• 20/04/2022

Աշոտյանը 18+ անեկդոտ պատմեց

Աշոտյանը 18+ անեկդոտ պատմեց

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ գնահատմամբ` Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ստորագրված 30 կետից կազմված փաստաթղթում մի շարք դրույթներ կային, որոնք մտահոգիչ էին:

– Մասնավորապես` մտահոգիչ է Արցախի ապագայի կարգավիճակի հետ կապված հարցը, որովհետեւ փաստաթղթում կար հստակության բացակայություն: Կար նաեւ փոքր պոզիտիվ բան` Նիկոլի կամքին եւ քաղաքականությանը հակառակ. Նիկոլ Փաշինյանը խաբում էր` պնդելով, թե աշխարհը մեզ ստիպում է, որ խաղաղության պայմանագիր կնքենք: Իսկ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրած երկար փաստաթղթում խաղաղության պայմանագրի մասին գեթ մեկ հիշատակում չկար: Եթե Ռուսաստանը չի պնդում, այդ աշխարհը ո՞վ է, որ մեզ ստիպում է: Ուզում ենք իմանալ` ո՞վ է պնդում, որ պետք է արագ տեմպերով խաղաղության պայմանագիր կնքել: Մի անեկդոտ եմ ուզում պատմել, թեպետ մի քիչ 18+ է, բայց կներկայացնեմ պարկեշտության մեջ: Մեկը գալիս է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի կինոստուդիա, ասում է` շատ ուժեղ տղա եմ, ուզում եմ ձեր կինոներում նկարվեմ: Ասում են` նկարվի, բայց դերը տալիս են` չի «ձգում», երկրորդ դերն է տալիս` էլի չի կարողանում, երրորդը` կրկին նույն վիճակն է: Ստուդիայի տնօրենը կանչում է ու հարցնում` եթե չես կարողանում, ինչի՞ ես եկել մեր ֆիլմերում նկարվելու: Զարմացած պատասխանում է` ձեզ կինոների մեջ բացասական հերոս պետք չի՞: Հիմա մենք այս կինոյի մեջ ենք հայտնվել Նիկոլի պատճառով: Մեզ բացասական հերոս պետք չէ, այլ դրական հերոս է պետք, իսկ Նիկոլ Փաշինյանը` որպես բացասական հերոս, պետք է այս տրագիկ կինոյի միջից դուրս գա: Այլընտրանք չկա` կա՛մ ինքը երեք միլիոն հայաստանցի հայերիս ու 120 հազար արցախցիներին «քոքահան կանի» դանդաղ կամ արագ` մորթելով թուրքերի ձեռքերով, ուծացման ենթարկելով ու արտագաղթեցնելով, կա՛մ մենք կփոխենք այս իրավիճակը ու կունենանք ապագայի շանս: Այլեւս ամեն ինչ շատ պարզ է: Նիկոլին ոչ ոք իրավունք չի տվել մեր հայրական տունը` Արցախն ու Հայաստանը, վաճառել: Բողոքել Մոսկվայից, Բրյուսելից ու Վաշինգտոնից` նույնն է, որ մեկը իր «էշ հալով», լինելով «նառկոշ», «ալկաշ» ու պարտքերի մեջ, հայրական տունն էժանով գնա ծախելու, իսկ բրոկերները տեսնեն, որ ապուշ է, փողի մեջ «փայ մտնեն», տոկոս աշխատեն: Հիմա նույնը Նիկոլի հետ է կատարվում` էժանով Հայաստանն ու Արցախը հանել է վաճառքի, աշխարհի «բրոկերներն» էլ ասում են` եթե այդքան անուղեղ ես ու անհայրենիք, արանքում մենք «փայ կմտնենք»: Էլ լատինական բառեր չեմ օգտագործում, էլ անգլիական օրինակներ չեմ բերում, այլ շատ պարզ, կենցաղային, երեւանյան լեզվով փորձում եմ բացատրել, թե ինչ է կատարվել:

– Պարոն Աշոտյան, ինչպե՞ս եք այդ «էժանով վաճառքը» կասեցնելու: Կա՞ այլ գործիքակազմ` բացի Ազատության հրապարակում ընթացող նստացույցին սատարելը:

– Եթե շարունակում ենք այդ համեմատությունը, պետք է իմանանք, որ հայրական տունը լիքը տերեր ունի: Այդ տունը Նիկոլինը չէ, վաճառքի հանված բնակարանում նա երեք միլիոնից ընդամենը մեկն է, ավելին ասեմ` 10 միլիոնից մեկն է: Վստահ եմ` հարյուրապատիկ ավել մարդ դեռ Ազատության հրապարակ չեն եկել ու միտինգներին կգան, չեն թողնելու, որ վաճառվի: Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում տեղի ունեցող նստացույցին, չեմ խոսի ակցիայի կազմակերպիչների անունից, առնվազն կոռեկտ չէ իմ կողմից: Ես գնացել եմ Ազատության հրապարակ` որպես ՀՀ քաղաքացի սատարելու Արթուր Վանեցյանին: Իսկ որպես ՀՀԿ փոխնախագահ` կասեմ, որ գործողություններ դեռ լինելու են: Հետեւապես կոչ եմ անում` ձեր բարեկամններին, ընկերներին ու երեխաներին վերցրեք եւ համեցեք Ազատության հրապարակ: Այնտեղ բազմաթիվ լավ մարդիկ կան, որոնց մի մասին գիտեք, մեծ մասին չգիտեք, կգաք ե՛ւ կծանոթանաք, ե՛ւ ձեր փոքր, բայց կարեւոր քայլը կանեք Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցում: Հասարակությունը կողմնորոշվելու կարիք այլեւս չունի, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները փաստում են, որ նա շարունակում է նույն ձեւով եւ նույն ոճով աշխատել, ինչպես մինչ այսօր, այսինքն` խաբել, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել, գրավոր թղթեր հրապարակել: Իր հետ հույս կապելն արդեն միամտություն էլ չէ, այլ հիմարություն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ