- 27/09/2022
Ո՞ր մի «խաղաղության համաձայնագիրն» է ուզում ստորագրել Նիկոլը
«Իրավունքի» էջերում քանիցս առիթ ունեցել ենք ընդգծել, որ գոյություն ունի ոչ թե մեկ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» նախագիծ, այլ երկու՝ ռուսական եւ արեւմտյան տարբերակները: Նաեւ, որ դրանք գործնականում նույն բանի մասին են, բացառությամբ մեկ դետալի: Ռուսական նախագիծը ունի հստակ դրույթ՝ այն չի վերաբերում Արցախին, որի կարգավիճակը դեռ պետք է ապագայում որոշել: Եվրոպական նախագիծը սահմանում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում՝ առանց Արցախի մասին բառ անգամ ասելու: Այդ դեպքում կստացվի, որ Արցախը միանգամից մնում է Ադրբեջանի կազմում, եւ Հայաստանը դա ճանաչում է:
ԿԱ ԵՐԿՈՒ ՆԱԽԱԳԻԾ
Երկու նախագծի առկայության մասին հայաստանյան պաշտոնյաներն այդպես էլ որեւէ բացատրություն չեն տվել: Ավելին, «խաղաղության պայմանագրի» մասին խոսում են հիմնականում «Բրյուսելի ձեւաչափով» ադրբեջանական կողմի հետ հանդիպումների շրջանակներում: Ավելին, ԱԺ հայտնի ելույթում վերջերս Նիկոլը եւս խոսքը կառուցեց այնպես, որ պարզ հասկացվում էր, թե կա ընդամենը մեկ նախագիծ, Հայաստանի համար շատ ցավոտ: Այս ամենը եւս պարզ ակնարկ է, որ ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ գործ ունենք արեւմտյան նախագծի հետ:
Բայց ահա վերջին բախումների ֆոնին` սեպտեմբերի 14-ին Մոսկվան պաշտոնապես ցույց տվեց, որ կա նաեւ «խաղաղության պայմանագրի» ռուսական նախագիծը: Այսպես, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարեց. «Խաղաղության պայմանագրի պատրաստման թեման կարեւոր տեղ է գրավում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերում: Ե՛վ Բաքուն, ե՛ւ Երեւանը հաստատել են համապատասխան ռուսական օգնության կարիքը»: Ու որպեսզի թյուրըմբռնում չլինի, թե խոսքը կոնկրետ ինչ նախագծի մասին է, Գոնչարը նաեւ նշեց, որ ՌԴ-ում ՄԽ-ն ներկայացնող, սակայն միաժամանակ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Խովաեւը, ով նաեւ ունի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցության հարցերով հատուկ ներկայացուցչի գործառույթներ, Բաքու եւ Երեւան կատարած այցերի ընթացքում «շարունակել է աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի ուղղությամբ»: Ու քանի որ նման հայտարարությունը չհերքեց ո՛չ Բաքուն եւ ո՛չ էլ՝ Երեւանը, ապա դա հիմք է տալիս ասել, որ «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը պաշտոնապես հաստատված փաստ է:
Եվ ահա, «խաղաղության պայմանագրի» երկու տարբերակի առկայության մասին ռեակցիա Արեւմուտքից եւս լսվեց: Ճիշտ է, ոչ պաշտոնական, բայց հաշվի առնելով, որ հայտարարության հեղինակը ոչ միայն Արցախից եւ արցախյան խնդրից հույժ քաջատեղյակ անձնավորություն է, այլ նաեւ ներկայացնում է «Քարնեգի» hիմնադրամը, ապա այդ հայտարարությունը պաշտոնականի պես մի բան է: Նկատի ունենք hիմնադրամի ավագ հետազոտող եւ միանգամայն հեղինակավոր փորձագետի համարում ունեցող Թոմաս դե Վաալին, ով, չմոռանանք, Արցախի մասին անգամ գիրք ունի՝ «Ղարաբաղ. սեւ այգի»:
Եվ այսպես, դե Վաալը, անդրադառնալով վերջին բախումների թեմային, նախ նման միտք է հնչեցնում. «Ալիեւը նոր նպատակներ ունի: Առաջինը, Հայաստանին պարտադրում է ստորագրել «խաղաղության պայմանագիր», որով Հայաստանը հրաժարվում է պահանջներից Ղարաբաղի հայաշատ շրջանի նկատմամբ…»: Այսինքն, որ Ալիեւը, բնականաբար, հակված է արեւմտյան նախագծի կողմը: Ապա հասնելով Շառլ Միշելի քավորությամբ բանակցային գործընթացին եւ դրա շրջանակներում ի հայտ եկած արեւմտյան նախագծին, դե Վաալը, ընդգծում է, թե՝ «Նրանք իրականում բավականին առաջընթաց էին գրանցել…»: Դրանից հետո էլ հասնում է հետեւյալին. «Ըստ տեղեկությունների՝ Մոսկվան եւս հանդես է եկել «խաղաղության պայմանագրի» նախագծով, որն անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մի բանաձեւ, որը հայերին ավելի շատ է դուր գալիս, քան եվրոպական առաջարկը…»:
Մի կողմ թողնելով նույն հրապարակման մեջ Թոմաս դե Վաալի ոչ պակաս հետաքրքիր մյուս մտքերը, կանգ առնենք ասվածի վրա: Այսպիսով, նա, ըստ էության, հաստատում է այն, ինչը պնդում ենք երկար ժամանակ: Այն է՝ իրոք գոյություն ունի «խաղաղության պայմանագրի» երկու տարբերակ՝ Արցախի հետ կապված հիշատակված դրվագով հանդերձ: Այսինքն, կրկնենք, արեւմտյան նախագիծն անվերապահորեն Արցախը թողնում է Ադրբեջանին, ռուսական նախագիծը «անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը»: Թե այս երկուսից որն է Հայաստանին ձեռնտու, երկրորդ կարծիք լինել չի կարող: Ու այստեղ շատ պարզ հարց է առաջ գալիս՝ իսկ ինչո՞ւ Նիկոլը վազեց «Բրյուսելի ձեւաչափով» բանակցելու եւ համառորեն այդ հունից դուրս չի գալիս: Ավելին, այդ շրջանակներում Ալիեւի հետ վերջին հանդիպման ժամանակ այդ ինչպե՞ս հայտարարվեց, թե հանձնարարում են ԱԳ նախարարներին՝ սկսել «խաղաղության համաձայնագրի» պատրաստման աշխատանքը, բնականաբար, արեւմտյան առաջարկի հիման վրա, երբ այս նույն օրերին Խովաեւը զբաղված է «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը Բաքվում եւ Երեւանում քննարկելով:
ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱԼԻԵՎԸ
Չնայած, հիշատակված վերջին հարցերի պատասխաններն աչքի առաջ են:
Սկսենք Ալիեւից: Նրա համար, իհարկե, արեւմտյան «խաղաղության պայմանագիրը» երազանքների գագաթնակետն է. միանգամից լուծում է բոլոր հարցերը: Այդ թվում, Արցախով հանդերձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման գերխնդիրը, ինչին Բաքուն Ադրբեջանի ստեղծման պահից՝ 1918թ.-ից ի վեր փորձում է հասնել, ու Հայաստանի ոչ մի ղեկավար նման բան չի ստորագրում: Ու եթե հիմա կա շանսը՝ Հայաստանի ղեկավարի աթոռին նստած մեկից նման ստորագրություն պոկել, ապա դրանից լավ տարբերակ Ալիեւի համար լինել չի կարող: Միայն թե կա խնդիր. Մոսկվան դեմ է դրան, որի արդյունքում ոչ միայն Արցախում զորք պահելու հարցով լուրջ հարված կստանա, այլ նաեւ անչափ կմեծանա պանթյուրքիստական գոտիով ՌԴ-ն հարավային ուղղությունից կտրելու վտանգը: Միաժամանակ, հասկանալի պատճառներով, նման սցենարին դեմ է նաեւ Իրանը, եւ մեծ է վտանգը, որ դա թույլ չտալու համար պատրաստ է անգամ զորք օգտագործել: Նման սցենարի դեմ է նաեւ Չինաստանը, Հնդկաստանը եւ այլն: Կողմ են, հասկանալի է, Թուրքիան, ԱՄՆ-ն: Արդյունքում, եթե Ալիեւը ցանկանա մինչեւ վերջ գնալ, ապա միանգամայն ռեալ է, որ ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Ադրբեջանը, ավելի կոնկրետ՝ ողջ Հարավային Կովկասը կվերածվի մեծ տերությունների բախման վայրի, որից հետո Բաքուն կարող է անգամ ներկա ձեռքբերումները կորցնել: Ընդ որում, անկախ նրանից, թե ներկայիս իր լեգիտիմությամբ Նիկոլը կստորագրի՞ արեւմտյան սցենարով «խաղաղության պայմանագիրը», թե՝ ոչ: Կարճ ասած, Ալիեւը դեռ փորձելով հասնել առավելագույնին, միաժամանակ ռուսական ուղղությունն էլ հեռատեսորեն ձեռքից բաց չի թողնում՝ առկա գերռիսկերից խուսափելու համար: Իսկ նրա մանեւրականությունը թույլ տալիս է միաժամանակ երկու սցենարն էլ խաղարկել:
ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՆԻԿՈԼԸ
Գանք Նիկոլին եւ Հայաստանին՝ այս երկու հասկացությունները հստակ տարանջատելով:
Թե ինչու Նիկոլը գնաց «Բրյուսելի ձեւաչափին», երբ Մոսկվայի «Եռակողմ ձեւաչափով» Հայաստանի համար շատ ավելի ձեռնտու (համեմատության մեջ, իհարկե) պայմաններ էին, եւ անհամեմատ ավելի հեշտ էր այս տարբերակը հասցնել ստորագրության, կարելի է հասկանալ. Արեւմուտքից եկավ «խնդրանք», որը նա չէր կարող մերժել: Բայց միեւնույն ժամանակ, ինչքան էլ որ նա պարբերաբար, ակնհայտորեն արեւմտյան տարբերակը նկատի ունենալով, խոստանում է ստորագրել, մեկ է, մի քանի ժամից երեւի հիշում է այն ռիսկերի մասին, որոնք կանգնած են նրա առաջ: Նախ, նման սցենար Հայաստանը (հանած Նիկոլն ու նրա թիմը) մերժելով՝ մերժում է: Նյու Յորքի վերջին այցը եւս ցույց տվեց, որ դա նաեւ հայության բացարձակ գերակշիռ մասի համար է ամենամերժելին: Գումարած, կրկնենք, դա ստորագրելը նաեւ բացահայտ թշնամանք կլինի ՌԴ-ի, Իրանի, մասամբ՝ Հնդկաստանի եւ Չինաստանի հետ: Կարճ ասած, ստորագրել-թռնելու տարբերակը խիստ վտանգավոր է: Ստորագրել-չթռնելու դեպքում խիստ մեծ է ռիսկը, որ վարչապետի աթոռին նստածը լինի մի երկրում, որտեղ կարող են բախվել հսկայական բանակներ: Իսկ չստորագրելու կամ ռուսական տարբերակի դեպքում ինչպե՞ս է դուրս գալու արեւմտյան այն «համառ խնդրանքների» տակից: Իսկ ժամանակ ձգելու ռեսուրսը, որով Նիկոլն առաջնորդվում էր արդեն երկու տարի, ինչպես ցույց տվեցին սահմանային վերջին բախումները, գործնականում սպառված է: Ի դեպ, այն բանից հետո, երբ Մոսկվան արագորեն կանգնեցրեց այս մի բախումը եւս, Նիկոլի համար պետք է որ նկատելիորեն նվազեր այն տարբերակը, որ Ալիեւի ռազմական ճնշումների ներքո «ստիպված» գնաց ստորագրելու:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ
Հայաստանի համար, հաշվի առնելով նաեւ, թե արդեն ինչքան է զիջել Նիկոլը, եթե անգամ հենց այս պահին հնարավոր լինի այլ վարչապետ ունենալ, մեկ է, այս իրավիճակում հնարավոր տարբերակները էլի գրեթե նույնն են:
- Կա արեւմտյան սցենարը, որն ԱՄՆ-ն, գոնե առաջիկա մեկ-մեկուկես ամսում կփորձի կյանքի կոչել:
- Կա ռուսական տարբերակը, եւ հաշվի առնելով, որ դա բխում է Նիկոլի ձեռքով արդեն իսկ ստորագրված եռակողմ պայմանավորվածություններից, կմնա օրակարգում:
- Կա այդ պայմանավորվածություններից հրաժարվելու տարբերակը՝ «հույսներս միայն մեզ վրա պետք է դնենք» սկզբունքով: Սակայն հաշվի առնելով նույն Նիկոլի գործունեության հետեւանքով մեր ունեցած ռեսուրսները, դա ավելի նման է «ոչ մի թիզ հող» կործանարար դարձած տեսլականին, որն ինչքան էլ ազնիվ, հայրենանվեր, սակայն մեր ներկա վիճակի պատճառներից մեկն է:
Այսինքն, քանի դեռ ունենք Նիկոլ, եւ պահպանվում է ներկա իրավիճակը, երկիրն անդունդից հետ քաշելու միակ ելքը՝ «չարյաց փոքրագույն» տարբերակը եղել եւ մնում է երկրորդ տարբերակը՝ ռուսական «խաղաղության համաձայնագիրը», որը, կրկնենք, նախատեսում է Արցախի կարգավիճակի հետաձգում, մոսկովյան, ոչ թե Ալիեւի քարտեզներով սահմանագծում, եւ ռուսական երաշխիք, որ այդ պատկերը չի փոխվելու:
Բայց նաեւ ընդգծենք. սա այս իրավիճակում: Մինչդեռ կա նաեւ ներկա իրավիճակն էապես փոխելու տարբերակ: Այն է՝ եթե Հայաստանը պաշտոնապես դիմի Մոսկվային՝ Միութենական պետության կազմ մտնելու համար, ավելին՝ կարողանա համոզել Մոսկվային՝ համաձայնվել, դա միանգամայն այլ իրավիճակ է առաջ բերում, քանի որ փոխվում են Ռուսաստանի շահերի շրջանակներն այս ուղղությամբ: Բայց քանի դեռ ունենք Նիկոլ, այս տարբերակի հավանականությունը շատ փոքր է:
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
Ամեն դեպքում, անկախ այն ողջ իրավիճակից, որն այս պահին կա մեր տարածաշրջանում, մեկ բան եղել եւ մնում է հաստատ: Այն է՝ մեր ու հարավկովկասյան ողջ տարածաշրջանի ապագան այսօր որոշվում է ուկրաինական խաղատախտակին:
Իսկ ահա ուկրաինական ուղղությամբ ակնհայտորեն իրավիճակը մտնում է կուլմինացիոն փուլ: Այսպես, սեպտեմբերի 30-ին սպասվող` Դաշնային ժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթ-ուղերձով կամբողջանա Դոնբասը, Զապորոժիեն եւ Խերսոնը ՌԴ կազմ ներառելու գործընթացը: Սակայն այստեղ կա մեկ նրբություն. այդ հանրաքվեի մեջ այդ տարածքներն ընդգրկված են Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի նախկին ուկրաինական մարզերի ողջ տարածքով: Այսինքն, ՌԴ-ն հենց այդ տարածքներով է տվյալ սուբյեկտներին ընդունելու իր կազմ, եւ արդեն սեպտեմբերի 30-ին, ՌԴ օրենսդրության համաձայն, կստացվի մի իրավիճակ, որ Ռուսաստանի որոշ տարածքներ օկուպացված են Ուկրաինայի կողմից: Իսկ այդ դեպքում ռուսական մի շարք տելեգրամյան ալիքների փորձագետների գնահատմամբ կստացվի նման իրավիճակ.
«Հանրաքվեներից եւ նախկին Ուկրաինայի մի մասի Ռուսաստան մտնելուց հետո Պուտինը հերթական կոչով կդիմի ժողովրդին եւ վերջնագիր կներկայացնի Ուկրաինային՝ զորքերը Ռուսաստանի տարածքից կամավոր դուրս բերելու վերաբերյալ: Հրաժարվելու դեպքում Մոսկվան 24 ժամվա ընթացքում պատերազմ կհայտարարի Կիեւին…»: Իսկ դա կնշանակի ներկայիս հատուկ օպերացիա կոչվածը որակապես միանգամայն այլ մակարդակի տեղափոխում: Ընդ որում, նշված աղբյուրն այս ամենը համարում է միայն սկիզբը: Բանն այն է, որ պաշտոնական պատերազմի դեպքում Բելառուսը եւս պարտադրված է գործել: Միջպետական պայմանագրերը պատերազմական իրավիճակում նախատեսում են հստակ դրույթներ, ուստիեւ, ըստ նույն աղբյուրների. «48 ժամից ռուսական առնվազն 200 հազարանոց զորախումբ կտեղափոխվի Բելառուս, որը դրանից 24 ժամ անց, Բելառուսի բանակի հետ միասին, կմտնի գործունեության մեջ…»:
Նույն կարծիքին է նաեւ պաշտոնական Մոսկվայի գործողությունների մասին հոռետեսությամբ աչքի ընկած՝ Դոնբասի բանակի առաջին հրամանատար եւ ներկայիս ՌԴ-ին միանալու շարժման մեկնարկը 2014թ.-ին տված Իգոր Ստրելկովը. «Կամ Կիեւը դուրս կբերի իր զորքերը, կամ Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ կհայտարարի Ուկրաինային»:
Կզարգանա՞ իրավիճակն այս սցենարով, ինչպե՞ս կարձագանքի Արեւմուտքը, կարելի է տարբեր ենթադրություններ անել: Սակայն դրանք բոլորն էլ գործնականում գալիս են նույն բանին՝ Արեւմուտքը կա՛մ պետք է գնա Երրորդ աշխարհամարտի, կա՛մ հետ քաշվի, քանի որ Մոսկվան այս հանրաքվեով ցույց տվեց, որ ինքը նահանջելու տեղ պարզապես չունի: Ընդ որում, այս պահին էլ կարելի է ֆիքսել` ռուսական օրենսդրությունը եւ ՌԴ-Բելառուս պայմանագրերը հենց նշվածն էլ նախատեսում, ավելի կոնկրետ՝ պարտադրում են:
Թե այս ամենի արդյունքում ինչ պատկեր կարձանագրվի, որքանով կուժեղանան կամ կթուլանան Ռուսաստանի դիրքերը, այ, հենց դրանից էլ կախված է լինելու նաեւ ողջ Հարավային Կովկասի հետագա ճակատագիրը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ