- 14/09/2022
Նոր պատերա՞զմ, թե՞ դեռ միայն «մարտով հետախուզություն»
ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓՈ՞ՐՁ, ԹԵ՞ ԴԵՌ ՄԻԱՅՆ «ՄԱՐՏՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ»
Կարծես թե այս անգամ Ադրբեջանն իր իսկ ավանդույթը խախտեց: Նկատի ունենք, որ ազերիները Քառօրյա պատերազմը սկսեցին 2016թ. ապրիլի 1-ին՝ լույս շաբաթ գիշերով: 44-օրյա պատերազմը՝ սեպտեմբերի 27-ին՝ լույս կիրակի գիշերը: Այսինքն, հանգստյան օրերին, ինչը որոշակի տրամաբանություն ունի: Բայց ահա այս անգամ սկսեց գրոհել հայաստանյան սահմանները էլի գիշերով, բայց երեքշաբթի օրվա:
ԱԼԻԵՎԸ ԽԱԽՏԵՑ ՍԵՓԱԿԱՆ «ԱՎԱՆԴՈՒՅԹԸ»
Ինչո՞ւ, սխա՞լ է այն պատկերացումը, որ Բաքուն, ինչպես օրինակ ժամանակին Ֆաշիստական Գերմանիան, գերադասում է հարձակման անցնել հանգստյան օրերին, երբ հարձակման ենթարկվող պետության ներքին համակարգերը հանգստյան ռեժիմի մեջ են: Չէ, սա իրոք կարեւոր գործոն է, Բաքուն սա, ինչպես անցյալի փորձը հուշում է, աչքաթող չէր անի: Ուրեմն՝ ինչո՞ւ չհարձակվեց, ասենք, անցած լույս կիրակի: Չնայած, շաբաթ օրը դեռ Հայաստանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին, ով ամսի 10-ին հանդիպեց Նիկոլի հետ եւ միայն ամսի 11-ին հեռացավ: Սա՞ էր, որ Ալիեւին կաշկանդեց՝ շաբաթ-կիրակի հարձակվել, թե՞ Ռիքերի այդ այցի հետ կապված ինչ-որ տեղեկության էր սպասում: Բայց լավ, այդ դեպքում կարող էր, չէ՞ սեպտեմբերի 17-18-ին հարձակվել: Բայց դա էլ կարող էր արդեն ուշ լինել…
Այս ժամանակացույցի մասին հենց այնպես չէ, որ խոսեցինք, այստեղ, վստահ ենք, շատ կարեւոր դետալ կա: Փորձենք հիմնավորել:
Ինչպես ավելի վաղ ենթադրելու առիթ ունեցել ենք, Խարկովի տարածքից ռուսական զորքերի դուրս գալը հետեւյալ առանցքային հարցադրումներն առաջ բերեցին՝ դա ինքնակամ նահա՞նջ էր՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, թե՝ պարտադրված: Այս հարցադրման հետ կապված քննարկումների պակաս այս օրերին չի զգացվում, եւ դա հասկանալի է, հաշվի առնելով դրա պատասխանի կարեւորությունը գործնականում ողջ աշխարհի համար: Այսինքն, եթե պարզվի, որ ռուսներն ինչ-որ նկատառումներով են հետ քաշվել, դա գործնականում բան չի փոխում: Բայց եթե պարզվի, որ ստիպված նահանջ էր, ապա դա կլինի ռուսական բանակի թուլության ազդակ, որը շատերի համար է երազանք: Այդ թվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի, որոնք ռուսական զինուժի թուլության առաջին իսկ ռեալ նշանի դեպքում կփորձեն առիթից օգտվել, ինչպես որ քանիցս ներկայացնելու առիթ ունեցել ենք: Այդ թվում, մեր վերջին հրապարակման մեջ. «Իսկ թե ինչ կլինի, եթե Էրդողանն ու Ալիեւը հանկարծ մտածեն, թե ՌԴ-ն ամենեւին էլ այն գերուժը չէ, ինչպիսին պատկերացնում էին, կարելի է կռահել»: Ի դեպ, նույն հրապարակման մեջ միաժամանակ հետեւյալն էինք ընդգծել. «ԱՄՆ-ն ամենեւին էլ պարապ նստած չէ եւ փորձում է թուրք-ազերիական տանդեմի համար ռուսների թուլության մասին համոզմունք ներշնչել: Եթե հաջողվի, դա Մոսկվայի համար կնշանակի «երկրորդ ճակատ», որն անշուշտ Վաշինգտոնի ամենակարեւոր երազանքների թվում է…»:
Այսպիսով, Խարկովի այդ իրադարձություններից հետո Ալիեւը, ինչ խոսք, «կազմը պատրաստ» վիճակում էր, կարելի է նաեւ ենթադրել, որ որոշակի ազդակների էր սպասում Ռիքերի հայաստանյան այցից, եւ դա անցած շաբաթ-կիրակի Հայաստանի սահմաններին հարվածելը պետք է որ ձգեր: Իհարկե, կարելի էր սպասել մինչեւ մյուս շաբաթ՝ «ավանդույթը» չխախտելու համար: Բայց դա առնվազն ցանկալի չէ երկու կարեւոր նկատառումներով: Նախ, եթե ընդունենք, որ Ռուսաստանը Խարկովում պարտադրված է նահանջել, ապա դրանից հետո ինչքան ժամանակ ձգվի, այնքան ՌԴ-ն եւ ռուսական հանրությունն այդ շոկից կհասցնեն դուրս գալ, եւ ըստ այդմ էլ, հայ-ադրբեջանական այս նոր բախումների հետ կապված դիրքորոշումն ու անհրաժեշտության դեպքում նաեւ գործողություններն էլ ավելի կոշտացնել: Կարճ ասած, ներկայումս ուկրաինական պատերազմում ռուսների համար ամենածանր փուլն է, եւ Ալիեւը պետք է փորձեր ժամ առաջ օգտվել այդ առիթից:
Երկրորդը, ըստ իս, ամենակարեւորը. արդեն տեղեկացնելու առիթներ ունեցել ենք, որ սեպտեմբերի 15-ին Սամարղանդում մեկնարկում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովը, որին Վաշինգտոնն անհանգստությամբ է սպասում: Նախ, այնտեղ սպասվում է, որ Պուտինը մի շարք կարեւոր հայտարարություններ կանի ուկրաինական պատերազմի մասին, այդ թվում՝ ռուսական նոր ռազմավարության մասին, որը կարող է փարատել այն հնարավոր մտավախությունները, որոնք կարող են Խարկովից հետո ունենալ ՇՀԿ-ի անդամները եւ, առաջին հերթին՝ Չինաստանը ռուսական զենքի ամրության հետ կապված: Եվ երկրորդը, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա կարող է որոշում կայացվել ՇՀԿ-ն որակական այլ մակարդակ տեղափոխելու մասին, հենց որն էլ Վաշինգտոնի համար, ըստ տարբեր հեղինակավոր փորձագետների, վատագույն սցենար է: Ըստ այդմ էլ, իհարկե, պատահական չէր, որ ինչպես Խարկովում, այնպես էլ հայ-ադրբեջանական գոտում Մոսկվայի դեմ սրացումները սկսվեցին ՇՀԿ-ի գագաթաժողովի շեմին: Միաժամանակ, այս տեսանկյունից պատահական չէր կարող լինել նաեւ, որ Ադրբեջանն այդ սրացումներին գնաց իր «հին ավանդույթը» խախտելով:
ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏՈՎ
Բայց մյուս կողմից էլ Ալիեւը, լինելով ամենեւին էլ ոչ հիմար մարդ, ինչպես նաեւ Նիկոլը, պետք է քաջ գիտակցեին, որ Խարկովի այդ նահանջը դեռ քիչ բան է նշանակում՝ ռուսների ռազմական պոտենցիալը ռեալ գնահատելու համար: Գումարած, Ալիեւի համար մեծ նշանակություն ունի այն հարցը, թե Թուրքիան, անգամ Խարկովից հետո պատրա՞ստ է գնալ ռուսների հետ ուղղակի բախման: Եթե պարզվի, որ՝ ոչ, ապա պատերազմի գնալն էս գլխից ձախողված գործ կարելի է համարել: Իսկ Էրդողանը, հիշեցնենք, իր հերթին է մասնակցելու ՇՀԿ-ի գագաթաժողովին, ծրագրված է Պուտինի հետ երկկողմ հանդիպում, եւ ասել, թե դրա շեմին կարող է ռուսների հետ բախման մեջ մտնելու վերջնական որոշում ունենալ, հազիվ թե տեղին լինի: Սահմանային «փոքրիկ» բախման «դաբրո» Էրդողանը միգուցե տար՝ հուսալով, որ դա Պուտինի հետ հանդիպման ժամանակ կամրացնի իր դիրքերը: Բայց ոչ մասշտաբային պատերազմի, որի դեպքում կհայտնվեր անցանկալի երկընտրանքի առաջ: Կա՛մ, չնայելով ներթուրքական ծանր իրողություններին, այդ վիճակը նաեւ ՌԴ-ի օգնությամբ հաղթահարելու սպասելիքներին, ռուսների հետ մտնել պատերազմի մեջ՝ անորոշ հույսերով: Կա՛մ մենակ թողնել նման պատերազմ մտած «փոքր եղբորը», որն այդ դեպքում նրա համար կդառնար կործանարար:
Այս ամենից զատ, պետք է նաեւ հաշվի առնել, որ մասշտաբային հարձակումը կլիներ ուղղված ինչպես ՌԴ-ին, որը Հայաստանի հետ ունի համապատասխան պայմանագիր, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ին: Ընդ որում, այս վերջին դրվագը եւս ՌԴ-ի համար իսկական քաղաքական փորձաքար կլիներ. անկախ մնացած բոլոր բարդություններից, ՀԱՊԿ անդամի դեմ, որի հետ նաեւ երկկողմ պայմանագրով ես կապված, չպատասխանելը կնշանակեր պաշտոնապես ՀԱՊԿ-ը, ապա նաեւ ԵՏՄ-ն «թաղել»: Միգուցե ՌԴ-ի համար այդ կառույցներն աստիճանաբար բեռ են դառնում, նման վարկած էլ կա: Սակայն եթե պարտադրված ես գնում դրանց «թաղելուն», այն էլ՝ Խարկովից հետո, ապա դա կդառնար ծանր հարված: Առավել եւս, երբ հայաստանյան ուղղությամբ դիրքերը զիջելն արդեն իսկ Մոսկվայի համար ծանր հարված կլինի: Այս ամենը եւ մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, Ալիեւը պետք է որ գիտակցի, որ մասշտաբային հարձակման գնալու դեպքում Մոսկվան, մեծ հավանականությամբ, կպատասխանի: Ընդ որում, անկախ նրանից, թե ինչ ռեակցիա կունենա Անկարան, եւ Վաշինգտոնն ինչ սոուսով դա կհրամցնի:
Կա նաեւ Իրանը, որը չհապաղեց նախագահի մակարդակով կապի դուրս գալ Նիկոլի հետ՝ վերահաստատելով Թեհրանի հայտնի դիրքորոշումը տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին: Թե նման փորձի դեպքում գործնականում ինչպես կվարվի Թեհրանը, իհարկե, մութ է մնում: Բայց հաշվի առնելով, որ մեծ հավանականությամբ Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների խզման դեպքում Իրանն իր սահմաններին կունենա ՆԱՏՕ-ական՝ առնվազն ի դեմս Թուրքիայի, հնարավոր է նաեւ իսրայելյան խմբավորումներ, մեծ է հավանականությունը, որ իրանական բանակը տեղը նստած չի մնա: Ամեն դեպքում, այդ ռիսկը եւս Ալիեւը չի կարող աչքաթող անել:
Չնայած նաեւ նկատենք, որ Ադրբեջանի գործողություններում տեսանելի չէր նաեւ մեծ պատերազմ սկսելու ծրագիրը: Հիմնականում գործում էր հրետանին, եւ չնկատվեցին կոնկրետ հատվածներում ճեղքման գնալու փորձեր: Ավելի ճիշտ, սա նման էր մարտով հետախուզության՝ Մոսկվայի, միգուցե նաեւ Թեհրանի ռեակցիան ստուգելու համար: Եթե հարմար ռեակցիա լիներ, ինչ կա որ, կարելի էր առաջ գնալ: Բայց եղավ Պուտինի անմիջական միջամտությունը, եւ դրան հաջորդեց զինադադար:
Կպահպանվի՞ զինադադարը, դա նույնպես կախված է այն նույն հարցադրումներից, որոնք հնչեցրինք. Ալիեւն ու Էրդողանը կգա՞ն այն մտքին, որ կարող են Պուտինի «գլխից թռնել», կվերսկսեն հարձակումը, չե՞ն գա, չեն սկսի: Ընդ որում, անկախ արեւմտյան պարտադրանքների եւ նիկոլյան լոլոների:
ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է
Այս հերթական ադրբեջանական հարձակման հետ կապված, իհարկե, կա նաեւ մեկ այլ հարց՝ իսկ ինչո՞վ էր զբաղված Նիկոլը: Որոշ բաներ տեսանք: Օրինակ, ի տարբերություն 44-օրյա պատերազմի, այս անգամ արագորեն, գրեթե ազերիական առաջին կրակոցներին զուգահեռ, գիշերով դիմեց ռուսներին եւ ՀԱՊԿ-ին, թե օգնության եկեք:
Բայց այստեղ մեկ հետաքրքիր նրբերանգ կա. իսկ Նիկոլն այդքան վստա՞հ էր, որ իրենց համար այս ծանր պահին Մոսկվան Հայաստանին օգնելու համար ուժեր կարող էր գտնել: Ու եթե պարզվի, որ՝ ոչ, պետք է այս անգամ էլ սկսեր աղմկել, թե ռուսներն իրենց պարտականությունը չկատարեցի՞ն: Իսկ չէի՞ն կարող սպասել մինչ լուսաբաց, գոնե տեսնելու համար, թե Մոսկվայի քաղաքական միջամտությունն արդյունք տալի՞ս է:
Լավ, հեռուն տանող մտորումներ առաջ բերող այս ամենը թողնենք մի կողմ՝ կենտրոնանալով մեկ այլ, ավելի խորքային փաստի վրա: Այսինքն, Նիկոլը համառորեն խոսում է «խաղաղության օրակարգից», գնում է Ալիեւի հետ հանդիպումների, հավանություն է տալիս նրա բոլոր պայմաններին, օրերս առանց անգամ մեկ կրակոցի հանձնեց Լաչինը: Կարճ ասած, «կաշվից դուրս է գալիս» Հեյդարովիչին հաճոյանալու համար, իսկ նա հարձակման է անցնում: Պարզ հարց՝ ինչո՞ւ: Այս հարցն այնքան բնական է, որ անգամ Նիկոլն է հասկանում, որ արդեն ստիպված է պատասխանել: Եվ դա փորձեց անել երեկ՝ Ազգային ժողովում իր ելույթով: Թեեւ «բացատրություններով» միայն նոր հարցեր առաջ քաշեց:
Այսպիսով, ի՞նչ է ուզում Ալիեւը՝ ըստ Նիկոլի: «Շատ կարեւոր է պարզաբանել տեղի ունեցողի համատեքստը»,- հուսադրող տոնով սկսեց նա, եւ, չզարմանաք, իրոք մի շարք ճշմարտություններ հայտնեց, թեեւ հանուն արդարության ասենք, որ դրանցում որեւէ նոր բան չկար: Այսպես, ըստ Նիկոլի, այս հերթական հարձակումը՝ «Կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ»: Այսինքն, Ալիեւն անգամ «ԼՂ ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին եւ դրանից բխող կարգավիճակի» մասին հայաստանյան անողնաշար հակաճառության հետ չի համաձայնվում, այլ՝ համարում է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, եւ վերջ», ոչ մի բանակցություն: Այն, որ Ադրբեջանի պահանջը հենց դա է, որ այն դրված է «Բրյուսելի ձեւաչափի» հիմքում, քանիցս ենք ասել: Պարզապես, Նիկոլը դա ընդունելու հարցում խնդիր ունի՝ Ռուսաստանի տեսակետը միանգամայն այլ է: Ու սայլը տեղից չի շարժվում:
Հաջորդը, որ պնդում է Նիկոլը. «Երբ խոսակցություն է գնում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է այդ գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձեւակերպմամբ, իբր ապօրինի ձեւով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ»: Կարճ ասած, դեռ մի բան էլ Հայաստանից է հող ուզում, որը կամաց-կամաց կարող է հասնել Զանգեզուր-Սեւան-Երեւանին: Ուզում է նաեւ միջանցք, որը եւս Նիկոլը տալ չի կարող, քանի որ այստեղ էլ կա ռուսական գործոնը: Վերջապես, պահանջում է նաեւ, որ հայաստանյան բանակը չուժեղանա: Դա հեշտ է անելը. մեր բանակն այնպես են «մոդեռնիզացրել», որ երեւի անգամ 44-օրյա պատերազմի վերջին փուլի մակարդակը չկա: Ի դեպ, այս հարցի հետ կապված Նիկոլը ցնցող բացատրություն տվեց՝ Հայաստանը զենքի փող ունի, բայց շատերը չեն վաճառում, վաճառելու դեպքում էլ ճանապարհներ չկան, որ բերեն: Ու պարզ հարց՝ իսկ «հանցավոր նախկինների» ժամանակ այդ ճանապարհները կայի՞ն: Բայց շատ բան էին այն ժամանակ բերում, այդ ինչպե՞ս, որտեղի՞ց: Սա մի կողմ, պարզապես ասվածը Նիկոլի ինքնախոստովանությունն էր, որ բանակը զինել ի զորու չէ:
Գումարած, եթե Ալիեւն այդքան պահանջներ ունի, ապա դա նշանակում է, որ նա պարզապես «թքած ունի» ամեն մի «խաղաղության օրակարգի» վրա: Մի կողմից, սա ոչնչացնում է դեռ Լեւոնի ժամանակների դավաճանական թեզը, թե՝ «Ղարաբաղը տանք եւ հանգիստ կապրենք», որը ներկայումս կրկնում են նիկոլական որոշ գործիչներ: Բայց ամենակարեւորը. սրանով Նիկոլը բացահայտ խոստովանեց, որ իր ողջ քաղաքական կուրսը, որով նա այդքան հպարտանում էր, ի սկզբանե է ձախողված եղել: Եթե անգամ մյուս բոլոր կասկածները, այդ թվում, թե կազմակերպված խաղերի մեջ է Ալիեւի հետ, մի կողմ ենք դնում, ապա բացահայտորեն ձախողված քաղաքականության պատճառով նա երեկ ԱԺ-ում պարզապես պարտավոր էր հրաժարական ներկայացնել: Բայց իհարկե, ոչ մի դեպքում չի ներկայացնի, չնայած այս բոլոր ինքնախոստովանություններին:
Իսկ իրականում Նիկոլը այդ ամենով մեկ բան հաստատեց՝ Հայաստանը հասցրել է այն վիճակին, որ Ադրբեջանն արդեն հարձակվել-չհարձակվելու հարցում մեր երկրին որեւէ կերպ իր հաշվարկներում չի ներառում, եւ դա հասկանալի է. եթե պատկերացում անգամ չկա մեր զինվածության մակարդակի մասին, ապա ենթադրելի է, որ շատ ցածր է, եւ այդ դեպքում մնում ես հաշվարկներից դուրս: Փոխարենը, Ալիեւի միակ հաշվարկն է՝ բա Մոսկվան ի՞նչ կասի կամ կանի: Ու այդ դեպքում գալիս ենք այն իրողությանը, որի մասին խոսում ենք 2020թ. նոյեմբերից ի վեր՝ Հայաստանի համար փրկության միակ տարբերակը Միութենական պետության մաս դառնալն է: Եթե ողջ ժողովրդով դեռ չենք համոզվել, վայ մեզ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ