր պետության վրա հարձակված ագրեսորին: Հետեւաբար, ասել, թե այսքան զորք ենք տվել Ռուսաստանին, առնվազն տգիտություն է: Մենք հաղթանակ ենք կերտել ընդդեմ ֆաշիզմի եւ այսօր էլ այդ հաղթանակի տերը պետք է լինենք: Այնպես որ, Դոնբասն ուրիշի հող չէ, այլ մեր ընդհանուր միութենական հողն է: Բայց նույնիսկ հարցը հողինը չէ, այլ այն, որ նացիստական խմբավորումները զավթել են Ուկրաինան, եւ այդ խեղճ ժողովուրդը գտնվում է նրանց ճնշման տակ, ինչպես թուրք-ադրբեջանական իշխանության ճնշման տակ գտնվում է Հայաստանը:
– Իսկ Հայաստանում հենց այս օրերին ի աջակցություն Ուկրաինայի` հակառուսական ակցիաներ են տեղի ունենում, որի կազմակերպիչների շարքերում են ոչ միայն հենց Ուկրաինայի դեսպանությունը, այլեւ «Սասնա ծռերի» ԱԺԲ-ն, տիգրանխզմալյանները եւ այլք: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ծիծաղելի է… 44 օրյա պատերազմի ժամանակ ոչ մի ուկրաինացի դուրս չեկավ փողոց եւ իր աջակցությունը չհայտնեց մեզ, որեւէ քայլ չարեց մեր համար: Ընդհակառակը` պատերազմի ժամանակ ուկրաինացիները զենք-զինամթերք էին մատակարարում Ադրբեջանին եւ բացահայտ սատարում էին նրանց: Այդ տիգրանխզմալյանները, «Սասնա ծռերը» կոնկրետ ֆաշիստական, նացիստական խմբավորումներ են, որոնք թաքնվում են արեւմտյան կազմակերպությունների վճարած գումարների տակ: Ես ուղիղ եմ ասում` այսօր Եվրամիությունը ոչ թե դեմոկրատական կառույց է, այլ նացիստական: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բոլորին «ջրի երես հանեց», մինչդեռ նրանք շատ երկար ժամանակ զսպված թաքցնում էին իրենց նացիստական կերպարը: Տեսեք, թե ինչ են ասում իրենք այդ ակցիաների ժամանակ. իբր դժգոհ են Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունից, բայց ասում են` պետք է բնաջնջենք ռուսներին ու ռուսաստանցիներին, այսինքն` նաեւ այնտեղ ապրող հայերիս: Չէ որ այսօր ՌԴ-ում երեք միլիոն հայ է ապրում: Ստացվում է, որ հարվածն ուղղված է Ռուսաստանում ապրող ե՛ւ հային, ե՛ւ չեչենին, ե՛ւ վրացուն, ե՛ւ ռուսին:
«ԱՄՆ-Ն ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ՝ ԿԱ՛Մ ՄԵԶ ՀԵՏ ԵՔ, ԿԱ՛Մ՝ ՄԵՐ ԴԵՄ»
– Դուք նշեցիք, որ Դոնբասը մեր միութենական հողն է: Հետաքրքիր է` ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Հայաստանը դե յուրե միանա Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը:
– Մինչեւ այս պատերազմը` փետրվարի 24-ը, հստակ կարող էի ասել, որ աշխարհաքաղաքական իրավիճակը այնպիսին է, որ դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք` Միութենական պետության կազմավորման համար, որովհետեւ Բելառուսը դրան պատրաստվեց մոտ 30 տարի: Բայց աշխարհաքաղաքական իրադրությունը հիմա բոլորովին այլ է, ՆԱՏՕ-ական երկրները գլխավորող ԱՄՆ-ն ուլտիմատում է ներկայացնում երկրներին` կա՛մ մեզ հետ եք, կա՛մ` մեր դեմ: Հիմա բաժանարար գծերը գծված են, եւ ամեն մեկը պետք է իրեն դաշնակից գտնի: Այս առումով չեմ կարծում, որ ՌԴ ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ անդամ Հայաստանը դեռ պետք է մտածի, թե որ ուղղությամբ է գնում: Բայց, ահավասիկ, այսօրվա հայաստանյան իշխանությունները երկու լարի վրա խաղացողներ են, ինչի մասին ՌԴ-ում էլ լավ գիտեն: Այդ սիրաշահող քայլերը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, հակառուսական տրամադրություններ հրահրելը, շատ վտանգավոր են:
– «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումն առաջարկում է խաղեր տալու փոխարեն` արժանապատվորեն մաս կազմել այդ Միութենական պետության: Որքանո՞վ է այս գաղափարն այսօր օրակարգային:
– Ես` որպես ՌԴ բնակիչ, ով քիչ, թե շատ տիրապետում է իրավիճակին, կարող եմ ասել, որ վաղն այն իրականություն չի դառնա: Բայց կարող է շատ հապճեպ իրավիճակը փոխվել, ինչպես Հարավային Օսեթիան հայտարարեց, որ ցանկություն ունի մտնել ՌԴ կազմի մեջ: Իհարկե, Հայաստանի կարգավիճակն այլ է, եւ հաստատապես կարող եմ ասել, որ ՌԴ-ին պետք է ոչ թե իր կազմի մեջ մտած Հայաստան պետություն, այլ իր համար շատուշատ շահավետ է, որ լինի Հայաստանի անկախ Հանրապետություն` սերտ միութենական հարաբերություններով, մոտավորապես` Եվրամիության ձեւաչափի: Եվ սա ամենաճիշտ ճանապարհն է: Որոշ մարդիկ մտածում են, թե Ռուսաստանն իր քաղաքականությունը վարում է մի նոր ԽՍՀՄ կազմավորելու համար, բայց այդպիսի միտք էլ չկա:
«ԲԻՈԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ԾԱԾՈՒԿ ՌՈՒՄԲ ԵՆ ԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ»
– Ամեն դեպքում, մարդկանց շրջանում կա թյուրընկալում, թե այս պատերազմով Ռուսաստանն ուզում է Ուկրաինան կլանել եւ իր տարածքներն ընդլայնել…
– Պարզապես, 70 տարի ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցները, որոնք գրեթե բոլոր եվրոպական պետություններն են, փորձում են ռեւանշ անել եւ ռեւանշի գործիքն Ուկրաինան է: Մինչդեռ ոմանք համարում են, թե Ուկրաինան սուվերեն պետություն է, որն ուզում է ապրել դեմոկրատական արժեքներով, իսկ Ռուսաստանը չի թողնում, որովհետեւ ավտորիտար է: Այդպես չէ՛, դեռ ուկրաինական ազգայնականության գաղափարախոս Բանդերայի ժամանակներից նրանք ամեն ինչ արել են, որպեսզի վնասեն ռուս ազգին եւ Դոնբասում ու Խարկովում ապրող ժողովրդին համարել են երկրորդ «սորտի», ինչպես Ադրբեջանը կնայեր Արցախի ժողովրդին:
– Ի դեպ, հայաստանյան պրոուկրաինական ուժերը փորձում են զուգահեռներ տանել Բանդերայի եւ Նժդեհի միջեւ` համարելով երկուսին էլ ազատագրական պայքարի հերոսներ: Որքանո՞վ է տեղին նման համեմատությունը:
– Անգամ չի կարելի այս երկու անուններն իրար կողքի դնել: Երբեւիցե Նժդեհն իր ժողովրդին վնաս չի տվել եւ չի քարոզել ֆաշիստական գաղափարախոսություն: Նժդեհի գաղափարախոսությունը հայապաշտպան էր եւ չի եղել ինչ-որ ազգության դեմ: Իսկ Բանդերան եղել է բուն Ուկրաինայի ժողովրդի սպանդ կատարողը, որովհետեւ ինքն ուկրաինացի չէր, այլ Ավստրո-Հունգարիայի մնացուկներից էր: Եվ ութ տարի նույն այդ բանդերականներն են Դոնբասում սպանում ու մորթում, իսկ աշխարհը լուռ է, որովհետեւ ՆԱՏՕ-ն ցանկանում է Ուկրաինան դարձնել Հակառուսաստան: Այն հայատյաց քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանը, նույնպիսի քաղաքականություն վարում է Ուկրաինան` Դոնբասի ռուս ժողովրդի նկատմամբ: Այս առումով ինձ համար Դոնբասն ու Արցախը համարժեք հարթությունների վրա են:
– Ուշագրավ բացահայտումներ եղան Ուկրաինայում առկա ամերիկյան բիոլաբորատորիաների վերաբերյալ: Ինչպես գիտեք, Հայաստանում եւս կան նման բիոլաբորատորիաներ, ի՞նչ վտանգներով է այս ամենը հղի:
– Հիշեցնեմ, որ կասկածներ կար, թե այդ ամերիկյան բիոլաբորատորիաներում ինչ-որ բիոզենք են ստեղծվում: Եվ այս պատերազմի ժամանակ փաստեր ի հայտ եկան, որ իսկապես ԱՄՆ Պենտագոնի գումարներով եւ Բայդենի որդու հովանավորությամբ` բիոզենք է ստեղծում Ուկրաինայում: Նույնն էլ շատ հնարավոր է կատարվում է Հայաստանում: 12 բիոլաբորատորիա կա Հայաստանում, ինչը լուրջ մտածելու տեղիք է տալիս: Սակայն մարդիկ չեն ուզում դրա մասին մտածել եւ հասկանալ, որ այդ բիոլաբորատորիաները մի օր դառնալու են Հայաստանի վերջի պատճառը: Երրորդ համաշխարհային պատերազմը չի լինելու այն ձեւով, ինչպես մտածում ենք, այլ կարող է լինել շատ ավելի վատ ձեւով ու առավել ծանր հետեւանքներով: Մարդիկ պետք է սթափվեն եւ հարց բարձրացնեն, թե ի՞նչ գործ ունեն այդ բիոլաբորատորիաները Հայաստանում, ի՞նչ են նրանք ստեղծում, ո՞ւմ գումարներով, ի՞նչ հետեւանքներ ունի նրանց գործունեությունը մեր ազգի համար: Այդ բիոլաբորատորիաները ծածուկ ռումբ են՝ դրված Հայաստանի պետականության տակ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ