- 13/05/2022
«Երկիր պահող զինվորը ստանում է 150 հազար դրամ, իսկ Նիկոլի թիկունքը պահող ոստիկանը` 450 հազար»
«Իրավունքը» զրուցեց արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, ռեժիսոր, դերասան, ազատամարտիկ ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ:
– Պարոն Բեգլարյան, այսօրվա գրական կյանքում քաղաքական իրադարձությունները իրենց արտահայտություններն ունենում են նաեւ մշակույթի վրա:
– Այո, քաղաքական իրադարձություններն անպայման իրենց արտահայտությունն ունենում են, եւ մեր թշնամին իր կիսաբութ ուղեղով գիտակցում է դա: Նրանք երբ որ հարձակվում են մեզ վրա, պատերազմում են, ունենում ենք զոհեր, բայց որքան էլ ցավալի է մեզ համար, մարդկային կորուստներն ավելի շուտ են վերականգնելի, քան` մշակութայինը: Մշակույթը շատ ուշ է վերականգնվում: Մշակույթ կորցնելն ավելի դաժան է: Դրա համար նրանք այրում են մեր գրքերը, քանդում մեր եկեղեցիները, կոտրում խաչքարերը: Համենայնդեպս, այս վիճակում անգամ մենք աշխատում ենք մեր Նոյեմբերյանի սահմանում մեր ժողովրդին մշակութային պահել: Աշխատում ենք, որ ժողովուրդը ճղճիմ մտածողությունների մեջ չընկնի: Մտքով մշակութային մնա: Թատրոն ենք պահում, գրքեր ենք տպում:
– Այս պահին ի՞նչ ներկայացումների վրա եք աշխատում:
– Հիմա Նոյեմբերյանում բեմադրում ենք Եզոպոս, «Իմ սիրտը լեռներում է» Վիլյամ Սարոյանի պիեսի մոտիվներով գրված «Էլ ուր երթանք լաոն»: Երկուսն էլ Մշակույթի նախարարության կողմից ոսկե մեդալի են արժանացել: Աշխատում եմ դրամատուրգ Զոհրաբյանի` Սիրանույշին նվիրված մոնո պիեսի վրա: Նաեւ Շիրվանզադեի «Չար ոգին» պիեսը ներկայացնելու եմ նորովի: Պիեսից կախարդանքը հանել եմ: Սցենարը գրելով` վերածել եմ կենցաղային սովորական սոցիալական դրամայի: Մանրամասները չեմ պատմում, որ հանդիսատեսին հետաքրքիր լինի:
– Որքանո՞վ է հաջողվում մշակութային մնալ, երբ երկիր ենք կորցնում, ունենք շատ զոհեր, գերիներ եւ անհետ կորածներ:
– Իսկ ինչո՞ւ չմտածենք, որ այս իշխանությունը իր պահվածքով, մարդկանց նկատմամբ վերաբերմունքով մեր երկիրը կտոր-կտոր բաժանելով` ուզում է, որ մենք զրկվենք մենք մշակույթից, մեր արմատներից: Մայրիկ կկուն ենք դարձել` անընդհատ ձագեր ենք տալիս: Չէ՞ որ այս վերջին տարիներին մեր առաջին հարվածը ստացան մեր կրթօջախները: Հարվածեցին Մայրենի լեզվին, եկեղեցուն: Այսօր ամբողջ եթերը լցվել է խուժան սերիալներով: Ոչ հայերեն խուժան բառերով, իտալական սցենարներով սերիալներ են ցույց տալիս: Իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ դրանով նրանք ուզում են մեզ զրկել մեր հայկական մշակույթից:
– Ընդդիմության պահվածքի մասին ի՞նչ կարծիք ունեք, որ հիմա փողոց են դուրս եկել եւ փորձում են փրկել մեր երկիրը:
– Ընդդիմությունն իր պահվածքի մեջ պետք է որոշակի լինի: Շարունակ կրկնելով` Նիկո՛լ, դավաճան, առանց Նիկոլ Հայաստան, ժեխեր` դրանով խնդիրը չես լուծի: Այն մարդիկ, որոնք սխալմամբ ընտրել են Նիկոլին, պետք է ընդդիմությունն իր կողմը ներգրավի, որպեսզի ավելացնի իր շարքերը: Եթե մարդուն` որը սխալմամբ ընտրել է Նիկոլին, ժեխ կամ բթամիտ են անվանում, այդ բթամիտն էլ հո իսկական բթամիտ չի՞: Ասում է` ինձ ժեխ են ասում: Ես ինչո՞ւ նրանց հետեւից գնամ: Եվ հետո շերտավորված է: Սկզբից դրեցին Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանն էլ` դե այսօր կպայքարենք, վաղը, մի ամիս հետո էլի կպայքարենք: Նիկոլը հասկացավ, որ սրանք պատրաստ չեն իշխանություն վերցնելու: Ընդդիմությունը պետք է կանչի պատասխանատվության, որպեսզի պատասխանի հարցերին` ինչ է նշանակում հողերը կտայինք առանց այս զոհերի, ի՞նչ է նշանակում Շուշին տխուր քաղաք է, ի՞նչ է նշանակում Սեւ լիճը լինի, թե չլինի, ի՞նչ է նշանակում մեր տղաների դիերը պարկերում, գերիները դեռ այնտեղ են, այստեղ խրախճանքներ եւ քեֆեր անել, միլիոններ ծախսել: Կամ ի՞նչ է նշանակում` նվազագույն աշխատավարձը վաթսունութ հազար, բայց այն բթամիտները միլիոններ ստանան: Պետք է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին հարց տալ` ինչո՞ւ է քո Ազգային ժողովի պատգամավորը ստանում այսքան, ինչի՞ համար, իսկ ուսուցիչը ստանում է այսքան` ինչի՞ համար: Պետք է կոնկրետացնեն հարցադրումները: Թե չէ փողոցում, երբ բղավում են դավաճան, կարծում եք ինքը չգիտի՞, որ դավաճան է:
– Կապիտուլյացիայից հետո շատ չե՞ն կոչումները:
– Ես չեմ տեսել մի երկիր, որտեղ պարտված երկիրն այսքան գեներալներ ունենա: ԱԻՆ-ի հրամանատարը տարավ հարյուր քսան հոգու գլուխ կերավ, բերեցին հերոսի, գեներալի կոչում տվեցին: Հիմա էլ ձերբակալել են: Կոչումներով, պարգեւներով չի կարելի պաշտոնական շոու ստեղծել: Պարգեւ պետք է ստանա վաստակ ունեցող մարդը: Ազգային ժողովը գործ չի անում, բայց պարգեւներ է ստանում: Ո՞նց կարելի է երկիր պահող զինվորը ստանա հարյուր հիսուն հազար դրամ, իսկ Նիկոլի թիկունքը պահող ոստիկանը` չորս հարյուր հիսուն հազար:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ