• 01/08/2022

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ   ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ

Գագիկ Հարությունյան

Ցանցային հետազոտությունների ինստիտուտ

“Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ” շարժման քաղաքական-գաղափարական հանձնաժողովի նախագահ

Անգլսաքսոնյան և, ամենայն հավանականությամբ՝ թուրքական հատուկ ծառայությունների անմիջական մասնակցությամբ,
ՀՀ-ում 2018թ. իշխանափոխություն իրագործած ներկայիս վարչախմբին հանձնարարվել է ոչ միայն կազմալուծել  Հայաստանը և
նրա մաս կազմող Արցախի պետականությունը, այլև ոչնչացնել Հայաստանը և Սփյուռքը ներկայացնող ողջ հայության քաղաքակրթական,
հոգևոր և մտավոր արժեքների:
Այդ առումով ամենևին պատահական չէ, որ այդ վարչախմբի առաջին քայլերից էին մեր եկեղեցու նկատմամբ հանցավոր արարքների
կազմակերպումը, գիտակրթական հանրության նկատմամբ վիրավորական քամհարանքը և այլն:
Խորհդանշական է նաև Սփյուռքի նախարարության վերացումը և այդ համատեքստում ամենևին պատահական չէ,
որ օրերս արգելվեց Հայաստան մուտք գործել Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ,
հեղինակավոր սփյուռքահայ գործիչ Մուրադ Փափազյանին
(նախկինում նման որոշում էր ընդունվել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների կողմից):

Սակայն հայկական հանրությունը, չնայած իր դեմ կիրառվող հիբրիդային պատերազմներին բնորոշ ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական – կենսաբանական պայքարի միջոցներին,  ըմբոստացել է ՀՀ-ում իշխող օկուպացիոն ռեժիմի դեմ և կասկած չկա, որ ազատագրման պահը հեռու չէ: Միևնույն ժամանակ արդեն այսօր պետք է ձգտել մշակել այնպիսի ռազմավարություն, որը մեզ թույլ կտա ապագայում հերթական անգամ չհայտնվել լինել – չլինելու իրավիճակում և զարգանալ համաձայն մեր ազգային  ընդունակությունների ու կարողությունների: Անշուշտ, նման ընդհանրական ռազմավարություն մշակելու համար անհրաժեշտ է հավաքագրել հայկական հանրության մտավոր և հոգևոր ընտրանին ու աշխատել լավ մտածված ձևաչափերով, սակայն արդեն իսկ կարելի է խորհել որոշ նախագծերի շուրջ ու սկսել աշխատանքներ դրանք իրագործելու  մպատակով:

Ուշագրավ է, որ համաձայն առաջատար երկրներում ընդունված «Ազգային անվտանգության» հայեցակարգերի, մարտահրավերներին արդյունավետ դիմակայելը հնարավոր է միայն հանրությունում մտավոր և հոգևոր բարձր մակարդակ ունեցող «կրիտիկական զանգվածի» առկայության պարագայում։ Այս մոտեցումը հիմնավորված է համեմատական հաշվարկներով, համաձայն որոնց գլոբալ աշխարհաքաղքական թաթերաբեմում միայն այդպիսի «զանգվածն» է, որ կարող է ձևավորել ազգային գաղափարներով տոգորված հասարակություն և ընտրանի, որոնք զորու են արդյունավետ ղեկավարել ու զարգացնել երկիրն ինչպես բարենպաստ, այնպես էլ ճգնաժամային իրադրություններում։

Վերոնշյալից հետևում է, որ ընդհանրական հայկական հանրությունը հարատևելու համար ևս պետք է ձգտի ձևավորել իր սեփական մտավոր և հոգևոր «կրիտիկական զանգվածը»: Այս առիթով նկատենք, որ արդի համացանցային տեխնոլոգիաները թույլ են տալիս գիտելիքի և տեղեկատվության հեռահար փոխանակումներ իրականացնել, ինչի շնորհիվ էլ աշխարհում մեծ տարածում են  գտել տարաբնույթ առցանց կրթական նախագծեր։ Հեռահար առցանց ուսուցումը նպատակահարմար և նշանակալի է հատկապես այնպիսի դեպքերում, երբ ուսուցանման հավանական լսարանը կենտրոնացած չէ մեկ աշխարհագրական վայրում, այլ ցրված է, սակայն ունի ցանցային կազմակերպման ներուժ: Հայաստանը և Սփյուռքի տարբեր համայնքները կարող են կիրառել այսպիսի հնարավորությունը գիտակրթական ոլորտում համագործակցության, առկա կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև գիտելիքների և փորձի արդյունավետ փոխանակումների նպատակով: Ի սկզբանե նշենք, որ համաձայն փորձագիտական կանխատեսումների սպասվում է որ առաջիկա 15 տարում առցանց կառույցները կկազմեն աշխարհում գործող կրթական կառույցների շուրջ 80%-ը: Օրինակի արդեն այսօր Coursera  առցանաց համակարգում ուսուցում են ստանում շուրջ 3 միլիոն ուսանող: Ավանդական կրթական համակարգի սկզբունքային բնույթի փոփոխությունը իր վրա է հրավիրում ներդրողների ուշադրությունը, քանի որ հայտնի է, որ կրթական ոլորտում կատարվող ներդրումները խիստ ձեռնտու են և ունեն տարեկան   նվազագույնը 30% շահավետություն: Այսինքն եթե նման համալսարանում ուսուցում են անցնում գոնե 3 հազար ուսանող, իսկ ուսման վարձը կազմում է $3000, ապա այդ կառույցի տարեկան եկամուտը կկազմի $9 մլն, իսկ շահույթը՝ նվազագույնը  $3մլն.: Պատահական չէ, որ ամերիկյան  միլիարդատեր Ջոն Փոլսոնը համեմատաբար վերջերս այս ոլորտում ներդրեց $400 մլն., իսկ Ջորջ Սորոսը՝ $500 մլն.:

Նկատենք, որ խոշոր սփյուռք ունեցող ազգերի համար  առցանց ուսուցման ներդրման կսրևորության և դրա  շահավետության մասին է վկայում այն փաստը, որ այս ոլորտում խիստ ակտիվ են գործում ինչպես հրեական ազգային – հասարակական կազմակերպությունները, այնպես էլ հրեական կապիտալ ունեցող բիզնես կառույցները:

Վերոնշյալի համատեքստում խիստ արդիական և հրատապ խնդիր է հանդիսանում ազգային բոլոր տարաբնույթ ռեսուրսների մոբիլիզացման միջոցով առցանց Հայաստան-Սփյուռք Համալսարանի (Armenia – Diaspora University, ADU) ստեղծումը և համակարգված դասընթացների կազմակերպումը: Նման կառույցը անխուսափելիորեն կվերածվի ընդհանուր գիտակրթական և ազգային խնդիրների քննարկման հարթակ Հայաստանի և Սփյուռքի մտավոր շրջանակների համար: Այդ կառույցը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Սփյուռքի գիտակրթական ինտեգրմանը, այլև մեր ընդհանուր մտավոր ռեսուրսների զարգացմանը, ինչը վճռորոշ նշանակություն ունի ներկայում հայությանը նետված արդի հիբրիդային մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից:

Վերոնշյալ հիմնավորումների համատեքստում հարկ է շեշտել, որ չնայած Հայաստանում բարձրագույն կրթություն ստացածների թիվը բավական մեծ է, սակայն գիտակրթական ոլորտը գտնվում է խիստ ցածր մակարդակի վրա և դրա մասին են վկայում վարականիշային հետևյալ տվյալները:   Օրինակ Webometrics Ranking of World Universities (WRWU) կողմից իրականացրած հետազոտություններում 2022թ. հունվարի դրությամբ Հայաստանից ընդգրկվել են 53 բուհ: Դրանցից Երևանի Պետական Համալսարանը զբաղեցնում է 2641-րդ հորիզոնականը (միչդեռ դեռևս 2018թ –ին ԵՊՀ-ն 2628-րդն էր): Հարկ է նշել, որ ԵՊՀ-ին հաջորդող Հայաստանի Ամերիկյան համալսարանը և Ռուս Հայկական Համալսարանը, որոնք ՀՀ-ում զբաղեցնում են 2 և 3 տեղերը, համաձայն WRWU -ի գտնվում են 4107 և 4780 հորզոնականներում, իսկ մնացյալ հայկական բուհերը տեղաբաշխված են 5195 մինչև 31231 հորիզոնականներում։

Արձանագրենք նաև, որ համաձայն WRWU-ի մեր տարածաշրջանում  առաջատարը Թեհրանի Համալսարանն է, որը գրավում է 309-րդ տեղը, իսկ  Թուրքիայի Միջին արևելյան տեխնիկական համալսարանը 538-րդն է: Թբիլիսիի Իվանե Ջավախաշվիլիի պետական համալսարանը գտնվում է 1323-րդ տեղում և էապես բարելավել է իր դիրքը 2018 թ-ի համեմատ (2006–րդ հորիզոնական):   Բաքվի պետական համալսարանը գրավում է  3319 տեղը։

Ի լրումն, ցածր ցուցանիշների հետևանքով հայկական բուհերը տեղ չեն գտնում որոշ հեղանակավոր կառույցների հրատարակած վարկանիշային ցուցակներում (տես, օրինակ, «Эксперт РА» ռուսաստանյան միջազգային խոշորագույն վարկանիշավորման գործակալության և հանրահայտ QS World University Rankings – ի տվյալները): Հատկանշական է նաև, որ Թուրքիայում, որի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը շուրջ 2 անգամ գերազանցում է Հայաստանին, գործում է 186 համալսարան, իսկ կրթությանը հատկացվող ծախսերը կազմում են $24 մլրդ։ Համաձայն The Times-ի բուհերի վարկանիշային ցուցակի, աշխարհի լավագույն 500 համալսարանների շարքում ընդգրկվել է թուրքական 5 բուհ: Իսկ ըստ ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի   «Գիտահետազոտական ակտիվության» ցուցանիշի՝ Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 19-րդ տեղը: Ի լրումն այս ամենի, որ այդ երկիրն առաջատարներից է նաև գրքերի ընթերցման առումով, քանի որ տարեկան հրատարակվում է շուրջ 40 – 50 հազար  նոր գիրք:

Ներկայացված տվյալների համատեքստում նշենք, որ Երրորդ Հանրապետության գիտական ներուժը համեմատ Երկրորդ Հանրապետության նվազել է ավելի քան 10 անգամ: Նախկինում Հայաստանը գիտակրթական և տեխնոլոգիական առումով ԽՍՀՄ առաջատարներից էր. այս առումով բավական է հիշել, որ միայն Յակով Զարոբյանի կառավարման տարիներին (1960 – 1966թ.թ.) Հայաստանում հիմնվել է ավելի քան 70 գիտատեխնոլոգիական հաստատություն: Հատուկ շեշտենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի նկատմամբ տարած ռազմական – քաղաքական հաղթանակը և Արցախի ազատագրումը, ինչպես ադարացիորեն արձանագրում են բրիտանական հատուկ ծառայությունները, պայմանավորված էր առաջին հերթին հայկական հանրության բարձր  գիտելիքային և հոգևոր մակարդակով:

Մտահոգիչ իրավիճակը նաև Սփյուռքում, որտեղ վերջին տարիների ամենամեծ կորուստը կարելի է համարել Մելքոնյան վարժարանի փակումը:  Այսօր Սփյուռքում գործող միակ  բարձրագույն ուսումնական հաստատությունն է Բեյրութի Հայկազյան համալսարանն (հիմնադրվել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից 1955թ.) և այն համազգային նշանակություն ունի հայության համար: Այստեղ ուսանելու են գալիս հայ երիտասարդներ ոչ միայն Լիբանանից, այլև այլ երկրներից, իսկ  շրջանավարտները հետագայում իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Լիբանանի, այլև այլ երկրների հայ համայնքներում և ազգային կառույցներում: Ավելին, Բեյրութի Հայկազյան համալսարանը՝ որպես կրթական հաստատություն, ունի նաև միջազգային նշանակություն, քանի որ այնտեղ, բացի հայերից, ուսանելու են գալիս նաև այլազգի ուսանողներ: Այս համալսարանը Հայագիտության ամբիոնի և Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի գործունեության շնորհիվ հանդիսանում է աշխարհի հեղինակավոր  հայագիտական կենտրոններից մեկը: Սակայն հարկ է փաստել, որ այսօր Լիբանանում տիրող անկայուն քաղաքական իրավիճակը էապես խաթարել է նաև այս  հաստատության գործնեությունը:

Փայլուն չեն գործերը նաև այլ հայագիտական կենտրոններում: Համաձայն  փորձագիտական գնահատականների, արտերկրում գործող մոտ 100 նման կենտրոններից քչերն են, որոնք այս կամ այն չափով (ցավոք, երբեմն ոչ այնքան բարձր մակարդակով) զբաղվում են հայությանն առնչվող արդիական խնդիրներով: Արդյունքում սփյուռքահայ հանրությունում և մամուլում ձևավորվում են բավական պարզունակ մոտեցումներ Հայաստանի, Սփյուռքի և ընդհանրապես  աշխարհաքաղաքական իրողությունների նկատմամբ:  Մինչդեռ հրեական համանման կառույցների շուրջ 90%-ը կենտրոնացած է հրեականության արդի խնդիրներին լուծումներ գտնելու աշխատանքների վրա և դա էապես նպաստում է նրանց զարգացմանը ու ընդհանրական ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Ստեղծված իրադրությունում ամենացավալի հանգամանքներից է այն, որ հայ անհատականությունը ունի բնատուր ընդունակություն և օժտված է առանձնահատուկ ձգտումով գիտելիքներ ստանալու և ստեղծելու ոլորտում: Սկսած Մեսրոպ Մաշտոցից մեր ազգից սերվել են բազմահազար ստեղծարար անձիք և դեռ ոչ վաղ անցյալում արարում էին հայազգի տաղանդավոր գիտնականների  մի ամբողջ  համաստեղություն: Բավական է հիշել Վիկտոր Համբարձումյանին, Օրբելի և Ալիխանյան եղբայրներին, Սերգեյ Մերգելյանին, Անդրանիկ Իոսիֆյանին, ինչպես նաև քչերին հայտնի, խորհրդային միջուկային զենքի «հայր», ԽՍՀՄ եռակի հերոս Կիրակոս Մետակսյանին (Կիրիլ Շչելկին) և էլի նման շատ – շատերին: Հարուստ է տաղանդավոր գիտնականներով նաև մեր Սփյուռքը, որտեղ վերջերս բժշկագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացավ Արտեմ Փաթափությանը: Համաձայն մեր դիտարկումների, այսօր Սփյուռքում առկա են հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) տաղանդավոր գիտնականներ, որոնք կարող են մեծ ավանդ ներդնել Հայաստան – Սփյուռք  համալսարանի աշխատանքներին:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ընդհանրական հայկական հանրությունում ներկայումս տիրող գիտակրթական ոլորտի ոչ այնքան բարենպաստ իրավիճակը, մասնավորապես, հետևանք է այն իրողության, որ «հայկական կապիտալը» (ինչպես արտերկրում, այնպես էլ հայրենիքում) լավ չի պատկերացնում Հայաստանի և Սփյուռքի ներկայիս իրավիճակը՝ այսպես կոչված «կոորդինատները» գլոբալ հարթությունում: Մինչդեռ ներկայիս «հիբրիդային պատերազմների» ժամանակահատվածում (որը քաղաքագիտական հանրությունում անվանում են անգամ «Երրորդ համաշխարհային պատերազմ») տեղի է ունենում նաև միջազգային իրավունքի և նորմերի սրընթաց արժեզրկում: Նման իրավիճակում ամենևին պետք է չէ բացառել անգամ հայկական պետականության կորուստը, դրանից բխող ծանրագույն հետևանքներով: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում արդեն իսկ անհրաժեշտ է որոշակի գործողություններ կատարել Հայաստան-Սփյուռք Համալսարանի ստեղծման համար: Որպես առաջին քայլ այս ուղղությամբ կարելի է պատկերացնել հասարակական մի կառույցի ձևավորումը, որտեղ հնարավոր կլինի կենտրոնացնել և քննարկել հայկական գիտակրթական հանրության առաջարկները նման համալսարանի վերաբերյալ: