- 16/04/2022
Փողոցով եկածը պետք է փողոցով հեռանա. Սեւան Աղաջանյան
«Այսօր կայացավ Ազգային Արժեքների Պաշտպանման Ճակատի ղեկավար խորհրդի նիստը եւ որոշում կայացվեց հայտարարությամբ հանդես գալ ու աջակցություն հայտնել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովին։ Այո՛, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Դա կարմիր գիծն է, որը որեւէ մեկն իրավունք չունի խախտել: Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման եւ կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական եւ բարոյական ողբերգություն հայոց պետականության եւ հայ ժողովրդի համար: Արցախի ժողովուրդը հաստատակամ է ու չի շեղվելու իր ընտրած ուղուց, մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության ու անկախության համար, եւ մեր պատմությունն անարժան ձեւով փակելու բարոյական իրավունք չունենք։ Ստեղծված իրավիճակում մենք ունենք ընդամենը մեկ լուծում. ժամ առաջ ազատվել անհայրենիք դավաճան իշխանություններից։ Իսկ այդ գործընթացն ունի մեկ լուծման տարբերակ` փողոցով եկածը պետք է փողոցով հեռանա։ Արցախի ադրբեջանացման մասին հանգիստ խոսող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հայտնվի Երեւան քրեակատարողական հիմնարկում։ Եթե մենք այսօր կորցնենք մեր արդար պահանջը ներկայացնելու հնարավորությունը, ապա վաղն արդեն կկորցնենք Երեւանը», – գրել է Ազգային Արժեքների Պաշտպանման Ճակատի ղեկավար ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ: