- 07/07/2022
Ու նորից կասկածի տակ է հայ ժողովրդի «անվտանգությունն ու բարեկեցությունը»
Այն օրերին, երբ Նիկոլը Կանադայի վարչապետին հայոց եռագույնի գույներով գուլպաներ էր հրամցնում, առիթ ունեցանք զգուշացնել, որ դրա ձայնը դեռ հետո է գալու: Այն իմաստով, որ երբ սեփական դրոշիդ գույները վերածում ես ոտատակի փալասի, էլ ո՞ր մի այլազգին գոնե կոպեկի հարգանք կունենա քո երկրի հանդեպ:
«ՊԼԻՆՏՈՒՍԻ ՆԵՐՔԵՎԻՑ» ԷԼ ՑԱԾ
Եվ ահա, այդ մռայլ սպասելիքները արդարացան: Չնայած՝ վաղուց էին արդարացել. այն, որ Հայաստանի վարկանիշը եւ հեղինակությունը այս ընթացքում հայտնվել է «պլինտուսից ներքեւ» վիճակում, հայտնի բան է: Բայց ահա, այդ առումով «մի մուշտի էլ» Կանադայի վարչապետը, ավելի կոնկրետ՝ նրա արտգործնախարար Մելանի Ջոլին հասցրեց: Այսպես, խոսելով, թե ուզում են Հայաստանում դեսպանություն բացել, սույն աղջնակը պտտվեց–պտտվեց եւ որպես բացատրություն հասավ այն մտքին, թե. «Դիվանագիտական այս ընդլայնումը կօգնի Կանադային հատուկ արձագանքել անվտանգության սպառնալիքների աճող դեպքերին, ընդլայնել քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը՝ աջակցելու իր եվրոպացի դաշնակիցներին, հակազդելու Ռուսաստանի հարձակման հետեւանքներին Ուկրաինայի վրա եւ աջակցելու Հայաստանին նրա ժողովրդավարական զարգացման գործում»:
Մարդկային լեզվով ասած՝ Հայաստանում դեսպանատուն են բացում, որ այս ուղղությամբ եւս կռիվ տան Ռուսաստանի՝ մեր իսկ ռազմական, ռազմավարական, տնտեսական դաշնակցի դեմ: Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե դեսպանատներ բացում են կոնկրետ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու կամ գոնե կոնկրետ ինչ–որ մակարդակում պահելու համար: Բայց չէ, պարզվում է, որ Հայաստանի պարագայում դեսպանատուն բացում են, որպես երրորդ երկրի (դեռ դաշնակից ասվածն էլ մի կողմ թողնենք) դեմ հարձակողական պլացդարմ: Ընդ որում, դա հայտարարում են բացահայտ, որով մեր «պլինտուսից ներքեւ» վարկանիշը մտցնում են «գետնի օխտը ղաթը»:
Սակայն անգամ դա չէ ամենաահավորը: Նման լկտիություններ մեր օրերի միջազգային հարաբերություններում շատ են լինում, եւ, որպես կանոն, իր հանդեպ անգամ կոպեկանոց հարգանք ունեցող երկրներն անմիջապես տեղն են նստեցնում նմաններին: Իսկ ահա Հայաստանի ԱԳ նախարարը, փոխանակ անմիջապես առնվազն հրապարակավ հայտարարի, թե այս ի՞նչ եք խոսում, դուք ո՞վ եք, որ անգամ մտածեք մեր երկիրն իր դաշնակցի դեմ պլացդարմ սարքելու մասին, դեռ մի բան էլ ամենաճոխ ժպիտով շնորհակալություն է հայտնում կանադացի աղջնակին, թե՝ «Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը…», կարող եք գլխներիս էլ նստել:
Թե ինչ է սա նշանակում, դեռ կանդրադառնանք: Մինչ այդ, նկատենք, որ Միրզոյանի փոխարեն ստիպված էր պատասխանել Հայաստանում ՌԴ դեսպանատունը. «Մենք ուշադրություն դարձրինք Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին տեղական լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությանը: Ամեն ինչ լավ կլիներ, բայց տարակուսելի է, որ այս քայլը, ըստ լրատվամիջոցների, անկեղծորեն ներկայացվել է Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից, այդ թվում՝ «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում: Զարմանալի է պետության նկատմամբ նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը, որի հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը:
Ակամայից մտածում ես, թե նման գիծն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա:
Թվում է, թե այս պատմությունը ցուցիչ է այն պետությունների իշխող շրջանակների կողմից մնացած աշխարհի ընկալման տեսանկյունից, որոնք իրենց «ոսկե միլիարդի» մեջ են համարում: Հենց այլ երկրների եւ ժողովուրդների նկատմամբ ամբարտական վերաբերմունքն է, որն ընկած է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»:
ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՄԻՐԶՈՅԱՆԻ «ԼԱՅՆ ԺՊԻՏԸ»
Ուրեմն ի՞նչ է ստացվում, ռուսները տեսնում են, որ Կանադան Հայաստանի հանդեպ «բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունք» է ցուցաբերում, իսկ Նիկոլի ԱԳ նախարարը չի՞ տեսնում: Բացառվում է, ամեն բան առավել քան ակնհայտ է, եւ երբ դրանից հետո Միրզոյանը բերանը «մինչեւ ականջները» բացած ժպտում է կանադացի լիբերաստներին, ինչպես ժամանակին ժպտում էր Չավուշօղլուին, դա արդեն անգամ միայն «Օմեգայով» չես բացատրի: Ի վերջո, տվյալ դեպքում խոսքը նույնիսկ հայ–թուրքական լոկալ խնդրի մասին չէ, տվյալ դեպքում խոսքը ՌԴ–Արեւմուտք պատերազմի մասին է, որտեղ ոտատակ են գնում անգամ Ուկրաինայի կարգի պետությունները: Եվ այս իրավիճակում Միրզոյանի այդ ժպիտն արդեն միայն իրենը չէ, դա Նիկոլինն է, ու սա ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական կողմնորոշում: Այլ բացատրություն չի կարող լինել, երբ կանադացի արտգործնախարարը պաշտոնապես խոսում է Հայաստանում ՌԴ–ի դեմ հարձակողական պլացդարմ հիմնելու ծրագրերի մասին, իսկ մեր երկրի արտգործնախարար կոչվածը ոգեւորված «կանաչ լույս» է վառում այդ ծրագրերի համար: Ընդ որում, Արարատին անգամ չի փրկում՝ «կանադացիները գան, որ մեզ դեմոկրատիա սովորեցնեն» տրամաբանությունը. Կանադայում, չմոռանանք, սահմանադրական միապետություն է, ընդամենը նորին մեծության հպատակներ են, իսկ ժողովրդավարությունը հանրապետական համակարգին յուրահատուկ գործոն է:
Գումարած՝ փաստը, որ մեր տեղի արեւմտամոլների ոհմակը միանգամից, ասես մի հրամանով, Հայաստանին նման «ապտակ հասցնող» կանադացիների փոխարեն հարձակում սկսեցին ՌԴ դեսպանատան վրա, թե դուք այդ ով եք, որ մեր շահերը պաշտպանեք, իր հերթին է պարզ խոսում աշխարհաքաղաքական խաղի առկայության մասին:
Սակայն այս «մեդալը հակառակ երեսն էլ ունի»: Այն է, անգամ այս խայտառակ պատմությունից հետո Նիկոլը կարո՞ղ է Հայաստանը վերածել հակառուսական գոտու: Այն է, այս հերթական խաղը կարո՞ղ է արդյունք ունենալ: Թե ինչ ասաց կանադացի աղջնակը (ով, ի դեպ, բարոյական հարթակում իր շեֆի կրկնօրինակն է), բացի Հայաստանի վարկանիշը եւս մեկ անգամ տրորելուց, հազիվ թե այլ գործնական էֆեկտ ունենա: Լավ, ասենք Հայաստանում բացեցին Կանադայի դեսպանատուն, հակառուսական ի՞նչ գործողություններ կարող է անել, որը չեն կարողացել անել մեր երկրում ամերիկյան, բրիտանական եւ մյուս բոլոր արեւմտյան դեսպանատները: Հաշվի առնելով նաեւ, որ Կանադան միշտ էլ հանդես է եկել անգլոամերիկյան կցորդի դերում եւ ոչ թե ինչ–որ գործընթացի կազմակերպչի: Այսինքն, շատ ավելի նման է նրան, որ կանադացի աղջնակն ու նրա ընդգծված լիբերաստական հակումներով շեֆը ընդամենը փորձում են իրենց դաշինքի տերերին ցույց տալ, թե՝ մենք էլ ենք այստեղ, ռուսների դեմ կռվում ենք, այլ ոչ թե ռեալ հույսեր ունեն, որ պետք է գան եւ անեն այն, ինչն ամերիկյան եւ բրիտանական դեսպաններին այդպես էլ դեռ չի հաջողվում՝ ռուսներին տարածաշրջանից դուրս մղեն: Ու նույնը կարելի է կարդալ նաեւ ՌԴ դեսպանատան նշված հաղորդագրության տողատակերում: Այնտեղ կանադացիների այդ ծրագրերն ընդամենը գնահատվում է, որպես «ոսկե միլիարդի» արդեն մեռնող աշխարհընկալման դրսեւորում, որը գլոբալ առումով բան չի փոխում, բայց կարող է «ողբերգական իրադարձության» վերածվել թիրախավորված երկրի համար: Ամեն դեպքում, նախազգուշացումն առավել քան ակնհայտ է՝ «Ակամայից մտածում ես, թե նման գիծն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա…»: Իսկ դա էլ ավելի մռայլ երանգ է ստանում, երբ Նիկոլը, ի դեմս Արարատի, այդպես հրճվանքով միանում է կանադացիների խաղին:
Ամեն դեպքում, այն տպավորությունն է, որ Նիկոլն ու Արարատն այդպես էլ մինչեւ վերջ չեն կարողանում գիտակցել, որ անկախ նրանից, թե մինչ այս ով ում «տերն ու ծառան» է եղել, ներկայումս ամեն ինչ գլխիվայր շրջված է: Ըստ այդմ էլ, որ անգամ այնպիսի մանրուքները, ինչպիսիք են Կանադայի արտգործնախարարի հայտարարությունները, եթե ժամանակին կարող էին անգամ չնկատվել, հիմա ավելորդ ռիսկերից խուսափելու համար ամենալուրջ ուշադրության կենտրոնում են: Ավելին, դրանց ի պատասխան, կարող են նաեւ լինել ռեալ գործողություններ, եւ ռուսների արձագանքը նաեւ այդ մասին նախազգուշացնող երանգներ ունի:
ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԸ ԿՏՐՈՒԿ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է
Դժվար չէ նկատել, որ Կանադային դեպի մեր տարածաշրջան «կանաչ լույս» տալն ամենեւին էլ Նիկոլի միակ արեւմտամետ խաղը չէ, որ փորձում է համառորեն առաջ տանել այս օրերին: Շատ ավելի վտանգավոր դրվագ էր արցախյան ուղղությամբ «Բրյուսելյան ձեւաչափ» խաղարկելը, որը, ի վերջո, հասցրեց վերջին ասուլիսում Նիկոլի հնչեցրած ահազանգին, թե՝ չի ստացվում, Ալիեւը չի ուզում Բրյուսել գալ:
Մի պահ այն տպավորությունն էր, որ ԱՄՆ–ն եւս վերջնականապես ձեռք է քաշում բրյուսելյան այդ խաղից՝ փորձելով դիրքերն ամրապնդել Մինսկի խմբին հարություն տալու միջոցով: Սակայն դրա հնարավորությունները չնչին էին: Այսինքն, որքան էլ Նիկոլն այդ ուղղությամբ փորձեց խաղալ, սակայն ինչպես Բաքուն, այնպես էլ Մոսկվան կտրուկ դեմ գնացին ՄԽ–ին, որի պարագայում Նիկոլի ուզել–չուզելը, անգամ Վաշինգտոնի օժանդակության պարագայում դառնում էր երկրորդական: Արդյունքում, Վաշինգտոնը կարծես թե նորից փորձում է հիշել «Բրյուսելի ձեւաչափի» մասին, որի կյանքի կոչելու համար մեկ բան է պետք՝ Ալիեւին համոզել, որ չվախենա Մոսկվայից եւ գնա իրեն ձեռնտու այդ ուղղությամբ:
Ամեն դեպքում, նախօրեին Շառլ Միշելը զանգահարել էր Ալիեւին, ինչը ազդակ էր, որ իրոք «Բրյուսելի ձեւաչափին» դեռ վաղ է հրաժեշտ տալը: Թե ինչ է քննարկել Միշելը Ալիեւի հետ, հայտնի է միայն եվրոպացու գրառումից. «Մենք քննարկել ենք ադրբեջանա–հայկական երկխոսության բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը: Ես ընդգծել եմ ԵՄ–ի համար կայուն, անվտանգ եւ խաղաղ Հարավային Կովկասի կարեւորությունը»: Չնայած, այսքանն էլ է բավարար՝ ընդհանուր պատկերի համար: Թե որն է ըստ բրյուսելյան օրակարգի՝ «կայուն, անվտանգ եւ խաղաղ Հարավային Կովկասը», հայտնի բան է. հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, որով Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Արցախի մասին որեւէ հիշատակման: Արդյունքում, Արցախը կհռչակվի Ադրբեջանի մաս, արեւմտյան երկրները արագորեն կսկսեն «պեչատել» դա՝ պահանջելով ռուսներից զորքերը հանել: Կհանեն, թե՝ ոչ, այդ մասին չէ խոսքը: Պարզապես կպահանջեն, եւ վերջ:
Մյուս կողմից, ակտիվ ընթացքի հուն է մտել նաեւ հայ–թուրքական գործընթացը: Բանը հասավ նրան, որ այդ գործընթացում Նիկոլի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն արդեն բացահայտ խոսում է թուրքերի հետ հստակ պայմանավորվածությունների մասին, որից միայն մեկ աբսուրդային դրվագ է հայտնի: Այսինքն, որ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար: Ընդգծենք, խոսքը միայն «երրորդ երկրների» եւ ոչ թե Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների մասին է: Այսինքն, սահմանը բացվում է, որ, օրինակ, ադրբեջանցիները կարողանան դրանով անցնել, երեւի դրանից հետո նաեւ բեռներ տանեն–բերեն, իսկ ահա Հայաստանի համար այն կմնա փա՞կ: Այսինքն, Ռուբինյանն ու Քըլըչին Հայաստանի եւ Թուրքիայի հարցե՞րն են լուծում, թե՞ «երրորդ երկրների». կառավարությունը կարո՞ղ է այս աբսուրդին հոդաբաշխ բացատրություն տա: Կարճ ասած, Ռուբինյանը պնդում է, թե՝ «Տրամաբանական եմ համարում, որ այդ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում», մինչդեռ հայ ժողովուրդը պատկերացում անգամ չունի, թե իր թիկունքում այդ ինչեր են պայմանավորվում, որն է իմաստը եւ նպատակը:
Եթե սրան էլ ավելացնենք, որ օրերս հերթական անգամ Չավուշօղլուն «թեւերը փռեց» Նիկոլի վրա՝ ձեռքի հետ էլ ուղղակիորեն միջամտելով Հայաստանի ներքին գործերին, սկսեց մեղադրանքներ թափել հայաստանյան ընդդիմության գլխին, ապա այն տպավորությունն է, որ Անկարայում Նիկոլից շատ կարեւոր սպասելիքներ ունեն եւ ձգտում են, որ այդքան արժեքավոր կադրի մազն անգամ չծռվի:
Ընդ որում, կրկնենք, այդ ամենն իրականացնում են կայծակնային արագությամբ, որը, թերեւս, այս պատմության մեխն է: Այսինքն ի՞նչ, առաջ են վազում, որ քանի դեռ ռուսներն ուկրաինական խնդրից չեն ազատվել, այստեղ ամեն ինչ հասցնեն դզել–փչե՞լ: Թե՞ այն մտքին են, որ քանի դեռ ամառային սեզոն է, կարող են այդ ամենը Հայաստանում հեշտությամբ առաջ մղել:
Սակայն անկախ այս ընթացքից, դեռ մնում է մեկ գործոն, որի լուծումն այս խաղերը չեն տալիս: Խոսքը՝ Արցախում ռուսական զորակազմի մասին է, որը տեղից շարժվելու միտք անգամ չունի: Եվ անգամ այն դեպքում, եթե Արցախը հռչակեն Ադրբեջանի մաս, էլի ռուսական զորքը մնալու հիմքն ունի. Արցախի բնակչության անվտանգությունը: Ճիշտ է, նկատվում են արցախցիների վրա հոգեբանական ազդեցության փորձեր, թե՝ Լաչինն էլ կտան, վիճակը շատ ավելի վատ կդառնա, սակայն դրա էֆեկտիվությունը դեռ տեսանելի չէ: Այն պատճառով, որ Արցախի բնակչությունը անվտանգությունը կապել է բացառապես ռուսական բանակի հետ եւ, Լաչինի նման ահազանգով պայմանավորված, հազիվ թե էական արտագաղթ տեղի ունենա:
Իսկ քանի դեռ Արցախում ռուսական բանակն է, Թուրքիայի համար օրակարգում է մնում նույն հարցը՝ կարո՞ղ են ռուսների հետ գնալ ուղիղ բախման: Ասենք, այդ խնդիրն ունի նաեւ Ալիեւը, եւ հենց դա է նրան խանգարում՝ գնալ «Բրյուսելի ձեւաչափի» ուղղությամբ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ