- 21/09/2022
Բայդենի ու Մակրոնի «հերոսական» արձագանքը Պուտինին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Բայդեն ու Մակրոնը ուզած-չուզած պետք է ինչ-որ կերպ արձատգանքեին Պուտինի այսօրվա հայտարարությանը: Արձագանքեցին, բայց կարծես թե «ունքը շինելու փոխարեն աչքը հանեցին», սեփական աչքը:
Այսպես, Բայդենն առաջ է քաշում այս թեզերը.
▪️Ռուսաստանն անամոթաբար խախտեց ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները:
▪️Ոչ ոք չի սպառնացել Ռուսաստանին և ոչ ոք, բացի Ռուսաստանից, չի ձգտել հակամարտության:
▪️Պուտինը անխոհեմաբար միջուկային սպառնալիքներ է հնչեցրել:
▪️ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի արդար պայմաններով:
▪️Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում է դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի տարածքի վրա ռուսական պոտենցիալ հարձակումը կանխելու համար:
▪️ԱՄՆ-ը կողմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնմանը, այդ թվում՝ նոր մշտական անդամների միջոցով։
Փորձենք հասկանալ: Սկզբնական «մտքերը», հասկանալի է, զգացմունքների վրա խաղալու համար էին: Միայն թե երբ խոսում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքներից, ապա երեւի մոռանում է միակողմանիորեն ԱՄՆ-ի եւ դաշնակիցների կողմից Կոսովան ճանաչելը: Կան, ՄԱԿ-ի այդ ո՞ր սկզբունքն է թույլ տալիս միակողմանի պատժամիջոցներ սահմանել:
Դրան հաջորդում է «արդարացումների» բլոկը, եւ այստեղ Բայդենը ստիպված է բացահայտ ստերի գնալ, քաջ գիտակցելով, որ դա բոլորն են հասկանում: «Ոչ ոք չի սպառնացել Ռուսաստանին»: Եվ դա այն դեպքում, երբ անգամ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ղեկավարներն են ֆիքսել, որ ամեն ինչ անում էին դեպի ռուսական սահմաններ ծավալվելու համար:
Բայց ամենակարեւորը վերջին հատվածն է, որը Բայդենը սկսում է միջուկային զենքից խոսելով: Դրանից էլ սահուն անցում «արդար պայմաններով խաղաղությանը»: Բայց դրանից հետո է ամենակարեւորը, թե մտածում են «ՆԱՏՕ-ի տարածքի վրա ռուսական պոտենցիալ հարձակումը կանխելու» մասին: Այսինքն, Ուկրաինաինայի մասին արդեն չե՞ն մտածում, միակ դարդը սեփական անվտանգությո՞ւնն է: Չնայած, Բայդենի միակ խնդիր բուն Պուտինի հայտարարությունը չէ: Շատ ավելի վտանգավոր է այն ռեակցիան, որն այդ հայտարարությունը կառաջացնի ԱՄՆ-ի ներսում: Ի վերջո, չնայած այս հայտարարությանը, սակայն միջուկային պատերազմի հավանականությունն այն, եթե խորը նայենք, մի բան էլ կարող է նվազեցնել: բայց ահա ԱՄՆ-ի ներսում կերած-խմած էլեկտորատը լրջորեն վախեցել է, որ կարող են, հանուն ինչ-որ Ուկրաինայի, դառնալ ռուսական հրթիռների թիրախը եւ ոչնչանալ: Այսինքն, Բայդենը հենց այդ վիճակին իրենց հասցրեց: Ու ընտրությունների շեմին (մնացերկու ամիս) նման «սառը ցնցուղը» աչքի առաջ զրոյացնում է դեմոկրատների թիմի հաղթանակի ամեն մի հավանականություն: Դրանից հետո Բայդենը հազիվ թե կարողանա իր նախագահական ժամկետն ավարտել: Իսկ եթե Կոնգրեսում նոր ուժ գա իշխանության, սկսեն քննել, թե ուկրաինական պատերազմի հաշվի դուրս գրված փողերի մի էական մասն ում գրպաններում է հայտնվել, այդ դեպքում Բայդենին եւ նրա մի շարք համախոհների կարող են նաեւ ոչ թե տուն ուղարկել, այլ օր ծերության` բերդում կյանքն ավարտելու:
Մակրոնն ավելի զգույշ էր: Նա ընդամենը ասաց.
▪️Բոլորը պետք է առավելագույն ճնշում գործադրեն Պուտինի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար:
▪️Մոբիլիզացվելու Պուտինի որոշումը սխալ է, սա վատ նորություն է ռուս ժողովրդի համար:
Հասկանալի է, որ ճիշտ ու սխալի մասին Մակրոնի ասածների վրա բոլորը թքած ունեն: Բայց այ, որ մտածում է Պուտինի վրա ազդելու եւ պատերազմը դադարեցնելու մասին, լավ կան եր, որ բացատրեր, թե դա Դոնբասն ու Ղրիմը ՌԴ-ին թողնելու մասին իր առաջարկի՞ն է վերաբերում: կարճ ասած, Մակրոնը եւս վախեցած է: