- 07/09/2022
Տ․ Տ․ Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի դերը 19-րդ դարի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում
Տ. ԱՐԱՐԱՏ ՔԱՀԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Ս. Էջմիածնի Մատենադարանի և
Հրատարակչական բաժնի տնօրեն
Ելույթ` «Օշականի ճակատամարտ. Արևելյան քրիստոնեության քաղաքակրթական հիմքերի պաշտպանությունը դարերի խորքում և այսօր» միջազգային գիտական կոնֆերանսում.
Հայ Եկեղեցին իր բազմադարյա գործունեության ընթացքում հանդես է եկել որպես քրիստոնեական և ազգային արժեքներ ստեղծող ու պահպանող համազգային կառույց, որն իր հոգեփրկչական և ազգապահպան գործունեությունն իրականացրել և իրականացնում է նվիրյալ ու նախանձախդիր եկեղեցականների միջոցով: Թեև Հայ Եկեղեցին կրթել ու հոգեւոր սնունդ է տվել շնորհաշատ և «գրո հիշատակի» արժանի բազմաթիվ եկեղեցականների, սակայն նրանցից ոմանք իրենց անունն անմահացրել են՝ այն սերտորեն միահյուսելով Հայ Եկեղեցուն ու հայ ժողովրդի պատմությանը: Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ Հայ Եկեղեցու պատմության մեջ բազմաթիվ են նման հոգեւորականները, որոնց փաղանգը ձգվում է մինչև մեր օրերը:
Այսօրվա միջոցառման շրջանակում ցանկանում ենք այդ փաղանգից առանձնացնել ազգային-եկեղեցական մեծանուն գործիչ և «հայրենյաց պաշտպան» երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցուն (1770-1843-1857 թթ.):
Ներսես Ե Աշտարակեցու լայնածավալ և բազմաոլորտ գործունեությունը հակիրճ բնորոշված է նրա տապանաքարի արձանագրությամբ՝ «Պաշտպան հայրենյաց», ինչը վկայում է նրա հայրենասիրական, ազգային-ազատագրական բուռն և արդյունավոր գործունեության մասին: Ներսես Աշտարակեցին նշանավոր է նաև իր եկեղեցական-հոգեւոր բազմարդյուն գործունեությամբ: Հայոց հայրապետի ազգային-եկեղեցական, կրթական և հասարակական գործունեությունն արժևորվել է մեզանից առաջ, այսօր արժևորում ենք մենք և արժեւորելու են նաեւ հաջորդ սերունդները:
Բնականաբար, մեկ զեկուցման շրջանակում անհնար է ներկայացնել հայրենանվեր Կաթողիկոսի մինչ կաթողիկոսական և հետ կաթողիկոսական շրջանների գործունեությունն ամբողջությամբ: Մեր ուշադրությունը կենտրոնացնենք հատկապես այն դրվագների վրա, որոնք ավելի ամրապնդեցին հայ-ռուսական դարավոր հարաբերությունները:
Ներսես Ե Աշտարակեցու հայացքները դրսևորվել են նրա եկեղեցական, քաղաքական, հասարակական, ազգային հայացքներում, որոնք արտացոլվել են գործնական կոնկրետ քայլերով: Դրանց մեջ առաջնայինն, իհարկե, հայ-ռուսական եկեղեցական հարաբերություններն են, քանի որ մեր կարծիքով 19-րդ դարում հատկապես դրանք սերտորեն առնչվում են հայ-ռուսական քաղաքական, մշակութային, հասարակական ու առևտրական կապերին:
Պետք է ասել, որ 19-րդ դարի առաջին կեսին հայ-ռուսական եկեղեցական հարաբերությունները լարված էին դեռևս․ պատճառները բազմաբնույթ էին ու ընդգրկում էին կրոնական, եկեղեցական տարբեր բնագավառներ: Այդ պատճառների մեջ մեծ ծավալ էին կազմում հայ եկեղեցու դեմ ուղղված ամբաստանությունները և թյուր տեղեկությունները, որոնք հիմք էին դարձել մի շարք ռուսերեն գրքերի հրատարակության համար: Ներսես Աշտարակեցու նախորդը՝ Հովհաննես Կարբեցին, ըմբռնելով պահի լրջությունը, գիտակցելով այն բոլոր դժվարությունները, որ կարող էին ունենալ ռուսաստանաբնակ հայերը, Նիկոլայ ցարին ուղարկել էր մի գրություն, որտեղ համառոտ ներկայացրել էր հայ-ռուսական եկեղեցական հարաբերություններում արհեստականորեն առաջացած անջրպետը: Գրությունը ներքին գործերի նախարարության միջոցով 1841 թ. հուլիսի 31-ին հասել էր Նիկոլայ 1-ին ցարին:
Գրության մեջ Հովհաննես Կարբեցին խոսում էր հայ-ռուսական կապերի արդյունավետության մասին՝ ընդգծելով, որ ցարական իշխանությունները հոգ են տանում կայսրության տարածքում ապրող օտարազգիների խաղաղ գոյակցության մասին, և բոլոր կրոնների հետևորդները համերաշխ ապրում են միասին շնորհիվ ցարի լայնախոհ քաղաքականության:
Նշյալ գրությունը ցարի հատուկ ուշադրությանն է արժանանում: Նա ուղարկում է Ռուս Եկեղեցու մեծ Սինոդին: Վերջինս, բավարարվելով Կարբեցու գրության մեջ նշված դավանական հակիրճ տեղեկություններով, հայտնում է, որ այսուհետ կրոնական գրաքննության մարմնին հանձնարարել է առավել խստորեն հետևել, որ Հայ Եկեղեցու մասին սուտ և կեղծ նյութեր չտպագրվենի:
Ցարը, ծանոթանալով մեծ Սինոդի որոշմանը, հավանություն է տալիս, որ այսուհետ առավել ուշադիր լինեն Հայ Եկեղեցու դեմ տպագրվող նյութերին, իսկ ներքին գործերի նախարարությանն էլ հանձնարարում է, որ դիմեն Հայոց կաթողիկոսին՝ ներկայացնելու ընդարձակ դավանագիր:
1842 թ. հունվարի 14-ին ցարի գրությունն ուղարկվում է Հովհաննես Կարբեցուն, որն այդ պահին անկողնային ծանր հիվանդ էր և շուրջ երկու ամիս անց մահանում է:
Շուտով տեղի է ունենում կաթողիկոսական նոր ընտրություն: Ազգային-եկեղեցական ժողովը միաձայն կաթողիկոս է ընտրում Ներսես Աշտարակեցուն: Ընտրության մասին տեղեկացնում են ցարին: Վերջինս հաստատում է Ներսես Աշտարակեցու ընտրությունը, սակայն ցանկություն է հայտնում անձամբ հանդիպել կաթողիկոսի հետ: Ըստ որոշ տեղեկությունների Ներսես Աշտարակեցին չի ցանկացել ընդունել ցարի հրավերը, քանի որ դժգոհ էր Արևելյան Հայաստանի նկատմամբ ցարական Ռուսաստանի վարած քաղաքականությունից, սակայն խորագիտաբար հրաժարվել է այդ մտքից՝ որոշելով վերջնական գնահատական տալ ցարի հետ հանդիպումից հետո:
Ուստի, Ներսես Ե Աշտարակեցին Քիշինևից ուղևորվում է Պետերբուրգ: Կաթողիկոսի առողջական խնդիրների պատճառով հանդիպումը կայանում է միայն ցարի արտասահմանյան ուղևորությունից վերադառնալուց հետո միայն: Իսկ այդ ընթացքում Հայոց հայրապետը հանդիպումներ է ունենում ռուսական պետական և հոգեւոր բարձրագույն իշխանավորների հետ, որոնց հետ քննարկում է ազգային-եկեղեցական հարցեր, բնականաբար նաև տեղի են ունենում հայ-ռուսական եկեղեցական բանակցություններ: Նշենք, որ այս հանդիպումները և այդ տևական դադարը Պետերբուրգում իրենց բարեբեր ազդեցությունն են թողնում հայ-ռուսական եկեղեցական, հետագայում նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ հարաբերությունների կարգավորման վրա:
Ներսես Ե. Աշտարակեցու՝ ռուս եկեղեցականների հետ դավանական բնույթի բանավեճերն ըստ էության ընթացել են հատկապես Քաղկեդոնի ժողովի շուրջ: Հայոց Հայրապետը պատմական հավաստի վկայություններով եւ հիշատակություններով մեկ անգամ եւս հաստատում ու հիմնավորում է Հայ Եկեղեցու դավանության ուղղափառությունն ու անաղարտությունը, միևնույն ժամանակ չհերքելով Ռուս եկեղեցու դավանական ուղղափառությունը։
Ռուս պաշտոնյաների ու եկեղեցականների կողմից ծրագրված բանակցություններում Ներսես Աշտարակեցին հանդես է եկել համարձակորեն, և նրա դիրքորոշումը եղել է կտրուկ՝ այն աստիճան, որ նույնիսկ առաջարկ-պահանջ է ներկայացրել ռուսերեն գրքերից, հատկապես դպրոցական դասագրքերից հանել Հայ Եկեղեցու դեմ ուղղված դավանական մեղադրանքները:
Այս բանակցությունները, շնորհիվ Ներսես Աշտարակեցու եկեղեցասեր և ազգասեր ընդգծված կեցվածքի, ավարտվել են բացառապես հօգուտ Հայ և Ռուս եկեղեցիների առավել մերձեցման: Պալատական նախարար Վոլկոնսկին Ներսես Ե. Աշտարակեցու մասին ասել է. «Եթե համաձայներ ընդունել Քաղկեդոնի ժողովը, առաջինը ես պիտի լինեի նրան ստոր անվանողը»: Իսկ այս բանակցությունների վերջակետը դնում է Նիկոլայ ցարը, որը Հայոց հայրապետին հրաժեշտ տալիս ասում է. «Դուք աշխատե՛ք, որ կաթոլիկությունը մուտք չգործի ձեր ազգի մեջ»:
Հետագայում իր ողջ գործունեության ընթացքում հայ-ռուսական եկեղեցական հարաբերությունները, անգամ հակասական դիրքորոշումներում գտնվելու պարագայում, մնացել են Ներսես Աշտարակեցու մշտական հոգացության ու ուշադրության կենտրոնում, ինչն ավանդվել է հաջորդ սերունդներին ու հասել նաև մեզ: Այսօր Հայ Առաքելական եկեղեցին հանդես է գալիս հայ-ռուսական եկեղեցական, դավանական ջերմ հարաբերությունների պաշտպանի դիրքում:
Ներսես Աշտարակեցու ռուսամետ գործունեությունն ուներ նաև քաղաքական ենթատեքստ, որն առավել արտացոլվում էր ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման նրա նախանձախնդրության մեջ: Խոսել Ներսես Աշտարակեցու մասին՝ նշանակում է ներկայացնել 19-րդ դարի սկզբի պատմական իրադարձությունները, որոնց ակտիվ մասնակիցն ու կազմակերպիչներից մեկն է եղել նա՝ որպես հոգևորական և քաղաքական գործիչ:
Ներսես Աշտարակեցին ակտիվորեն մասնակցում է դարասկզբին տեղի ունեցող ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներին (1804-1813թթ. և 1826-1828թթ): Նշենք, որ թշնամու նկատմամբ ատելությունը ուղեկցել է նրան ամբողջ կյանքում: Հավանաբար սա եղել է այն հիմնավոր պատճառներից մեկը, որ Հայաստանի ազատագրության հույս նա համարել է Ռուսաստանին:
1803 թվականից Ներսես Աշտարակեցին ռուսական բանակի հետ էր. իր 100 կտրիճներով նա մասնակցում է Ցիցիանովի 1804 թ. երևանյան արշավանքին: Սակայն միայն դա բավարար չէր: Հենց Ներսես Աշտարակեցու կոչով ու նախաձեռնությամբ կազմավորվում են բացառապես հայերից բաղկացած կամավորական ջոկատներ, որոնք միանում են ռուսական բանակին՝ հայրենիքն ազատագրելու համար: Ներսես Աշտարակեցին համոզված էր, որ հայ-ռուսական դավանական հարաբերությունների կարգավորումն իր բարեբեր ազդեցությունն է ունենալու քաղաքական ու ռազմական հարաբերությունների վրա, սակայն մյուս կողմից վստահ էր, որ հայ մարդը ինքը պետք է պաշտպանի իր երկիրը և օգուտ քաղի հայ-ռուսական այդ ջերմ կապերից:
Երևանի երկրորդ պաշարման ժամանակ՝ 1808 թ., Աշտարակեցին նորից ռուսական բանակի հետ էր: Ավելի ակտիվորեն Աշտարակեցին մասնակցում է երկրորդ ռուս-պարսկական պատերազմի ռազմական գործողություններին՝ Սարդարապատի, Էջմիածնի, Երևանի ազատագրմանը: Նա հերթական անգամ միավորվելու, միաբանվելու և ռուսական բանակին օժանդակելու կոչով դիմում է հայ ժողովրդին, որը լայն արձագանք է գտնում ժողովրդի մեջ: Հայրենիքն ազատագրելու տենչով տոգորված՝ հարյուրավոր երիտասարդներ մտնում են նրա կազմակերպած կամավորական ջոկատների մեջ և ռուսական զորքի կազմում մասնակցում երևանյան արշավանքին: Թիֆլիսում 1827 թ. մարտի 30-ին տեղի է ունենում կամավորների զորահանդես, որին ներկա էր նաև Աշտարակեցին, իսկ ապրիլին ռուսական առաջապահ զորամասերի հետ մեկնում է ռազմաճակատ՝ կամավորական ջոկատների կազմակերպման գործը հանձնարարելով իր համախոհ, Ներսիսյան դպրոցի տեսուչ Հարություն վրդ․ Ալամդարյանին: Աշտարակեցուն ուղեկցում էր 60 հեծյալներից կազմված հայկական մի ջոկատ, որը, չսպասելով հայկական աշխարհազորի վերջնական կազմավորմանը, միացել էր ռուսական զորքին:
Կառավարական հանձնաժողովի կողմից հաստատված կանոնադրության համաձայն՝ կամավորական ջոկատներում ընդգրկվեցին 18-30 տարեկան երիտասարդներ, որոնք զենք և հանդերձանք ստացան ռուսական բանակից: Ջոկատներն ունեին իրենց ազգային դրոշը: Հրամանատարները ռուսական բանակի ծագումով հայ կադրային զինվորականներ էին, հրամանները տրվում էին մայրենի լեզվով: Պարսիկերի դեմ պայքարի դուրս եկան նաև Երևանի մերձակա շրջանների բնակիչները՝ կազմելով աշխարհազորային ջոկատներ: Երևանը պաշարած ռուսական զորքին միանալու կոչով Աշտարակեցին դիմեց նաև Աշտարակի և Օշականի գյուղացիներին. «…շուտ հավաքվել և այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մինչև արեգակի մայր մտնելը հասնել մեզ: Եթե որևէ մեկը ծուլանա, թող իմանա, որ թեկուզ իմ աչքի լույսը լինի՝ չեմ խնայի հանել և դեն նետել»: Կամավորական շարժումը ընդլայնվելով վերածվեց իսկական ազգային-ազատագրական պայքարի, որն ավարտվեց Երևանի և ընդհանրապես Արևելյան Հայաստանի ազատագրումով: 1827 թ. հոկտեմբերի 1-ին հայկական կամավորական ջոկատները ռուսական զորքի հետ մտան Երևանի բերդ: Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Երևանի գրավման հանդիսավոր արարողությունը: Բերդում մատուցվեց պատարագ Ներսես Աշտարակեցու հանդիսապետությամբ: Երևանը գրավելուց հետո Աշտարակեցին ընտրվեց Ժամանակավոր վարչության անդամ: Նրա ջանքերով կազմվեց 1000 հոգուց բաղկացած զորամաս, որը ռուսական զորքի հետ պետք է պահպաներ կարգ ու կանոնը երկրում: Իր ցուցաբերած օգնության և մասնակցության համար նա ռուսական կառավարության կողմից 1828 թ. հունվարին արժանացավ Ս․ Ալեքսանդր Նևսկի շքանշանին: Այս առիթով տրված կառավարական շնորհագրում ասվում էր. «Դուք մեր զորքերում ունեցել եք ամենագործուն մասնակցություն, անգամ ենթարկվելով անձնական վտանգի՝ ձեր անձնական օրինակով հայ ժողովրդի մեջ մշտապես պահպանելով բարյացակամություն մեր հանդեպ»: Աշտարակեցին իր պարտականությունն է համարել նաև ռուսական բանակի հիվանդ զինվորների խնամքը: Նրա համաձայնությամբ Էջմիածնի վանքը վեր էր ածվել հսկայական հիվանդանոցի՝ 500 հիվանդ և վիրավոր ռուս զինվորներով, որոնք կարիք էին զգում ամենօրյա օգնության և ուշադրության:
Հենց Ներսես Աշտարակեցու ջանքերով 1828 թ. փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագի 15-րդ կետի համաձայն երկրից բռնի գաղթեցված հայերը իրավունք են ստանում վերադառնալ հայրենիք: Օգտվելով այս իրավունքից՝ հայրենիք են վերադառնում շուրջ 40.000-42.000 հայեր: Արևելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը փոխվում է հօգուտ բնիկ հայ բնակչության: Դեռևս Դեհկարխան գյուղում սկսված բանակցությունների ժամանակ նա պատվիրակներ է ուղարկում (Բարսեղ արքեպիսկոպոս և Մարգար Եղիազարյան) և խնդրում իր լավ բարեկամ, ռուս գրող և դիվանագետ Ա. Ս. Գրիբոյեդովին Պարսկաստանի հետ կնքվելիք պայմանագրում անպայման նախատեսել հայերի ներգաղթը: Պատերազմից հետո էլ Աշտարակեցին հայրենակիցներին կոչ է անում վերադառնալ՝ գտնելով, որ հայրենիքի փրկությունը կախված է Արարատյան դաշտավայրում հայ ժողովրդի բազմանալուց:
Հայ-ռուսական քաղաքական, հասարակական հարաբերությունների ամրապնդումն իր բարեբեր ազդեցությունը թողեց նաև առևտրական, գիտա-կրթական հարաբերությունների վրա: Ինքը՝ Կաթողիկոսը, արդեն մեծ տարիքում սովորել էր ռուսերեն: Պետերբուրգում Նիկոլայ 1-ի հետ հանդիպման ժամանակ խոսել է եկեղեցական սլավոներենով, հետագայում Վորոնցովների հետ երկարատև շփման արդյունքում ազատ տիրապետել է խոսակցական ռուսերենին (նրանց ուղղված նամակները գրել է ռուսերեն): Նրա գործունության շնորհիվ Ռուսաստանի տարբեր բնակավայրերում բացվել են հայկական դպրոցներ, հիմնադրվել են տպարաններ, տպագրվել են հայերեն, ռուսերեն դասագրքեր:
Ամփոփելով նյութը՝ նշենք, որ «Պաշտպան հայրենյաց» տիտղոսակիր երանաշնորհ Հայրապետը ոչ միայն հոգեւոր հանճարեղ ղեկավար էր, այլև ազգասեր ու հայրենասեր, պետական մտածողության տեր գործիչ, որի բարեբեր գործունեության պտուղները սերնդեսերունդ փոխանցվել են մեզ:
Հիշատակն արդարույն օրհնությամբ եղիցի:
Օգտագործված գրականության ցանկ
- Աբգարյան Գևորգ, Հայ-ռուսական եկեղեցական հարաբերությունների պատմության շուրջ,«Էջմիածին», 1991, Է-Ը, էջ 49-65:
- Աղայան Ծ. Պ., Ռուսաստանի դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում, Երևան, 1981:
- Անապատական, Համառօտ պատմութիւն հայ-լատինական յարաբերութեանց սկիզբէն մինչև 1382, Անթիլիաս-Լիբանան, 1973:
- Բարխուդարյան Վ. Բ., Ոսկանյան Վ. Կ., Հայ-ռուսական պատմական կապերը, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Երևան, 1978:
- Երիցեան Ալեքսանդր, Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը և Կովկասի հայք XIX դարում, հտ. Բ, Թիֆլիս, 1895, էջ 512-543
- Հատիտյան Արթուն, Հայ ազատագրական շարժումները 1780—1800 թվականներին և Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի կյանքն ու գործունեությունը, «Էջմիածին», 1978, Ը-Թ, էջ 72-81:
- Հատիտյան Արթուն,Հայ-ռուսական եկեղեցական հարաբերությունների պատմությունը վաղ շրջանից մինչև ԺԸ դարի վերջերը․ Հայոց Հայրապետների կատարած պատմական դերը մեր ազգային-ազատագրական շարժման մեջ, «Էջմիածին», 1978, Է, էջ 20-28:
- Ներսէս վրդ. Մելիք-Թանգեան , Հայոց եկեղեցական իրաւունքը. Սբ Էջմիածին 2011, էջ 459-460:
- Սարուխանյան Նորայր,Ներսես Աշտարակեցի-Պաշտպան Հայրենյաց, «Էջմիածին» 1995, Բ-Գ, էջ 27-44:
- Փայլակեան Ադդէ քահանայ, Եկեղեցական պատմութիւն հայոց, Փարիզ, 1942, էջ 279-282:
- Մաղաքիա արք. Օրմանեան, Ազգապատում, հտ. Գ, Ս. Էջմիածին, 2001, էջ 4327-4329:
- Быков А., Патриарх Никон. Его жизнь и общественнаядеятельность. Биографический очерк, СПб, 1891.
- Лукашевич А., Двоеперстие (www.pravenc.ru/text/171503.html)
- Мосх И., Доказательства о древности трехперстого сложения и святительского именословного благословения, М., 1839.
- Троицкий И., Излопесние вопросов Армянской церкви, СПб, 1875.
- ТунянВалери, Х.Е. Лазарев: Жизнь и деяния. 1789-1871, Ереван, 2016.
- ТунянВалери, “Положение” армянской церкви 1836-1875 гг, Ереван 2001.
- ТунянВалери, Католикос всех армян Нерсес V Аштаракеци – “Защитник отечества”, Св. Эчмиадзин,
- ТунянВалери, Католикос всех армян Ованес VIIIКарбеци 1831-1842, Св. Эчмиадзин,.
- ТунянВалери, Церковная политика самодержавия в Закавказье 1801-1853 гг., Ереван,
- ТунянВалери, Эчмиадзинский престол 19 – начало 20 вв., Ереван,