• 24/09/2022

Համաձայն չեմ, որ աղետի եզրին ենք, մենք վաղուց աղետի մեջ ենք. Գյուլնարա Ալեքսանյան

Համաձայն չեմ, որ աղետի եզրին ենք, մենք վաղուց աղետի մեջ ենք. Գյուլնարա Ալեքսանյան

Ի աջակցություն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ակցիայի, որը կազմակերպել էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը եւ «Հականացիստական ճակատը» Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, մասնակցեցին նաեւ մի շարք մշակութային, կրթական, հասարակական գործիչներ:

Ակցիայի ժամանակ վաստակաշատ մանկավարժ ԳՅՈՒԼՆԱՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ ասաց, որ մեր գոյության եւ առաջընթացի երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է:

«Այսօր ունենք բարեհամբույր հարեւաններ հյուսիսում եւ հարավում, բայց մեր ռազմաքաղաքական դաշնակիցը եղել է, կա եւ կարող է լինել միայն Ռուսաստանի Դաշնությունը ու նրա փառավոր ղեկավար Վլադիմիր Պուտինը: Չգիտեմ, ովքեր եւ ինչ պայմաններում են վայրահաչում այդ մարդու ղեկավարման կապակցությամբ, բայց ուզում եմ ասել, որ ինքս անսահման հարգանք եմ տածում մի մարդու նկատմամբ, ով իր երկրի դռներն ու դարպասները, իր կրթական համակարգը փակ պահեց ամենայն այլասերվածների դեմ, Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաների դեմ: Մինչդեռ մեր 79 այլասերված, ծախու պատգամավորները մատի մի հարվածով վավերացրին Լանզարոտեի կոնվենցիան», – ասաց մանկավարժը:

Գյուլնարա Ալեքսանյանի կարծիքով` մենք գոնե հիմա պետք է փորձենք ստեղծված աղետից դուրս գալ համազգային ուժերով. «Ընկերնե՛ր, եղբայրնե՛ր, քույրե՛ր, հարազատնե՛ր, ոտքի՛ կանգնեք: Ես համաձայն չեմ, որ աղետի եզրին ենք, մենք վաղուց աղետի մեջ ենք: Բայց երբ հայը միավորվել է, կռվել է, հաղթել է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ