- 17/04/2022
25 տարի սպորտում. Կամո Ունանյանը դեռ հաղթանակներ է նվաճելու
Սպորտում ոչ բոլորին է հաջողվում քառորդդարյա ակտիվ գործունեություն ծավալել և զուգահեռ, գրեթե բոլոր լուրջ մրցաշարերից, վերադառնալ հաղթանակներով։
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանն այդ եզակիներից մեկն է։ Օրերս նա տոնեց սպորտային կարատեի ոլորտում ծավալած գործունեության 25 տարին։
Կամոն իր սպորտային կարիերան սկսել է 1996 թվականից, որպես Հայաստանի պատանիների հավաքականի անդամ, իսկ մեկ տարի անց՝ 1997 թվականին, պատանի սպորտսմենը Հունգարիայում կայացած Պատանիների աշխարհի գավաթի առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր։
25 տարիների ընթացքում նպատակասլաց սպորտսմենի երազանքները նույնն են՝ բարձր պահել երկրի պատիվն ու երբեք չհանձնվելով, անգամ կյանքի գնով ու առողջության հաշվին, Հայաստանի դրոշը ծածանել բարձր հորիզոնականում կանգնած, երբեմն՝ նաև ոտնատակ անելով մրցակից թուրք ու ադրբեջանցի մարզիկներին: Թեպետ, նույն երազանքը նպատակ դարձրած գրեթե բոլոր մրցաշարերում, տարբեր տարիքային խմբում ու տարբեր վարկածներում, Կամոն բազմիցս նվաճել է բարձր հորիզոնականներ, դառնալով՝ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի և տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող։ Անգամ խոստովանում է, որ կորցրել է վաստակած մեդալների հաշիվը։
Գուցե մեզ համար հեշտ է թվել ու հպարտանալ, որ հայ մարզիկը, 25 տարի շարունակ մեդալներ է նվաճել աշխարհի և Եվրոպայի տարբեր մրցաշարերում ու Հայաստանի օրհներգի հնչողության ներքո բարձր հորիզոնականում ծածանել մեր դրոշը, բայց դժվար է սեփական մարմնիդ վրա զգալ ամեն մի մեդալի համար պայքարելու ընթացքում ստացած վնասվածքները, որոնցից մի քանիսն անդառնալի են եղել Կամոյի առողջության համար։ Բայց, դա թերևս Կամոյի համար խոչընդոտ չի հանդիսացել՝ դադարեցնելու սպորտային կարիերան։ Դրա վառ ապացույցն այն է, որ 2021 թվականի սեպտեմբերին Ռումինիայում կայացած WUKF-ի՝ «Աշխարհի կարատեի ֆեդերացիայի» աշխարհի առաջնությանը, Կամո Ունանյանը ֆրանսիացի մարզիկի հետ հենց առաջին մարտում, ձեռքի կոտրվածք ստանալով, շարունակել էր մենամարտը և գրավելով 3-րդ տեղը՝ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Իսկ բոլորովին վերջերս, մեկ ամիս առաջ, Լեհաստանում տեղի ունեցած կարատեի 21-րդ «Central Europe Open» խոշոր միջազգային մրցաշարն էր, որտեղ Կամո Ունանյանը 3։0 հաշվով հաղթելով լեհ մարզիկին՝ արժանացավ Ոսկե մեդալի և դարձավ առաջնության հաղթող։
«Որքան էլ տարբեր մրցաշարերում ստացած վնասվածքների պատճառով առողջական խնդիրներս բազմաթիվ են, բայց ես ապացուցել եմ, որ կարող եմ մեդալներ նվաճել՝ աշխարհի առաջնություններում։ Բայց առջևում դեռ նոր հաղթանակներ կլինեն»,- խոստանում է Կամո Ունանյանը։