- 03/09/2022
Միստի՞կա կամ ինչպե՞ս ԽՍՀՄ երեք քանդողները մեռան ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո
Ինչ-որ տեղ միստիկայի է նման, սակայն փաստն այն է, որ ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո մեկը մյուսի հետեւից այն աշխարհ գնացին երեք անձինք, ովքեր ԽՍՀՄ-ի փլուզման հիմնական, ամենաառանցքային դերակատարներից էին: Ստանիսլավ Շուշկեւիչը եւ Լեոնիդ Կրավչուկը, ովքեր 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելառուսի Բելովեժյան թավուտում Բորիս Ելցինի հետ միասին ստորագրեցին ԽՍՀՄ-ի լուծարման խայտառակ փաստաթուղթը, մահացան մայիսի 3-ին եւ մայիսի 10-ին: Եվ հիմա էլ ԽՍՀՄ-ի փլուզման հաջորդ առանցքային մեղավորը՝ Միխայիլ Գորբաչովը, գնաց նրանց հետեւից:
ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆԸ ՀԱՋՈՐԴԱԾ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ
Իհարկե, կարելի է ասել՝ ի՞նչ միստիկա, երեքն էլ տարիքներն առած մարդիկ էին: Բացի այդ, ԽՍՀՄ փլուզման գլխավոր մեղավորներից վերջինը՝ Ելցինը, տարիներ առաջ է մահկանացուն կնքել: Այդպես էլ կա: Դրանով հանդերձ էլ, ինչքան էլ տարիքներն առած, բայց այսպես իրար հետեւի՞ց, ու հենց այն բանից անմիջապես հետո, երբ երեք հանցակիցների պատմական դավաճանությունն ամենատեսանելի եւ շոշափելի ձեւով հակառակ ընթացքի մե՞ջ է մտել: Ինչ վերաբերվում է Ելցինին, ապա նա այդ քառյակից միակն էր, ով մեղանչեց, արածների համար ժողովուրդներից ներողություն խնդրեց եւ ՌԴ-ում իշխանությունը հանձնելով ազգային ուժերին՝ դրեց հիմքն այն գործընթացի, որը հասցրեց հատուկ ռազմական օպերացիա կոչվածին: Այսինքն, Ելցինը դեռ տարիներ առաջ էր իր պատմական առաքելությունն ավարտել, հանգիստ կարող էր հեռանալ: Իսկ այս երեքին երեւի ինչ-որ ուժ պահեց մինչեւ այն պահը, որ տեսնեին սեփական դավաճանության տապալման մեկնարկը: Այ, դրանով արդեն նաեւ նրանց պատմական դերն ավարտվեց…
Ամեն դեպքում, անկախ նրանից, թե ինչու այս երեքը մինչ այս պահը գոյատեւեցին եւ իրար հետեւից գնացին, փաստն այն է, որ ուկրաինական պատերազմն իրոք փակում է ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած պատմական դարաշրջանը, իսկ Գորբաչովի մահը դրա ցուցադրական երանգներից մեկն է: ՀՌՕ-ն նաեւ ի ցույց դրեց, որ ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած պատմական դարաշրջանի ավարտ ասվածը Մոսկվան պատկերացնում է Միության վերականգնման տեսքով:
ՆՈՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Այո, հենց Միության եւ ոչ թե Ռուսական կայսրության կամ ռուսական հողերի հետհավաքման, ինչպես անվանում են տարբեր փորձագետներ: Այսինքն, երկար ժամանակ այն տպավորությունն էր, որ Մոսկվան փորձում է կողմնորոշվել, թե ինչ սցենարով է առաջ շարժվելու՝ մեկ միասնական Ռուսաստան պետությա՞ն, թե՞ նոր Միության: Ընդ որում, երբ դոնբասյան հատվածը, ապա նաեւ Ուկրաինայից պոկված մյուս մասերը, վերջապես՝ նաեւ այլ նման միավորներ, օրինակ՝ Հարավային Օսեթիան ակտիվորեն խոսում էին Ռուսաստանին միանալու հանրաքվեների անցկացման ծրագրերի մասին, այն տպավորությունն էր, թե Մոսկվայում առաջ են տանում մեծ Ռուսաստանի տեսլականը:
Բայց ահա հանրաքվեների թեման կարծես մղվեց երկրորդ պլան: Փոխարենը, նման փոքր պետություններից մեկը` Աբխազիան, բոլորովին այլ ազդակներ սկսեց հղել: Նախ, վերջերս Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում նույնպես հայտարարեց, որ Աբխազիան պատրաստ է միանալ Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետությանը: Նախօրեին էլ Աբխազիայի արտգործնախարար Ինալ Արձինբան նույն Սոլովյովի (թե ինչու հենց նրա, դժվար չէ կռահել)` «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում շարունակեց այդ միտքը` հավաստիացնելով, որ նախ`ՀՌՕ-ի հիմնարար արդյունքներից մեկն Աբխազիան համարում է ինքնիշխան պետությունների ընդլայնված միություն ստեղծելու հնարավորությունների աճ: Ապա նաեւ, որ Աբխազիան պատրաստ է մաս կազմել այդ միությանը: Այսինքն, այդ միությունը պետք է ձեւավորել Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետության բազայի վրա: Վերջապես, որ Աբխազիան այդ մասին խոսում է ոչ թե տեսականորեն, այլ սկսել է գործնական աշխատանք եւ առաջին հերթին օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ աշխատանքի տեսքով:
Ասել, թե սա Աբխազիայի նախաձեռնությունն է, միամտություն կլիներ: Ավելի շուտ, այս ամենը հետեւյալ տպավորությունն է թողնում. Մոսկվայում արդեն ավելի հստակ պատկերացումներ ունեն ոչ թե կոնկրետ Աբխազիայի, այլ առհասարակ` այդ կարգի չճանաչված հանրապետությունների ընդհանրական խնդրի լուծման առնչությամբ. Որպես առանձին միավորներ, դրանք կմիավորվեն ընդհանուր պետության կազմում: Ճիշտ է, ժամանակին այս տեսլականն էլի է շրջանառվել, սակայն այդ ընթացքում խոսվեց, որ Բելառուսում կան խանդի նոպաներ. ինչու պետք է փոքրիկ Աբխազիան, Մերձդնեստրը կամ Հվ. Օսեթիան Բելառուսի հետ կարգավիճակ ստանան: Բայց այս առումով Ինալ Արձինբան իր հիշատակված ելույթում բավականին ուշագրավ ակնարկ հղեց: Այսպես, նա սկսեց պատմել, թե ինչ բարձր եւ ընդգրկուն մակարդակով է Բելառուսը սկսել շփվել Աբխազիայի հետ, ինչը հուշում է Բատկայի տրամադրություններում ի հայտ եկած որոշակի շրջադարձերի մասին: Երեւի սկսել է կռահել, որ եթե նոր Միությունը չդառնա հավասար միավորումների հավաքատեղի, այլ գնա այդ տարածքները ՌԴ-ի մեջ ներառելու գործընթաց, ապա այդ ճակատագիրը վաղ թե ուշ կչոքի նաեւ Բելառուսի դուռը:
Այս ամենով հանդերձ, ասել, թե այս գործընթացը կարող է շատ երկար ձգվել, իր հերթին սխալ կլիներ: Ուկրաինական պատերազմը շատ երկար ձգել Ռուսաստանը հաստատ չի պատրաստվում, եւ կա այն ծավալվող լուրջ փորձագիտական եզրակացությունը, որ արդեն այս աշնանը եթե անգամ պատերազմը չավարտվի, ապա առնվազն ավարտը միանգամայն տեսանելի եւ շոշափելի տեսք կստանա: Իսկ այդ դեպքում Մոսկվան ուզի, թե ոչ, պետք է արագորեն իր վերահսկողության տակ գտնվող տարածքների կարգավիճակը հստակեցնի: Ընդ որում, եթե Դոնեցկը եւ Լուգանսկն ինչ-որ կարգավիճակ ունեն, կարելի է մի փոքր էլ ձգել, ապա մյուս տարածքների հարցը լրիվ օդից կախված է. կա՛մ պետք է դրանք դարձնել հանրապետություններ` ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի օրինակով, որը կլիներ ժամանակավոր լուծում: Կա՛մ պետք է բոլոր տարածքները, այդ թվում` ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն միավորել, այսինքն` վերադառնալ Նովոռոսիայի սցենարին: Կա՛մ էլ, վերջապես, այդ տարածքները ներառել ՌԴ-ի կազմում` Ղրիմի օրինակով: Որ տարբերակն էլ, որ որոշվի, դա պետք է արագ անել: Ընդ որում, եթե ընդունենք, որ Մոսկվան իրոք վերջնականապես կողմնորոշվել է հանրապետությունների ստեղծման եւ դրանք Միության մեջ ներառելու սխեմայի օգտին, ապա այս դեպքում, նախկին ուկրաինական տարածքներին զուգահեռ, պետք է նույն տեմպերով լուծել նաեւ մյուս չճանաչված հանրապետությունների եւ Միության մաս դառնալու հավակնորդ այլ ճանաչված պետությունների միավորման խնդիրը:
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ
Այն, որ այս ամենն ուղղակիորեն վերաբերում է նաեւ մեզ, հասկանալի է: Մի կողմից, Արցախը եւս ռուսական վերահսկողության տակ գտնվող չճանաչված հանրապետություն է, ճիշտ այնպես, ինչպես Աբխազիան կամ Հվ. Օսեթիան: Ինչ տեսլական ունի Մոսկվան` Արցախի հետ կապված. սա, ինչ խոսք, մեծապես կախված է նրանից, թե Արցախն իր հերթին ի՞նչ պատկերացումներ ունի նշված գործընթացների առնչությամբ: Այս մասին մինչ այժմ միայն երկակի եւ երկիմաստ հայտարարություններ են եղել ինչպես պաշտոնական Ստեփանակերտից, այնպես էլ` Արցախի քաղաքական շրջանակներից: Գումարած, այդտեղ գործում է գերակտիվ արեւմտամետ ուժ, այնպես որ, շատ բան մնում է մշուշում: Չնայած նրան, որ այլընտրանքը հասկանում են բոլորը` դա ադրբեջանական վերահսկողությունն է:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Միութենական պետության թեման, ըստ միանգամայն արժանահավատ տվյալների, Ռուսաստանը տարբեր մակարդակներով անգամ ներկա վարչակարգի հետ քննարկել է: Արձագանքը, իհարկե, հասկանալի է, հաշվի առնելով նաեւ հակառուսական քարոզարշավի այն հեղեղը, որը ամերիկասորոսյան փողերով միայն թեժացնում են, եւ դա անհետեւանք չի մնում: Բայց մյուս կողմից, եթե հիմա կա Միութենական պետության մաս դառնալու առաջարկ, ապա վաղը-մյուս օրը միգուցե խնդրենք, բայց չստանանք:
Չնայած, նույն հեռանկարի առաջ է նաեւ Ադրբեջանը: Այն, որ Բաքուն եւս կստանա կամ միգուցե ստացել է Միութենական պետության մեջ ներգրավվելու առաջարկ, միանշանակ է: Ի տարբերություն Նիկոլի, Ալիեւը, իհարկե, բազմապատիկ անգամ ավելի մեծ մանեւրականություն ունի: Բայց վերջնարդյունքի հարցում անգամ դա քիչ դեր կունենա, եթե Ադրբեջանի առաջ դրվի «կամ-կամ» տարբերակ: Իսկ դա միանգամայն ռեալ կդառնա, եթե ուկրաինական պատերազմում սկսվի իրավիճակի որակական փոփոխության փուլ:
Կարճ ասած, կարծես թե ինչպես Ալիեւը, այնպես էլ Նիկոլը փորձում են դեռ ժամանակ շահել մինչեւ աշնան վերջերը, երբ մեծ հավանականությամբ ինչպես ուկրաինական պատերազմում, այնպես էլ ՌԴ-ԱՄՆ հակամարտությունում կգա հստակեցումների փուլ: Ամեն դեպքում, նախօրեին Բրյուսելում կայացած Նիկոլի եւ Ալիեւի հանդիպումից եւս հենց այդ տպավորությունն առաջացավ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ