- 06/05/2022
Ի սկզբանե «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կառուցվում էր որպես եկեղեցի
Մոտենում է Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը: Այս առիթով «Իրավունքը» հյուրընկալվեց «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան եւ զրուցեց թանգարանի տնօրեն ՎԱԼԵՐԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
– Պարոն Հակոբյան, կպատմե՞ք թանգարանի հետ կապված «Մայր Հայաստան» արձանի պատմությունը:
– Ի սկզբանե այս ամբողջ համալիրը կառուցվում էր որպես եկեղեցի: Քանի որ Խորհրդային Միության տարիներին հնարավոր չէր եկեղեցի բացել, ստիպված են եղել տեղադրել Ստալինի արձանը, որպեսզի ավարտին հասցնեն այս ամբողջ համալիրը: Եվ 1950թ.-ի նոյեմբերի 29-ին` խորհրդային կարգերը հաստատվելու 30-ամյակին, տեղադրվեց Ստալինի արձանը եւ մինչեւ 1962թ.-ը եղել է «Մայր Հայաստանի» արձանի տեղում: Հետո ապամոնտաժել են Ստալինի արձանն ու արդեն 1967թ. տեղադրել Արա Հարությունյանի քանդակած` «Մայր Հայաստանի» արձանը, իսկ 1970-ին` Հայրենական մեծ պատերազմի 25-ամյակի կապակցությամբ, արդեն բացվել է «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը, որը որ նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմին ունեցած մեր մասնակցությանը: Թանգարանը երկհարկ է: Առաջին հարկում ամբողջությամբ երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մեր հերոսների մասնակցության մասին պատմող իրեր, փաստաթղթեր ու նյութերն են: Մի փոքր մաս էլ Հայաստանի առաջին հանրապետության ` 1918-1920թթ. զինված ուժերին է նվիրված: Թանգարանը հիմնականում զինվորական թեմայով է: Երկրորդ հարկն ամբողջությամբ Շուշիի, Արցախի ազատագրման հետ է կապված: Եվ նաեւ մեր զորատեսակների մասին է: Մի փոքր հատված էլ ունենք` Քառօրյա պատերազմի հետ կապված:
– Արցախի 44-օրյա պատերազմից նյութեր ունե՞ք:
– Ո՛չ, չունենք, որովհետեւ գտնվում է ուսումնասիրման փուլում:
– Շուշիի հետ կապված` ի՞նչ ցուցադրություններ կան:
– Շուշիի ազատագրմանը նվիրված անկյուն ունենք, որտեղ կա օպերացիայի պլանը` քարտեզի տեսքով: Շուշիի ազատագրման դիարաման է: Ունենք Արկադի Տեր-Թադեւոսյանին` Կոմանդոսին նվիրված անկյուն:
– Նաեւ ունեք մեր մարշալներին նվիրված անկյուն:
– Այո, ունենք մարշալ Բաղրամյանի, մարշալ Բաբաջանյանի, ծովակալ Իսակովի, մարշալ Խանֆերյանցի ցուցադրման ենթակա անկյուններ իրենց անձնական իրերով, փաստաթղթերով:
– Առաջիկայում ի՞նչ ցուցադրություններ ունեք:
– Այս պահին նոր ցուցադրության ենք պատրաստվում: Աշխատանքներ են տարվում հատուկ գնդի համար անկյուն ստեղծելուն: Երեւի տաս օրից կվերջացնենք: Կոմանդոսի` Արկադի Տեր Թադեւոսյանի համար նոր անկյուն ենք ստեղծել: Եվ Հայրենական մեծ պատերազմի մեր բուժաշխատողների մասնակցության վերաբերյալ կան նյութեր: Շատ հայ բժիշկներ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին:1941-1945թթ. ընթացքում յոթհարյուր իննսունինը բժիշկ շրջանավարտ է եղել, որից հինգ հարյուրը գնացել է ռազմաճակատ:
– Ովքե՞ր են Ձեր այցելուները:
– Բավականին շատ են այցելում դպրոցներից: Այսօր, օրինակ` ունենք երեք էքսկուրսիա: Դպրոցների պահով մեզ մոտ կարգ է սահմանված, նախօրոք զանգում են: Մենք մատյան ունենք, լրացնում ենք, որ դպրոցից են, ովքեր են, քանի հոգի են: Տրամադրում ենք գիտաշխատող: Էքսկուրսավարը բացատրում, պատմում է թանգարանում պահվող նմուշների, իրերի մասին: Ինստիտուտներից են այցելում մեզ: Ունենք օտարերկրյա այցելուներ:
– Արտասահմանցիներին հիմնականում ո՞ր հատվածն է հետաքրքրում:
– Ռուսներին ավելի շատ հետաքրքրում է Հայրենական մեծ պատերազմին վերաբերող ցուցադրությունների հատվածը:
– Իսկ մեր դպրոցականների՞ն:
– Դպրոցականներին Արցախին վերաբերող հատվածն է հետաքրքրում:
– Գիտական ի՞նչ աշխատանքներ են տարվում:
– Գրվում են հոդվածներ, արվում են ուսումնասիրություններ… Այս պահի դրությամբ կատարվում են ֆոնդերում պահվող իրերի, նյութերի, փաստաթղթերի թվայնացումներ: Թվայնացման պրոցեսի ընթացքում հայտնաբերվում են նորանոր իրեր, փաստաթղթեր, որոնք որ մեր կողմից ուսումնասիրվում են եւ դառնում հետագա ցուցադրության աղբյուր:
Գիտեք, մենք միշտ փնովել ենք կոմունիստական աշխատողներին, բայց որ հիմա վերլուծում ենք, օրինակ` Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բավականին շատ հայեր են գնացել, կազմավորել մեր հայկական դիվիզիաները եւ քաջաբար կռվել մարտի դաշտում: Ու այդ քաղաշխատողներից բավականին շատ մարդ է մահացել: Կարծես թե իրենք պետք է չզոհվեին: Քաղաշխատողներ են իրենք, պետք է թիկունքում լինեին, բայց գնացել կռվել են առաջնագծում եւ զոհվել են հանուն հայրենիքի:
– Այսօր Ձեր թանգարանն ի՞նչ խնդիրներ ունի:
– Թանգարանը հիմնականում ունի վերանորոգման, արդիականացման խնդիր: Այս պահին մենք կարող ենք լինել ուշադրությունից դուրս, բայց կփորձենք պահպանել եւ հետագայում էլ նոր տեխնոլոգիաներով զարգացնել թանգարանը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ