- 22/04/2022
Միջազգային հանրություն հասկացողությունն այսօր փաստացի գոյություն չունի
Միջազգային հանրություն հասկացողությունն այսօր փաստացի գոյություն չունի:
Կա կոլեկտիվ Արևմուտյան բլոկ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ և ՌԴ: Ինչպես նաև տարածշրջանային խոշոր պետություններ՝ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և այլն:
Այս պահին եթե ՀՀ իշխանությունները խոսում են Արցախի հարցի նշաձողի իջեցման մասին և դա ներկայացնում իբրև «միջազգային հանրության» պահանջը, հարց է ծագում՝ թե ում ի նկատի ունեն ՀՀ իշխանությունները, Արևմտյան բլոկին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, թե ՌԴ-ին: Այս պարագայում կոնկրետ հստակեցնել է պետք այդ պահն, որպեսզի հասկանալի լինի հայկական հասարակության համար: Աբստրակտ հայտարարություններն ավելի շատ են մոլորեցնում մեր հանրությանը: Տվյալ հայտարարությանը հստակ բացատրություն պետք է տան ՀՀ իշխանությունները:
Աշխարհն այսօր գտնվում է լայնամասշտաբ առճակատման մեջ՝ նոր աշխարհակարգի ձևավորման կոնտեքստում: Այս պահին չկա «միջազգային հանրություն» եզրույթը, որը ներկայացված է լինելու գերտերությունների կողմից ընդհանուր կոնսենսուսի տեսքով՝ այս կամ այն խնդրի լուծման վերաբերյալ (ինչը նաև վերաբերվում է Արցախի խնդրի լուծմանը):
Այսօր աշխարհի նմանատիպ խնդիրներ լուծողները պատերազմում են միմյանց դեմ՝ իրենց ազդեցության գոտիների պահպանման և ընդլայնման համար: Այս պահին մանկամտություն է անգամ պատկերացնել, որ Արևմուտքը և ՌԴ-ն ցանկություն կամ ժամանակ ունեն ինչ որ հարցի շուրջ գալ ընդհանուր եզրակացության, այդ թվում Արցախի հարցի վերաբերյալ:
Ս/Թ ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպումներից հետո, Արևմուտքի ուղիղ ներգրավումը արցախյան խնդրի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն, ինչպես նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» կնքման գործում՝ ուղղակիորեն չի բխում ՌԴ տարածաշրջանային քաղաքականության շահից: Փաստացի ՀՀ և Ադրբեջանի իշխանություններն ուղղորդվելով մեկ արևմտյան կենտրոնից՝ գլխացավանք են առաջացնում ՌԴ-ի համար: Նույն տեսակետին են նաև Իրանը և Չինաստանը, քանի որ նրանք չեն ցանկանում տեսնել Հարավային Կովկասում կոլեկտիվ Արևմութքի դիրքերի ամրապնդումը:
Ինչի կհանգեցնի նման անհեռատես քաղաքական որոշումը ՀՀ իշխանությունների կողմից՝ կռահելը դժվար չէ, քանի որ դա նոր լարվածության կենտրոնի ստեղծում է մեր տարածաշրջանում Արևմուտք-Ռուսաստան կոնտեքստում, որին ռազմական փուլ մտցնելը շահագրգռված է միայն Արևմուտքը: Քանի որ ինչպես ցույց է տալիս ուկրանիական սցենարը, «ժողովրդավար» Արևմիւտքը իր կենսական խնդիրները ցինիկաբար լուծում է ուկրանական ժողովրդի արյան հաշվին, առանց մի որևէ կարեկցանքի տվյալ ժողովրդի նկատմամբ: Չի բացառվում, որ հարկ եղած դեպքում նույնը նրանք կանեն նաև հայ ժողովրդի արյան հաշվին:
ՀՀ իղխանությունները պետք է դադարեցնեն երկու աթոռին միանգամից նստելու քաղաքական խաղերը, որը ուղղակիորեն վտանգում է ՀՀ-ն և ԱՀ-ն:
Նման մոտեցումները հղի են պետականության կորստով: Աշխարհաքաղաքական այս գերլարված իրավիճակում մի ճամբարից մյուսը թռնելը՝ Հայաստսնի լինելիությունը հարցականի տակ է դնում:
ՀԿ նախագահ՝ Մ. Առաքելյան