- 19/04/2022
Խոխորցը պադարկա են արել, հունց ապրինք էս գիտակցումով.Նահատակված արցախցիների հարազատները եղբայրական գերեզմանատանը
Այսօր, շատերն են իրենց իրավունք վերապահում այ ու այն կողմ հայտարարել, որ արցախցիները 44-օրյա պատերազմին փախել են, որ արցախցիները կրել են միայն տարածքային կորուստներ, բայց ոչ մարդկային: Բայց իրականությունը լրիվ այլ է, եւ այդ իրականությունը հերքող լուռ վկան Ստեփանակերտի եղբայրական գերեզման է, որի ծայրը, ինչպես որ Եռաբլուրինն է` չի երեւում:
Ու հենց այստեղ «Իրավունքը» հանդիպեց որդի, թոռ ու ամուսին կորցրած ընտանիքների, ովքեր եկել էին իրենց հարազատների շիրմիների հետ Զատիկ նշելու: Այն, թե ինչ էր կատարվում Ստեփանկերտի Եղբայրական գերեզմանատանը բառերով նկարագրել դժվար է, դժվար է բառերի վերածել որդեկորույս մայրերի արտասունքն ու բառի բուն իմատով ողբը:
Հենց այստեղ մենք հանդիպեցինք ծեր` Մանգասարյան ամուսիններին, ովքեր որդի էին թողել պատերազմի դաշտում ում տանը, այլեւս հավերժ սպասելու էին երկու անչափահաս փոքրիկները: Մանգասարյանների որդին` կամավոր ռազմի դաշտ նետված Արմեն Մանգասարյանը, զոհվել է սեպտեմբերի 30-ին: «27-ին առավող կանուխ պատերազմի մասին լսելն ու վեշերը կապելը մին եղավ: Դուռը ծածկելիս ասեց մամ, պապ խոխորցս լավ կյեշեք…զգում էր, որ հետ չի գալու: Ու չեկավ, մնաց Հադրութում»,-արցունքն աչքերին պատմում է որդերկորույս մայրը` տիկին Էլիմիրան:
Ապա վրդովված շարունակում.
-Մարդի սիրտա ճաքում, որ ասում են խաղաղություն լինի, խե՞ թուրքի հետ խաղաղություն կարի լինի: Ես հունց խաղաղ ապրիմ իմ էրեխիս սպանողի հետ, ոնց դառնամ հարեւան-բարեկամ: Ղարաբաղը պիտի մնա մերը, ոչ մի խաղաղության պայմանագիր:
Նահատակված հերոսի հայրն էլ`Մերուժան Մանգասարյանը, արցունքները
սրբելով ավելացնում է.
-Թող մինը, ով երեխայա կորցրել, ասի, որ կարա ապրի թուրքի հետ, ոնց կարելիա էդքան ցավացբել առանց էն էլ հազար տեղից ճաք արած սրտներս: Էդ ասողները մեր խոխորցը սպանողներից ոչնչով չեն տարբերվում:
Հետո մոտենում ենք մեկ այլ շիրմաքարի, որի առաջ խոնհարված է անմահացած Հայրոյան Համլետի կինը, ով հարազատ գյուղի պաշտպանության էր մասնակցում Սղնաղ գյուղում:
«Ասեց ինչ ուզում ա լինի մեր գյուղը պահել տինք, տենց էլ արեց: 13 օր վիրավոր մնացել է գյուղում, մարտնչել է ինչքան կարողացել, մինչեւ արնաքամ լինելը, մինչեւ, որ գյուղը
մնաց թշնամուն: Ամուսնուս մարմինը կարողացել ենք հանել միայն ռուս խաղաղապաների օգնությամբ` հրազդադարից հետո: Միշտ ասում էր, որ մեռնի էլ գյուղից դուրս չի գալում, տենց էլ արեց` երեք տղաների վիզը թողնելով ծուռ: Էս ներելու բան չի, էս տանելու ցավ չի, խոխորցը պադարկա են արել, հունց ապրինք էս գիտակցումով»,-ասում է նահատակված Համլետի կինը` տիկին Աննան:
Բայց դաժան տեսարանը դեռ առջում էր, թոռան` Համբարձումյան Դավիթի շիրիմի առաջ ողբում էր 80-ամյա Մխիթար պապը: Մխիթար պապը փոքրուց միայնակ մեծացրել է, ինչպես ինքն է ասում, իր ապրելու իմաստին (Դավիթի ծնողները մահացել են, երբ մերօրյա հերոսը նորածին էր): Պապիկը ամեն օր գալիս է թոռան գերեզմանին, կիսվում օրվա անցուդարձով: Ասում է, որ
վստահ է Դավիթը լսում է իրեն, որովհետև հաճախակի է գալիս պապիկին
այցի երազներում…
«Ծառայությունը փայլուն ավարտելուց հետո էլի բանակից չկտրվեց: Մտավ ծառայության սպեցնազում` ասում էր պապ, թոռդ գեներլա դառնալու, ձեռքի վրա են քեզ ման տալու պապ ջան: Ով իմանար, որ ինքը գեներալի նման պիտի զոհվեր Մատաղիսի պաշտպանության ժամանակ: Վերջին անգամ սեպտեմբերի 27-ին եմ խոսել, ասեց պապիկ` լյոխ կավ լինելու, դու տելեվիզր-բան նայել մի, մենք հաղթելու ենք: Իմ սրտի փուշը դուրս հանող միակ մարդն էր Դավիթս, բայց Աստված էդ էլ շատ համարեց: Հոկտեմբերի հինգին զանգեցին ասեցին, որ Դավիթս էլ չկա, էդ օրվանից ես էլ չկամ բալաս»,-արտասունքները սրբելով պատմում է Մխիթար պապը:
Հ.Գ. Անմարդկային մեծ ուժ էր պահանջվում լսելու զավակ, հայր, թոռ կորցրած արցախցի մեր հայրենակիցների ցավը ու չխելագարվել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Ստեփանակերտ-Երեւան