- 03/06/2022
Հողատու իշխանություն, անհասկանալի ընդդիմություն, իսկ երկիրը` անդունդի եզրին
Եվ այսպես, ընդդիմությունը փորձեց հայաստանյան խորհրդարանի (չզարմանաք, Հայաստանում նման բան էլ կա) դատին ներկայացնել Արցախի եւ Թուրքիայի ուղղությամբ Նիկոլի գործողություններն արգելափակելուն միտված պաշտպանական հայտարարության նախագիծ: Նիկոլյան իշխանական խունտան էլ, ինչպես հայտարարել էր, նիստի չգնաց:
ՀԱՍԿԱՆԱԼԻ ՀԻՄՔ ԵՎ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ
Կարճ ասած, այդ հայտարարության չընդունելն էն գլխից էր գործնականում անխուսափելի, այսինքն` կարելի էր նաեւ չմտածել, թե ի՞նչ էր ուզում ընդունել ընդդիմությունը: Բայց չէ, դա սխալ է, թեկուզեւ այս առումով:
Այսպես, արդեն մեկ ամիս է, որ թիվ 1 խորհրդարանական ընդդիմության առաջնորդությամբ մարդիկ փողոց են դուրս եկել` առաջին հերթին ի պաշտպանություն Արցախի, որի միջոցներից մեկն էլ Նիկոլի հրաժարականին հասնելն է: Իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո, այդպես էլ մնում է մշուշոտ: Մի անգամ ընդհանրական թեզեր հայտնեցին, բայց դրանք այնքան անպատասխան հարցեր թողեցին, որ երեւի այդ պատճառով այլեւս այդ մասին չխոսվեց:
Բայց ահա հիմա, երբ խորհրդարանի դատին փաստաթուղթ է ներկայացվում, տրամաբանորեն, հենց դրանում պետք է տրվեն այդ հիմնական հարցի պատասխանը` ի՞նչ անել` Արցախը փրկելու համար:
Այսպես, թեեւ փաստաթուղթը ներկայացվում է ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների միասնական նախագծի տեսքով, բայց հաշվի առնելով, որ այն ԱԺ-ում ներկայացնող նշանակված Արմեն Ռուստամյանն է, ենթադրելի է, որ փաստաթուղթը հենց ՀՅԴ-ում էլ մշակվել է: Իսկ այս հանգամանքը արդեն հուշում է, թե մոտավորապես ինչի մասին է խոսքը:
Այսպես, պարոն Ռուստամյանը դեռ միայն օրերս` Հայաստանի առաջին հանրապետության տարելիցի կապակցությամբ իր ելույթում եւս մեկ անգամ հիշեցրեց Նիկոլին հասցեագրված հիմնական մեղադրանքները. «Ամենամեծ հաջողությունը, որն այսօր փորձում են մեր ձեռքից խլել, այն է, որ մենք Արցախյան ազատամարտով կարողացանք ունենալ 42 000 քառակուսի կիլոմետր հայկական վերահսկողության տակ անցած տարածք: Սա պարծանք էր մեր սերնդի համար: Սա պատմական մեծ հաջողություն էր, եւ եկավ այս իշխանությունը, 42 000 քառակուսի կիլոմետրից թողեց մոտ 32 000-ը ու դրանից հետո հարցնում է` ի՞նչ ենք արել մենք էս ազգի համար վատ, որ ուզում եք, որ մենք հեռանանք»: Սա հայտնի մեղադրանքն է` հողատվություն: Բայց այստեղ մեկ նրբերանգ պետք է հաշվի առնել. իսկ չէ՞ որ հենց այնպես չէ, որ «եկավ այս իշխանությունը», 2018թ.-ին Նիկոլը վարչապետի աթոռին նստեց նաեւ պարոն Ռուստամյանի առաջնորդությամբ` ՀՅԴ-ի ձայների հաշվին, ընդ որում, բանը հասավ միակ դեմ հանդես եկողին` Աղվան Վարդանյանին կուսակցությունից հեռացնելուն, եւ այս ամենի համար դեռ հստակ բացատրություն տրված չէ:
Ինչեւէ, հայտարարության նախագծի հիմքերը հասկանալի են, ասենք, մեկնաբանություններ կան նաեւ բուն նախագծում: Մասնավորապես, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են կոշտ հակահայաստանյան քաղաքականությունը, իսկ ահա մայիսի 23-ին Բրյուսելում կայացած Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո հասել ենք այն վտանգավոր սահմանագծին, որից հետո կարող ենք ունենալ անդառնալի կորուստներ: Ուստիեւ, ըստ նախագծի հեղինակների, պետք է հստակ մատնանշվեն այն «կարմիր գծերը», որոնցից այն կողմ նիկոլյան իշխանությունները նահանջելու որեւէ իրավունք չեն ունենա: Միանգամայն հասկանալի եւ ընդունելի տեսլական է: Բայց դրան հասնելու միջոցներն արդյոք ռեա՞լ են:
Որպես քայլեր` նախագծում նախատեսվում է հետեւյալը: Նախ, որ Հայաստանի համար անընդունելի է արցախյան հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ, որի արդյունքում Արցախը կմնա Ադրբեջանի կազմում: Սա միանգամայն հասկանալի է, հենց այս հիմնական պահանջն է դրված ընդդիմության ներկա շարժման հիմքում:
Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԵՌԱԿՈՂՄ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՀԵՏ
Բայց ահա երկրորդ դրույթը որոշ հարցերի տեղիք տալիս է: Այն է. «Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ ՀՀ-ի եւ ԱՀ-ի միջեւ` բացառելով վերջինիս անկլավային միջանցքը»: Լավ գաղափար է, միայն թե այս դեպքում արդյոք Մոսկվան հարց չի՞ ունենա, թե` «Մի՞թե ներկայիս կապը հուսալի չեք համարում»: Այսինքն, ռուս խաղաղապահների ներկայությո՞ւնն է այն դարձնում ոչ բավարար հուսալի, կամ միգուցե պետք է միջանցքի լայնությունն ավելացնել` էլի ռուս խաղաղապահների ներկայության պայմաններո՞ւմ: Այսինքն, առնվազն մեկնաբանության, դետալավորման կարոտ առաջարկ է: Առավել եւս, որ, չմոռանանք` ներկայիս միջանցքային կապը ֆիքսված է նաեւ հոկտեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում: Այսինքն, ինչպես Մոսկվան, այնպես էլ Բաքուն, եթե հանկարծ ՀՀ ԱԺ-ն նման հայտարարությամբ հանդես գա, անմիջապես կփորձեն պարզել` սա համաձայնագրի տվյալ կետը փոխելու առաջա՞րկ է, թե համաձայնագրից առհասարակ հրաժարվելու ակնարկ:
Ու այդ վերջին հարցն անպայման կառաջանա, հաշվի առնելով, որ առաջարկվող հայտարարության մեկ այլ դրույթ եւս նույն հարցականն է առաջ բերում: Այն է. «ՀՀ-ն Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրականացման երաշխավորն է` բոլոր բաղադրիչներով»: Ներկայիս փաստը, անկախ նրանից, թե հայաստանյան որ քաղաքական ուժն ինչ մոտեցում ունի, սա է` եռակողմ համաձայնագրով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովողը, այն է` երաշխավորը Ռուսաստանն է` ի դեմս խաղաղապահ առաքելության: Այսինքն, այն ֆունկցիան, որը Հայաստանն ուներ մինչ 2020թ. սեպտեմբերը, հիմա փաստացի պարզապես չկա, ինչ գեղեցիկ խոսքեր էլ որ ուզենք այդ առնչությամբ հնչեցնել: Ու հիմա, եթե ընդունենք, որ Հայաստանը ցանկանում է իր այդ ֆունկցիան վերականգնել, ինչքան էլ որ դա ցանկալի է, որքանո՞վ է իրատեսական, եւ ի՞նչ է դա պահանջում: Առաջին հերթին նորից նույն պատմությունն է` պետք է նոյեմբերի 9-ի համաձայնագրի համապատասխան դրույթները կա°մ փոխել, կա°մ հարկ է հրաժարվել համաձայնագրից (այսինքն, այս հարցը, կրկնենք, Մոսկվան եւ Բաքուն անպայմանորեն կտան): Համաձայնագրի տվյալ դրույթները փոխելու համար նոր եռակողմ պայմանավորվածություն է պետք, ինչը գործնականում բացառվում է: Մնում է համաձայնագրից դուրս գալու եւ սեփական ուժերով Արցախի անվտանգության երաշխավորը դառնալու տարբերակը: Ու այստեղ շատ պարզ այլ հարց է օրակարգ գալիս. իսկ Հայաստանն այդ պոտանցիալը, որը 1990-ականների սկզբներին կարողացավ գտնել, հիմա ունի՞: Եթե ոչ, ապա նման փորձը կդառնա Հայաստանի ոչնչացումը: Հաշվի առնելով նաեւ, որ եռակողմ համաձայնագրից դուրս գալով, Հայաստանը նաեւ Ռուսաստանին է դեմ գնալու, եւ այդ պարագայում մտածել, թե վերջինս կօգնի, որ մեր երկիրը վերականգնի Արցախի անվտանգության երաշխավորի իր կարգավիճակը, առնվազն ջայլամություն կլինի: Կամ միգուցե ընդդիմությունն ունի Արցախի անվտանգության երաշխավորի դիրքի վերականգնման մեկ այլ տարբերակ, որը շրջանցո՞ւմ է եռակողմ համաձայնագիրը: Եթե այո, պետք է բացատրել, քանի որ հանրությունն այս միանգամայն հասկանալի եւ ընդունելի, բայց իրականացման առումով հարցեր առաջացնող գաղափարի տակ կարող է տեսնել նոր պատերազմի ռեալ վտանգ: Ու մեծ հարց է, թե այդ դեպքում «լաոն կզարթնի±»:
Մնացած հարցերը վերաբերում են սահմանազատում-սահմանագծմանը, Թուրքիայի հետ հարաբերություններին, այդ գործընթացում Հայաստանի շահերի պաշտպանությանը, որոնք հիմնականում ընկալելի եւ իրագործելի են: Թեեւ որոշ դրույքներ շտկման կարիք ունեն: Օրինակ` այն մոտեցումը, թե` «Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միմյանց հետ շաղկապված չեն»: Իսկ Թուրքիան հակառակն է ասում, թե` «շաղկապված են»: Ու ինչպե՞ս ենք պատրաստվում Անկարային ստիպել, համոզել, խնդրել, թե` չէ, «շաղկապված չեն», մնում է անհասկանալի:
ՇԱՌԼ ՄԻՇԵԼԸ ՆՈՐԻՑ ԻՐԵՆ ՀԻՇԵՑՐԵՑ
Բայց այսքանով հանդերձ, որոշ դրույթներ, որոնք տրամաբանորեն պետք է տեղ գտնեին այդ նախագծում, վրիպել են հայտարարության հեղինակների աչքերց:
Օրինակ, բացատրական մասում միանգամայն տեղին ներկա խնդիրների պատճառների մեջ մատնանշելով Բրյուսելի հանդիպումը, այն է` «Բրյուսելի ձեւաչափը», այնուամենայնիվ, այդ մասին, որպես հայտարարության դրույթներ, մատնանշումներ չկան: Թեկուզեւ այն, որ դա արհեստական բանակցային ձեւաչափ է, դրա ընթացքը նպաստում է բացառապես Ադրբեջանի շահերին, եւ Հայաստանի համար «կարմիր գիծ» է նաեւ այդ ձեւաչափով հետագա ամեն մի բանակցություն: Ընդ որում, հաշվի առնելով նաեւ այն հիմնավորված փաստը, որ «Բրյուսելի ձեւաչափ» կոչված համակարգն իրականում շատ մտահոգիչ խորքային նպատակ է հետապնդում` Հայաստանից եւ Արցախից դուրս մղել ռուսական զորքերին: Զուգահեռաբար, որպես «կարմիր գիծ», պետք էր հենց դա ֆիքսել, որ ռուսական այդ զորքերն այս ծանրագույն իրավիճակում ոչ թե միայն Արցախի, այլ նաեւ` Հայաստանի անվտանգության երաշխավորն են, եւ նիկոլյան խունտան իրավունք չունի այդ զորքերին դուրս մղելու որեւէ քայլ կատարել:
Կարճ ասած այն, որ այս պահին Արցախի շուրջ եւ ողջ Հարավային Կովկասում ընթանում է ծանր աշխարհաքաղաքական պայքար, եւ մեր բոլորի ապագան կախված է այդ պայքարից, թերեւս որեւէ մեկը չի հերքի: Ու հենց դա էր պետք ընդգծել, նաեւ հստակ աշխարհաքաղաքական դիրքորոշում հայտնելով: Թե, Նիկոլին վտարելու եւ իշխանությունը նրանից վերցնելու դեպքում Հայաստանն այս-այս ուղղությամբ է շարժվելու: Ու քանի դեռ դա չկա, ապա նաեւ աշխարհաքաղաքական տեսանկյունից են «լաոյին արթնացնելու» փորձերը մնում թերի: Ի վերջո, կրկնենք, խոսքը ընդամենը հայտարարության մասին չէ, որն ակնհայտորեն չի էլ քննարկվելու: Այդ փաստաթուղթը նշանակում է դիրքորոշում, որը հայտնվելու է բոլոր խաղացողների ուշադրության կենտրոնում, եւ մասնավորապես որից ելնելով էլ այդ խաղացողները պատկերացում են կազմելու` նպաստե՞լ, թե խանգարել դեպի այդ ծրագիր տանող առաջին քայլին` Նիկոլին հեռացնելուն: Ու քանի դեռ արտաքին ամենաառանցքային խաղացողները չեզոք են, Նիկոլն էլ կմնա իր աթոռին` սեփական ծրագրերն առաջ տանելու հնարավորությամբ հանդերձ:
Մինչդեռ այդ ծրագրերը մնում են առավել քան մտահոգիչ, հաշվի առնելով նաեւ այս նոր գործոնները: Առաջինը, ինչպես հայտնի է, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հեռանում է: Եվ ահա, շրջանառվում են լուրեր, որ նրան փոխարինող կարող է դառնալ Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Ալան Պերսելլը: Այսինքն, եթե Հայաստան են բերում ուկրաինական այդ աննախադեպ ավանտյուրայում թրծված մեկին, ապա դա ոչ մի լավ բան Հայաստանին չի խոստանում: Ավելին, դա ակնարկ է, որ ԱՄՆ-ն կարող է մեր տարածաշրջանում ՌԴ-ի հետ հակամարտությունը փորձել տանել հենց ուկրաինական սցենարով: Այսինքն այն, ինչը Թրեյսիին մասնակի հաջողվեց, հիմա կարող են փորձել ամբողջացնել նման նոր դեսպանի միջոցով:
Առավել եւս, որ սրանից էլ զատ, իր մասին հիշեցրեց Շառլ Միշելը` նաեւ հասկացնել տալով, որ «Բրյուսելյան ձեւաչափը» մնում է օրակարգում: Այսպես, Միշելն իր խոսնակ Բարենդ Լեյցի շուրթերով տարածեց հայտարարություն, թե` լավ է, որ սահմանազատման աշխատանքները սկսվել են, բայց պետք է արագացնել: Լեյցը տարածել է Միշելի այն միտքը, թե` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կայուն կարգավորման համար կարեւոր է լուծել բոլոր չկարգավորված խնդիրները, այդ թվում եւ ապագա «խաղաղության համաձայնագրի» շուրջ քննարկումների առաջխաղացումը եւ հակամարտության արմատական պատճառների վերացումը: Այո, հենց այդպես, ոչ թե «Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել», այլ` «հակամարտության արմատական պատճառները վերացնել»: Ըստ Լեյցի. «Նախագահ Միշելի կարծիքով` բոլոր առանցքային հարցերը, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաեւ 2020 թվականին վերսկսված ռազմական գործողություններին, պետք է կարգավորվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից` ստեղծելով պայմաններ հանուն տեւական ու արդար խաղաղության… Ի վերջո, ամենակարեւորն այն է, որ բոլոր հարցերին անդրադարձ է արվում համապարփակ կերպով` ներառելով բնակչության բոլոր խմբերի իրավունքներն ու անվտանգությունը…»:
Ու տեսնես, ըստ Միշելի, այդ որո՞նք են «հակամարտության արմատական պատճառները», որոնք պատրաստվում է «վերացնել»: Սույն եվրոպացի լիբերաստը գոնե հասկանո՞ւմ է, որ խոսքը առնվազն 100-ամյա հակամարտության մասին է, եւ պատճառն այն է, որ Ադրբեջանը փորձում է տեր դառնալ հայկական ծագումնաբանությամբ եւ բնակչությամբ Արցախին: Այսինքն, հակամարտության «պատճառը» Արցախի այդ բնակչությունն է, որը ոչ մի կերպ չի ուզում Ադրբեջանի կազմում ապրել: Դա՞ է վերացնելու, այսինքն` Արցախի բնակչությա՞նը: Ասենք, հաշվի առնելով, որ հերթական անգամ ո°չ «Լեռնային Ղարաբաղ» է արտաբերում, ո°չ էլ` «Ղարաբաղի ժողովուրդ» ու ինչքան էլ որ փորձում է իր «էթնիկ բնակչությունը» փոխարինել «բնակչության բոլոր խմբերի իրավունքներով ու անվտանգությունով», իմաստը չի փոխվում: Կարճ ասած` այն, որ «Բրյուսելի ձեւաչափ» կոչվածի միակ իմաստն Արցախը ոտքով-գլխով եւ հնարավորինս արագ Ադրբեջանին հանձնելն է, որեւէ տարակուսանք չի առաջացնում: Դե, կուղարկեն նաեւ Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպանին, որ Միշելը մենակ չմնա:
Հենց սրա դեմն է պետք այս պահին առնել` Նիկոլին հեռացնելով: Բայց, կրկնենք, ընդդիմության գոնե այս առաջարկների մեջ դա տեսանելի չէ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ