- 02/07/2022
Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր «երկաթե վարագույր» է. Ֆինլանդիայի ԱԳՆ
Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն հայտարարել է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը ոչնչացվել է, և Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև նոր «երկաթե վարագույր» է առաջացել։
«Կարծում եմ՝ սա նոր իրականություն է։ Ես իսկապես կարծում եմ, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը ոչնչացվել է։ Սա նոր իրավիճակ է, նոր տիպի երկաթե վարագույր է առաջացել Ռուսաստանի և այլ երկրների միջև»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Հաավիստոն՝ դա կապելով Ուկրաինայում և Դոնբասում ռուսական ռազմական գործողության մեկնարկի հետ։
Նախարարն ասել է, որ ռուսական հատուկ գործողությունը «փոխել է անվտանգության միջավայրը» և մտահոգություն է հայտնել «միջուկային և քիմիական զենքի մասին անպատասխանատու խոսակցությունների կապակցությամբ»։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք որևէ մեկին չի սպառնացել միջուկային զենքով, Մոսկվայի մոտեցումը միջուկային զենքի հիպոթետիկ կիրառման հարցում հիմնված է բացառապես զսպման տրամաբանության վրա։ Միաժամանակ նշվել է, որ ընդհակառակը, մասնավորապես, բրիտանական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները փորձում են վախեցնել երկրի բնակչությանը Ռուսաստանի հետ մոտալուտ միջուկային պատերազմով՝ նրանց ներքաղաքական խնդիրներից շեղելու համար։