• 26/05/2022

Ռուսաստանը մեր տարածաշրջանում և կոնկրետ Արցախի Հանրապետության տարածքում ստանձնում է անվտանգության երաշխավորի իր դերը.ԱՀ պատգամավոր

Ռուսաստանը մեր տարածաշրջանում և կոնկրետ Արցախի Հանրապետության տարածքում ստանձնում է անվտանգության երաշխավորի իր դերը.ԱՀ պատգամավոր

Արցախում  «Միասնական հայրենիք» կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ զարգացումների վերաբերյալ, մասնավորապես ընդգծելով. «Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումը, այդ թվում` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, առանց Ռուսաստանի միջնորդության գործնականում անհեռանկար է և անպտուղ»: Վերը նշվածի վերաբերյալ «Իրավունքը» խնդրեց որոշ փակագծեր բացել ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր ՍԵՅՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ, ով նկատեց.

-Մենք մեր հայտարարության մեջ հստակ նշել ենք, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում և կոնկրետ Արցախի Հանրապետության տարածքում ստանձնում է անվտանգության երաշխավորի իր դերը։ Նույն Եվրախորհրդի կողմից դա լուռ համաձայնությամբ ընդունվել է։ 44 օրյա պատերազմում ոչ մեկ չի խոսել արցախահայության ինքնորոշման ու մյուս մարդասիրական հարցերից, այն հանցագործություններից, որը կատարել է Ադրբեջանն Արցախի հանդեպ։ Ըստ իս՝ Ադրբեջանը հիմա այս էյֆորիայի տակ ցանկանում է մինչև վերջ գնալ, բայց չի հասկանում, որ այս իրավիճակում ունի միայն մեկ ելք՝ ճանաչել Արցախի անկախությունը և վերականգնել գոնե ԼՂԻՄ տարածքը։ Մյուս բոլոր դիրքորոշումները, որ նա ցուցաբերում է, հղի է նրանով, որ հայկական կողմը հասնելու է ռևանշի։ Դա ադրբեջանական կողմի համար շատ ցավալի է լինելու։ Եվրոպայում տեղի ունեցող քննարկումները կարող ենք համարել ժամանակ ձգել, այլ բան ես չեմ կարող ասել։ Եթե ինչ-որ մեկն ակնկալիք է ունեցել, որ այդ հանդիպման ընթացքում կարող է Արցախի կարգավիճակի հարց քննարկել, ուրեմն շատ կարճատես է ու միամիտ։ Մենք այդպիսի իլյուզիաներ չունենք, հստակ գիտենք՝ ինչը որտեղ է գտնվում ու ով ում շահերն է սպասարկում։ Մեր հայտարարության մեջ հստակ նշված է, որ Արցախի հարցով ցանկացած կարգավորում պետք է տեղի ունենա Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ։ Դուք այնտեղ տեսե՞լ եք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչներին։ Մենք մեր նախորդ հայտարարությունների մեջ էլ նշել ենք, որ քանի որ Արցախը չի կարողանում բանակցել, ցանկացած բանակցություն պետք է բխի Արցախի Հանրապետության ընտրված իշխանությունների ու ժողովրդի կարծիքը միանշանակ պետք է արտահայտվի։ Եթե դա չի արտահայտվում, ուրեմն բանակցություններն առ ոչինչ են։ Հայտարարության մեջ նաև նշված է, որ պետք է արցախյան կողմի հետ փորձեն ինչ-որ կարգավորման հասնել, բայց նրանց ապակառուցողական դիրքորոշումը դա թույլ չի տալիս։ Այդ դրսևորումներից մեկն էլ հանրապետության նախագահի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն է։ Մենք չենք տեսնում, որ Ադրբեջանը գնում է խաղաղության կամ ցանկանում է տարածաշրջանում իրավիճակը բերել խաղաղության դաշտ։

-Պարոն հայրապետյան, ի՞նչ կասեք սահմանազատման եւ սահմանագծման մասին:

-Ինչ վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, ապա դա երկարատև պրոցես է։Այս պահին դրանից վախենալ պետք չէ։ Այդ դելիմիտացիային ու դեմարկացիայի արդյունքում են պետությունները ճանաչում միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է այս ընթացքում մեր ռազմավարական գործընկերոջ հետ, ինչպես նաև այն բոլոր գործընկերների հետ, որոնք շահագրգռված են Արցախի ու Հայաստանի կայունությամբ, իրականացնել համապատասխան աշխատանքներ, ամրապնդել մեր բանակը ինչպես արցախյան, այնպես էլ հայաստանյան հատվածում։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ