- 15/05/2022
«Երբ փոքր էի ծննդյանս օրն ինձ համար ամենալավ օրն էր».ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ
Այսօր սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ծննդյան օրն: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց նրա հետ:
–Պարոն Ղազարյան շնորհավորում ենք Ձեզ, Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ , մաղթում առողջություն և անսպառ ժպիտ:
-Շնորհակալություն…
–Սիրո՞ւմ եք նշել Ձեր ծննդյան օրը:
-Այդքան էլ չեմ սիրում… Երբ փոքր էի ծննդյանս օրն ինձ համար տոն էր: Աշխարհի ամենալավ օրն էր՝ նվերներ էի ստանում: Բայց քանի մեծանում ես սկսում ես արդեն մի քիչ չսիրել, որովհետև ասում ես՝ մի տարով էլ մեծացա: Ես չեմ էլ նշում ծննդյանս օրը: Այդ օրը կարող է կնոջս հետ գնանք մի տեղ նստենք: Հետո որ թոռնիկ ունեմ, նա էլ է Աշոտ Ղազարյան իր ծնունդն ենք նշում: Իմն այնքա՜ն ենք նշել…Եթե կլոր ամյակ է դա ուրիշ բան: Այն էլ ես չէ՝ ինչ որ կազմակերպիչներ իմ թույլտվությունը վերցնում են ու անում են:
–Ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ:
-Հիշո՞ւմ եք «Մեր բակի» մեջ ասում էի՝ թանկ նվեր շատ եմ սիրում, չէ՜ թանկ չէ՝ նայած ոնց են տվել ու ով է տվել այդ նվերը: Մի ժամանակ բլոկնոտներ էի շատ սիրում: Տասնյակներով բլոկնոտներ ունեմ, որ չեմ էլ օգտագործել ու երևի չեմ էլ օգտագործի, բայց սիրում եմ:
–Երբ ողջ էր Ձեր մայրն այդ օրն ինչպե՞ս էիք նշում:
– Մենք նշում էինք մամայիս ուրախություն պատճառելու համար, որ ինքը բոլորին միանգամից տեսնելու էր՝ իրար գլխի հավաքված: Շատը մամայի համար էինք անում: Տանն էինք նշում: Ով գիտեր գալիս էր: Իսկ եղբայրներս ու քույրս պետք է պարտադիր ներկա լինեին: Մաման ուրախանում էր դրանով:
–Ձեր մայրիկի պատրաստած ամենահամեղ ուտեստը, ո՞րն էր:
–Խաղողի տերևով տոլման և սպասը, որը ես կնոջս ասացի՝ ինչ ուզում ես սովորի, բայց մամայիս պատրաստած տոլման մեկ էլ սպասը սովորի: Ու կինս երկուսն էլ ճիշտ մամայիս նման պատրաստում է:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.ԳՀարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի
երեքշաբթի օրվա համարում: