- 16/09/2022
Ու այս ի՞նչ «թուղթ» էր Նիկոլը ստորագրում, որը «դեռ չկա»
Վերջին օրերի իրադարձությունների հետ կապված՝ ՀՀ ԱԳ նախարարի աթոռը զբաղեցնող Միրզոյան Արարատը նախօրեին հանդիպեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Արարատը, ի թիվս այլ հարցերի, որոշ մանրամասներ հայտնեց նաեւ օգոստոսի վերջին Բրյուսելում Շառլ Միշելի քավորությամբ կայացած Ալիեւի եւ Նիկոլի հերթական հանդիպման մասին, որը կարելի է հանգիս Նիկոլի հանդեպ մեղադրական ցուցմունք համարել:
ՄԻՐԶՈՅԱՆԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսպես, ըստ Միրզոյանի. «… Խոսելով ավելի խորքային պատճառների մասին՝ պետք է փաստել, որ Ադրբեջանը համարում է, որ Հայաստանը պետք է առանց բանակցելու համաձայնի իր բոլոր պայմաններին: Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը, ըստ էության, վերջնագրային ոճով հայտարարեց, որ չի պատրաստվում Հայաստանի Հանրապետության հետ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, որովհետեւ, ըստ իրեն, Լեռնային Ղարաբաղ եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի… Բնակաբար, այս մոտեցումը, որեւէ կերպ չի կարող ընդունելի լինել հայկականկողմի համար եւ ամենեւին նման չէ խաղաղության շուրջ բանակցությունների, այլ առավելապաշտական քաղաքականության հերթական դրսեւորում է…»:
Իհարկե, սրանով Միրզոյանը որեւէ նոր բան չի ասում. մեր էջերում քանիցս կարծիք հայտնել ենք, որ «Բրյուսելի ձեւաչափ» կոչվածի հիմքում հենց այս տեսլականն է դրված՝ «խաղաղության պայմանագիր»՝ Արցախն Ադրբեջանի կազմ ճանաչելու պայմանով: Սակայն այս դեպքում շատ կարեւոր է, որ Միրզոյանը պաշտոնապես հաստատում է դա:
Բայց չմոռանանք, որ Շառ Միշելը քանիցս է դրվատանքով խոսել այդ հանդիպումների եւ դրանցում արձանագրվող «հուսալի առաջընթացների» մասին: Այս վերջին հանդիպումից հետո էլ Արեւմուտքի սույն կարկառուն ներկայացուցիչը նույն ոճի մեջ էր. «Սա մեր չորրորդ քննարկումն էր այս ձեւաչափով… Այսօր մենք համաձայն ենք ակտիվացնել բովանդակային աշխատանքը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ եւ հանձնարարել ենք արտգործնախարարներին՝ հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա… Պայմանավորվածություն է ձեռք բերվել եռակողմ այդ ձեւաչափով կրկին հանդիպել մինչեւ նոյեմբերի վերջ…»:
Ցնցող է ստացվում. Միրզոյան Արարատը հիմա հավաստիացնում է, որ Ալիեւն առավելապաշտական պահանջներ է ներկայացրել, դրանք «ամենեւին նման չեն խաղաղության շուրջ բանակցությունների», իսկ Միշելը «բանակցային զարգացումների» մասին է խոսում: Իսկ դա նշանակում է, որ «ամենեւին խաղաղության շուրջ բանակցությունների» չնմանվող պահանջները ոչ միայն Ալիեւինն են, այլ նաեւ՝ ի դեմս Միշելի, Արեւմուտքինը:
Ու այդ պաշտոնական հաստատումից հետո է, որ արդեն Նիկոլը պետք է պատասխանի մի շատ էական հարցի՝ բա այդ ինչո՞ւ էր վազում «Բրյուսելյան ձեւաչափ», որտեղ նրա առաջ նման պահանջներ են դնում: Կարելի է ասել` «պարանը վզից գցած քարշ տալով տարան»: Բայց չէ, սա սխալ կլիներ: Բանն այն է, որ բացի Միշելից, Նիկոլը եւս, Բրյուսելից դեռ չվերադարձած, հայտարարել է ինչպես ԱԳ նախարարներին «խաղաղության համաձայնագրի» տեքստ պատրաստելու հանձնարարության մասին: Այսինքն, Արարատի ասած միանգամայն անընդունելի պահանջներո՞վ. Ուրիշ բան չկար: Ասենք, ամեն մի սկսնակ դիվանագետ կհաստատի, որ ինչ-որ փաստաթղթի տեքստի վրա սկսում են աշխատել այն ժամանակ, երբ գոնե դրա հիմնական դրույթների, սկզբունքների շուրջ կան պայմանավորվածություններ:
«ԹՈՒՂԹ» ԿԱ, ՉԿԱ, ԿԱ, ՉԿԱ…
Եվ ահա այս ֆոնին էլ ավելի հասկանալի է դառնում նախօրեին ԱԺ-ում Նիկոլի արած հայտարարությունը. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի…»: Ամենապարզ հարցը, որ այստեղից բխում է՝ այդ ի՞նչ «թղթի» մասին է խոսքը: Ռուսական ուղղությամբ կան երեք եռակողմ համաձայնագրեր, դրանից հետո բարձր մակարդակով եռակողմ բանակցություններ չեն եղել: Երեկ Մարիա Զախարովան էլ տեղեկացրեց, թե կա խաղաղության պայմանագրի նախագիծ, որի «պատրաստման աշխատանքը Երեւանի եւ Բաքվի միջեւ չի դադարել» (մքանիցս հայտարարել են, որ հայ-ադրբեջանական թեմայով երկու փոստաթուղթ են «մրցակցում»` ամերիկյան եւ ռուսական): Բայց, կրկնենք, սա նախագիծ է, որը ստորագրման ենթակա «թուղթ» չէ:
Փոխարենը, «թուղթ» պատրաստելու պաշտոնական հանձնարարական, կոնկրետ ժամանակացույց, կրկնենք, եղել է «Բրյուսելի ձեւաչափով»: Այսինքն, «մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ» ասվածը կարող է վերաբերել միայն դրան:
Բայց ահա նույն օրվա երեկոյան Նիկոլն այլ ժանրի մեջ էր, թե` «Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է…»: Ու հետո շարունակում է. «Ինչու եմ ես խոսել այդ մասին, որովհետեւ այսօր ոտնձգության է ենթարկվում Հայաստանի Հանրապետությունը… Մենք երբեք այնպիսի թուղթ չենք ստորագրելու, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը որեւէ ձեւով դնի կասկածի տակ»: Ու ինչպե՞ս հասկանալ, «թղթի» մասին խոսակցությունը «տեղեկատվական դիվերսիա՞ է», թե՞ Նիկոլն այդ մասին էր խոսում, քանի որ Հայաստանը «ոտնձգության է ենթարկվում»: Կամ եթե «երբեք այնպիսի թուղթ չենք ստորագրելու», ուրեմն Բրյուսելում Միրզոյանին այդ ի՞նչ «թուղթ» պատրաստել էիր հանձնարարում…
Չնայած, պարապ զբաղմունք է Նիկոլի տարբեր հայտարարություններն իրար կապելն ու փորձել ընդհանուր իմաստ գտնել: Պարզապես այս մասին խոսեցինք եւս մեկ անգամ ֆիքսելու համար, որ եթե անգամ դեռ պատրաստի «թուղթ» սեղանին չկա (Միրզոյանն ու Բայրամովը, այնուամենայնիվ, դեռ չեն հանդիպել), ապա մեկ է, Նիկոլի խորհրդարանակական հայտարարությունն ու անգամ դրան հաջորդած հերքումը պարզ վկայում է, որ Բրյուսելում հստակ պայմանավորվածություններ եղել են, եւ բանը հասել է փաստաթուղթ պատրաստելու փուլին: Պարզապես դրանից հետո Նիկոլը վերադարձել է, գցել-բռնել ու հասկացել է, որ դժվար է խոստումը կատարելը, քանի որ, ինչպես նաեւ հանրահայտ Սեմյոն Բաղդասարովը կարծիք հայտնեց՝ դա կլինի դավաճանություն, որի «նմանը հայ ժողովրդի պատմության մեջ երբեք չի եղել»:
ԱՄՆ-ԻՆ ՊԵՏՔ Է «ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏ»
Փորձենք այս ամենին նայել այլ տեսանկյունից: Իսկ Արեւմուտքին, որը համառորեն առաջ է տանում «Բրյուսելի ձեւաչափը», իրականում պե՞տք է, որ դրա շրջանակներում ինչ-որ բա ստորագրվի: Ո՞րն է տարածաշրջանի մակարդակով այս պահին ԱՄՆ-ի ամենամեծ ցանկությունը: Այո, որ ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացեն: Իսկ «թուղթ» ստորագրելը կտանի հակառակ ուղղությամբ, ուրեմն, դա կարող է լինել միայն «Բ» պլանով:
Ու ասվածից բխող պարզ հարց. իսկ ի՞նչ պետք է անի Ալիեւը, երբ Բրյուսելում որոշում են՝ ԱԳ նախարարների հանձնարարել «խաղաղության պայմանագրի» տեքստ պատրաստել, բայց այդ ուղղությամբ որեւէ քայլ չի արվում: Գումարած դրան, իսկ ո՞րն է երաշխիքը, որ 2020թ.-ի տավուշյան բախումների սցենարը չի կրկնվել: Արդյունքում, Ալիեւի համար հրաշալի առիթ է՝ մտնել Հայաստանի սահմանամերձ տարածքներ:
Միաժամանակ, երբ Նիկոլը դիմում է ՀԱՊԿ-ին, շատ լավ հասկանալով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ նույն կառույցում տեղավորված Ղազախստանը եւ Ղրղզստանը դեմ են հանդես գալու զորք ուղարկելուն, ու երբ դրանից հետո ծավալում են նույն քարոզը, թե, տեսեք, ռուսները չօգնեցին, ապա դա էլ իր հերթին ՌԴ-ի ոտքերի տակ ական դնելու չի՞ նմանվում: Դրանից հետո ամերիկյան գործիչները, իհարկե, կարող են հրապարակավ մի թեթեւ քննադատել Բաքվին, թե բա էս ի՞նչ եք անում: Սակայն այս դեպքում հարցը փակում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի մեկ պատ պարզ միտք՝ ԱՄՆ-ն մեզ ո՞ւմից պետք է պաշտպանի, իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի՞ց:
Կարճ ասած, կեցցեն ամերիկացիները, հերթական փայլուն օպերացիան են կազմակերպել, որը ծավալվում է Խարկովից սկսած, Հայաստան-Ադրբեջանով հանդերձ եւ Ղազախստանին ՌԴ-ից տարանջատելու քայլերով ներառված: Մեզ համար, հասկանալի է, դա կարող է վերածվել իսկական կատաստրոֆային, չնայած այն պահից, երբ Նիկոլ ունենք, դա միշտ էլ կա: Բայց նաեւ ակնհայտ է, որ օպերացիայի հիմնական թիրախը Մոսկվան է:
Չնայած, այսպիսով ՌԴ-ի համար ամերիկացիները ստեղծել են մի այնպիսի վիճակ, որ նրանք արդեն պարզապես ստիպված են Ուկրաինայում հաղթել, պետք եղած դեպքում ամենածանր զինատեսակները գերծի դնելով: Այդ դեպքում պատկերը միանգամից կփոխվի, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Եթե ոչ, դա հենց Ռուսաստանի համար է դառնալու լրջագույն խնդիր:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ