• 27/09/2022

Ռուս սահ­մա­նա­պահ­նե­րը փրկել են վի­րա­վոր հայ զին­վո­րի կյան­քը

Ռուս սահ­մա­նա­պահ­նե­րը փրկել են վի­րա­վոր հայ զին­վո­րի կյան­քը

Սյունիքի մարզում ռուս սահմանապահները ուժեղացված ծառայություն են իրականացնում, ինչը հնարավորություն է տալիս կասեցնել բազմաթիվ միջադեպեր: «Իրավունքի» ունեցած հավաստի աղբյուրների համաձայն` այդպիսի դեպքերից մեկի ժամանակ ռուս սահմանապահներին հաջողվել է փրկել հայ զինվորի կյանքը:

Սեպտեմբերի 13-ին ռուս սահմանապահների խումբը հայտնաբերել է ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի շարքից հանված ավտոմեքենա: Մահացած վարորդին գտել են մոտակայքում, երկրորդ հայ զինծառայողին գտել են ձորում, երբ նա, լսելով ռուսերեն խոսք` սկսել է օգնություն կանչել:

Գրեթե 200 մետր իջնելով դեպի ձորը՝ երեք ռուս զինվոր գտել են վիրավոր հայ զինվորին: Պարզվել է, որ նա 20-ամյա ժամկետային զինծառայող է` ՀՀ ՊՆ բուժօգնության ավտոմեքենայի վարորդ: Երիտասարդը վիրավորվել էր, ստացել ուղեղի ցնցում եւ երկու ոտքի բաց կոտրվածքի պատճառով չէր կարողացել ինքնուրույն շարժվել: Ավելին` հայտի է դարձել, որ դարանակալած մի խումբ ադրբեջանցիներ սպասել են նրան` սպանելու կամ գերի վերցնելու համար, բայց վախեցել են մոտենալ՝ կասկածելով, որ զինվորը զինված է եւ կարող է  պատասխան կրակ արձակել:

Ադրբեջանցիների հետ ռուս սահմանապահների բանակցությունների շնորհիվ, որոնք տեւել են մոտ երեք ժամ, վիրավոր հայ զինծառայողը դուրս է բերվել դեպքի վայրից: Նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ հոսպիտալացվել Կապանի բժշկական կենտրոն: Ըստ մեր աղբյուրների` հայ զինծառայողը եւ նրա հարազատները ջերմորեն շնորհակալություն են հայտնել ռուս զինվորականներին` ցուցաբերած օգնության համար:

Այդ դեպքը հատկանշական է այն ֆոնին, որ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են կոչեր հնչում ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ մեր ռազմավարական դաշնակցից հրաժարվելու մասին: Մինչդեռ սա ընդամենը մի օրինակ է` հայերի նկատմամբ ռուսների ցուցաբերած իրական վերաբերմունքի մասին:

Սեփ. լրատվություն