- 03/05/2022
ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 30-ԱՄՅԱԿԻՆ
Ապրիլի 30-ին Երեւանի Շահումյանի անվան հրապարակում տեղի ունեցավ համերգ` նվիրված հայ–ռուսական դիվանագիտության հաստատման 30-ամյակին, որին ներկա էին մտավորականներ, հասարակական–քաղաքական գործիչներ, մշակույթի ներկայացուցիչներ…Համերգին իրենց ելույթով հանդես եկան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանը, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» մշակույթի խորհրդի նախագահ, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Այնուհետեւ համերգային ծրագիրն իրենց կատարումներով զարդարեցին հայ եւ ռուս երգիչները, երաժիտները: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց մասնակիցների հետ:
ԼԵՅԼԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ` երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ.
– Տիկին Սարիբեկյան, Դուք եւս մասնակցեցիք այս համերգին: Ձեր տպավորություններն ինչպիսի՞ն են:
– Լինելով Սովետական Միության ժամանակաշրջանում կրթություն ստացած մարդ` ինձ համար շատ հոգեհարազատ է ռուսական մշակույթը, սկսած` գրականությունից մինչեւ երաժշտություն: Եվ մեր դարավոր կապերը պատահական չեն: Ունեն իրենց ե՛ւ պատմական, ե՛ւ մշակութային խորքերը: Նոր սերունդը բավարար չափով չի ճանաչում ռուսական մշակույթը, եւ հարկավոր է վերականգնել այն երկկողմանի մշակութային ավանդույթները, որ ունեցել ենք, ինչը կնպաստի մարդկային շփումներին, որն ավելի շատ հարցեր է լուծում այս կյանքում: Երբ մասնակցում էի «Հայկական մշակույթի օրերը Մոսկվայում» կամ «Ռուսական մշակութային օրերը Երեւանում» միջոցառումներին, դուք տեսնեինք, թե ռուս ժողովուրդն ինչպիսի բավականությամբ էր շփվում մեր արվեստի ներկայացուցիչների հետ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր ապագան:
ԱՐՄԱՆ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ` «Նարեկ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար
– Դուք, որպես մշակույթի ասպարեզի ներկայացուցիչ, ի՞նչ վերաբերմունք ունեք հայ–ռուսական դիվանագիտության 30-ամյակին նվիրված այսօրվա համերգին:
– Ես բոլոր տեսակի մշակութային միջոցառումներին կողմ եմ, լինի դա հայ-ռուսական, թե` հայ-չինական: Կարեւորը` մշակույթը միշտ առաջնակարգ լինի, որովհետեւ մշակույթով ենք ներկայացնում մեր ազգը:
ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ` «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման մշակույթի խորհրդի նախագահ, Համահայկական գրողների միության նախագահ
– Պարոն Ափինյան, Դուք եւս ներկա եք հայ–ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին: Ձեր տպավորություններով կկիսվե՞ք մեզ հետ:
– Պատմության փորձը մեզ ցույց է տալիս, որ մենք այն ժամանակ ենք իբրեւ ազգ, իբրեւ ժողովուրդ հաջողություններ ունեցել, երբ ունեցել ենք բարեկամ, դաշնակից: Եվ այսօր մենք հանդիսավոր նշում ենք Հայաստանի եւ Ռուսաստանի մջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Սա շատ կարեւոր փաստ, իրողություն եմ համարում մեր ազգային կյանքում, որովհետեւ մեր ժողովրդին պետք է ասել` դու մենակ չես, հա՛յ ժողովուրդ: Դու ունես բարեկամ, որը դարերով քո կողքին է եղել: Եկեք հիշենք խորհրդային տարիները, թե ինչպես Ռուսաստանի կողքին Հայաստանը հասավ բարձր արդյունքների` մշակույթի, գիտության ոլորտում: Հիմնվեց, բարձրացավ Հայաստանի ակադեմիան, որը աշխարհի գիտության մեջ եզակիորեն բարձր երեւույթ դարձավ: Ես ինքս լինելով մեծ համագործակցության կողմնակից ամբողջ աշխարհի հետ, առանձնակիորեն կարեւորում եմ Հայաստանի հոգեւոր, մշակութային, քաղաքական կապը Ռուսաստանի հետ: Այս կապը մեծ ապագա է խոստանում: Եվ ես այստեղ եմ, որովհետեւ ուզում եմ անկախ, ապահով տեսնել իմ Արցախը: Եվ ես ասում եմ` քո ցավը տանեմ, Արցա՛խ: Երեսուն տարի Հայաստանի ապահովությունը պահեցիր: Հիմա փոխհատուցման ժամանակն է: Մենք մեր Արցախի համար ամեն ինչ պետք է անենք:
ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ` «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն հոր Միության» շարժման խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ
– Տիկին Ներսիսյան, ի՞նչ զգացողություններով եք այսօր եկել մասնակցելու հայ–ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին:
– Շատ լավ տրամադրությամբ… Եկել եմ ե՛ւ խոսքով, ե՛ւ իմ երգով շնորհավորելու հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Եվ ցանկանում եմ, որ մեր երկու ժողովուրդների բարեկամությունը հարատեւ լինի: Քանզի մեր մեծերը իրենց իմաստուն խորհրդով ասել են` մեր ճանապարհը ռուս ժողովրդի հետ է:
ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ` երգչուհի
– Մասնակցեցիք համերգային ծրագրին եւ երկու երգ կատարեցիք: Ձեր տպավորություններն այսօրվա համերգից ինչպիսի՞ն է:
– Այսօր իմ գործընկերներին տեսա ու հարցնում եմ` մեր` սրանից առաջվա վերջին համերգը ե՞րբ է եղել: Չեք պատկերացնի, թե ինչքան ենք կարոտել մեր առաջվա համերգներին, երկրպագուներին, հանդիսատեսին, դրսի համերգներին, ճիշտ ապրելակերպին: Շատ հուզված, կարոտած էի: Նույնիսկ երկու երգի ժամանակ ուզում էի ինչ հնարավոր է ավելի շատ անել, որ այդ կարոտս ինչ-որ մի չափով կարողանայի փարատել: Ես ուզում եմ, որ կյանքը լավանա, մարդիկ ուրախանան: Առաջ համերգներ էին լինում, որոնք լեփ լեցուն էին, եւ նույնիսկ մարդկանց այդ շարքերի ծայրը չէիր տեսնում: Ուզում եմ, որ գան էլի այդ ժամանակները: Ես լավատես եմ եւ գիտեմ, որ գալու է այնպիսի մի օր, որ մենք ասենք` այս ամենն իզուր չէր, եւ կարողացանք դիմակայել եւ հասնել այս օրվան: Ուզում եմ, որպեսզի մեր ժողովուրդը շատ լավ լինի, ժպիտներն ու ուրախությունն անկեղծ լինեն: Եվ իրոք լինի, որը հիմա ես չեմ տեսնում: Բոլորը թող լինեն առողջ, եւ պատերազմ չլինի:
ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ` «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ, «Ազգի ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ
– Ի՞նչ զգացողություններով եք եկել մասնակցելու համերգային ծրագրին, որը նվիրված է հայ–ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին:
– Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս համերգային միջոցառմանը: Մաղթում եմ ամենալավն ու բարին բոլոր ներկաներին ու մասնակիցներին:
– Հայ–ռուսական մշակութային հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու մասին ի՞նչ կասեք:
– Մենք պետք է անենք ամեն ինչ, որ հայ-ռուսական հարաբերությունները էլ ավելի ամրապնդվեն, զարգանան, եւ մենք պետք է նպաստենք դրան:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ