• 24/09/2022

Պատուհաս վարչապետի միակ նպատակն է Հայաստանը թողնել առանց հայերի. Գայանե Ներսիսյան

Պատուհաս վարչապետի միակ նպատակն է Հայաստանը թողնել առանց հայերի. Գայանե Ներսիսյան

Ի աջակցություն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ակցիայի, որը կազմակերպել էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը եւ «Հականացիստական ճակատը» Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, մասնակցեցին նաեւ մի շարք մշակութային գործիչներ:

ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ ակցիայի ժամանակ իր խոսքում հիշեցրեց մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի հայտնի խոսքը. «Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ»: Նրա գնահատմամբ՝ սա անհերքելի փաստ է, եւ պետք է հիշենք, որ բոլոր ծանր ժամանակներում ռուսն է մեր կողքին կանգնած եղել, նաեւ ռուս զինվորի արյուն է թափվել հայկական հողի վրա:

«Ցավոք, այսօրվա բռնապետ իշխանությունն անընդհատ խորամանկելով եւ խաբեության ճանապարհով փորձում է մեր ժողովրդին տանել դեպի կործանում: Այս պատուհաս վարչապետի միակ նպատակն է Հայաստանը թողնել առանց հայերի, ինչը ցույց են տալիս նրա բոլոր գործողությունները: Ուզում են Հայաստանը դարձնել ինչ-որ մի տարածք՝ Թուրքիայի իշխանության ներքո, բայց մենք չպետք է թույլ տանք եւ պետք է հասնենք հաղթանակի՝ մեր դարավոր դաշնակցի օգնությամբ», – ասաց Գայանե Ներսիսյանը:

ՀՀ վաստակավոր արտիստը հիշեցրեց, որ տարիներ շարունակ Ամասիայից մինչեւ Մեղրի կանգնած են եղել ռուս սահմանապահները եւ հիմա նաեւ ռուս խաղաղապահներն են կանգնած Արցախում ու պաշտպանում են մեզ:

«Շատ անհարմար է, որ մեր ժողովրդի որոշակի մասը չի կարողանում հասկանալ այս ամենը եւ տրվում է այն սադրանքներին, որոնք շատ վարպետորեն կազմակերպում է այս իշխանությունը: Մինչդեռ մեր ժողովրդի բոլոր խավերը պետք է հասկանան, որ առանց ռուս ժողովրդի՝ ճանապարհ չունենք անցնելու: Մենք պետք է մեր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնենք եւ երբեք չմոռանանք այն, ինչ մեզ համար ռուս ժողովուրդն արել է: Փառք ու պատիվ Ռուսաստանին, եւ թող արագ վերջանա ռուս-ուկրաինական կոնֆլիկտը: Իսկ մենք միշտ կլինենք Ռուսաստանի հետ, որովհետեւ սա է մեր փրկության ճանապարհը», – եզրափակելով խոսքն՝ ասաց Գ. Ներսիսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ