- 28/09/2022
Նիկոլը լռվել-մնացել է ստորագրել-չստորագրելու երկընտրանքի արանքում
Սեպտեմբերի 27-ի երկրորդ տարելիցի հետ կապված՝ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: Ըստ դրա. «Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին»: Բնականաբար, պարզ հարց է առաջանում՝ իսկ որպես ի՞նչ է ԱՄՆ-ն նման հանձնառություն ստանձնել: Որեւէ մեկը նման խնդրանքով դիմե՞լ է Վաշինգտոնին, ինչ-որ միջազգային մանդատ ունի՞, որպես փաստացի գոյություն չունեցող Մինսկի խմբի համանախագա՞հ է գործում, թե՞ ինքն իրեն է նման «հանձնառություն» վերագրել:
ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հարցադրումը, իհարկե, մերկապարանոց չէ: Բանն այն է, որ նման հանձնառություն, որպես ՄԽ համանախագահ, ԱՄՆ-ն իրոք ուներ երկու տարի առաջ: Հասկանալի է, ոչ թե տարածաշրջանային մասշտաբի, այլ՝ ՄԽ լիազորությունների շրջանակներում: Իսկ ՄԽ-ի գործունեության առանցքային սկզբունքներից մեկն էլ ուժի կիրառման բացառումն էր: Արդյունքում, ունենալով լիազորություն եւ բոլոր հնարավորությունները, ԱՄՆ-ն ի՞նչ արեց իր այդ «հանձնառությունը» կյանքի կոչելու, այն է՝ նախ պատերազմ թույլ չտալու, ապա՝ սկսվելու դեպքում այն կանգնեցնելու ուղղությամբ: Հիշեցնենք՝ ոչ մի բան, բացի «հերթապահ» եւ ոչինչ չտվող հայտարարություններից: Թե ինչու չարեց, այդ մասին շատ է խոսվել եւ խոսելու շատ տեղ կա: Բայց այս անգամ հարցին այս կողմից նայենք. եթե այն ժամանակ, ունենալով բոլոր հնարավորությունները, մատը մատին չտվեց, ուրեմն ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ իր ինքնակամ ստանձնած այդ «հանձնառությունը» կկատարի: Ու քանի դեռ այստեղ որեւէ հստակեցում չի մտցնվում, ստիպված ենք մնալ այն կարծիքին, որ այս նոր «հանձնառության» հաշվին պարզապես ցանկանում է երկու տարի առաջ կիսատ թողածն ավարտել:
Այն, որ այդ «հանձնառությունը» ոչ թե հայաստանյան դեսպանատան, այլ Վաշինգտոնից եկող ծրագիր է, դժվար չէ համոզվել, թեկուզեւ լսելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի վերջին հայտարարությունը, որտեղ նա մեկնաբանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների, ընդհուպ՝ Նիկոլի հետ Բլինքենի հանդիպումները: «Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է կայուն զինադադարին եւ խաղաղ կարգավորմանը: Մենք երկու արտգործնախարարներին էլ հասկացրել ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է գործընկերների հետ միասին աջակցել այս գործընթացին երկկողմ, բազմակողմ մակարդակով…»,- ասել է Փրայսը: Իսկ թե կոնկրետ ինչ գործընթացի մասին է, նա պարզ տեղեկացնում է. «Դա աջակցություն է ներառում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին: Այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջընթացի լավագույն ուղին, եւ պետքարտուղարը կողմերին հրավիրել է մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես կարելի է մինչեւ ամսվա վերջ էականորեն առաջ տանել խաղաղ գործընթացը»:
«Ամսվա վե՞րջ»: Այս ամի՞սը նկատի ունի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Եթե նույնիսկ հաջորդ ամիսը, մեկ է, նման կարճ ժամկետում «խաղաղ գործընթացը էականորեն առաջ տանելու» միակ տարբերակն այն կլիներ, որ ինչ-որ պատրաստի փաստաթուղթ դրվի սեղանին, եւ կողմերը ստորագրեն: Չնայած, հենց Փրայսը տվեց Շառլ Միշելի անունը, արդեն ամեն բան պարզ էր: Խոսքը «Բրյուսելի ձեւաչափի» շրջանակներում Հայաստանին պարտադրվող «խաղաղության համաձայնագրի» մասին է, որը, ինչպես անգամ ամերիկյան հեղինակավոր փորձագետներն են պնդում, ենթադրում է Արցախով հանդերձ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանի կողմից ճանաչելու պայման: Կարճ ասած, կարծես թե հենց սրա համար էին Նիկոլին, Միրզոյանին ու Բայրամովին տարել-հասցրել Նյու Յորք, թե արագացրեք՝ ստորագրեք:
Այս համատեքստում կարելի է նաեւ հասկանալ, թե ինչու է այդքան պետք մինչեւը «ամսվա վերջ» այս գործընթացն ավարտին հասցնել: Նախ, Ուկրաինայի նախկին 4 մարզերի հաշվին առաջիկա 3-4 օրերին էական փոփոխություններ կլինեն նախ՝ ուկրաինական պատերազմում, դրանից ելնելով՝ ռուս-ամերիկյան գլոբալ հակամարտության մեջ: Եվ եթե այդ փոփոխությունները լինեն ռուսական գլոբալ դիրքերի ամրապնդման ուղղությամբ, որը համարվում է ամենահավանական սցենարը, ապա դա նաեւ ռուսների օգտին իրավիճակային փոփոխություն առաջ կբերի Հարավային Կովկասում: Իսկ այս դեպքում էլ ավելի է նվազում Շառլ Միշելի ձեռքով այստեղ ամերիկյան մոդելի «խաղաղության պայմանագիրը» առաջ տանելու շանսերը, հաշվի առնելով, որ ռուսներն էլ ունեն այդ «խաղաղության համաձայնագրի» սեփական տարբերակը: Միաժամանակ, արդեն նոյեմբերի սկզբներին ԱՄՆ-ում Կոնգրեսի ճակատագրական նշանակության ընտրություններն են, որը կարող է այնպես խառնել ներքաղաքական իրավիճակը, որ Պետդեպարտամենտը գոնե մի որոշ ժամանակ «Հարավային Կովկասը խաղաղացնելու» ցանկություն, ժամանակ չունենա կամ իմաստը չտեսնի: Այսինքն, պետք է փորձել եթե ոչ այս, ապա գոնե հաջորդ «ամսվա վերջ» գործն անել-վերջացնել: Չբացառենք, որ դրա համար է, որ հենց այս պահին մեյդանում հայտնվեցին նաեւ ԼՏՊ-ի կարգի (այստեղ կարելի է տպագրման ոչ ենթակա բառերի երկար շարան ավելացնել) երեւույթները, Նիկոլին «դուխ» տալու համար, թե նա այդ «կապիտուլյացիոն» փաստաթղթի միակ կողմնակիցը չէ: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ հենց նույն «Բրյուսելյան փաստաթղթի» մասին է խոսում՝ փորձելով նաեւ վախեցնել հայությանը, որ եթե չստորագրեք, ապա՝ «Կես տարի հետո էլ երկիր չենք ունենա»:
ՌՈՒՍԱԿԱՆ «ԱՐԳԵԼԱԿԸ»
Բայց, թերեւս, հենց դա է ինչպես ԼՏՊ-ի, մեր տեղական ամերիկամոլների, այնպես էլ ամերիկացիների հիմնական սխալը՝ հայությանը վախեցնել, թե, աման, թուրքը եկավ, պետք է ամեն ինչ ստորագրել, թե չէ՝ «Էլ երկիր չենք ունենա»: Իրականությունն այն է, որ մենք «ԱՐԴԵՆ ԻՍԿ ԵՐԿԻՐ ՉՈՒՆԵՆՔ», եւ չունեցածը, բնականաբար, կորցնել չենք կարող: Մասնավորապես՝ Սյունիքի ուղղությամբ ունենք նեղլիկ մի հատված, որը, ռազմական լեզվով ասած, արդեն այս պահին է «կրակային պարկի» վիճակում: Իսկ եթե այդ հատվածում հարձակում լինի, այն էլ երկու կողմից, ապա, հաշվի առնելով տեղում հայկական ուժերի քանակն ու զինվածությունը, այդ տարածքը պահել լավագույն դեպքում կարող ենք մեկ-երկու օր:
Թե ինչու թուրք-ազերիական տանդեմն այդ մի քանի կիլոմետրը չի անցնում, դա էլ է առավել քան հասկանալի. նույն այն պատճառով, որ ազերիները 2020թ. նոյեմբերի 10-ից ի վեր չեն մտնում Ստեփանակերտ:
Վերջապես, կարելի է նաեւ հենց նույն պատճառով բացատրել այն «հանելուկը», թե ինչու է Նիկոլն այդքան համառորեն ամերիկյան հրահանգիչներին դեմ գնալու գնով խուսափում ստորագրել այդ փաստաթուղթը: Իհարկե, ամեն կերպ փորձում է ամերիկացիներին ցույց տալ, թե ձեր կողմն եմ նայում: Օրինակ, «սահմանները լարված են» պատճառաբանությամբ հրաժարվում է ՇՀԿ-ի գագաթաժողովին գնալ, սակայն այդ «լարված սահմանները» չեն խանգարում ամերիկաներ եւ ֆրանսիաներ թռնել: Կամ, կարող է իր իսկ խնդրանքով Հայաստան ժամանած սեփական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի ղեկավարի հետ չհանդիպել, սակայն ամերիկաներում հանդիպել ՆԱՏՕ-ի ղեկավարին, վերջապես՝ անհեթեթ պատճառաբանությամբ ՀԱՊԿ-ի զորավարժություններից հրաժարվել: Սակայն դրանք ընդամենը «կարմիր գծի» մոտ վտանգավոր խաղեր են: Բայց փոխարենը, Վաշինգտոնի հրամցրած «խաղաղության պայմանագիրը» ստորագրելը՝ «եռակողմ պայմանավորվածություններից» բխող ռուսական «խաղաղության պայմանագիրը» մերժելով, արդեն այդ «կարմիր գծից» այն կողմ թռիչք կնշանակի՝ բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
Արդյունքում, չնայած ամերիկաների «մինչեւ ամսվա վերջ»-երի, ԼՏՊ-ի կապիտուլյացիոն հորդորների, Նիկոլի՝ գնալով բացահայտորեն ի ցույց դրվող նկրտումներին, հենց «ռուսական արգելակն» է, որ նույն Նիկոլին գոնե մինչ այս պահը հնարավորություն չի տալիս որեւէ փաստաթուղթ ստորագրել: Ասենք, մոտավորապես նույն խնդիրն ունի նաեւ Ալիեւը. պետք է հարձակվել, դրանով Նիկոլին օգնել, որ ստորագրի, բայց էլի գործում է «ռուսական արգելակը», թե՝ կանգնեք: Չգնաս դրան, ի՞նչ իմանաս, թե որն է հետեւանքը: Այսինքն, եթե Խարկովի տարածքներից ռուսական զորքերի նահանջն Ալիեւի համար հուսադրող դրվագ էր, թե՝ Մոսկվան թույլ է, կարելի է հարձակվել, ապա ներկայիս զորահավաքը եւ 4 մարզ ՌԴ-ի կազմ վերցնելու գործընթացը հակառակն է հուշում՝ արդեն վտանգավոր է:
Կարճ ասած, փակուղային վիճակ է, որը կպահպանվի թերեւս այնքան, քանի դեռ ուժերի գլոբալ բալանսում փոփոխություններ չկան: Արդյունքում, էլի գալիս-հասնում ենք ուկրաինական, պատերազմին. չնայած՝ դրան վերջին օրերին մեկ այլ գործոն էլ գումարվեց՝ Իրանի «գունավորման փորձը»:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ