• 25/05/2022

ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ ԿԴԱՌՆԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆԸ

ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ ԿԴԱՌՆԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆԸ

Եվ այսպես, Հայաստանը գործնականում մտավ իր պատմական ամենադժնդակ ժամանակահատվածներից մեկը: Սրա անալոգը, թերեւս, 1920 թվականն էր, երբ մեր այն ժամանակվա իշխանությունները, արեւմտյան բացահայտ հրահանգով, «եղբայրանում» էին թուրքերի հետ: Ու նրանց «պարտքի զգացողությունն» այնքան մեծ էր, որ անգամ իշխանություն տալով, վազեցին Ալեքսանդրապոլի պայմանագիր ստորագրելու, որը երկրի մահախոսականն էր:

ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ

Մեր օրերում գործնականում նույնն է: Էլի Արեւմուտքի բացահայտ թելադրանքով «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւով փորձեցին ողջ Արցախը հանձնել: Չհաջողվեց, վերջին պահին ռուսական բանակը թույլ չտվեց: Ու հիմա նույն բանն անում են փաստաթղթի տեսքով՝ էլի թուրքի հետ «եղբայրանալու» արդեն անթաքույց դարձած կոչերով: Միայն թե ակնհայտորեն այդ փաստաթուղթը 100 տարի առաջ չհաջողված Ալեքսանդրապոլի պայմանագրի կրկնությունն է, այսինքն՝ Հայաստանի մահախոսականը:
Կհաջողվի՞ այս անգամ Հայաստանը ոտով-գլխով թուրքական վիլայեթ դարձնելու անգլոսաքսոնական ծրագրերը կյանքի կոչել: Թերեւս, այս հարցի պատասխանն արդեն ոչնչով Հայաստանից կախված չէ: Պարզ պատճառով. գործող իշխանությունն այդ ծրագրի օգտին է աշխատում, թիվ 1 ընդդիմություն կոչվածն անհասկանալի է, թե ինչով է զբաղված, իրավիճակը հասկացող եւ պոտենցիալ ունեցող անհատները շատ օրինակներով արդեն մտածում են թողնել-գնալու մասին, ժողովուրդն էլ այս համատարած ավանտյուրաների մեջ խճճվելով ու չկարողանալով ճիշտ ուղին գտնել, գնում է «խարակիրիի» ճանապարհով: Ունենք փակ օղակ, որը, հուսանք, հրաշքով ինչ-որ պահի, ինչ-որ կետում կկոտրվի, որի դեպքում կունենանք այլ պատկեր: Այս պահին պատկերը դա է՝ մեզանից որեւէ կերպ մեր ճակատագիրը կախված չէ:
Միգուցե պարադոքսալ թվա, բայց ասել, թե Ադրբեջանի վիճակը մեզանից մի քանի գլխով գերադասելի է, էլի տեղին չէր լինի: Իհարկե, Բաքուն անհամեմատ ավելի լայն մանեւրականություն ունի, եւ որ ամենակարեւորն է, ռեսուրսներ, չոչնչացված բանակ, վերջապես՝ պետության մասին մտածող ղեկավարություն, եւ դա Հայաստանի համեմատ էական առավելություններ տալիս է: Սակայն ամբողջ հարցն այն է, որ այս փուլում Ադրբեջանը Հայաստանի դեմ չէ, որ պայքարում է, այլ մեր պես վերածվել է համաշխարհային գիգանտների միջեւ կռվախնձորի, եւ այս տեսանկյունից մեր երկրի համեմատ ունեցած ռեսուրսային առավելությունները էական չեն: Չնայած, այդ խաղում շատ կարեւոր է, նույնիսկ, այսպես ասենք, «ջոկերի» դեր ունի, թե ինչպես է իրեն դրսեւորում երկրի ղեկավարությունը, եւ այս տեսանկյունից Հայաստանի հետ համեմատած Ադրբեջանի առավելությունն ակհայտ է:
Կարճ ասած, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ապագան կախված է նրանից, թե որ գերուժի ուղղությամբ կկառուցեն իրենց աշխարհաքաղաքական վեկտորը, եւ խաղավարտին այդ ուժն ինչ դիրքերում կհայտնվի: «Եռակողմ ձեւաչափի» շրջանակներում առաջին դեմքերի մակարդակով հանդիպման փոխարեն նախապատվությունը տալով Բրյուսելին, Նիկոլը հերթական անգամ ցույց տվեց, որ ոչ միայն իր թիմի բազում ներկայացուցիչներ, այլ անձամբ իր համար եւս նախապատվելին եղել եւ մնում է արեւմտյան վեկտորը: Իսկ ահա Ալիեւը, ինչպես միշտ, այս դեպքում եւս շատ ավելի խելամիտ գործեց՝ Բրյուսելում հանդիպելու մեղքը ի սկզբանե բարդելով Նիկոլի վրա: Իհարկե, նման պարզունակ տրյուկը Մոսկվային խաբելու իմաստ չուներ. այնտեղ, իրականում, լավ գիտեն, թե ով ինչ է շնչում-արտաշնչում: Սակայն Ալիեւի նման ժեստը այլ իմաստ ուներ. դա պարզ ազդակ էր Մոսկվային, որ Բաքուն դեռ վերջնական աշխարհաքաղաքական ընտրություն չի կատարել:

ԱԼԻԵՎԸ ԿՀԵՏԵՎԻ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Բայց մյուս կողմից էլ, որոշումները, որոնք ընդունվեցին Բրյուսելում եւ հնչեցվեցին Շառլ Միշելի կողմից, Մոսկվայում, իհարկե, ընկալվում են՝ որպես անձամբ Պուտինին «գցելու» փորձ: Մոսկվան, ընդհանուր առմամբ, դեմ չլինելով ինչպես հայ-ադրբեջանական սահմանազատմանը, այնպես էլ՝ «խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթղթին, մեկ նախապայման ունի, որն ի ցույց դրվեց դեռ 2020թ. նոյեմբերի 9-ին՝ Արցախ զորք մտցնելով եւ հետագայում քանիցս ֆիքսվեց ռուսական պատկան պաշտոնյաների կողմից: Այն է, Հայաստան-Ադրբեջան այդ գործընթացները չեն վերաբերում Արցախին, եւ արցախյան հակամարտությունը կհամարվի ավարտված, երբ դա կասի Մոսկվան: Իսկ մինչ այդ, ռուսական բանակը պետք է մնա այնտեղ: Եվ հաշվի առնելով, թե ինչ անառարկելի տոնայնությամբ ռուսները մտան Արցախ, էն գլխից պարզ էր, որ դուրս գալու միտք չունեն ո°չ այնտեղից եւ ո°չ էլ՝ Հայաստանից: Ավելին, չմոռանանք, որ ՌԴ-ն Հարավային Կովկասը ներկայացրեց նույնպիսի «կարմիր գիծ», ինչպիսին Ուկրաինան է, եւ դա ակնարկ էր, որ անհրաժեշտության դեպքում նաեւ ռազմական միջոցներով այստեղ կպաշտպանի իր շահը: Եվ այս հանգամանքն առաջին հերթին Ալիեւն է, որ պետք է աչքաթող չանի:
Այսպիսով, կփորձի՞ Ալիեւը մինչեւ վերջ առաջ գնալ Բրյուսելի պայմանավորվածությունների ուղղությամբ: Արեւմուտքից այդ հարցում, իհարկե, կստանա բարոյական աջակցություն, բայց երեւի միայն դա: Հիմնական հույսը, իհարկե, Թուրքիան է, եւ պատահական չէ, որ Բրյուսելից վերադառնալուն պես Ալիեւը կապվեց «մեծ եղբոր» հետ: Էրդողանի համար էլ, ինչ խոսքը, միանգամայն ձեռնտու կլիներ, որ Բրյուսելի պայմանավորվածությունները կյանքի կոչվեին: Դա նրան տալիս է «Թյուրքական միջանցք», մի քանի քայլով բարձր աշխարհաքաղաքական դիրք եւ այլն: Սակայն նաեւ Էրդողանն է պարզ գիտակցում, որ դրա միակ ճանապարհը ռուսների հետ ուղղակի բախման մեջ մտնելն է՝ եւ միգուցե ոչ միայն ռուսների:
Այսպիսով, պատրա՞ստ է Էրդողանն այդ հակամարտությանը, որին, ի դեպ, տեւական ժամանակ Արեւմուտքը նրան մղում է: Եթե պետք է ՌԴ-ի դեմ դուրս գա միայն սեփական ուժերով, ապա դրան գնալու հարցում Էրդողանն աչքի առաջ ունի նախ՝ Ուկրաինայի օրինակը: Ճիշտ է, միգուցե Էրդողանը Թուրքիան ռազմական տեսանկյունից համարում է շատ ավելի լուրջ ուժ, քան Ուկրաինան ¥հարց է, նա ճի՞շտ է¤, բայց նաեւ պետք է որ գիտակցի, որ ՌԴ-ն էլ Թուրքիայի դեմ պատերազմի պարագայում չունի այն մի շարք հասկանալի արգելակները (այդ թվում՝ խաղաղ բնակչությանն առավելագույնս հարվածներից զերծ պահել), եւ Թուրքիայի դեմ կգործադրի շատ ավելի լուրջ միջոցներ: Չբացառենք, մինչեւ իսկ տակտիկական միջուկային լիցքեր, որոնց դիմակայելու որեւէ շանս Էրդողանը չունի: Գումարած, այս իրավիճակում պարապ չի մնա նաեւ սիրիական բանակը, քրդերն անպայման կփորձեն օգտվել առիթից, իսկ Իրանը մեծ ցանկություն կունենա իր տարածաշրջանային հիմնական մրցակցին դարձնել անմրցունակ: Եթե ԱՄՆ-ն սեփական դեմքով նման բախման դեպքում ներգրավվի, միգուցե Էրդողանը որոշի ռիսկի գնալ:

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՈՐՈՇԻ ԹՇՆԱՄԱՆԱԼ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ

Կարող ենք ֆիքսել, որ Հարավային Կովկասում սպասվող զարգացումները կախված են երկու գործոնից: Նախ, որպեսզի Ադրբեջանը որոշի դեմ գնալ ռուսներին, պետք է անպայման ստանա Թուրքիայի «դաբրոն»: Իսկ ահա Թուրքիան, որպեսզի ուղիղ բախման մեջ մտնի ռուսների հետ, պետք է ունենա ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի ուղղակի օգնությունը՝ բոլոր առումներով: Ամբողջ խնդիրն այն է, թե Էրդողանն ԱՄՆ-ի վրա կարո՞ղ է հույս դնել, երբ այս աստիճան սրվել են հակասությունները:
ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության այս վերջին պատմությունը թերեւս այն փորձասյունն է, որով Էրդողանը կկարողանա հստակ պարզել՝ կարո՞ղ է ԱՄՆ-ի վրա հույս դնել: Այսպես, Անկարան նախօրեին ներկայացրեց այն նախապայմանները, որոնք բավարարելու դեպքում միայն կհրաժարվի այդ հարցով իր վետոյից: Ներկայացված է 5 պահանջ.
1. Ահաբեկչության աջակցության դադարեցում (Քրդական բանվորական կուսակցություն եւ Ֆեթուլլահ Գյուլենի շարժում),
2. Ահաբեկչության (նաեւ քրդերի) ֆինանսավորման դադարեցում,
3. ՔԲԿ-ին զենքի մատակարարման դադարեցում,
4. Թուրքիայի դեմ զենքի էմբարգոյի վերացում,
5. Համաշխարհային համագործակցություն ահաբեկչության դեմ:
Դժվար չէ հասկանալ, որ այս պահանջները ներկայացվում են ոչ թե Շվեդիային եւ Ֆինլանդիային, այլ՝ ԱՄՆ-ին: Ավելի կոնկրետ, տողատակերում Վաշինգտոնին ուղղված հստակ պահանջ կա՝ ձեռք քաշել քրդերից եւ Գյուլենից: Կբավարարի՞ Վաշինգտոնն այդ պահանջները. քիչ հավանական է: Նախ, քրդերի հետ կապված՝ ԱՄՆ-ն ունի լրջագույն հաշվարկներ: Այդ թվում, ապագա Քուրդիստանը կարող է դառնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հիմնական եւ միգուցե՝ միակ հենման կետը: Նաեւ հաշվի առնելով, որ Մերձավոր Արեւելքի մյուս դաշնակիցների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ¥էրդողանական¤ եւ մինչեւ իսկ Իրաքի հետ հարաբերություններն աչքի առաջ զրոյանում են: Երկրորդը. քրդերն ու Գյուլենը հենց այն ուժերն են, որոնց հաշվին Վաշինգտոնը հաշվարկում է առաջիկա ընտրություններում լուծել այսքան ինքնուրույն դարձած Էրդողանի հարցը: Ընդ որում, Վաշինգտոնում հաստատ պարզ գիտակցում են, որ քրդերի հարցը լուծելու եւ գալիք ընտրություններում հաղթելու դեպքում Էրդողանը վերջնականապես դուրս կգա ամեն մի վերահսկողությունից՝ Թուրքիան վերածելով երկրորդ Իրանի:
Մինչդեռ քանի դեռ Էրդողանը չի լուծել քրդական խնդիրը, Ռուսաստանի դեմ դուրս գալը նրա համար մնում է խիստ վտանգավոր: Եվ ընդհակառակը, կարող է հենց ռուսների վրա հենվելով, քրդական խնդրին լուծում տալու փորձեր ձեռնարկել: Այս օրերին Անկարան խոսում է Իրաքի եւ Սիրիայի քրդական հատվածում էլ ավելի խորը ռազմական ներխուժման մասին, որը, իհարկե, Վաշինգտոնում կընդունեն, որպես հերթական թշնամական քայլ, բայց նաեւ առանց ռուսական «դաբրոյի» նման քայլի Էրդողանը հազիվ թե գնա:
Կարճ ասած, գոնե այս պահին ռուսների հետ բախումը հազիվ թե Էրդողանի հաշվարկների մեջ լինի: Առավել եւս, որ մեկ առանցքային գործոն եւս պետք է բոլորը հաշվի առնեն: Այսպես, նախօրեին Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հերթական ցնցող հայտարարությամբ հանդես եկավ: Թե, Վաշինգտոնը պատրաստ է մասնակցել Թայվանի պաշտպանությանը «ներխուժման դեպքում»: Կարճ ասած, եթե Չինաստանը որոշի իրեն պատկանող Թայվան մտնել, ԱՄՆ-ն կմտնի ռազմական գործողությունների մեջ: Չինաստանի արձագանքը, հասկանալի է, չուշացավ, թե՝ բախտներդ փորձեք: Վաշինգտոնում էլ նույնքան արագ սկսեցին հասկանալ, որ անկախ նրանից, թե դա Բայդենի հերթական «ծերունական մառազմն» էր, թե՝ հաշվարկ, սակայն նա գրեթե պատերազմ հայտարարեց Չինաստանին, եւ փորձեցին մեղմացնել իրավիճակը՝ պարզաբանելով, որ ԱՄՆ-ի առաջնորդը նկատի ուներ կղզու ինքնապաշտպանության համար զենքի մատակարարումը:
Իհարկե, իրականում այստեղ խնդիրն այն չէ, թե իրականում ով ինչ հայտարարեց, քանի որ իրավիճակը միանգամայն հասկանալի է: Այն է՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի խնդիրները հասել են սրության այն աստիճանին, որ իրավիճակը կարող է ցանկացած պահի պայթել: Ընդ որում, սա միանգամայն սպասելի էր, որը վերջերս ներկայացնելու առիթ ունեցել ենք: Այսինքն, որ ԱՄՆ-ն արդեն ժամանակ չունի, Չինաստանը տնտեսական հարթակում աչքի առաջ շրջանցում է ԱՄՆ-ին, եւ եթե օր առաջ դրա դեմը Վաշինգտոնը չառնի, հետեւանքները կարող են ԱՄՆ-ի համար վատթարագույն տեսքով լինել: Բայդենն էլ, միգուցե նաեւ «ծերունական մառազմից» ելնելով, ի ցույց դրեց այն, որը, թերեւս, դարձել է Սպիտակ տան ամենօրյա քննարկումային թեման:
Ու խնդիրն այն է, որ նման իրավիճակում Վաշինգտոնը ստիպված է կենտրոնացած մնալ ռուսական ուղղության վրա, ավելին, դեռ մի բան էլ մտածի, թե ինչպես է Չինաստանից 40 միլիարդ դոլար պարտք վերցնելու՝ Ուկրաինային տալու համար: Նաեւ, թե ինչպես են այդ Ուկրաինային թալանելու՝ 20 միլիոն տոննա հացահատիկը հանելով, ընդ որում, չունենալով համապատասխան կոմունիկացիաներ. ծով է պետք, որը ռուսների լիակատար վերահսկողության տակ է: Եթե ոչ, ապա հենց արեւմտյան վերլուծաբաններն են կանխատեսում՝ արդեն առաջիկա ամիսներին կստանան սննդամթերքի գների 20-30 տոկոսանոց թանկացում, որը մի կողմից՝ հերթական ծանր հարվածը կհասցնի դոլարին, մյուս կողմից, օր օրի տապալվող Բայդենի վարկանիշը վերջնականապես կզրոյացնի: Մինչդեռ աշնանը Կոնգրեսի ընտրություններ են: Իսկ ահա ռուսներն էլ այս օրերին սկսել են «կաթսաներ» փակել՝ գրոհելով մի շարք առանցքային քաղաքներ՝ Լիման, Ավդեեւկա, Լիսիչանսկ, Սեւերոդոնեցկ: Ու դրանք գրավելու դեպքում՝ պատերազմի ելքը գործնականում դառնում է որոշված:

Ահա, այս խառը վիճակում Բայդենը ստիպված է նաեւ Չինաստանի հետ հակամարտությունն առաջին պլան մղել, որը, չմոռանանք, միայն նպաստում է Մոսկվայի եւ Պեկինի դաշնակցության ամրացմանը: Բայց, կրկնենք, այլ տարբերակ Բայդենը պարզապես չունի, Չինաստանի հարցը պետք է օր առաջ լուծել: Միայն թե լուծման ճանապարհն այն աստիճան վտանգավոր է, որ Բայդենի հայտարարածն անմիջապես էլ ստիպված եղան վերաշարադրել:Վերադառնալով Էրդողանին՝ նկատենք, որ այդ «փորձառու աղվեսը» իհարկե, պարզ գիտակցում է, որ աշխարհի մասշտաբով է փոխվում ուժային բալանսը: Այս իրավիճակում գնալ ռուսների դե՞մ, երբ անգամ ԱՄՆ-ն ամեն օր վախվորած հայտարարում է՝ մենք ՌԴ-ի հետ պատերազմ չենք ուզում: Ճիշտ է, Ուկրաինայում պատերազմը ընթանում է ոչ այն կայծակնային տեմպերով, որի մասին առաջ ընկած խոսում էին արեւմտյան վերլուծաբանները, բայց փաստն այն է, որ անգամ ամերիկյան «Forbes»-ն է տեղեկացնում, որ այս պահին ռուսները վերահսկում են Ուկրաինայի տարածքի 20%-ը կամ մոտ 125000 քառակուսի կիլոմետրը, փետրվարի 23-ի դրությամբ 7%-ի (43 հազար քառակուսի կմ) փոխարեն: Իհարկե, այս բոլոր փաստերն Էրդողանը չի կարող իր հաշվարկներում հաշվի չառնել: Եվ այն, որ Թուրքիայից սկսեցին ազդակներ հնչել ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին, իհարկե, պատահական չէ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ