• 20/04/2022

Հայ զինվորին դավաճանել են ամենաստոր ու ամենաէժան մեթոդներով.Արցախի ԱԻՆ հիմնադիր, գնդապետ

Հայ զինվորին դավաճանել են ամենաստոր ու ամենաէժան մեթոդներով.Արցախի ԱԻՆ հիմնադիր, գնդապետ

Արցախի ապագայի, պատերազմի արդյունքների եւ Մայր Հայաստանի հետ դեռ ունեցած սպասելիքների մասին «Իրավունքը» զրուցել է Արցախի ԱԻՆ հիմնադիր, գնդապետ, «Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր ԱՍԼԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

«էսօր մի դավաճան դուրս է եկել, հեքիաթներ է պատմում. չի անցնի»

– Պարոն Գրիգորյան, Արցախի ապագան անորոշ է, Հայաստանի իշխանություններն այլեւս անթաքույց ձեռք են քաշել Արցախից, բայց խոսում են ամենաբարձր մակարդակով, թե դեռ ֆինանսավորում ենք: Ինչպե՞ս եք տեսնում Արցախի ապագան, հատկապես սահմանագծում-սահմանազատում իրականացնելուց հետո, որտե՞ղ է մնալու Արցախը:
– Ղարաբաղը, եւ մենք`  ղարաբաղցիներս, միշտ էլ համարել ենք, որ Արցախը Հայաստանի մի մասն է, առանց Արցախի Մայր Հայաստանը գոյատեւել չի կարող: Ինչ վերաբերում է խոսակցություններին, հայտարարություններին, որ Արցախը կարող է մի օր հայտնվել Ադրբեջանի կազմում, ապա դրանք ուղղակի դասական դավաճանական հայտարարություններ են: Այն մարդիկ, որոնք իրենց համար հեքիաթներ են ստեղծել ու դրանք փորձում են պատմել, տարածել, ուղղակի իրականության հետ աղերս չունեն: Իսկ ովքեր են այդ հեքիաթները տարածում. ՀՀ իշխանությունները, որոնք ուզում են ոչ միայն Արցախը տանել, Ադրբեջանի կազմի մեջ մտցնել, այլ նաեւ Հայաստանն ու հայ ժողովրդին են ուզում ծախել: Մի ամբողջ ազգ դրել են առուծախի սեղանին: Բայց դա չի նշանակում, որ նման դավաճաններով է որոշվելու Հայաստանի եւ Արցախի ապագան: Մայր Հայաստանն այդ դավաճանական խմբակով չի ավարտվում, կան դեռ, փառք Աստծո, մարդիկ, զտարյուն հայեր, որոնք թույլ չեն տա Հայաստանի եւ Արցախի ադրբեջանականացումը:
– Ճիշտ եք, բայց Մայր Հայաստանի ճակատագիրը, ցավոք, այսօր հենց Ձեր ասած խմբակի ձեռքին է, նրանք են որոշում ամբողջ ազգի ճակատագիրը:
– Մի մարդ է այդպես որոշել, դա Հայաստանի ղեկավարն է, թե Ղարաբաղում ոնց պետք է լինի: Բայց ինքը մոռացել է, որ ինքը չի որոշողը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի ճակատագիրը: Վերջին խոսքը ժողովրդինն է, Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի: Էսօր մի դավաճան դուրս է եկել, հեքիաթներ է պատմում. չի անցնի: Մենքª ղարաբաղցիներս, մինչեւ վերջ կանգնած ենք թշնամու դեմ, մինչեւ վերջ էլ պետք է պայքար տանենք: Պետք եղած տեղը կռիվ էլ կտանք, չենք հանձնվելու մինչեւ վերջին կաթիլ արյունը: Հիմա գուցե թվա անիրական, բայց ես վստահ եմ, որ եթե խելացի գործենք, լինենք միահամուռ, կկարողանանք բոլոր կորցրած հողերը հետ վերադարձնել. մեր ապագա սերունդը այդ հողերում պետք է ապրի:
Այսօր Արցախի անվտանգության երաշխավորը արցախցին է, ում կողքին կանգնած է հզոր Ռուսաստանն իր խաղաղապահ զորախմբով:
Եթե Նիկոլը մեզ դավաճանել է, դա դեռ չի նշանակում, որ Ղարաբաղը կամ ղարաբաղցին պետք է ձեռքերը ծալած նստի եւ ոչինչ չանի: Մենք կկարողանանք մեր երկիրը պաշտպանել, համենայնդեպսª դրա համար ջանք չենք խնայի: Էլի եմ ասում, իհարկե, ռուս խաղաղապահներից շատ շնորհակալ ենք, որ մեր կողքին են, մեզ անվտանգ ենք զգում, բայց ամենագլխավոր հույսը մեզ վրա ենք դրել եւ մինչեւ վերջ էլ պետք է պայքարենք, ուրիշ ելք չենք տեսնում:

– Պարոն Գրիգորյան, 44 օր շարունակ հանրությանը վստահեցնում էին, որ հաղթում ենք: Դուք եղել եք պատերազմի դաշտում, ի՞նչ եղավ, որ ունեցանք նման խայտառակ ու ցավոտ ավարտ:
– Մեզ խաբել են, խայտառակ դավաճանություններ են եղել:
– Ովքե՞ր են դավաճանել:
– Թող դրա մասին խոսեն, բացահայտեն դրանով զբաղվող մարմինները: Ես կարող եմ մի բան հստակ ասել` մեզ դավաճանել են: Ես ինքս եղել եմ այդ կռվի մեջ, աշխարհազորայինների հրամանատար եմ եղել: Մենք ամեն ինչն էլ կհաղթահարեինք, մեր հողերն էլ, Շուշին էլ մեզ կմնար: Հերոս տղերք էին բոլորը, բայց մեզ դավաճանեցին, չկարողացանք պահել:
Մեզ թիկունքից էլ դավաճանել են ու խփել: Եթե դավաճանություն չլիներ, մենք թուրքին կհաղթեինք անկասկած: Պատկերացրեք` դու մենակ կռվում ես 100 կամ 10 հոգու հետ, քեզ ծեծում են, բայց քո մոտիկ մարդիկ` դավաճանները ձեռք չեն մեկնում, որ քեզ օգնեն: Սա դավաճանություն չի՞ կոչվում: Հայ զինվորին դավաճանել են ամենաստոր ու ամենաէժան մեթոդներով, դավաճաններին մահապատիժն էլ բավարար չի:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Ստեփանակերտ-Երեւան