- 29/07/2022
Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը փոխադարձ առևտուրում կհրաժարվեն դոլարից
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների գագաթնաժողովում, որը կկայանա սեպտեմբերին, համաձայնագիր կընդունվի փոխադարձ առևտրում ազգային արժույթների անցնելու վերաբերյալ։
Այս մասին հուլիսի 29-ին խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այսօր մենք պայմանավորվեցինք` ներկայացնել ազգային արժույթով հաշվարկներին անցնելու կոնկրետ գործողությունների առաջարկ՝ ղեկավարների քննարկմանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը Ուզբեկստան կատարած այցից հետո։
Բացի այդ, Լավրովը նշել է, որ ՇՀԿ-ում որոշակի կոնսենսուս է եղել Բելառուսի` որպես լիիրավ անդամ անդամակցելու հարցում։
Հուլիսի 27-ին ռուս նախարարը այցով ժամանել է Տաշքենդ, որտեղ ընթանում է ՇՀԿ-ի երկրների արտգործնախարարների խորհուրդը։ Այնտեղ նա հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Նորովի և նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։
Հունիսի 1-ին ՌԴ ԱԳ նախարարը նաեւ հայտարարեց, որ Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են զգալիորեն մեծացնել յուանի ու ռուբլու օգտագործումը երկրների միջեւ առեւտրում։
«Ռուսաստան և Չինաստան. համագործակցություն նոր դարաշրջանում» VII միջազգային համաժողովի ժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սանձազերծված հիբրիդային պատերազմը նոր հնարավորություններ է բացում Մոսկվայի և Պեկինի միջև համագործակցության ընդլայնման համար։
Ապրիլի վերջին Ռուսաստանի փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովն ասել էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը կառուցել են ամբողջ ենթակառուցվածքը ազգային արժույթով առևտրին անցնելու համար։ Նրա կարծիքով, վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ ազգային արժույթները վճարման ամենահուսալի և ապահով ձևն են։
Մարտի 14-ին հաղորդվել է Հնդկաստանի և Ռուսաստանի հնարավոր անցման մասին ազգային արժույթներով առևտրային հաշվարկների՝ որպես հիմնական արժույթ չինական յուանը օգտագործելով։
Նման պայմանագրով ռուսական բանկը պետք է հաշիվ բացի հնդկականում, իսկ հնդկականը՝ Ռուսաստանում։
Հուլիսի 28-ին Լավրովն ասել է, որ ՇՀԿ-ի գագաթնաժողովի նախօրեին մի ամբողջ շարք երկրներ են հերթագրվում դրան միանալու որպես լիիրավ անդամներ և դիտորդներ։ Միաժամանակ Չինաստանի արտգործնախարար Վան Ին նշել է, որ ՇՀԿ-ն պետք է դառնա միջազգային արդարադատության պահպանման առաջատար ուժը, ինչպես նաև կայունացնող գործոն միջազգային և տարածաշրջանային իրավիճակում։
ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից։ Ավելի ուշ միացան Հնդկաստանն ու Պակիստանը։ Կազմակերպությունում դիտորդներ են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան։