- 22/04/2022
Բացառիկ վիրահատություն Արթմեդ ԲՎԿ-ում հայ և ռուս մասնագետների կողմից
Վերջերս Արթմեդ ԲՎԿ Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում կատարվել է եզակի ու բարդ վիրահատություն։ Մեր կենտրոն էր դիմել պացիենտ` ենթաստամոքսային գեղձի գլխիկի չարորակ գոյացությամբ` տեղային տարածվածությամբ դեպի դռներակ։ Դեպքը քննարկվել է Մոսկվայի Լյարդի տրանսպլանտացիայի կենտրոնի պրոֆեսորների հետ և հաշվի առնելով, որ ուռուցքն ուներ տեղային աճի բնույթ և հեռավոր տարածվածության նշաններ չկային, որոշվեց կատարել արմատական վիրահատական բուժում։
Վիրահատությունը հաջողությամբ իրականացվել է Մոսկվայից հրավիրված մասնագետների և Արթմեդ ԲՎԿ վիրաբուժական թիմի մասնակցությամբ, ուռուցքաբան վիրաբույժ Գագիկ Թունյանի ղեկավարությամբ։ Իրականացվել է գաստրոպանկրեատոդուադենալ ընդլայնված մասնահատում, իսկ առաջացած դռներակի դեֆեկտը վերականգնվել է ալոպրոթեզով։ Բարդ վիրահատություն հաջող ելքի հարցում շատ կարևոր դեր ուներ նաև Արթմեդ ԲՎԿ անեսթեզիոլոգիական թիմի պրոֆեսիոնալ աշխատանքը Անեսթեզիոլոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Գրիգորյանի ղեկավարությամբ։
Ներկայացված կլինիկական դեպքը յուրահատուկ էր նաեւ նրանով, որ պացիենտն ուներ նաև դիաֆրագմալ գիգանտ ճողվածք, որը սնվելու ընթացքում պացիենտի համար առաջացնում էր բազմաթիվ դժվարություններ։ Վիրահատության ընթացքում կատարվել է նաեւ ճողվածքի պլաստիկա, որի արդյունքում վերացել են բոլոր գանգատները։
Բժիշկ Գագիկ Թունյանը տեսանյութում ներկայացնում է վիրահատության մանրամասները։
Նեղ մասնագետների համար վիրահատական մասնագիտական կադրերով տեսանյութի տարբերակը կարող եք դիտել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=Nc-UzyYwiOo