- 15/07/2022
Հեռացող Բայդենի հետ ոչ մեկը հաշվարկներ չի կապում
Նախագահ Բայդենն այս օրերին Մերձավոր Արեւելքում է: Դեռ մինչ մեկնելը՝ նա հրապարակային հարթակում էր ներկայացրել, թե որն է հիմնական նպատակը. Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարգավորելը, դրա միջոցով՝ նավթի համաշխարհային գները նվազեցնելը: Իսկ թե ինչու հրապարակային, որոշ աղբյուրներ ակնարկում են. սաուդները պարզապես չեն ցանկացել նման այցի մասին առհասարակ բանակցել ամերիկացիների հետ:
ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ
Այսպիսով, թեեւ Բայդենն արդեն Իսրայելում է, բայց անգամ այդ դիրքերից դեռ վերջնականապես հստակ չէ, թե Սաուդյան Արաբիա կհասնի՞, կամ բարձր մակարդակով հանդիպումների պայմանավորվածություններ կլինե՞ն: Առավել եւս, որ արդեն Իսրայելում նա, ըստ ամենայնի, մտածելով, թե սաուդներին հաճոյանում է, այնպիսի հայտարարություններ հնչեցրեց, որ կարող է միանգամայն հակառակ էֆեկտը ստանալ: Այսպես, ենթադրելով, թե սաուդները միանգամայն սուր հակամարտության մեջ են Իրանի հետ, այդ թվում՝ Եմենի պատճառով, Բայդենը հրապարակավ՝ Իսրայելի 12-րդ ալիքին տված հարցազրույցում հնարավոր համարեց, որ ԱՄՆ-ն կարող է ուժ կիրառել Իրանի դեմ, եթե միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները ձախողվեն: Ընդ որում, նա նաեւ ԱՄՆ-ի այնպիսի դիրքորոշում ներկայացրեց, որի պարագայում, կարելի է ասել, որ բանակցությունները հաստատ կձախողվեն: Այն է՝ Բայդենը պնդում է, որ անկախ ամեն ինչից, ԱՄՆ-ը մտադիր է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պահել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում՝ «Նույնիսկ եթե դա ձախողի գործարքը>>: Սրանով, իհարկե, Թեհրանին մղում են, որ որեւէ համաձայնության ԱՄՆ-ի հետ չգնա, որից հետո, դատելով Բայդենի ասածներից, պետք է օրակարգային դառնա Իրանի հետ պատերազմի հարցը:
Սակայն արդյոք դա կոգեւորի՞ Սաուդյան Արաբիային, ինչքան էլ որ Իրանի հետ հակառակորդներ են: Իհարկե, եթե ամերիկացիները կարողանային կրկնել Իրաքի սցենարը, սաուդները միայն ուրախ կլինեին: Սակայն Իրանը ոչ թե Իրաք է, այլ բազմապատիկ անգամ ավելի հզոր ուժ: Գումարած, հիմա 1990-ականները չեն, երբ փլուզվող ԽՍՀՄ-ն, ապա նաեւ թույլ Ռուսաստանը միայն պասիվ դիտորդի կարգավիճակով հետեւեն նման պատերազմին: Վերջապես, Իրանի հետ ամենասերտ հարաբերությունների մեջ են, գլոբալ ծրագրեր ունեն Չինաստանը եւ Հնդկաստանը, որոնք եւս հազիվ թե պասիվ դիտորդի դերում մնան: Կարճ ասած, եթե անգամ Իրանին ԱՄՆ-ի հարվածը չտանի Երրորդ աշխարհամարտի, ապա միեւնույնն է, ողջ Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում եւ նրան ենթակա արաբական աշխարհում քարը քարին չի մնա:
Այսպիսով, եթե դեռ այդ երկիր չհասած, Բայդենը նման սարսափազդու հեռանկարներ է նկարագրում, Ալ-Ռիադն ինչպե՞ս է նրան դիմավորելու: Արդյունքում, թերեւս պատահական չէր, որ հենց Բայդենի սաուդյան այցի շեմին նկատվեց մեկ երեւույթ, որը ոչ միայն տարածաշրջանի, այլ աշխարհի մասշտաբով դարակազմիկ հետեւանքների կարող է տանել եւ պետք է որ Վաշինգտոնի համար առավել քան լուրջ ազդակ դառնա:
ԹՈՒՐՔԻԱՆ ԹԵՔՎՈՒՄ Է ԴԵՊԻ ԲՐԻԿՍ
Այսպես, մինչ Բայդենը պատրաստվում է հասնել Ալ-Ռիադ, ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ ԲՐԻԿՍ-ի նախագահ Պուրնիմա Անանդը: Ըստ նրա, Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը ցանկանում են միանալ այս կազմակերպությանը:
Սա, իհարկե, անսպասելի չէր. մեր էջերում եւս քանիցս ներկայացնելու առիթ ունեցել ենք, որ նշված երկրներն ունեն նման ծրագրեր: Բայց երբ այդ մասին հայտարարում է կազմակերպության պաշտոնական ղեկավարը, բնականաբար, դա միանգամայն այլ տպավորություն է առաջ բերում: Այդ թվում, որ եթե բանը հասել է պաշտոնական հայտարարություններին, ապա կան բոլոր նախնական պայմանավորվածությունները: Առավել եւս, որ Անանդն իր խոսքը կառուցեց այսպես. «Բոլոր այս երկրները ցույց են տվել միանալու իրենց հետաքրքրությունը եւ պատրաստվում են անդամակցության հայտ ներկայացնել>>:
Ի դեպ, հաշվի առնելով, որ Իրանն արդեն իսկ դիմել է եւ արդեն այս աշնանը կարող է ԲՐԻԿՍ-ի անդամ դառնալ, ապա ստացվում է, որ Սաուդյան Արաբիան իր դարավոր հակառակորդի հետ կարող է արդեն հաջորդ տարի նույն կառուցի կազմում հայտնվել: Եվ այս տեսանկյունից եւս Ալ-Ռիադի համար հազիվ թե ողջունելի լինի Բայդենի նման պատերազմական հռետորաբանությունը:
Գումարած, մի փոքր առաջ ընկնելով, նաեւ այս ուշագրավ դրվագը նկատենք: Այսպիսով, եթե նշված ծրագրերն իրականանան (իսկ դրանք կարծես թե իրականանալուն շատ մոտ են), ապա կստացվի, որ ՌԴ-ի, Չինաստանի եւ Հնդկաստանի ստեղծած կազմակերպությունն իր մեջ կներառի ողջ իսլամական աշխարհը. Իրանը, որպես շիա իսլամի առաջնորդ, Սաուդյան Արաբիան՝ սունի իսլամի առաջնոդ, ավելացրած իսլամական այս ուղղության մեջ մեծ հեղինակություն ունեցող Եգիպտոսը: Վերջապես Թուրքիան, որ լինելով ավելի շատ սունի իսլամական երկիր, այնուամենայնիվ, իսլամական աշխարհում, ասպես ասենք, երրորդ ուժի դիրքերում է:
Այն, որ այս հայտարարությունը հնչեց Սաուդյան Արաբիա Բայդենի այցի շեմին, թերեւս պատահական չի կարող լինել: Սա միանգամայն պարզ ազդակ է, որ Վաշինգտոնը սաուդների հետ ոչ թե պարզապես նավթի նավթի գների խնդիր ունի լուծելու, այլ շատ ավելի գլոբալ՝ աշխարհաքաղաքական կողմնորոշման: Հաշվի առնելով, որ դեպի ԲՐԻԿՍ հայացք գցելն արդեն իսկ ԱՄՆ-ի 70 տարվա դաշնակցի կողմից աշխարհաքաղաքական հայացքների փոփոխության ակնարկ է նշանակում, եւ եթե գնա մինչեւ վերջ, ապա դրանով այդ փոփոխությունը կկայանա:
Սակայն անգամ սա չէ Վաշինգտոնի, ավելի ճիշտ՝ անգլոսաքսոնիզմի միակ խնդիրը: Միգուցե էլ ավելի վտանգավոր ազդակ է այն, որ ԲՐԻԿՍ-ի ուղղությամբ պաշտոնական հայացք է գցում նաեւ Թուրքիան: Իսկ դա արդեն ԱՄՆ-ի համար պարզապես դաշնակից չէ, այլ առանցքային ռազմական դաշնակից, առանց որի Վաշինգտոնին կմնա Մերձավոր Արեւելքում հույսը դնել միայն Իսրայելի վրա: Ընդ որում, այդ հույսերն արդեն բավականին թույլ կլինեն. մեկ կառույցի մեջ ողջ իսլամական աշխարհի ներկայության պարագայում Իսրայելն ինքն է հայտնվում միանգամայն խոցելի վիճակում եւ ԱՄՆ-ի համար հազիվ թե կարողանա հուսալի հենարան լինել: Ընդ որում, այդ հեռանկարները, թերեւս, Իսրայելը կանխավ է հաշվարկել՝ անգամ ուկրաինական պատերազմի ընթացքում պահպանելով բավականին նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Ավելին, Իսրայելում խմորվում է նաեւ Եվրասիական միության խողովակով ազատ առեւտրի գոտու մեջ մտնելու գաղափարը, որը կնշանակի աշխարհաքաղաքականության որոշակի վերագնահատում:
ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՂՎԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻՑ
Բայդենի այս այցը Մերձավոր Արեւելք ներկայացված ընդհանուր իրավիճակն ինչքանո՞վ կարող է փոխել, դժվար է ասել: Ամեն դեպքում, նման հեռանկարներ տեսանելի չեն: Ընդ որում, հաշվի առնելով, որ այս այցը Բայդենը ձեռնարկեց, երբ իրար հաջորդող սուր սկանդալների մեջ է բուն ԱՄՆ-ում եւ անգամ ուլտրալիբերալ շրջանակներում, որը նրան դարձրեց նախագահ, այս պահին մեկը մյուսի հետեւից ծանր հարվածներ է հասցնում: Օրինակ, երբ նա արդեն Իսրայելում էր, ԱՄՆ-ում հերթական անձնական բնույթի հարվածը հասցվեց նրան, թե նարկոման որդուն՝
Հանթեր Բայդենին Ուկրաինայից մարմնավաճառներ են մատակարարել: Դրա վրա Հանթերը ոչ միայն տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել՝ բժշկական ծախսերի անվան տակ, այլ նաեւ, որ պետական հաղորդակցության գծերն օգտագործել է մարմնավաճառներին տեղափոխելու համար, ինչն ԱՄՆ-ում օրենքի լուրջ խախտում է: Իսկ ահա ներքին, արտաքին եւ, առաջին հերթին՝ ուկրաինական ուղղությամբ մասշտաբային ձախողման մասին ամենօրյա ռեժիմով գրում են ուլտրալիբերալիզմի առաջնային հարվածային լրատվամիջոցները: Սրանից զատ, արդեն 30 տոկոսից էլ ցած իջած Բայդենի վարկանիշը շռնդալից պարտություն է խոստանում դեմոկրատներին՝ աշնանը կայանալիք ընտրություններում, որի դեպքում կկորցնեն Կոնգրեսը: Այսինքն, բոլորն են հասկանում, որ Բայդենը հեռացող ֆիգուրա է՝ դեռ անգամ նախագահական ժամկետը չլրացրած: Ու այս իրավիճակում Սաուդյան Արաբիայում, առավել եւս՝ Իսրայելում նրա հետ հազիվ թե հաշվարկներ կապողներ լինեն: Հաշվի առնելով նաեւ, որ Բայդենի հեռանալով հազիվ թե ԱՄՆ-ի ներկայիս հիմնախնդիրները լուծվեն:
Մի խոսքով, միանգամայն ռեալ է հավանականությունը, որ ԱՄՆ-ն կորցնում է Մերձավոր Արեւելքը՝ գործնականում իր բոլոր դաշնակիցներով հանդերձ (եվրոպական ուղղությամբ խնդիրները դեռ մի կողմ թողած): Եվ այն, որ մեր մեծ տարածաշրջանում նման առանցքային փոփոխությունը կփոխի ամեն բան, այդ թվում՝ կովկասյան ուղղությամբ, դարձել է ամենահավանական տարբերակը:
ՌԴ-ԻՐԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԳԼՈԲԱԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Այն, որ Բայդենից անմիջապես հետո Մերձավոր Արեւելք է մեկնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչ խոսք, չի կարող պատահական լինել: Նկատենք, այս այցի մասին պաշտոնապես հայտարարվեց, երբ, պատկերավոր ասած, Բայդենն արդեն Իսրայել թռչող օդանավում էր: Ավելի շատ նման է նրան, որ ծրագրելով Բայդենից անմիջապես հետո Մերձավոր Արեւելք մեկնելը, Պուտինը հետապնդում է, այսպես ասենք, տարածաշրջանում Բայդենի այցի բոլոր հնարավոր հետեւանքները «մաքրելու» նպատակ:
Այցի պաշտոնական նպատակը Սիրիայի հարցով ՌԴ-Իրան-Թուրքիա հերթական եռակողմ հանդիպումն է, որն անցկացվում է բավականին ուշագրավ իրավիճակում: Բանն այն է, որ այս օրերին Թուրքիան Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողություններ է սկսել, սակայն էական քայլեր թուրքերի կողմից դեռ չի նկատվում: Այսինքն, ընդամենը ԱՄՆ-ին ցույց տվեցին, որ հարձակվում են նրա կողմից հովանավորվող քրդերի վրա ու կարծես թե դրանից հետո սպասում են, թե ինչ կպայմանավորվեն ռուսների եւ պարսիկների հետ: Հաշվի առնելով, որ իրավիճակ է փոխվում:
Այսպես, քրդերը կարծես թե սկսում են համոզվել, որ հանուն Ֆինլանդիային եւ Շվեդիային ՆԱՏՕ վերցնելու, ԱՄՆ-ն իրենց խաղարկեց, որպես մանրադրամ: Այսինքն, եթե թուրքերն անցնեն մասշտաբային հարձակման, ապա միակ ուժը, որ կարող է նրանց օգնել, արդեն ոչ թե ԱՄՆ-ն է, այլ՝ ՌԴ-ն: Եվ կան որոշակի փորձագիտական տվյալներ, որ այս օրերին փորձում են ակտիվորեն բանակցել ռուսների հետ՝ փորձելով իրենց համար ճակատագրական այս իրավիճակում ելք գտնել:
Մյուս կողմից թուրքերը, դեռ չգնալով մասշտաբային հարձակման, իրենց հերթին ցույց տվեցին, որ պատրաստ են կոմպրոմիսների որոնման: Եվ, վերջապես, փաստը, որ հանդիպումը Թեհրանում է, խոսում է այն մասին, որ կոմպրոմիսը ցանկալի է նաեւ Իրանին:
Նայենք նաեւ այս տեսանկյունից: Այս հանդիպման ծրագրման փուլում էր, որ հայտնի դարձավ ԲՐԻԿՍ-ին Իրանի առաջիկա անդամակցության եւ Թուրքիայի՝ անդամակցության ծրագրերի մասին: Իսկ դա նշանակում է, որ Թեհրանի բանակցություններում խոսքը միայն քրդական լոկալ խնդրի մասին չի լինելու. շատ ավելի նման է, որ երեք երկրները փորձելու են գլոբալ առումով պայմանավորվածություններ ձեռք բերել քրդերով, Կովկասով, տնտեսական ծրագրերով, այդ թվում՝ գլոբալ բեռնափոխադրումների հայտնի նախագծերով, էներգետիկայով, սեփաակն արժույթով առեւտրով եւ մնացած բազում այլ հարցերով հանդերձ:
Ընդ որում, այս բոլոր ուղղություններում ՌԴ-ի եւ Իրանի միջեւ արդեն իսկ ծրագրերի սինխրոնացում կա, այսինքն՝ հիմնական շեշտը հենց Թուրքիայի հետ պայմանավորվելն է:
Իսկ ահա Էրդողանը իր համար շատ կարեւոր հարց է լուծելու՝ աշխարհաքաղաքական ո՞ր ուղղությամբ է տեսնում Թուրքիայի ապագան: Հասկանալի է՝ կցանկանա հաղթող կողմում տեղավորվել: Բայց եթե անգամ ինքն իր համար որոշի, որ ավելի ուժեղ է ԱՄՆ-ի դիրքերը, մեկ է՝ ամերիկյան դաշտում ապագան հեռանկարային չէ: Թեկուզեւ հաշվի առնելով այն ինքնախոստովանական ցուցմունքը, որով նախօրեին հանդես եկավ ամերիկյան քաղաքականության ազդեցիկ դեմքերից մեկը՝ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:
Հիշեցնենք, վերջերս Բոլթոնն ուղղակիորեն հայտարարեց, որ գալիք տարվա թուրքական ընտրություններում կփորձեն հասնել հեղաշրջման՝ տապալելով Էրդողանին: Եվ ահա այդ ինքնախոստովանական ցուցմունքն այն մասին է, որ այդ ծրագրերը մերկապարանոց չեն, այսինքն՝ որ Բոլթոնը հենց այդ հեղաշրջումի գլխավոր մասնագետներից մեկն է: Այսպես, CNN-ի եթերում նա, պատասխանելով հարցին, թե հեղաշրջում կազմակերպելը բարդ բան չէ, նա հայտարարեց. «Որպես մեկը, ով օգնել է պետական հեղաշրջման ծրագրմանը, ոչ թե այստեղ, այլ՝ աշխարհի այլ մասերում, ես համաձայն չեմ: Դա շատ աշխատանք է պահանջում»: Այսպիսով, Բոլթոնը խոստովանում է, որ անձամբ մասնակցել է աշխարհի տարբեր հատվածներում «պետական հեղաշրջման ծրագրմանը»: Դա, հասկանալի է, միջազգային նշանակության հանցագործություն է, եւ եթե այդ խոստովանությունից 5 րոպե անց ամերիկյան ՀՖԲ-ն Բոլթոնին կալանքի տակ չառավ, ապա դա ակնարկում է, որ եղել է պետության հովանավորությունը:
Սակայն այս դեպքում խնդրին այլ կողմից նայենք. իսկ «աշխարհի այլ մասեր» ասվածն ի՞նչ է նշանակում: Օրինակ, Հայաստանն այդ ցանկո՞ւմ է, հաշվի առնելով, որ մեր «հեղափոխությունից» շատ չանցած, Բոլթոնն այստեղ հրահանգներ էր տալիս: Կամ թուրքական չհաջողված հեղաշրջման փորձը եւ ներկայիս տնտեսական հարձակումները Բոլթոնի ասած ցանկո՞ւմ է: Պետք է որ, քանի որ, կրկնենք, վերջերս բացահայտ էր խոսում Էրդողանին տապալելու ծրագրերի մասին: Ընդ որում, քանի որ դրանից հետո ՀՖԲ-ն Բոլթոնին չկալանավորեց, ապա դա Էրդողանի համար պետք է որ ազդակ լինի, որ Բոլթոնն այստեղ ընդամենը գործիքներից մեկն է, եւ թուրքական հեղաշրջումը եղել եւ մնում է ամերիկյան ծրագրերի մեջ, ինչքան էլ որ ՆԱՏՕ-ական դաշնակիցներ են:
Հաշվի առնելով նման հեռանկարները, թերեւս Էրդողանն էլ ավելի է հակված դառնում ռուս-իրանական պայմանավորվածությունների հարցում: Ասենք, ԲՐԻԿՍ-ի ուղղությամբ նրա նման հայացքներն էլ են նույնի մասին խոսում:
Եվ, իհարկե, մեզ համար այս իրավիճակում առաջնային հարց է՝ իսկ կովկասյան տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանն ու Արցախն այդ «բազարներում» ի՞նչ ձեւաչափով են ընկալվում: Որպես ինքնուրույն սուբյեկտներ, հազիվ թե, առավել եւս հաշվի առնելով այն ջերմ խաղերը, որոնք մեր իշխանավորները վարում են արեւմտյան ուղղությամբ:
Մյուս կողմից էլ, Ռուսաստանը տարածաշրջանը համարում է իր ավանդական ազդեցության գոտին, եւ մնում է հուսալ, որ որեւէ ցանկություն չունի այն կիսել որեւէ մեկի հետ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ