- 07/09/2022
Թրասի ընտրվելու կապակցությամբ պետք է Մոսկվային շնորհավորել
Մեծ Բրիտանիայի վարչապետի աթոռին Լիզ Թրասի նստելն իհարկե բրիտանական «դեմոկրատիայի» մեծագույն ցուցիչն է: Այսինքն, մարդիկ կարողանում են վարչապետ դառնալ ընդամենը 80 հազար կուսակիցների ձայներով՝ շրջանցելով երկրի տասնյակ միլիոնավոր ընտրողներին: Ու սա այն դեպքում, երբ ակնհայտորեն տվյալ քաղաքական ուժը պետական ընտրությունների դեպքում կունենար ջախջախիչ պարտություն:
Եթե այս ամենին գումարում ենք տիկին Թրասի մտավոր բագաժը, որը քանիցս ամենաուրախ կատակների, կծու ծաղրի առիթ է դարձել, ապա պատկերը կամբողջանա: Ու երեւի ամենածանրը Նորին մեծության վիճակն է: Բրիտանիայում կա կարգ, որ վարչապետն ընտրվելով, առաջին հերթին պետք է ներկայանա թագուհուն՝ պաշտոնական նշանակման համար: Եվ ահա Ելիզավետա թագուհին, ով իր երկարամյա կառավարման ընթացքում նման ընդունելության է արժանացրել Չերչիլին, Թետչերին եւ այլ հռչակավորչ գործիչների, օր ծերության հասել է Լիզ Թրաս ընդունելու մակարդակի…
Իհարկե, թեկուզեւ Թրաս, սակայն սա բրիտանացիների գործն է: Սակայն դա պարզ տրամաբանություն կլիներ: Իրականում հասկանալի է, որ Բրիտանիայում գործում է իրական կառավարման ստվերային համակարգ, պետական ապարատն էլ աշխատում է կարգավորված մեխանիզմով, եւ վարչապետի անձը ամենաէականը չէ: Բայց մյուս կողմից էլ այս ամենով հանդերձ, հենց վարչապետով է Բրիտանիան ներկայանում աշխարհին, տվյալ անձով է, որ այլ երկրները հարաբերություններ են ձեւավորում: Մինչդեռ փաստն այն է, որ վերջին 6 տարում Բրիտանիայում փոխվել է 4 վարչապետ, եւ առաջին դեմքի մակարդակը գնալով միայն անկում ապրեց: Ու ի՞նչ է ստացվում, Բրիտանիայի ստվերային կառավարությունն այլ, ավելի արժանի, հեղինակավոր, ծանրակշիռ դեմք չի գտնում, որ կարգի վարչապետ: Թե՞ Ջոնսոնի եւ Թրասի կարգի ամեն կեղտոտ հրաման կատարելու պատրաստ ֆիգուրաներ են պետք, որ անտրտունջ ինչ-որ կոնկրետ ֆունկցիա կատարեն: Բայց եթե այս տարբերակն է, ապա ինչո՞վ Ջոնսոնը ձեռք չտվեց ստվերային կառավարիչներին, նա այդ ինչի՞ գնալու պատրաստ չէր, որ Թրասը պատրաստակամորեն կանի: Կարելի է մտածել այսպես. սույն տիկինը խոստանում է, որ առանց վարանելու կսեղմի «միջուկային կոճակը»: Բայց ստվերային կառավարիչները, որոնք պետք է որ շատ ավելի խելացի լինեն Թրասից, դժվար թե պարզ չգիտակցեն, որ Բրիտանիայի այդ «միջուկային կոճակը» քիչ էֆեկտ ունի՝ թույլ հրթիռային եւ խիստ սահմանափակ մարտագլխիկների պարագայում: Ռուսաստանի ուղղությամբ կարձակեն մի քանի հրթիռ, որոնք միգուցե տեղ էլ չհասնեն: Փոխարենը, պատասխան հարվածը առաջիկա հարյուրավոր տարիներին բրիտանական կղզիները կդարձնեն լիովին անմարդաբնակ:
Չէ, կարծես թե ավելի հավանական է առաջին տարբերակը՝ կադրային բազան է թուլացել եւ գնալով թուլանում: Օրինակ այն, որ բրիտանական տնտեսությունը հասել է խորը ռեցեսիայի շեմին, տնտեսվարողների գերակշիռ մասն ահազանգում է փակվելու հեռանկարի մասին, իր հերթին է նման եզրահանգման հասցնում՝ վերին կառավարման համակարգը խորը դեգրադացիայի մեջ է: Իսկ եթե այս գործոնն է, ապա կմնա միայն Բրիտանիային ցավակցել եւ ՌԴ-ին՝ շնորհավորել Լիզ Թրասի ընտրվելու կապակցությամբ:
Ամեն դեպքում, երբ նման ծայրահեղ բարդ գլոբալ իրավիճակում, որը Հռոմի պապն անվանում է Երրորդ աշխարհամարտ, Բրիտանիայում մեկը մյուսի հետեւից վարչապետ են փոխում, դա արդեն իսկ Մոսկվայի օգտին է, ինչքան էլ որ բրիտանական հատուկ ծառայությունները շարունակում են Ռուսաստանի ներսում եւ հարեւանությամբ քայքայիչ գործունեություն ծավալել:
Ու դրան զուգահեռ, այն մասշտաբային զորավարժանքները, որն անցկացնում են ՌԴ-ն, Չինաստանը, Հնդկաստանը եւ այլ երկրներ, իհարկե, ավելորդ հուշում է նաեւ տիկին Թրասին, որ «միջուկային կոճակից» խոսելուց այն կողմ պետք չէ անցնել: Այդ թվում, եթե զորավարժանքներից զատ, այդ ոչ պաշտոնական դաշինքը ցանկանա գնալ պաշտոնական դաշինքի ուղղությամբ` գալիք շաբաթ նախատեսված ՇՀԿ-ի գագաթաժողովում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ