• 03/10/2022

ՌԴ-ն շարունակում է տարածաշրջանի ամենաազդեցիկ խաղացողներից մեկը լինել, եթե ոչ՝ ամենաազդեցիկը․ միջազգայնագետ

ՌԴ-ն շարունակում է տարածաշրջանի ամենաազդեցիկ խաղացողներից մեկը լինել, եթե ոչ՝ ամենաազդեցիկը․ միջազգայնագետ

Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությանը զուգահեռ մեր տարածաշրջանում սրվում են Կրեմլ-Արևմուտք հարաբերությունները։ Հայաստանյան իրողություններում դա արտահայտվում է որոշակի հակառուսական տրամադրություններով, ՀԱՊԿ-ի հետ կապված դժգոհություններով և այլն։

Այս փուլում, որքանո՞վ է Վաշինգտոնը ձգտում սերտացնել Հայաստանի հետ կապերը, և ուժային այս երկու կենտրոններից ո՞ւմ ազդեցությունն է դեռևս հաստատուն մեր երկրում։

«Ընդհանրապես պետք է հաշվի առնել, որ Մոսկվան ու Վաշինգտոնը մշտապես մրցակիցներ են եղել թե՛ խորհրդային միության տարիներին, թե՛ սառը պատերազմի ավարտից հետո։ Եվ սա աշխարհաքաղաքական իրողություն է, երկու գերտերությունները միշտ մրցակցում են տարբեր տարածաշրջաններում, տարբեր պետություններում», – ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Մեր զրուցակիցը օրինաչափ համարեց այդ երևույթը, քանի որ, ըստ նրա, յուրաքանչյուր գերտերություն իր շահն ունի այս կամ այն մայրցամաքում․

«Բնականաբար, այդ մրցակցությունը լինելու է նաև մեր տարածաշրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ մեր հարևան երկրներում»։

Մեր դիտարկմանը, թե վերջին շրջանում ՌԴ-ի դիրքերը թուլացե՞լ են Հայաստանում, և արդյո՞ք դա նաև ԱՄՆ-ի ակտիվ քաղաքականության հետևանք է, Սարգսյանն ասաց․

«Չեմ կարող ասել, թե Ռուսաստանի դիրքերը թուլացել են մեր երկրում։ Իհարկե, որոշակի դժգոհություններ կան ՌԴ-ի՝ Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունից, բայց դա չի նշանակում, որ Մոսկվան թուլացրել է դիրքերը կամ նման միտում կա։ Ռուսաստանը շարունակում է տարածաշրջանի ամենաազդեցիկ խաղացողներից մեկը լինել, եթե ոչ՝ ամենաազդեցիկը»,-եզրափակեց միջազգայնագետը։