• 21/04/2022

Նիկոլն անասնական վախ ունի Ալիեւից եւ Պուտինից. Սամվել Նիկոյան

Նիկոլն անասնական վախ ունի Ալիեւից եւ Պուտինից. Սամվել Նիկոյան

Գրեթե մեկ շաբաթ է, ինչ Ազատության հրապարակում շարունակվում է շուրջօրյա անժամկետ նստացույցը` Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով: Այս մասին «Իրավունքը» զրուցեց 2011-12 թթ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ, նախկին պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

«ՄԵՆՔ ՄԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ` ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ ԴԱՎԱՃԱՆԻՆ ՀԵՌԱՑՆԵԼ»

– Այս օրերին հաճախ է մտահոգություն հնչում, թե Ազատության հրապարակում տեղի ունեցող ակցիաներն էլ կամաց-կամաց կմարեն, եւ այս անգամ էլ ընդդիմության պայքարը կարժանանա նախորդների ճակատագրին` չունենալով արդյունք: Ի՞նչ կասեք այս մասին:

– Եկեք շատ կոնկրետ ու հստակ խոսենք` հանրության ո՞ր մասն է այդպես ասում: Նրա՞նք, ովքեր իրենց տանը նստած սպասում են, որ ինչ-որ մարդիկ պետք է որոշակի քայլեր անեն, եւ իրենք էլ սկսեն քննարկել` լա՞վ արեցին, թե` վատ, այս մեկը լա՞վ ելույթ ունեցավ, թե` վատ, այսինչը լա՞վ քաղաքական գործիչ է, թե` վատ… Այն մարդիկ, ովքեր իսկապես մտահոգ են եւ սրտացավ, այս ամենին չպետք է սրճարանից կամ իրենց տան հեռուստացույցով հետեւեն, այլ պետք է մասնակից լինեն: Յուրաքանչյուրը պետք է իր լուման դնի, որպեսզի ազգը հավաքվի եւ միաբանվի, բռունցք դառնա, որովհետեւ այլընտրանք այլեւս չկա: Ում ուզում եք, բերեք, ով ուզում է լիդերությունը վերցնի եւ փորձի շարժումը կառավարել, միեւնույնն է, հազար մարդ կգտնվի, որ մի անուն կդնի: Բայց մինչեւ անուն դնելը, հասկացե՛ք մի շատ պարզ ճշմարտություն. մենք մի խնդիր ունենք` կապիտուլյանտ դավաճանին հեռացնել: Եթե որեւիցե մեկը հայտարարում է, որ ես գնում եմ` հասնելու դրան, մարդիկ պետք է օգնեն: Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ գնալու է մինչեւ վերջ: Այս չորս տարվա մեջ առաջին անգամ կա լիդեր, որը գիշերն իր ընտանիքով մնում է Ազատության հրապարակում: Սա նշանակում է, որ նա հոգեբանորեն պատրաստ է իսկապես գնալ մինչեւ վերջ: Արդեն այն պահը չէ, որ քննարկենք, թե 4 տարի կամ 10 տարի այս մեկն ինչ է արել, մյուսն ինչպես է արտահայտվել: Այսօր ունենք թիվ մեկ խնդիր, որի լուծման համար նա պատրաստ է այս շարժումը ղեկավարել, առջեւից գնալ եւ իր ու իր ընտանիքի օրինակով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է անել: Իսկ եթե կան մարդիկ, որոնք հիմա այլ քննարկումների մեջ են մտնում, նշանակում է, որ դեմ են առաջին գաղափարին` այն է կապիտուլյանտի հեռացմանը:

– Ի՞նչ է պետք, որպեսզի նոր թափ հաղորդվի այդ պայքարին , որովհետեւ տեսնում ենք, որ լայն կոնսոլիդացիա, այդուհանդերձ, դեռ չի ստացվում: Համենայնդեպս, Ազատության հրապարակը լեփ-լեցուն չէ:

– Անկեղծ ասած, ես հավատում եմ, որ լայն կոնսոլիդացիա կլինի: Մոտակա օրերին դուք կտեսնեք, որ հրապարակն այսպիսին չի լինի, այլ շատ ավելի հզոր կլինի եւ միանշանակ առավել մեծ էներգետիկա կունենա: Յուրաքանչյուր հայ մարդ զգում է, որ արդեն մեկ միլիմետր նահանջելու տեղ չունի, եւ իրենից կախված բան կա անելու: Այսօր վճռվում է, թե ինքը` որպես տեսակ, այս արեւի տակ ապրելու իրավունք ունի՞, թե չունի: Ի վերջո, մեր հայրենիքը ո՞րն է լինելու` միայն Երեւանի Փոքր կենտրո՞նը, որտեղ իշխանությունը կարող է կառավարական ամառանոց գնալ, Ազգային ժողով եւ կառավարության շենք: Ոմանց համար հայրենիքը սա է, իսկ հայ ազգը ինչպե՞ս է կարծում, այդքա՞նն է իր հայրենիքը:

«ԵԹԵ ՈՐԵՎԻՑԵ ՄԵԿԸ ՄՏԱԾՈՒՄ Է, ՈՐ ԱՐՑԱԽԸ ԿԱՐՈՂ Է ԳՈՅԱՏԵՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ, ՆԱԽ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԻ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՎՐԱ»

– Բայց ընդդիմության հասցեին կա որոշակի քննադատություն, թե Նիկոլ Փաշինյանի հեռացումն են պահանջում, բայց չեն հստակեցնում` իրենք ի՞նչ են առաջարկում, Արցախի հարցը ինչպե՞ս են լուծելու, ի՞նչ կարգավիճակ է ունենալու:

– Մենք ունենք չարիք, որն անում է այն, ինչ իր ուղեղում կա: Իսկ իր ուղեղում ինչ կա, բոլորս շատ լավ գիտենք: Հիմա եթե այսօր նստենք, քննարկենք ու բանավիճենք, թե այս մեկն ինչպես է տեսնում Արցախի հարցի լուծումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործողությոնների կամ այլ ձեւաչափի վերականգնմա՞մբ, թե՞ չվերականգնմամբ, Եվրամիության հե՞տ, թե՞ 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի շրջանակներում, այս պահին ավելորդ է: Կարծում եմ` ընդդիմությունը շատ պարզ ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի բարեկամությունը, սահմանների ճանաչումը հնարավոր չէ, եթե չի լուծվել Արցախի խնդիրը:

– Իշխանության ներկայացուցիչները հետեւողականորեն օրակարգ են բերում այն հարցը, թե Արցախն Ադրբեջանի կազմում էլ ապագա ունի: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այս հայտարարություններին:

– Եթե որեւիցե մեկը մտածում է, որ Արցախը կարող է գոյատեւել Ադրբեջանի կազմում, նախ պետք է փորձի իր ընտանիքով իրականացնել: Թող իր ընտանիքի «էգեղեններին» տանի հանձնի, տեսնի` կգոյատեւե՞ն, թե` ոչ, հետո նոր այդ փորձը համայն ազգի վրա կիրառի:

«ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐԿՐԻ ԹՈՒՅԼ, ԱՆՈՂՆԱՇԱՐ ՂԵԿԱՎԱՐԸ ՇԱՏ ՁԵՌՆՏՈՒ Է»

– Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ Ռուսաստանում եւ Եվրոպայում տեղի ունեցած վերջին պաշտոնական հանդիպումները տպավորություն են ստեղծում, որ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդունելի է աշխարհաքաղաքական գլխավոր խաղացողների համար:

– Ամբողջ աշխարհին ցանկացած երկրի թույլ, անողնաշար ղեկավարը շատ ձեռնտու է, որովհետեւ Արեւմոտքը կանչում է իր ծրագիրն է դնում, որի հետ համաձայնում է եւ ուրախանում, թե իրեն ընդունեց այս կամ այն մարդը, այսինչ ղեկավարը, ու Հայաստանում ցույց կտա, թե տեսեք` ինձ դրսում ինչպես ընդունեցին: Նույն կերպ էլ ՌԴ նախագահն է ընդունում: Բայց խոսքն այն մասին է, որ թուլացած ու ոչնչացված Հայաստանին յուրաքանչյուրն ուզում է ինքը տիրություն անել: Բոլորս հասկանում ենք, որ այս խնդիրն է լուծվում: Եվրամիությունն ասում է` Հայաստան ու Ադրբեջան, եկեք իմ մոտ, ես եմ ձեր տերը, իմ ցանկության շրջանակում, իմ հովանու ներքո արեք այսպես, Ռուսաստանն էլ ասում է` ոչ, իմ հովանու ներքո պետք է լինի: Այսինքն` երկուսն էլ նույն են ասում` Հայաստա՛ն, ինչ-որ ուզում են, տուր, որովհետեւ Ադրբեջանը ուժեղ է, գազ ունի ու իրենց պետք է: Իսկ Հայաստանում ո՞վ կզիջի, իհարկե` Նիկոլը, որովհետեւ անասնական վախ ունի Պուտինից եւ Ալիեւից: Բոլորը շատ լավ հասկանում են եւ դրա համար էլ իրենց պետք է, որ նա լուծի այս խնդիրները: Ստացվում է, որ բոլորին այսպես ձեռնտու է, բացի հայ ազգից, որովհետեւ այս ամենն ի վնաս Հայաստանի է:

– Օրեր անց Հայոց ցեղասպանության տարելիցն է: Հիմա փաստացի իրավիճակ է փոխվել` հայաստանյան իշխանությունը ոչ թե այս հարցում պահանջատեր է, այլ պատրաստ է խաղաղության թուրքերի հետ: Ի՞նչ սպասել խոստացված, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանից»:

– Խնկո Ապոր «Գայլն ու գառի» մեջ գառն էլ է ասում, որ խաղաղություն է ուզում, բայց գայլի ու գառի միջեւ խաղաղություն չի կարող լինել: Հիմա այդ գառնուկի դերում խաղաղություն են մուրում, մինչդեռ մարդկության պատմության մեջ միակողմանի խաղաղություն չի լինում, թույլի հետ խաղաղության շուրջ չեն բանակցում: Գառը խնդրում էր խաղաղություն, ստացա՞վ:

«ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՓԱԽՉՈՂԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՏՆՈՒՄ, ԱՅՆ ՔՈ ՀԵՏԵՒԻՑ ԳԱԼՈՒ Է ՈՒ ՄՏՆԻ ՏՈՒՆԴ»

– Իշխանությունը հակադարձում է, թե խաղաղություն չեք ուզում, բա պատերա՞զմ եք ուզում, ռեւանշի՞ստ եք:

– Պատերազմը քո ուզելով կամ չուզելով չէ: Պատերազմից փախչողը խաղաղություն չի գտնում, այն քո հետեւից գալու է ու մտնի տունդ: Միշտ այդպես է լինում, մարդկության պատմությունն ուսումնասիրեք: Ուրիշ ձեւ չի եղել, մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է, յուրաքանչյուր ազգ իր կենսատարածքի համար կռիվ է տվել, նույնիսկ կենդանական աշխարհն է իր կենսատարածքի համար կռիվ տալիս: Միայն կենդանական աշխարհից ընտանի կենդանիներն են, որ համակերպվում են ու իրենց պետք է պահել, կերակրել, իսկ երբ ուզենան` կթեն, խուզեն ու մորթեն: Այս մարդիկ ուզում են այդպիսի կարգավիճակ, միայն թե իրենց աթոռները լինեն եւ կառավարություն-ամառանոց-Ազգային ժողով եռանկույնին լինի հայկական, իրենց այդքանը հերիք է: Մի քանի օլիգարխ էլ կա, որ մտածում է, թե կարեւորն իրենց բիզնեսը լավանա, Թուրքիայից ապրանք բերեն, ծախեն, խանութպանի հոգեբանություն է եւ վերջ: Ժողովուրդը հաղթել է հայ ազգին, այդպես եղել է Ցեղասպանության ժամանակ, 1918-20 թվականներին, երբ 10 թուրք զինվոր գալիս էին եւ մի ամբողջ գյուղի տղամարդկանց լցնում էին մարագներն ու վառում: Բայց որեւիցե մեկը թող չմտածի, թե հայ գենը մեռել է: Հայ ազգը ճնշված է, հոգնած, տանջված, հիասթափված, բայց կա:

– Մենք Ցեղասպանությունից հետո` շատ կարճ ժամանակ անց ունեցանք Սարդարապատի հերոսամարտ ու հաղթանակներ: Հիմա դեռ ինչքա՞ն ժամանակ է պետք, որ հայ ազգն արթնանա:

– Սարդարապատի հաղթանակը եղավ այն ժամանակ, երբ հայ ազգը հասկացավ, որ էլ տեղ չունի նահանջելու, հիմա, կարծես, հասել ենք այդ կետին: Այնպես որ, ես հավատում եմ այն շարժմանը, որը սկսվել է: Մարդիկ ինքնաբուխ գալիս են Ազատության հրապարակ եւ վաղը-մյուս օրը ավելի շատ կլինեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ