- 20/06/2022
Գերմանիան գաղտնի դիմել է Ռուսաստանին Ուկրաինայի հարցով. Foreign Policy
Գերմանիան դեմ է Ռուսաստանի «նվաստացմանը» և պատրաստ է դրա համար անտեսել Ուկրաինային օգնությունը, գրում է Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի փորձագետ Պիտեր Ռաֆը Foreign Policy ամսագրի համար նախատեսված հոդվածում։ Նրա կարծիքով, դրա մասին են վկայում «գաղտնի բանակցությունները», որոնք իբր Բեռլինը վարում է Մոսկվայի հետ։
«Այն փաստը, որ Բեռլինը ողողված է Ռուսաստանի հետ գաղտնի բանակցությունների մասին լուրերով, վկայում է այն մասին, որ Գերմանիան նախընտրում է հիասթափեցնել Ուկրաինային, քան նվաստացնել Ռուսաստանին, ինչ էլ որ դա նշանակի», – ասել է Ռաֆը:
Վերլուծաբանը կարծում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հավանաբար, կիսում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը հակամարտության դիվանագիտական լուծման վերաբերյալ։
«Իհարկե, Շոլցը այնքան հեռու չգնաց, որքան Մակրոնը, ով առաջարկեց Ուկրաինային` զիջել տարածքի մի մասը և Արևմուտքին զգուշացրեց Ռուսաստանին «նվաստացնելու» մասին։ Սակայն գերմանական արձագանքը էսկալացիային՝ դիվանագիտական փոխանակումների կառուցման տեսքով, ինքնին խոսուն է»,- նշել է փորձագետը։
Ռաֆը ուշադրություն է հրավիրել ռազմական օգնության աննշանության վրա, որը Բեռլինը տրամադրում է Կիևին։
Հաղորդվում է, որ Շոլցը նաև հետ է կանգնում Լիտվայում հավելյալ զորքեր տեղակայելու իր խոստումից՝ որպես Բալթյան երկրներում Ռուսաստանին զսպելու ՆԱՏՕ-ի ռազմավարության մաս: